Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանը նախկինի և ապագայի արանքում. նոր խորհրդարան, հին խնդիրներ, նոր հարցեր

hghazaryan
June 2021


Հակոբ  ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանի խորհրդարանի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունը մի կողմից հերթական անգամ ի ցույց դրեց հայկական քաղաքականության  գաղափարական, օրակարգային, արժեհամակարգային և անգամ մշակութաբանական խորքային խնդիրները, մյուս կողմից ձևավորեց նոր քաղաքական իրողություն՝ հնի ու նորի կամ նախկինի ու ներկայի որոշակի վերադասավորումով կամ խմբագրումով:

Հունիսի 20-ի առումով առանցքային է, անշուշտ, այն, որ Հայաստանում տեղի է ունեցել ազատ ընտրական գորրծընթաց ու քվեարկություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն արտահայտել է իր կամքը և ձևավորել նոր խորհրդարան: Այդ խորհրդարանում մեծամասնությունը պահպանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությունը: Կուսակցությունն այս անգամ ստացավ, իհարկե, ոչ թե 70 և ավելի, այլ՝ 53,92 տոկոս, սակայն սահմանադրական կարգավորումների շնորհիվ ունի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու հնարավորություն՝ 2/3: Խորհրդարանի 1/3-ը այլևս կկազմեն ոչ թե «Լուսավոր Հայաստան» կամ ԲՀԿ կուսակցությունները, այլ նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժեր. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս արդյունքով, և Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս արդյունքով: «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքների համար անհրաժեշտ 7 տոկոս շեմը, սակայն, քանի որ խորհրդարանը ձևավորված է համարվում նվազագույնը երեք ուժի առկայությամբ, երրորդ տեղը զբաղեցրած դաշինքը անցնում է խորհրդարան, անկախ անցողիկ շեմից: Այդպիսով, մի կողմից հնարավոր է արձանագրել, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությամբ չեղավ իշխանափոխություն, բայց եղավ «ընդդիմափոխություն»: Մյուս կողմից, թեև ֆորմալ իմաստով խորհրդարանն ունի նոր ընդդիմություն, դե-ֆակտո, սակայն, քաղաքական հարաբերակցության իրական ռեժիմում այդ ընդդիմությունն էր գերիշխող հետհեղափոխական ամբողջ ընթացքում: Հունիսի 20-ին մեծ հաշվով «ֆորմալացվել» է այդ հանգամանքը:

Այստեղ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու էին թավշյա հեղափոխությամբ մերժված համակարգի ուժերը հեղափոխությունից հետո գերիշխում որպես ընդդիմության առաջատար շրջանակ: Այդ պատճառների մասին խոսակցությունն առանձին ծավալուն քննարկման նյութ է: Պարզապես հարկ է համառոտ նկատել, որ այստեղ էական դեր ուներ, իհարկե, նախկին համակարգը ներկայացնող ուժերի տնօրինած ահռելի տնտեսական, ֆինանսական, ըստ այդմ՝ մեդիաքարոզչական ռեսուրսի հանգամանքը, մյուս կողմից այն, որ քաղաքական նոր և կենսունակ ուժերի ձևավորումն, այդուհանդերձ, ժամանակ, տարիների համառ աշխատանք պահանջող երևույթ է և չի լուծվում ֆեյսբուքյան կամ յություբյան տիրույթներում ելույթներով, որքան էլ դրանք լինեն ականջահաճո:

Քաղաքականությունն, այդուհանդերձ, ունի որոշակիորեն բարդ կառուցվածք: Ըստ այդմ, հունիսի 20-ի ընտրության արդյունքից հետո ոչ միայն շարունակում է հնչել, այլ առավել կարևոր է դառնում Հայաստանում նոր գաղափարական, արժեհամակարգային, մեթոդաբանական, անգամ ոճական կառուցվածք ունեցող ուժերի ձևավորման, կամ այդպիսի հայտ ներկայացրած նոր ուժերի կայացման հարցը: Միևնույն ժամանակ, տեղի ունեցած արտահերթ ընտրությունը արտացոլում է որոշակի հարաբերական մի իրողություն: Հանրությունը մի կողմից մերժեց իշխանության վերադառնալու նախկին համակարգի փորձը, ինչի համար առիթ էր օգտագործվում ծանր պատերազմն ու դրանում մարդկային, տարածքային կորուստների ցավը, նաև տարածաշրջանային իրողություններով պայմանավորված անվտանգային ռիսկերն ու տագնապալի օրակարգերը, որ առկա են Հայաստանի ու Արցախի շուրջ: Մյուս կողմից, այդ համակարգը վերադարձավ խորհրդարանական ընդդիմության տեսքով: Իհարկե, պետք է նկատել, որ առավելապես այդ «վերադարձը» օգնեց կառավարող ներկայիս մեծամասնությանը պահպանել իր դիրքը խորհրդարանում:

Թվում էր, որ այդպիսի պատերազմից և կորուստներից հետո որևէ քաղաքական մեծամասնություն և առաջնորդ չունի իշխանությունը պահելու շանս: Բայց, Նիկոլ Փաշինյանը ստացավ նոր քվե, որովհետև Հայաստանի քաղաքացիները, չնայած մարդկային և տարածքային կորստի ցավին, նոր ռիսկերի և մարտահրավերների  տագնապին, չհանդուրժեցին նախկին կառավարող համակարգի վերադարձ որևէ հին, թե նոր ձևաչափով կամ ձևակերպումով: Եվ այստեղ, իհարկե, խնդիրը լոկ այն չէ, որ այդ համակարգը իր ավելի քան քառորդդարյա գործունեությամբ եղել է ՄԱՐԴՈՒ դեմ, ոչ թե ՄԱՐԴՈՒ համար, որ այդ համակարգը իր գործունեության ընթացքում կառուցվել է քաղաքացու արժանապատվության, բարոյական արժեքների և նյութական ռեսուրսների մսխման տրամաբանության վրա: Նախկին կառավարող համակարգի որևէ վերադարձ չհանդուրժելու պատճառն այն է նաև, որ քաղաքացիները հաճախ անգամ փորձագիտական, քաղաքագիտական, քաղաքական շրջանակներից շատ ավելի ճշգրիտ ու համարժեք գնահատեցին Հայաստանին ու Արցախին պարտադրված պատերազմը՝ որպես ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական երևույթ, որը ծավալվել է ոչ թե մեկ կամ երկու տարում, այլ խոշոր հաշվով ավելի քան երկու տասնամյակում, որոնք հաջորդել են Արցախի առաջին պատերազմի հաղթանակին և ուղեկցվել բանակցային գործընթացով:

Ըստ այդմ, քաղաքացիները ստույգ գնահատեցին նաև այդ տարիներին Հայաստանն ու Արցախը կառավարած համակարգի, դրա առանցքային դեմքերի պատասխանատվությունը՝ պատերազմի սպառնալիքին Հայաստանի ու Արցախի բավարար չափով պատրաստ չլինելու, պատերազմ գոյացնող ռազմաքաղաքական միջավայրում ռիսկերի ու սպառնալիքների արագ խտացումը կանխարգելել չկարողանալու, այդ ամենի փոխարեն ընդամենը անձնական և խմբային հարստության և ուժի կուտակման, այդ ուժը տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ Հայաստանում իշխանություն վերարտադրելու նպատակին ծառայեցնելու, առաջին պատերազմի հաղթանակը Հայաստանի ու Արցախի անվտանգության կապիտալի փոխարեն անձնական ու խմբային հարստության ու իշխանության մանրադրամի վերածելու գործում:

Առավել ևս, որ 2018 թվականին արժանանալով մերժման, հետագա տարիներին այդ համակարգը ըստ էության չարեց հանրության հետ նոր որակի երկխոսության, անցյալի շուրջ բաց քննարկումների, սեփական իշխանության բացերը, արատները, համակարգային խնդիրները բաց քննարկելու, դրանց համար պատասխանատվությունն ուղիղ ընդունելու, և այդպիսով իր փոխվելու կարողությունը դրսևորելու որևէ փորձ: Եվ հակառակը՝ նախկին համակարգն իր հետհեղափոխական վարքագծով հանրության մոտ արմատավորեց գիտակցում, որ ի զորու չէ ընդունել սխալներ, պատասխանատվություն, և ընդունակ չէ փոխվել:

 Միաժամանակ, հունիսի 20-ի ընտրությունն առաջացնում է թերևս առավել կարևոր, առանցքային մի հարց՝ իսկ ընդունա՞կ է փոխվել հետհեղափոխական իշխանությունը և հեղափոխականությունից անցնել քաղաքական-պետական բնույթի, իր դիրքերը կառուցելով ոչ թե «նախկինի վերադարձի» մերժման, այլ նորի ձևավորման արդյունավետության սկզբունքի վրա: Հավաստիացումներն, անշուշտ, բավարար չեն, ամեն ինչ չափվելու է աշխատանքով, ընդ որում՝ թե կառավարման արդյունավետության, թե նաև հանրային մթնոլորտի առողջացման ուղղությամբ քայլերի առումով: Դրան զուգահեռ, անկասկած է, որ հանրային մթնոլորտի, ներքին կայունության համար պատասխանատվությունը հավասարապես նաև բոլոր քաղաքական ուժերի վրա է: Այդ իմաստով ողջունելի է, որ ընդդիմությունը չի գնում հետընտրական ակցիաների, թեև բաց է հարցը, թե արդյո՞ք Հայաստան դաշինքը վերցնելու է մանդատները, քանի որ դաշինքը հայտարարել է ընտրության արդյունքը չճանաչելու և ՍԴ դիմելու մասին: Այդուհանդերձ, անկասկած է, որ արտահերթ ընտրության արդյունքը մերժելը և իրավիճակը անկայունության ճանապարհով տանելը լինելու է գործողություն Հայաստանի և Արցախի դեմ, որովհետև ներքին անկայունությունը առաջացնում է Հայաստանի վրա արտաքին ճնշման և որոշումներ պարտադրելու պարարտ միջավայր: Ըստ այդմ, քաղաքական կոշտ պայքարը պետք է շարունակել խորհրդարանում, Հայաստանը ուժեղացնելու, այլ ոչ ավելի թուլացնելու համար:

