Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան
Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները հայտնի են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն և կառավարություն կկազմի՝ Նիկոլի Փաշինյանի գլխավորությամբ։ Արդեն հայտնի է նաև, թե խորհրդարան անցած երեք ուժերից որը քանի մանդատ կստանա։ Ըստ այդմ՝ ընդդիմադիր երկու ուժերը միասին, ինչպես և նախատեսված է օրենքով, ստանում են մանդատների մեկ երրորդը։
Բայց արդյո՞ք միայն այն, որ հաղթած կուսակցությունը, ստանալով խորհրդարանի տեղերի երկու երրորդը, կառավարություն է կազմում, կապահովի կայունություն և երկրի հանդարտ զարգացում։
Կասկածում եմ, և ահա թե ինչու։
Սերժ Սարգսյանի պատվերով և ըստ էության նրա համար «կարված» Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2018 թվականին, անցած երեք տարիների ընթացքում դարձել է (և կարծում ենք դեռ երկար ժամանակ լինելու է) Հայաստանի Հանրապետության առաջընթացի գլխավոր խոչընդոտներից մեկը։
Սկզբում Սահմանադրությամբ ամրագրված՝ կառավարման խորհրդարանական անվանված, սակայն, ըստ էության, սուպերվարչապետական համակարգին անցումը դարձավ ՀՀԿ-ի՝ թվում էր անսասան իշխանության գերեզմանափորը։ Բայց պատճառն այդ կառավարման համակարգը չէր, այլ այն, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր այդ համակարգով հավերժացնել իր և իր ղեկավարած կուսակցության իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանն այդ պարագայում առավելագույնս օգտագործեց նույն դեմքերից զզված հանրության էմոցիաները։ Հենց հավաքված ցուցարարների քանակը հնարավոր դարձրեց ՀՀԿ-ի քսանամյա իշխանության տապալումը։
Թվում էր, նոր իշխանությունը, իր խոստման համաձայն, կսկսի սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթ մշակել։ Բայց, ինչպես հետագայում տեսանելի դարձավ, սուպերվարչապետական համակարգը դուր է եկել Նիկոլ Փաշինյանին և, կարծես, նա մտադիր չէ փոխել Սահմանադրությունը։
Մինչդեռ, ինչպես ասացինք, այս համակարգը իր մեջ Հայաստանի առաջընթացի մի քանի վտանգավոր խոչընդոտներ է պարունակում։
Առաջին, և մեր կարծիքով ամենավտանգավոր հետևանքը մեկ քաղաքական ուժի կողմից իշխանության ուզուրպացիան և հավերժացումն է։ Կարող եք բերել խորհրդարանական կառավարման այլ երկրների (ասենք՝ Շվեդիայի, Գերմանիայի) օրինակներ, որտեղ մեկ քաղաքական ուժը շատ երկար տարիներ իշխել և պարբերաբար ընտրվել է, սակայն ոչ մեկն այդ ուժին չի մեղադրել իշխանության ուզուրպացիայի մեջ։ Համաձայն եմ։ Սակայն այդ ուժերն իրենք են իրենց գործունեությամբ ու հաջողություններով վաստակել ընտրողների վստահությունը։ Հայաստանի պարագայում այս վտանգը անմիջականորեն արտահայտվեց հենց վերջին ընտրությունների արդյունքներում։ Քաղաքական ուժը, որն իր կառավարման երեք տարիների ընթացքում տապալել է ամեն ինչ, չի կատարել ոչ մի նախընտրական խոստում, պատասխանատու է Արցախյան 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների համար, չի կարողացել արդյունավետ պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ և այլն, կրկին ստացել է քվեների մեծամասնությունը և կրկին կառավարություն է կազմում։ Թեպետ «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրությունների արդյունքները, մենք չենք պնդի, թե էական ընտրախախտումներ են եղել, սակայն վարչական ռեսուրսի չարաշահումն ակնհայտ էր դեռ պաշտոնական ընտրարշավի մեկնարկը չտված։
Այսինքն՝ իշխող ուժը հաջողության հասավ ոչ թե երեք տարում իր կատարածի (ախր, կատարած բան էլ չկար), այլ վարչական լծակների օգտագործման շնորհիվ (մեծ դեր ունեցավ նաև հիմնական ընդդիմադիր ուժերի՝ «նախկինների» դեմ պայքարի գործոնը, սակայն սա այլ զրույցի թեմա է)։
Կա՞, արդյոք, երաշխիք, որ եթե այլևս արտահերթ ընտրություններ չլինեն, հինգ տարի հետո նույն ուժը դարձյալ չի օգտագործի իր լծակները վերարտադրվելու համար։ Եվ քանի որ մեկ ուժի իշխանության ժամկետի սահմանափակումներ չկան, ապա պարբերաբար ընտրվելն ու իշխանության հավերժացումը հավանական է դառնում, անգամ ոչինչ չանելու և ամեն ինչ տապալելու պարագայում։ Եվ եթե հաշվի առնենք, որ մեր, այսպես կոչված, քաղաքական ուժերը հիմնականում մեկ անձ-առաջնորդի շուրջ են համախմբվում, ապա այդ առաջնորդը անսահմանափակ ժամկետով իշխանություն լինելու բացառիկ հնարավորություններ է ստանում։
