Նոր լեգիտիմությունը Փաշինյանին թույլ կտա վճռական գործել անվտանգության հարցերում

 

Ստեփան Գրիգորյան

Ընտրություններում հաղթանակը և նոր լեգիտիմությունը Նիկոլ Փաշինյանին թույլ կտան վճռական գործել Հայաաստանի անվտանգությանն առնչվող հարցերում։

Այս մասին Ազատություն ռադիոկայանին հայտարարել է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը հիշեցրեց, որ Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքականության հիմնախնդիրները, որոնք հատկապես սրվել էին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո, ոչ մի տեղ էլ չեն անհետացել, և նոր կառավարության թիվ մեկ խնդիրը կայանալու է նրանում, որպեսզի առաջին հերթին զբաղվեն անվտանգության հարցերով։

«Այդ ընտրությունների արդյունքները և նոր Ազգային ժողովը նոր հիմք են միջազգային հանրության հետ աշխատելու համար։ Մեր առջև կան կոնկրետ մարտահրավերներ։ Հասկանալի է, որ առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, սահմանների և ադրբեջանցիների հետ վեճերի հարցերը, Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի գտնվելուն առնչվող հարցը։ Սրանց պետք է ավելացնել նաև գերիների հարցը»,- նշում է Գրիգորյանը։

Քվեարկության ավարտից մի քանի ժամ անց՝ դիմելով իր կողմնակիցներին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գործընկեր երկրներին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցելու համար։ «Ես չեմ խոսի այդ աջակցության մանրամասների մասին, պարզապես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի երախտագիտության խոսքերը լսված լինեն այսօր։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին աջակցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ վարչակազմին՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ՝ այս ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին աջակցելու համար, և շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

Փաշինյանը երախտագիտություն հայտնեց նաև Եվրամիությանը, Իրանին, Վրաստանին և Լեռնային Ղարաբաղին, ընդգծելով, որ տարածաշրջանային խաղաղությունը հանդիսանում է ամենակարևոր օրակարգը։

Այս առնչությամբ Գրիգորյանը նշեց. «Եթե Հայաստանը կարողանա աշխատել աշխարհի հետ, զարգացումները մեզ համար դրական են լինելու։ Հասկանալի է, որ կա Ռուսաստան, և Ռուսաստանի միջոցով մենք պետք է փորձենք համոզել ադրբեջանցիներին հեռանալու մեր տարածքներից։ Մենք նաև պետք է փորձենք Ադրբեջանին համոզել վերադարձնելու գերիներին։ Բայց եթե Ռուսաստանի միջոցով գործելու մեխանիզմը չաշխատի, մենք պետք է սկսենք աշխատել այլ դերակատարների հետ»։



«Ազատություն» ռադիոկայան

 

Share

Comments are closed.