ԿԸՀ-ի կողմից հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո սոցիալական ցանցերի հայկական հատվածում հայտնվել են կարմիր գույնի նկարներ, որոնցում առանձին-առանձին պատկերված էին մանգաղ, մուրճ և աստղ։ Քանի որ խորհրդարան մտած երեք կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի ժամանակ մուրճ էր թափահարում, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ մանգաղ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնաթող գեներալ Արթուր Վանեցյանի խորհրդանիշն աստղն էր, ապա այդպիսի պատկերների տարածման նպատակը հասկանալի է և անթաքույց կերպով խորհրդանշական։ Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի համար ընտրությունների արդյունքները «կարմրի» ուղղությամբ արտահայտված խորհրդանշականությամբ չեն սահմանափակվել։
Եվ այսպես․ ԿԸՀ տվյալների համաձայն՝ հաղթել է 53,92% կամ 687 251 ընտրողների ձայն ստացած Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են լինելու նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ձայների 21,04% ստացած «Հայաստան» դաշինքը և օրենսդրությամբ՝ որպես երրորդ ուժ նախատեսված «Պատիվ ունեմ» դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 5,23%-ը։ Մյուս 22 քաղաքական ուժերը հանրագումարով ստացել են ձայների 15.7%-ը և խորհրդարան չեն անցել։ Ուշագրավ է, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 49,4 %-ը, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ քաղաքացիների զգալի մասի՝ արտերկրում բնակվելու հանգամանքով։ Այստեղ տեղին է նշել, որ 2018 թ․ կայացած նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույնպես մասնակիցների թիվը 50%-ի շեմը չի անցել։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ընտրությունների մասնակցության արձանագրված ցուցանիշները չպետք է զարմանք հարուցեն և, առավել ևս, չպետք է դառնան տարբեր քաղաքական ուժերի ձեռնածությունների առարկա։ Առանց դույզն իսկ կասկածի՝ Հայաստանում կա ընտրությունները գիտակցաբար անտեսած և դրանց չմասնակցած ընտրազանգված։ Սակայն, նույնքան կարևոր է նշել, որ Հայաստանում բնակվող քաղաքացիների հիմնական մասն ընտրություններին անտարակույս մասնակցել է։ Կարևոր է ընդգծել, որ ընտրությունները կայացել են և, ընդհանուր առմամբ, համապատասխանել են ժողովրդավարական նորմերին, ընտրությունների կազմակերպման ընթացակարգին և դիտորդական առաքելությունների կողմից սովորաբար չափանշային համարվող գնահատականներին։
Բայց անդրադառնանք ընտրությունների արդյունքներին։ Եթե մոտակա շաբաթվա ընթացքում որևէ արտահերթ բան տեղի չունենա, ապա 8-րդ գումարման Ազգային ժողովը ներկայացված կլինի 105 պատգամավորներով։ Ելնելով քաղաքական ուժերի ստացած տոկոսների համաչափությունից՝ կարելի է ենթադրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 72 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 27, իսկ «Պատիվ ունեմ»֊ը՝ 6։ Այսպիսով՝ այս վերջին ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական անգամ խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն և համապատասխանաբար՝ սեփական լեգիտիմության և Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմության ռեստարտը։ 44-օրյա պատերազմի հետևանքներից, Սյունիքում ստեղծված իրավիճակից և այլնից անկախ՝ ընտրողների 54%-ը կրկին լիազորել են Փաշինյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ամրապնդել սեփական լեգիտիմությունը և ընդդիմախոսների հետ խոսել օրինավորապես ընտրված և լիովին լեգիտիմ իշխանության դիրքերից։
