1918 թվականի մայիսից մինչև այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպես անկախ և ինքնիշխան պետություններ, սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել: Անկախության կարճ շրջանում՝ 1918-1920 թթ. (Ադրբեջանը խորհրդայնացվեց 1920.թ ապրիլի 28-ին, Հայաստանը՝ դեկտեմբերի 2-ին), երկու երկրներն ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների մակարդակով, սակայն սահմանները երբեք չհստակեցվեցին:
Խորհրդային Միության 70 տարիներին միութենական երկու հանրապետությունների միջև վարչական սահման կար, բայց այդ շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային իրավունքի ինքնիշխան միավորներ չէին: Այդուհանդերձ, անգամ խորհրդային շրջանում երկու հարևանները չէին հաշտվում վարչական այն սահմանների հետ, որոնք փաստացի գոյություն ունեին:
Մինչև 1918 թվականը հայկական և մուսուլմանական քաղաքական ուժերը անկախության օրակարգ չեն ունեցել, հայերի և մուսուլմանների միջև սահմանային վեճեր ու բախումներ չեն եղել (1905-1906 թթ հայ-թաթարական ջարդերը ունեցել են ազգային և կրոնական աստառ, սակայն ոչ տարածքային), քանի որ այդ տարածքները Ռոմանովների Ռուսաստանի մաս էին կազմում: Երկու երկրների անկախությունն ավելի շուտ աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ ցարական կայսրության անկման հետևանք էր և ոչ երկու ժողովուրդների անկախության ձգտումների, թեև հետագայում պատմությունը շարադրվեց հենց այդ շեշտադրումով:
Երկու հանրապետությունների հիմնադրման պահից սկսվել են միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունները, որոնք տարբեր ժամանակներ վերաճել են արյունալի պատերազմների՝ կողմերից խլելով ավելի քան 50 հազար մարդկային կյանքեր (պաշտոնապես նման հաշվարկ չկա. այս տողերի հեղինակը մոտավոր վերականգնել է 1918-1920, 1991-1994 և 2020 թ. 44-օրյա պատերազմների զոհերի թվաքանակը՝ հենվելով հայկական, ադրբեջանական և ռուսական աղբյուրների վրա):
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը կարգավորելու առաջին միջնորդը եղել է Օսմանյան կայսրությունը: 1918 թ. ամռանը անդրկովկասյան երեք հանրապետությունների պատվիրակությունները հրավիրվեցին Պոլիս՝ կայսրության մայրաքաղաք, որտեղ պետք է կայանար խորհրդաժողով հենց սահմանների ճշգրտման հարցով:
1918 թ. հունիսի 4-5-ի Բաթումի պայմանագրերով հստակեցվել էր մի կողմից Օսմանյան կայսրության, մյուս կողմից՝ Վրաստանի և Հայաստանի սահմանագիծը: 1918 թ. մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում Քառյակ Միությունը, որի մաս էին Օսմանյան կայսրությունը, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան, և նորանկախ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, փաստացի պարտադրված դաշնակիցներ էին:
Արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը գրում է, որ երբ ադրբեջանական պատվիրակությունը Պոլսի խորհրդաժողովում բացեց Ելիզավետպոլում (այսօր՝ Գյանջա, որը մինչև Ադրբեջանի մայրաքաղաքն էր 1918-ի հունիս-սեպտեմբեր հատվածում) գծված քարտեզը, պարզվեց, որ հայկական գավառների մեծ մասը պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Նույն կերպ, երբ հայկական պատվիրակությունը սեղանին բացում է Թիֆլիսում (Հայաստանի կառավարությունը դեռ չէր ժամանանել Երևան) գծած քարտեզը, ադրբեջանցիները տեսնում են, որ հայերը հավակնում են Ելիզավետպոլի նահանգի մեծ մասին:
Պոլսում խորհրդաժողովը սահմանային որևէ հարց չլուծեց, իսկ 10 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա հռչակված Հայաստանը ընդարձակվեց 1918-ի աշնանը այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունն իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում և զորքերը դուրս բերեց նաև հայկական գրավյալ հողից:
Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի սահմանները և տարածքները հիմնականում չորսն էին՝ Արցախ, Զանգեզուր, Նախիջևան և Ղազախ:
Հայ-ադրբեջանական տարածքային վեճերի և սահմանների ճշգրտման երկրորդ միջնորդը Բրիտանական կայսրությունն էր, որն Անդրկովկաս էր մտել հեռացող Օսմանյան զորքերից անմիջապես հետո։
