Քաբուլը՝ «Կրկին Ասիայի» բանալի՞
Այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ական ուժերի միջազգային դաշինքի վերջին զինվորը կլքի նախորդ, գրեթե քառասուն տարում մշտական պատերազմների մեջ գտնվող Աֆղանստանի հողը, Քաբուլի կենտրոնական կառավարությունը դեմ-հանդիման է մնալու արդեն իսկ այս երկրի խոշոր հատվածներ վերահսկող և մայրաքաղաքը համարյա շրջափակած արմատական սուննիականության գաղափարախոսության հիման վրա իր մահմեդական էմիրությունը վերականգնել ցանկացող «Թալիբան» շարժման զինված ուժերի և համակիրների հետ։
Աֆղանստանում միջազգային և ներքին դերակատարների միջև ուժերի քաղաքական ու նաև ռազմական հավասարակշռության խախտումը լրջագույն անհանգստություններ և նոր մարտահրավերներ է ի հայտ բերել, քանի որ թվում է թե Աստծո կողմից մոռացված հենց այս երկրում են խաչվում այնպիսի համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների շահեր, ինչպիսին են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և նույնիսկ Քատարն ու Սաուդյան Արաբիան։
Հենց նմանօրինակ բարդ իրավիճակում է, որ աֆղանական աշխարհաքաղաքական խաղից դուրս չի ուզում մնալ նաև Թուրքիայի էրդողանական վարչախումբը, որը փորձում է ՆԱՏՕ-ական դաշինքի ուժերի դուրսբերումից հետո փաստացիորեն «տիրանալ» Քաբուլի օդանավակայանին՝ այնտեղ տեղակայելով թուրքական զորախումբ։ Այս մտադրությունը տեղավորվում է դեռևս 2019 թ․ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի կողմից հանրայնացված՝ թուրքական «Կրկին Ասիա» փաստացիորեն ռազմավարական բնույթ կրող հայեցակարգի տրամաբանության մեջ։ Համաձայն դրա, թուրքական աշխարհաքաղաքական նկրտումները և շահերը տարածվում են ոչ միայն դեպի Մերձավոր Արևելք, այլ նաև Հարավային և Կենտրոնական Ասիա՝ դուրս գալով վերջինիս թուրքալեզու պետությունների շրջանակից և հասնելով ոչ ավել՝ ոչ պակաս մինչև Բանգլադեշ և Ինդոնեզիա։ Հենց այստեղ է, որ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավային Ասիաների խաչմերուկում գտնվող Աֆղանստանը Թուրքիայի համար ձեռք է բերում բանալի-երկրի հսկայական կարևորություն՝ էրդողանական ծավալապաշտական պատրանքներին հագուրդ տալու նպատակով, ուստի Թուրքիայի համար Քաբուլի օդանավակայանը այն «ամրոցն» է, որի վերահսկումը, Անկարայի կարծիքով, թույլ կտա աներկբայորեն ծավալվել հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով։
Աֆղանստանում և դրա շուրջ ստեղծված բավական բարդ և աշխարհաքաղաքական նոր զարգացումներով հղի իրավիճակում թուրքական կողմը կարծես թե շահագրգիռ է գտնելու իրեն Աֆղանստան հասցնող այլընտրանքային միջանկյալ ուղիներ, որոնցից մեկը, որպես հանգրվանային կետ, կարող է դառնալ Բաքվի կամ Վարանդայում (Ֆիզուլի) Ադրբեջանի կողմից կառուցվող և ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունների՝ նաև ծանր ինքնաթիռներ ընդունելու ունակ օդանավակայանը։ Հենց այստեղ է, որ կրկին հակասության մեջ են մտնելու մի կողմից՝ էրդողանական վարչախմբի, իսկ մյուսից՝ իրանական և ռուսական աշխարհաքաղաքական շահերը, ուստի «Կրկին Ասիան» կարող է բախվել, պատկերավոր ասած, Փոքր Կովկասի լեռներին, որից հարավ իրանական սարահարթն է, իսկ հյուսիսում՝ ռուսական անծայրածիր հարթավայրը։
«Ուսանողները» դեմ են
Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ Աֆղանստանում օրըստօրե նոր ռազմական հաջողություններ գրանցող «Թալիբան» շարժումը, որը ձևավորվել է որպես իսլամական հոգևոր ճեմարանների ուսանողների ռազմական և քաղաքական կառույց, որևէ պարագայում չի ուզում Աֆղանստանում տեսնել ոչ մի օտարերկրյա՝ այդ թվում նաև թուրքական ռազմական ներկայություն։ Թալիբների հռետորաբանության վերլուծությունը հստակորեն ցույց է տալիս, որ այս շարժումը ոչ միայն դեմ է Քաբուլի օդանավակայանի՝ թուրքական զավթմանը, այլ նաև իր ունեցած ողջ ռազմական ներուժով պայքարելու է դրա դեմ՝ թուրքական զորախումբն, ըստ էության, վերածելով օդանավակայանի պաշարված «ամրոցում» գտնվող անհույս մի կայազորի, որի մատակարարումները դժվարանալու կամ անհնարին են դառնալու, հաշվի առնելով մի քանի գործոններ՝
1․ ի տարբերություն Սիրիայում և Լիբիայում գտնվող թուրքական զորախմբերի և ռազմականացված արբանյակ կազմավորումների՝ Աֆղանստան հասնելու համար Թուրքիան չունի ուղղակի ցամաքային կամ ծովային հաղորդակցության որևէ ուղղակի ճանապարհ, հետևաբար ստիպված է լինելու Քաբուլի օդանավակայանում իր զորախմբի սպասարկումը իրականացնել բացառապես օդային ճանապարհով,
2․ Ադրբեջանի վրայով նման ուղի Թուրքիան կարող է ստանալ միայն Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի օդային տարածքներից, որոնցից պաշտոնական Թեհրանը դեմ է Աֆղանստանում ՆԱՏՕ-ական, թեկուզև թուրքական զորամիավորումների ներկայությանը, Թուրքմենստանը վարում է չեզոքության և չմիացման երկարամյա պաշտոնական քաղաքականություն, իսկ Ուզբեկստանը և Տաջիկստանը Թուրքիային ռազմական իմաստով իրենց օդային տարածքը տրամադրելու համար ակներևաբար վճռորոշ հայացք են ուղղելու դեպի Մոսկվա, որի հետ, ի դեպ, այժմ արդեն իրականացնում են համատեղ լայնածավալ զորավարժություններ,
3․ պաշտոնական Մոսկվան, ինչպես Թեհրանը, առնվազն ոչ մի շահագրգռություն չունի Թուրքիային կամ ՆԱՏՕ-ական որևէ այլ երկրի տեսնելու իր կենսական աշխարհաքաղաքական շահերի գոտի հանդիսացող Կենտրոնական Ասիային հարակից Աֆղանստանում, ուստի դժվար թե այս հարցով դրական ազդակներ հղի դեպի Ուզբեկստան և Տաջիկստան՝ առավել ևս, որ վերջինս նաև ՀԱՊԿ անդամ պետություն է։
Հաշվի առնելով այս ամենը, Քաբուլի օդանավակայանում դիրքավորվելու թուրքական երազանքի իրականացման միակ ճանապարհը մնում է թալիբների հետ համաձայնության գալը, որի վերաբերյալ արդեն իսկ անձամբ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շուրթերից հնչում են հայտարարություններ, որոնց, սակայն, «Թալիբանն» առայժմ արձագանքում է կտրական «ոչ»-ով։
Կռվում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցիները
Թուրքական ակնհայտ աշխարհաքաղաքական նկրտումներին զուգահեռ՝ Աֆղանստանի հետ անմիջական սահման և պատմամշակութային խորը կապեր ունեցող Իրանն ինքն է փորձում ներաֆղանական իրավիճակը վերցնել վերահսկողության տակ։ Դրան էին միտված, մասնավորապես, վերջերս Թեհրանում Աֆղանստանի կենտրոնական իշխանության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունները, որոնց ավարտին շիայական Իրանի հետ գաղափարական խորը տարաձայնություններ ունեցող թալիբների պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն դրական գնահատեց Իրանի միջնորդական ջանքերը, այլ նաև երախտիքի խոսք հղեց պաշտոնական Թեհրանին՝ ներաֆղանական հաշտության կայացման միջնորդական ջանքերի համար։