Այնուամենայնիվ՝ կրավորահամակարգորեն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ԱԺ-ից դուրս մնալը և դրանց փոխարեն ընդգծված կերպով ագրեսիվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մուտքը խորհրդարան Նիկոլ Փաշինյանի համար նոր մարտահրավերներ է ստեղծում։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մուտքը խորհրդարան ուրվագծում է բողոքի տրամադրությունների տեղափոխումը փողոցից Ազգային ժողովի պատերից ներս։ Հիշյալ ուժերն ի վիճակի չեն լինի ուղղակիորեն ազդել Փաշինյանի կողմից ընդունվելիք որոշումների վրա, բայց կկարողանան դրանց հանդեպ բողոքով հանդես գալ և խորհրդարանում ներկայացնել հասարակության ընդդիմադիր հատվածը։ Այսպես ԱԺ-ում չի եղել անգամ նախորդ տարվա պատերազմի ավարտից հետո։ Ընդ որում՝ հարկավոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը կրկին պատկանում է մեկ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրին»։
Ինչպե՞ս է պատահել, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը և նախ՝ իր իսկ երդվյալ մրցակիցներին ու թշնամիներին մատուցել հայաստանյան հասարակության՝ իրեն ընծայված 54%-ի տեսքով աջակցության նվերը։ Սա առանձին ընդարձակ սոցիոլոգիական հետազոտության թեման է։ Մենք սոսկ կարձանագրենք, որ գործող վարչապետի հաջողության հարցում զգալի դեր է ունեցել անձամբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջադրումը և գաբրիելյանովների, մարգոսիմոնյանների՝ մոսկովյան և երևանյան մի շարք ոչ ժողովրդահաճո դեմքերի ակտիվությունը։
Այժմ անդրադառնանք մանգաղին, մուրճին և աստղին։ Անցած ընտրությունների ևս մի կարևոր առանձնահատկությունն այն է, որ խորհրդարան չեն մտել գոնե ինչ-որ չափով արևմտամետ ուժեր, թեև ոչ «գելափյան» սոցհարցումների համաձայն առնվազն «Հանրապետություն» կուսակցությունը և «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքը նույնպես որոշակի հեռանկար ունեին խորհրդարանում հայտնվելու համար։ Նմանօրինակ կանխատեսումների հիմնական նախադրյալներն էին՝ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումն ու անցած տարվա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված դրությունը, ինչպես նաև հակառուսական տրամադրությունների աճը։ Այսօրվա Հայաստանում միայն շատ ծույլ մարդը տեղյակ չի լինի, թե ինչ դեր է ունեցել Ռուսաստանը Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում։
Բայց այս պատճառների քննությունն էլ թողնենք սոցիոլոգներին և պարզապես արձանագրենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվել է արտաքին ուժերի կողմից լիովին կառավարվող խորհրդարան։ Տվյալ կոնկրետ դեպքում խոսքը ռուսամետ ուժերի մասին է։ Այդ ուժերն, իհարկե, տարբերվում են իրենց կարգախոսներով, կառավարման մեթոդաբանությամբ և բազմաթիվ այլ հարաչափերով։ Սակայն ըստ իրենց փաստացի էության, բովանդակության և ամենագլխավորը՝ արտաքին-քաղաքական կողմնորոշմամբ նրանք համարյա չեն տարբերվում։ Տարբերությունը լոկ այն է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Ռուսաստանին ծառայամտաբար քծնելու պատրաստակամությունը միանգամայն անթաքույց է։ Նիկոլ Փաշինյանը ևս բազմիցս երդվում և հավաստիացնում էր Մոսկվային, որ շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ համանման՝ սոսկ թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպություններին։ Բայց Փաշինյանի այս բոլոր հավաստիացումները Մոսկվայում միշտ ընդունվում էին անթաքույց անվստահությամբ։ Ավելին՝ Մոսկվայում շարունակում են մեղադրել Նիկոլ Փաշինյանին ոչ անհայտ ամերիկյան ֆիլանտրոպ-մուլտիմիլիոներ Ջորջ Սորոսի հետ իբր հատուկ հարաբերություններ ունենալու համար։ Այլ հանգամանքներում սա պարզապես ծիծաղելի կդիտվեր, բայց ռուսաստանյան քարոզչության առարկաները, ավելի ճիշտ՝ զոհերն, այդպես ակնհայտորեն չեն մտածում։