1919-ի գարնանն ու ամռանը բրիտանացիների զինական և անմիջական օգնությամբ Հայաստանին միացվեցին Կարսն ու Նախիջևանը: Հայաստանը Կարսը կարողացավ պահել մինչև 1920-ի հոկտեմբեր, իսկ Նախիջևանը՝ ընդամենը երկու ամիս: Բրիտանացիները փորձում էին Արցախն ու Զանգեզուրը միացնել Ադրբեջանին։ Զանգեզուրի հարցում նրանք չհասան հաջողության, քանի որ արդեն 1919-ի սկզբից այն Հայաստանի մաս էր կազմում։
1919-ին Փարիզի խաղաղության խորհրդաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրին քարտեզներ, որտեղ միմյանց հանդեպ տարածքային պահանջներն ու հավակնությունները պահպանվել էին:
Ադրբեջանի ներկայացրած քարտեզում Ադրբեջանը հավակնում էր Արցախին, Զանգեզուրին, Նախիջևանին, Կարսին, Սուրմալուին, Տավուշին, Սևանի արևելյան ափին և այլ տարածքների: Հայաստանի տարածքային հավակնությունները ևս մաքսիմալիստական էին ինչպես 1919-ին, այնպես էլ 1920-ին, և չէին համապատասխանում այն ներուժին, որ իրականում ներկայացնում էր Հայաստանը:
1920 թ. ապրիլից սկսած վիճելի տարածքներից Արցախը՝ ԼՂԻՄ սահմաններով, Նախիջևանը՝ Գողթն, բուն Նախիջևան և Շարուր նահանգներով միացվեցին Խորհրդային Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը՝ Խորհրդային Հայաստանին: Հիմնական վիճելի չորրորդ շրջանը՝ Ղազախի գավառը, 1920 թ. օգոստոսին կիսվել էր: Այն գյուղերը, որոնք հայաբնակ էին, միացան Հայաստանին, իսկ մուսուլմանականները՝ Ադրբեջանին: Սահմանային գիծը մոտավորապես անցնում էր այնպես, ինչպես այսօրվա սահմանն է երկու երկրների միջև Տավուշ-Ղազախ/Աղստաֆա/Թովուզ հատվածում:
1922-1936 թվականներին անդրկովկասյան երեք խորհրդային հանրապետությունները ԽՍՀՄ կազմում էին՝ Անդրֆեդերացիա ընդհանուր միավորում անունով՝ Թիֆլիս վարչական կենտրոնով: Անդրֆեդերացիայի հիմնադրման պատճառներից մեկը հենց տարածքային և սահմանային վեճերն էին, որոնք չէին դադարում: Հայերը տարածքային հավակնություններ ունեին Վրաստանի և Ադրբեջանի, վրացիները՝ Հայաստանի և Ադրբեջանի, ադրբեջանցիները՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ: Քանի դեռ այս երեք հանրապետությունները ընդհանուր միավորման մաս էին կազմում՝ տարածքային և սահմանային հավակնությունները հնարավոր էր լինում ճնշել, զսպել և կառավարել:
1922-1936 թթ. Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Վրաստանի միջև տեղի են ունեցել բազմաթիվ հողային փոխանակումներ, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 30.948 քառակուսի կիլոմետրից դարձել էր 29.743, այսինքն՝ շուրջ 1.2 հազար քառակուսի կիլոմետրով նվազել է։
Սահմանային ճշգրտումներ և դրան ուղեկցող բախումներ տեղի են ունեցել ընդհուպ մինչև 1980-ական թվականների կեսերը, որոնցից մեկը՝ 1984-ի հոկտեմբերին, վերածվել է հայ-ադրբեջանական բախման սահմանի Նոյեմբերյան-Ղազախ անտառային հատվածում:
1991-ին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անկախացան ԽՍՀՄ-ից, հիմնական վիճելի շրջանը Արցախն էր, այն ժամանակ՝ ԼՂԻՄ սահմաններով: 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով հաստատվեց նոր ստատուս-քվո՝ Հայաստանն ու Արցախը միասին կազմեցին գրեթե 42 հազար քառակուսի կիլոմետր: 2020 թ. 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությամբ ու նրան կից հավելվածով Հայաստանն ու Արցախը կորցրին շուրջ 8.000 քառակուսի կիլոմետր:
44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով և Հայաստանի փաստացի կապիտուլյացիայով, վերականգնվել են երկու հանրապետությունների միջև խորհրդային շրջանի սահմանները Գեղարքունիքի մարզի Վարդենիս – Քարվաճառ (Քելբաջար), Վայոց Ձոր – Քարվաճառ (Քելբաջար), Սյունիքի մարզի Գորիս/Կապան/Մեղրի-Լաչին/Ղուբաթլու/Ջեբրայիլ հատվածներում: Դրա արդյունքում, Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում միջպետական ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք։
Սահմանազատումը և սահմանագծումը անգամ բարեկամ պետությունների միջև վերածվում է վիճելի և ցավալի գործընթացի, քանի որ յուրաքանչյուր պետություն ներկայացնում իր քարտեզը, յուրաքանչյուր պետության համար մեկ բլուրն ու ձորակը թանկ արժեն: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում դա ավելի է բարդանալու, քանի որ.