Իրանի հանդեպ «Թալիբանի» կողմից նման դիվանագիտական ռեվերանսը տեղի ունեցավ Թուրքիայի հասցեին կոշտ հայտարարությունների խորապատկերին, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Աֆղանստանում կարող է կրկնվել հայտնի կեսկատակ ձևակերպմամբ իրաքյան սցենարը՝ «կռվում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցիները»։ Ընդ որում, ի տարբերություն Թուրքիայի, որը փորձում է վերահսկել միայն Քաբուլի օդանավակայանը, այն էլ թուրքական բանակի ուժերով, իրանցիներն արդեն հենց Աֆղանստանի ներսում ունեն արբանյակ ռազմականացված կազմավորումներ, որոնց բոլորովին վերջերս ավելացան նաև նորերը, ի դեմս, մասնավորապես, «Հաշդ ալ-Շի’ի» աշխարհազորային միավորման՝ իրաքյան իրանամետ «Հաշդ ալ-Շա’բի» նմանությամբ։ Նկատի ունենալով այս ամենը, Աֆղանստանում իրանա-թուրքական լռելյայն մրցակցության համար իրանական դիրքերը, թվում է, անհամեմատ ավելի շահեկան են։
Մոսկվան նոր ձևաչափի չի հավատում
Բոլոր այս զարգացումների ֆոնին Աֆղանստանի իրավիճակի հանդեպ չի կարող անտարբեր մնալ պաշտոնական Մոսկվան, որը տարիներ շարունակ, որքան էլ պարադոքսալ թվա, աշխատելով նույնիսկ Ռուսաստանում պաշտոնապես ահաբեկչական կառույց ճանաչված «Թալիբանի» ներկայացուցիչների հետ, համառորեն ձգտում էր և, ի վերջո, հասավ Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ-ական զինուժի դուրսբերմանը։ Հետևաբար, Մոսկվայի համար ևս, գրեթե միանշանակորեն անընդունելի է թվում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի թեկուզ սահմանափակ զորախմբով ներկայությունը՝ այն էլ այնպիսի ռազմավարական նշանակության կետում, ինչպիսին Քաբուլի օդանավակայանն է՝ տարածք, որը մնացյալ Աֆղանստանի հետ միասին նախորդ դարավերջին բավական հաջող վերահսկում էր ԽՍՀՄ-ը։
Սեփական ազդեցությունը ներաֆղանական գործընթացներում մեծացնելու նպատակով Ռուսաստանը ևս որոշակի հաջողությամբ հանդես է գալիս որպես միջնորդ քաբուլյան իշխանությունների և թալիբների ներկայացուցիչների միջև, այսպիսով փորձելով նաև սահմանափակել մյուս բոլոր տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների մանևրելու տիրույթը։ Հետևաբար, Սիրիայի օրինակով Աստանայի երկրորդ ձևաչափի ստեղծումը, որտեղ Ռուսաստանը իր ռազմավարական և անվտանգային շահերը կփորձեր համադրել թուրքական և իրանական ձգտումների հետ՝ Աֆղանստանի պարագայում առայժմ թվում է անիրական։
Այս ամենին զուգընթաց ուշագրավ է, որ թե՛ ՀԱՊԿ և թե՛ երկկողմ ռուս-տաջիկական ռազմական համագործակցության շրջանակներում պաշտոնական Մոսկվան զգալիորեն ավելացրել է իր ռազմական ներկայությունը Աֆղանստանին հարևան Տաջիկստանում գտնվող իր՝ առանց այն էլ ամենամեծ արտերկրյա ռազմակայանում ու նաև փորձում է ձևավորել եռակողմ՝ Ռուսաստան-Տաջիկստան-Ուզբեկստան ռազմատեխնիկական գործակցության նոր տիրույթ, որը թեև առայժմ վերջնականապես միս և արյուն չի ստացել, բայցևայնպես նմանվում է հզոր մի «բռունցքի», որը կարող է ոչ միայն պաշտպանել Կենտրոնական Ասիան հարավից պարբերաբար եկող ապակայունացման ազդակներից, այլ նաև անհրաժեշտության դեպքում չեզոքացնել Աֆղանստանում թուրքական նկրտումները։
Իրավիճակն Աֆղանստանում դեռևս շատ դինամիկ է և փոփոխական, բայց մի բան պարզ է՝ վերադարձ ՆԱՏՕ-ական ուժերի կողմից վերահսկվող իրավիճակին այլևս անհնարին է։