Ընդ որում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և անձամբ Փաշինյանն արտաքին քաղաքականությունը կառուցելիս համարյա ոչ մի քայլ չեն շեղվում ռուսաստանյան ուղեծրից։ Սա ակներև իրողություն է։ Իսկ Փարիզ, Բրյուսել և անգամ Թեհրան կատարած վարչապետական այցերը մեծ մասամբ ունեն հռչակագրային-պոպուլիստական բնույթ և ոչ մի կոնկրետ արդյունք չեն արձանագրում։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մոսկվայում Փաշինյանին և նրա շրջապատին «սորոսականների» պիտակը հատուկ են կպցրել, որպեսզի կարողանան հեշտացնել Հայաստանում Ռուսաստանի քաղաքական օրակարգի անցկացումը։ Ինչպես ժամանակին նույն օրակարգն էր առաջ մղում Ռոբերտ Քոչարյանը՝ «հայկական կոմպլեմենտարիզմի» պիտակի ներքո։ Թաֆթի համալսարանի շրջանավարտ, սփյուռքահայ Վարդան Օսկանյանի օգնությամբ Քոչարյանի վարած «հայկական կոմպլեմենտարիզմի» շնորհիվ Հայաստանը վերջնականապես հայտնվել է հյուսիսային հարևանի սեղմող գիրկը։
Սակայն, այս ամենը բավարար չեղավ։ Մնում էր ևս մի չլուծված խնդիր՝ Արցախը, որտեղ ԽՍՀՄ փլուզումից հետո «ռուսական սապոգ» չի եղել։ Սկսելով լուծել այս խնդիրը 44-օրյա պատերազմի արդյունավետ կառավարմամբ՝ Մոսկվան այժմ ջանում է Հայաստանի խորհրդարանի արտաքին կառավարելիության շնորհիվ այն վերջնականապես հանգուցալուծել։ Այդ թվում և՛ վարչապետ Փաշինյանի, և՛ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հակամարտությունը փողոցից խորհրդարան փոխադրելով։ ՀՀ Սյունիքի մարզի շուրջ ընթացող իրադարձությունները վկայում են, որ տեղի է ունենում նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման նախապատրաստությունը։ Տվյալ խնդիրն ընդհանուր է Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համար, թեև կողմերի դրդապատճառները բոլորովին տարբեր են։ Այսպիսով, խորհրդարանում ներկայացված հայ քաղաքական գործիչների միջև կոշտ դիմակայությունը հիմնական գրավականն է արտաքին սուբյեկտներից նրանց լիակատար կախվածության ձևավորման համար։ Եվ հենց այս կախվածությունն է ստիպում նրանց մասնակցել Հայաստանի շահերի հետ դույզն իսկ աղերս չունեցող նախագծերի իրականացմանը։
Եվ վերջինն ըստ հերթականության, բայց բոլորովին ոչ ըստ կարևորության մի դիտողություն։ Մոսկվային նախաձեռնությամբ Ադրբեջանի օգտին կատարված և սպասվելիք զիջումները հետևողականորեն նպաստում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ձևավորմանը և ուժեղացմանը։ Շատ կարևոր է ընդգծել, որ հակառուսական տրամադրությունների աճն իր գագաթնակետին դեռ չի հասել։ Եվ վերոնշյալ «խորհրդարանական սցենարը» նույնպես կարող է այդ գործընթացում նոր խթանիչի դեր և գործառույթ ունենալ՝ հերթական խորը հետք թողնելով հայ հասարակության տրամադրություններում։ Եվ եթե այս ամենից կուզեն օգտվել Հայաստանում շահագրգիռ արևմտյան ուժերը, որոնց չպետք է շփոթել առասպելական Սորոսի հետ, ապա Հայաստանում կարող է վերջնականապես ձևավորվեն նոր հասարակական տրամադրություններ և համապատասխանաբար՝ աշխարհաքաղաքական նոր իրողություններ։ Այս դեպքում «խորհրդարանական սցենարը» Մոսկվայի հետ երկարաժամկետ հեռանկարում կարող է չար կատակ խաղալ, թեև հայտնի է, որ Ռուսաստանի կառավարությանն ամենից քիչ է հետաքրքրում երկարաժամկետ պլանավորումը։ Մոսկվան նախընտրում է արձագանքել և ձևավորել ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունները՝ հավակնելով լոկ կարճաժամկետ հեռանկարին։ Հայաստանի խորհրդարանում մանգաղների, մուրճերի և գեներալական աստղերի ֆոնին դա նրան դեռ հաջողվում է։