Միաժամանակ, նկատելի է հետընտրական երևույթ, երբ՝ մի կողմից ողջունելիորեն բացակայում է հետընտրական ցնցումների հանգամանքը, մյուս կողմից մեդիա-համացանցային տիրույթում խթանվում է հանրային տարբեր շերտերի՝ Երևան-մարզեր, ընդհուպ Հայաստան-Արցախ մասշտաբով փոխադարձ մեղադրանքների և պիտակավորումների մի գործընթաց, ինչը պակաս վտանգավոր ու քայքայիչ չէ, քան որևէ ապակայունացում կամ ներքաղաքական ցնցում: Այդ իմաստով, ինչպես էլ գնահատվի քաղաքական երկխոսության Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ուղղված քաղաքական բոլոր ուժերին և անգամ հոգևորականներին, այն օրինակելի է և ունի գործնական արձագանքի կարիք, այդպիսով նվազագույնը հենց կոչի հեղինակի գործնական պատասխանատվությունը բարձրացնելու համար:

Հունիսի 20-ի ընտրությունը ցույց տվեց նաև, որ Հայաստանում գործունեության արդյունավետությունը բարձրացնելու կարիք ունեն այն ուժերը, որոնք հավակնում են լինել հանրությանը նորն առաջարկող քաղաքական դերակատարներ: Հունիսի 20-ը նրանց համար անհաջողություն չէր, այլ ցուցիչ: Ընտրությունը ցույց տվեց նաև մինչ այժմ Հայաստանում գործող տարբեր քաղաքական ուժերի սպառվածությունը՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ից մինչև երեք նախկին նախագահների իշխանության տարիների տարբեր փուլերում ընդդիմադիր գործունեություն ծավալած այլ ուժեր: Ըստ երևույթին, պետք է արձանագրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «դարաշրջանի» ավարտը: Երկրորդ և երրորդ նախագահների միջև տեղավորված «բուֆերային» այդ ուժն այլևս չունի ֆունկցիոնալ նշանակություն, և Գագիկ Ծառուկյանն ունի ի վերջո քաղաքականությունից ազատվելու թերևս պատմական հնարավորություն:

Միևնույն ժամանակ, հունիսի 20-ի ընտրությունն ի ցույց դրեց Հայաստանի քաղաքական ճկունության ու դիմադրունակության առանցքային խնդիր՝ քաղաքական-գաղափարական բազմազանության խնդիրը: Հայաստանի խորհրդարանում բացակայելու են եվրոպական, եվրաատլանտյան քաղաքական ուղղության հետևորդ ուժեր, ինչը նաև վկայում է այն մեծ բացը, որ կա այդ օրակարգը առաջ բերող ուժերի և հանրության միջև: Հայաստանի նոր խորհրդարանում որպես երկրորդ ուժ ներկայացված կլինի Ռուսաստանի հետ «խորը ինտեգրացիայի» օրակարգ դավանող «Հայաստան» դաշինքը, կա մեծամասնություն ՔՊ-ն, որն, ինչպես Հայաստանի բոլոր իշխանությունները, ինքն էլ պարտադրված է սերտ աշխատել ՌԴ-ի հետ, և կա «Պատիվ ունեմ»-ը, որը քվեարկությունից մի քանի օր առաջ իր մի թևով հայտարարում է, թե «Крым наш», իսկ մյուս՝ ՀՀԿ թևով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, այն Եվրոպայի ամենամեծ կուսակցության, որը Ղրիմը չի համարում Ռուսաստանինը:

Մեծ հաշվով, Հայաստանի խորհրդարանի ընտրության գործընթացում նկատելի է Հայաստանում Ռուսաստանի լուծած խնդիրը՝ այսպես ասած գլխավոր ընդդիմության դերում իր համար վստահելի և կառավարելի ուժի հաստատում, որը կփակի իշխանության ճկունության հնարավորությունը: Ահա այդ իմաստով է նաև հրամայական, որ Հայաստանում ձևավորվի գաղափարական այլընտրանքային քաղաքական հոսանք՝ Հայաստանին մանևրի հնարավորություն ապահովելու համար: Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունը որոշակիորեն տվեց այդպիսի հնարավորություն՝ կառավարության հանրային լեգիտիմության գործոնի շնորհիվ, բայց անկասկած է, որ դա ռազմավարական ներուժ պարունակող հնարավորություն չէ, և այդ ներուժը կարող է ձևավորվել քաղաքական դաշտում գաղափարական բազմազանությամբ:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.