Ամեն ամիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տասնյակ տարբեր միջոցառումներ են անցկացվում ՝ հավաքներ, երթեր, բողոքի ցույցեր: Վրացական հասարակությունն ազատ է, և նրա ցանկացած քաղաքացի իրավունք ունի բացահայտ արտահայտել իր տեսակետները և պաշտպանել իր իրավունքները:
Այնուամենայնիվ, դրանց շարքում կա մեկ իրադարձություն, որն ամեն անգամ որոշակի մարդկանց ոչ ադեկվատ արձագանքի, եթե ոչ հիստերիայի պատճառ է դառնում: Խոսքն, իհարկե, Թբիլիսիի շքերթի մասին է, որը տեղական գեյ-հպարտության շքերթն է, որը զուգորդվում է ԼԳԲՏ համերաշխության միջազգային ամսվա հետ:
Պետք է հասկանալ, որ Թբիլիսիի գեյ-շքերթը տասնյակ հազարավոր մասնակիցների չի հավաքում, ինչպես աշխարհի այլ երկրներում, և նրանք երաժշտությամբ ու պարերով չեն անցնում ամբողջ քաղաքում: Սա փոքր իրադարձություն է, երբ սովորաբար գալիս են տասնյակ ակտիվիստներ, պարզապես հիշեցնելու համար, որ իրենք նույն երկրի ժողովուրդն ու քաղաքացիներն են և նույնպես իրավունք ունեն ազատորեն խոսելու իրենց կողմնորոշման մասին, առանց դա թաքցնելու և առանց ծաղրի կամ բռնության ենթարկվելու:
Սակայն նրանց իրավունքների պաշտպանությունը հարիր չէ Վրաստանում գտնվող ռուսամետ ուժերին և դրանց միացած վրաց ուղղափառ եկեղեցուն: Ամեն անգամ ԼԳԲՏ ակտիվիստների կողմից իրենց միջոցառումն անցկացնելու փորձերն ուղեկցվում են Կրեմլի կողմնակից կազմակերպությունների կողմից սադրանքներով և բռնություններով` իշխանությունների լուռ համաձայնությամբ:
Այս անգամ հպարտության օրը, հուլիսի 5-ին, նրանք մի քանի հազար կրոնական մոլեռանդների բերեցին շրջաններից և իրական ջարդ սկսեցին Թբիլիսիի կենտրոնում՝ ԼԳԲՏ գրասենյակի վրա հարձակվելով, լրագրողներին և պատահական անցորդներին ծեծելով, ու այս ամենը՝ ոստիկանության անգործության պայմաններում: Բացի այդ, ագրեսիվ ամբոխը ոչնչացրեց խորհրդարանի դիմաց ընդդիմության վրանային ճամբարը և պոկեց ԵՄ դրոշը՝ դրա փոխարեն բարձրացնելով ուղղափառ խաչը:
Ջարդերի գլխավոր կազմակերպիչն ու հովանավորը վերջերս Ռուսաստանից վերադարձած գործարար Լևան Վասաձեն էր, ով այս տարի հայտարարեց վրացական քաղաքականություն մտնելու մտադրության մասին: Այս մարդն իր կյանքի մեծ մասն ապրել է Մոսկվայում, որտեղ նա կարիերա է կառուցել և աշխատել որպես թոփ մենեջեր Ռուսաստանի պետական խոշոր կորպորացիաներում, այդ թվում` հայտնի AFK Sistema- ում:
Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարության օրոք Վասաձեն վախենում էր այցելել Վրաստան՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապի պատճառով: Այնուամենայնիվ, Թբիլիսիում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց և վրացական իրավապահ համակարգի հետագա թուլացումից հետո Կրեմլի կողմից հավաքագրված գործարարը վերադարձավ իր պատմական հայրենիք՝ փորձելով փոխել նրա քաղաքական կուրսը:
Վրաց քաղաքական գործիչների ողջ սպեկտրից դժվար թե գտնվի մեկը, ով այդքան ուժեղ նվիրված լինի Ռուսաստանին և միևնույն ժամանակ ավելի կեղծ լինի, քան Լևան Վասաձեն: Մոսկվայում սովոր լինելով կրել թանկարժեք կոստյումներ և հաճախել էլիտար ռեստորաններ, իր հայրենիքում նա սկսեց կրել գյուղական հագուստներ, և ամբողջ տնով մեկ փակցրեց սրբապատկերներ, որոնց ֆոնին ձայնագրում է YouTube-ի իր հեռարձակումները` նվիրված «Ուղղափառության և ավանդական արժեքների պաշտպանությանը»:
Մինչ Ռուսաստանը գրավում էր վրացական տարածքների 20%-ը, իսկ ռուսական տանկերը Թբիլիսիից 40 կիլոմետր հեռավորության վրա էին, Վասաձեն Վրաստանի համար հիմնական սպառնալիքը տեսնում էր «Արևմուտքից եկող սանձարձակության և սոդոմ-գոմոր ստեղծելու մեջ»:
«Որևէ երկխոսություն լիբերալ Արևմուտքի հետ, որը դավաճանել է իր քրիստոնեական հիմքը, անհնար է: Անկախ նրանից, թե ինչպես են նրանք պարտադրում իրենց լիակատար հանդուրժողականությունը, բանն այն է, որ նրանք ագրեսիվորեն չեն ճանաչում ինքներս մեզ հավատարիմ մնալու մեր իրավունքը»,- ասում է ռուսական թոփ մենեջեր Վասաձեն:
Բայց նա ճանաչում է վրացիների` ռուս դառնալու և լինելու իրավունքը, քանի որ Ռուսաստանում է նա գտնում Արևմուտքին այլընտրանք, այն Ռուսաստանում, որն իր համար ուղղափառ ավագ եղբայր է և հուսալի գործընկեր, և ամենևին էլ ոչ բռնազավթիչ:
Վրացիների կոտորածները, վրացական լեզվի արմատախիլ անելը և գրավյալ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում բռնի կերպով ռուսաֆիկացումը նրան շատ ավելի քիչ են անհանգստացնում, քան հորինված գեյ-սպառնալիքը:
Եթե Վասաձեն ցանկանար, ապա կպարզեր, որ միայն 1992 թ.-ին Աբխազիայում պատերազմի ընթացքում ռուսամետ անջատողականներն ու զինյալները սպանել են շուրջ 30 հազար վրացիների, այդ թվում մեծ թվով երիտասարդ տղաների ու աղջիկների, որոնք հնարավոր է ընտանիք կազմեին: Ահա այն հարցի պատասխանը, թե իրականում ով է ոչնչացնում վրացական գենոֆոնդը և վտանգ ներկայացնում վրաց ազգի ապագայի համար. դա հաստատ ԼԳԲՏ-ն չէ:
Բայց Լևան Վասաձեին Մոսկվայից Վրաստան չեն ուղարկել այդպիսի հարցերի պատասխանելու համար: Նրա խնդիրն է գաղջ մթնոլորտ ստեղծել և բախումներ հրահրել, և ամենևին էլ՝ ոչ պաշտպանելու վրաց ժողովրդի շահերը:
Իհարկե, Վրաստանում այլ վերաբերմունք կա ոչ ավանդական կողմնորոշման խնդրի նկատմամբ, բայց Պուտինի ջարդարարների ագրեսիան հաստատ մեծամասնության կարծիքի արտացոլումը չէ: Լրագրողներին ծեծող և ԼԳԲՏ դրոշը այրող կատաղի ամբոխի անհեթեթ պատկերը դժվար թե բարելավի Վրաստանի դրական իմիջը:
Որքան շատ լինեն այդպիսի գործողությունները, այնքան քիչ քաղաքակիրթ աշխարհը ցանկություն կունենա գործ ունենալ վայրենիների հետ, և այդ ժամանակ մեր առջև լայնորեն կբացվի «միակ հավատարիմ» Ռուսաստանի «բարեկամական գիրկը»:
Ցավոք, Հյուսիսից մոտեցող քաղաքական ժանտախտը կանգնեցնող չկա: Վասաձեի կապերը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ հետաքննելու փոխարեն՝ Վրաստանի կառավարությունը զբաղված է արևմտամետ ընդդիմության դեմ պայքարով և ժողովրդավարական ազատությունների դեմ հարձակմամբ, ինչի ապացույցն է խռովարարների անպատժելիությունը:
Ցավոք, 2012 թվականից ի վեր Վրաստանում ամբողջ իշխանությունը կենտրոնացած է վրացական, ինչպես նաև ռուսաստանյան օլիգարխ Իվանիշվիլիի ձեռքում, ինչը նշանակում է, որ Պուտինի գործակալները կարող են բավականին հանգիստ աշխատել մեր երկրում և կազմակերպել ցանկացած սադրանք, ինչով և նրանք իրականում զբաղված են:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը`Inosmi.ru