Երկրորդ վտանգը պերմանենտ ընտրությունների հավանականությունն է, եթե հանկարծ որևէ ուժ (փորձենք ենթադրել, որ այդպես էլ կարող է լինել) հերթական կամ արտահերթ ընտրություններում չհավաքի սահմանադրական մեծամասնություն և ստիպված լինի կառավարություն ձևավորելու համար կոալիցիա կազմել ։ Համարյա համոզված եմ, որ մեզանում նման կոալիցիաները երկար կյանք չեն ունենալու և կարճ ժամանակում փլուզվելու են, ինչը առաջացնելու է կառավարման ճգնաժամ, կառավարության հրաժարական, խորհրդարանի արձակում և նոր արտահերթ ընտրություններ։ Եվ այս սցենարը կարող է պերմանենտ դառնալ, մինչև մի ուժ առաջին սցենարով ուզուրպացնի իշխանությունը։
Երկու սցենարներն էլ մեր երկրի համար աղետաբեր կարող են լինել։
Եվ վերջապես, կառավարման այս համակարգի ամենամեծ վտանգը՝ ճգնաժամային իրավիճակում կոլեկտիվ պատասխանատվությունն է, այսինքն՝ անպատասխանատվությունը։ Ինչը մենք տեսանք թե՛ համաճարակի, թե՛ առավել ևս՝ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, երբ չկար մեկը, որը միանձնյա պատասխանատվություն վերցներ։
Ավելացնենք, որ սուպերվարչապետական այս համակարգում բացակայում է իշխանությունների հստակ տարանջատումը, և իրավապահ համակարգը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից։
Կարծում ենք ելքը (գուցե վերջին անգամ) ՀՀ Սահմանադրության փոփոխումն ու կառավարման կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալն է։
Ի՞նչ կտա այն մեզ։
Նախ, այս համակարգի պայմաններում առավել հստակ է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը։ Նախագահն առավելապես զբաղվում է երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով, իսկ կառավարությունը՝ ներքին քաղաքականությամբ։ Օրենսդիրի հսկողությունը երկուսի վրա էլ ավելի մեծ է։ Այսօրվա պայմաններում նույն մարդը՝ վարչապետը, ըստ էության, զբաղվում է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական հարցերով, ինչը նշանակում է, որ նա ոչնչով չի հասցնում արդյունավետ զբաղվել։ Ավելին՝ մեր անդամակցած միջազգային կառույցների (օրինակ՝ ԱՊՀ-ի) և՛ ղեկավարների, և՛ վարչապետների հանդիպումներին նույն անձն է մասնակցում։
Երկրորդ, նախագահական կամ կիսանախագահական կառավարման ժամանակ մեկ անձի իշխանության մնալը սահմանափակվում է որոշակի ժամկետով։ Մեզանում դա կարող է լինել երկու ժամկետ, յուրաքանչյուրը հինգ կամ չորս տարի։ Տարբեր երկրներում տարբեր մոդելներ են գործում։ Գլխավորն է, որ մեկ անձի պաշտոնավարման ժամկետը սահմանափակված է և վերանում է իշխանության ուզուրպացման վտանգը։
Եվ վերջապես, նախագահական կամ կիսանախագահական կառավարման պարագայում գիտես, թե ով է պատասխանատու արտաքին վտանգների, պատերազմների և այլ ճգնաժամային պայմաններում։
Կգնա՞, արդյոք, նորընտիր իշխանությունը Սահմանադրության փոփոխությունների։ Կասկածում եմ։ Ինչպես ասացի վերևում՝ վարչապետ Փաշինյանին և նրա մերձավորագույն շրջապատին կարծես շատ է դուր եկել այս սուպերվարչապետական կառավարումը։
Այսուհանդերձ, ամփոփելով, պիտի ասեմ. տարբեր երկրների փորձը հուշում է, որ կառավարման այս կամ այն համակարգը տվյալ երկրի զարգացման անհրաժեշտ, բայց ոչ միշտ բավարար պայման է։ Երկրները զարգացել, բարգավաճել և զարգանում ու բարգավաճում են ինչպես խորհրդարանական կառավարման (Գերմանիա, Իտալիա, Շվեդիա և այլն), այնպես էլ կիսանախագահական (Ֆրանսիա) կամ նախագահական (ԱՄՆ) կառավարման պայմաններում։ Գլխավորը, այսինքն՝ ևս մի անհրաժեշտ ու բավարար պայմանը իշխանություն կրողների պատասխանատվության և կամքի առկայությունն է, նաև՝ նրանց ընտրողների մենթալիտետը. եթե ընտրողը, ինչպես մեզանում է, փրկիչ է ման գալիս, որ ընտրի, ապա զարգացում դժվար կլինի ապահովել, որովհետև «փրկիչը» միշտ գալիս է լոզունգներով, ոչ թե ծրագրերով։ Իսկ եթե քաղաքացին, ընտրողը՝ կառավարիչ է ընտրում՝ նկատի ունենալով նրա ծրագրերը, ապա իշխանությունը կհաջողի անկախ կառավարման համակարգից։