ա. Ադրբեջանը հաղթել է պատերազմում և պարտադրում է իր կամքը,
բ. հայ-ադրբեջանական սահմանները վիճելի են եղել նաև 1920-ական թվականներին,
գ. այդ սահմանների երկայնքով սահմանազատում և սահմանագծում, որպես այդպիսին, չի իրականացվել երբեք,
դ. կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր քարտեզը:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մյուս հատվածներում թեև սահմանագծում և սահմանազատում չի իրականացվել, սակայն ընդհանուր առմամբ դրանք լռելյան ընդունվել են: Խոսքը ՀՀ-Նախիջևան, ինչպես նաև Տավուշի մարզ-Ղազախ/Աղստաֆա/Թովուզ, մարզի Ճամբարակ-Գետաբեկ/Դաշքեսան, Վարդենիս-Դաշքեսան հատվածների մասին է:
Հայաստան-Ադրբեջան սահմանը Տավուշի և Գեղարքունիքի հատվածներում՝ մինչև Սոթք կամ այնտեղ, որտեղ Հայաաստան-Ադրբեջան-Արցախ հատման կետն էր մինչև 44-օրյա պատերազմը, թեև սահմանազատված և սահմանագծված չէ, բայց հաստատված է երկու կողմերի ռազմական ներկայությամբ ու ինժեներա-տեխնիկական կառուցվածքով: Շուրջ 400 կմ ձգվող այս սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական մի քանի ռազմական հենակետեր Հայաստանի տարածքում են, իսկ մի քանի հայկական հենակետեր՝ Ադրբեջանի տարածքում:
Ավելի բարդ է Տավուշի մարզի ադրբեջանական 6 անկլավային գյուղերի և Արծվաշենի խնդիրը: Կողմերը լռելյային համաձայնվել էին, որ Արծվաշենը մնում է Ադրբեջանի, իսկ անկլավային բնակավայրերը՝ Հայաստանի կազմում: Եթե այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնվի խորհրդային սահմանը, ապա երկու երկրների միջև սահմանները այս շրջանում կավելանան ևս տասնյակ կիլոմետրերով: Իսկ եթե Հայաստանը համաձայնվի վերականգնել նախկին վարչական սահմանները, ապա կկորցնի վերահսկողությունը Իջևան-Նոյեմբերյան, այն է՝ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջպետական ճանապարհի մի հատվածի վրա: Նույն կերպ, եթե Տիգրանաշենը՝ Քյարքին, վերադարձվում է Նախիջևանին, ապա Հայաստանը կորցնում է նաև ճանապարհի մի հատված Արցախի և Իրանի հետ կապող միջպետական ճանապարհից: Դրա դիմաց Հայաստանը ստանում է Արծվաշենը, որը, բացի հայկական գյուղ լինելը, ռազմավարական նշանակություն և արժեք չունի:
Լեռներով ու լեռնաշղթաներով ձգվող Հայաստան-Նախիջևան մի քանի հարյուր կիլոմետր ձգվող սահմանը գերազանցապես ունի բարդ ռելիեֆ ։ Այստեղ տարվա մեծ մասը ձմեռ է ու ձյուն։ Ռելիեֆի կտրտվածության ու բարդության, ինչպես նաև սուր կլիմայի պատճառով սահմանի այդ հատվածում շփման գիծ, որպես այդպիսին, հստակ չկա։ Ավելի ճիշտ, կա որոշ հատվածներում, ինչպես Երասխ-Սադարակ, Խաչիկ-Շահբուլաղ/Յուխարը Յայջի/Ախուրա/Հավուշ շրջաններում։
Արցախ-Ադրբեջան սահմանների և հարաբերությունների ապագայի կենսական խնդիրը Հայաստանը պատվիրակել է Ռուսաստանին և չպետք է բացառել, որ հայկական Արցախը դառնա ավելի շատ Մոսկվա-Բաքու հարաբերությունների առարկա:
Իսկ եթե ճիշտ են պնդումները, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում և սահմանագծում իրականացնելուց զատ ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները, ապա Արցախի ապագան կամ այն, ինչ մնացել է Արցախից, կդառնա ավելի վտանգված:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգողն է և ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի սյունակագիրներից: Նա հեղինակ է երեք հատորների՝ «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր», «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը», «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»