Ռուսաստանը ողջունում է Կովկասի խաղաղությանը նպաստելու ԵՄ պատրաստակամությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, անդրադառնալով արցախյան հարցին, իրավիճակի վերաբերյալ Պուտին-Ալիև մոսկովյան հանդիպմանը, որ տեղի ունեցավ հուլիսի 20-ին: Պեսկովն, իհարկե, ասել է նաև, որ Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ գործընթացը առաջ շարժվում է, թեև պարզ չեն, թե ինչ չափանիշներով է նա գնահատում գործընթացի առաջ շարժվելը: Համենայն դեպս, առ այսօր լուծված չէ ռազմագերիների վերադարձի հարցը, լուծված չէ հաղորդուղիների ապաշրջափակման հարցը: Ավելին, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից հետո առաջացել են նոր և առ այսօր անլուծելի հարցեր հայ-ադրբեջանական սահմանի առնչությամբ: Հետևաբար, իսկապես հարց է առաջանում, թե ի՞նչ չափանիշով է Կրեմլի խոսնակը եռակողմ ձևաչափը համարում առաջ շարժվող:
Այդ ամենով հանդերձ, Եվրամիության դերակատարության հանդեպ ողջույնն անկասկած հետաքրքիր է, հատկապես այն պարագայում, երբ այն հաջորդում է Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելի տարածաշրջանային այցին: Բայց, մինչ այդ այցը տեղի ունեցավ թերևս ավելի ուշագրավ մի բան: Վաշինգտոնում հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը: Նրանք քննարկեցին համաշխարհային նշանակության մի շարք հարցեր, և քննարկումների օրակարգում էր նաև արցախյան խնդիրը: Մինչ այդ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ընտրությանը տարած հաղթանակի առթիվ, հայտնել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, ինչպես նաև արցախյան հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթաց վերադարձնելու հեռանկարին նպաստելու Վաշինգտոնի պատրաստակամությունը: Բլինքենն ավելի ուշ թվիթերյան գրառում էր արել այդ առնչությամբ, նշելով, որ լավ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Միաժամանակ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված լինել չի կարող, եթե լուծված չէ կարգավիճակի հարցը: Ահա այդ հայտարարությունների ֆոնին տեղի ունեցավ Բլինքեն-Լե Դրիան հանդիպումը Վաշինգտոնում, որին էլ հաջորդեց Շարլ Միշելի տարածաշրջանային այցը, լրացնելով թերևս արցախյան ուղղությամբ Եվրաատլանտյան բևեռի աշխուժության «շաբաթը»:
Թեև, եզրափակիչ ակտը, թերևս, հնարավոր է համարել ոչ թե Միշելի այցը, այլ Մինսկի խմբի երեք համանախագահների այցը Մոսկվա, որտեղ նրանք հանդիպեցին ՌԴ փոխարտգործնախարարի հետ: Այդպիսով, ըստ ամենայնի որոշակի կարճ ժամանակահատվածում դրսևորված եվրաատլանտյան աշխուժության համատեքստում ըստ ամենայնի ձևակերպվեցին ամերիկա-ֆրանսիական որոշակի մշակումներ, որոնք, թերևս, քննարկման դրվեցին Մոսկվայում՝ համանախագահների և ՌԴ փոխարտգործնախարարի մակարդակում:
Այդ առումով «առարկայական»՝ սուբստանտիվ քննարկումների առկայությունն ու այդ առնչությամբ Բաքվի և նրա հովանի Անկարայի մտահոգությունը մատնեցին Երասխի ուղղությամբ ադրբեջանական սադրանքն ու սրացումները: Ընդ որում, Երասխի խորհրդանշական ուղղությամբ, այն էլ գուցե կրկնակի իմաստով: Նախ, խոսքը Նախիջևանի հետ սահմանի մասին է, իսկ Նախիջևանը հայ-ադրբեջանական սահման լինելուց զատ և, թերևս, ռազմաքաղաքական իմաստով դրանից առաջ ռուս-թուրքական հարյուրամյա պայմանագրային «տիրույթ» է: Իսկ դրանից զատ, Երասխը 44-օրյա պատերազմում Ռուսաստանին հասցված ուղիղ հարվածի գոտին է, որտեղ նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ խոցվեց ռուսական ռազմակայանի ուղղաթիռը, և զոհվեցին անձնակազմի երկու անդամները: Ադրբեջանը ներողություն խնդրեց, Ռուսաստանը ընդունեց, միայն թե Բաքուն չխոչընդոտի Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առայժմ այդքանը:
Այժմ Մոսկվան պարբերաբար հիշեցնում է մեղավորներին պատժելու մասին, իսկ Բաքուն հավաստիացնում, թե քննում է և կպատժի: Երասխում գնալով հրադադարի ինտենսիվ խախտման, ինչ-որ իմաստով անգամ նոյեմբերի 9-ից ի վեր աննախադեպ՝ ականանետերի կիրառումով, Թուրքիան ու Ադրբեջանը, թերևս, Ռուսաստանին հիշեցնում են այդ «երկակի խորհրդանշականությունը»: Բայց ինչու՞ հիշեցնել: Միթե՞ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին իր հերթին «սուր ու զգայուն» որոշումների մասին «հիշեցնող» Ռուսաստանը մոռացել կամ մոռանում էր Թուրքիային ու Ադրբեջանին:
Ռուսաստանն, իհարկե, չէր մոռանում, բայց հենց Թուրքիայի ու Ադրբեջանի գործոնը՝ թույլ Հայաստանի պարագայում, Ռուսաստանին, թերևս, ավելի ու ավելի ստիպում է մտածել լուրջ հակակշռի մասին: Տևական ժամանակ, տարիներ շարունակ Թուրքիան դիտարկելով Արեւմուտքի հետ իր մեծ, նեոսովետական դիմակայության շրջանակում կարևոր հակակշիռ, Ռուսաստանն այսօր ինքն ունի Թուրքիայի հետ «ռազմավարական գործակցության» հակակշռի անհրաժեշտություն: Եվ այդ հարցում վճռորոշ գործոնը, թերևս, այն էր, ինչ ծավալվում և թափ է հավաքում միջինասիական տարածաշրջանում, որտեղ դուրս գալով Աֆղանստանից՝ ԱՄՆ-ն բացում է այն մեծ վակուումը, որ ՆԱՏՕ հետ միասին լցրել կամ ծածկել էր 2001 թվականից հետո, երբ օդանավերը խոցեցին Նյու Յորքի խորհրդանիշ զույգ երկնաքերերը: Ռուսաստանը Աֆղանստանում և փաստացի դրանով իսկ միջինասիական անվտանգային շրջանակում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծանրակշիռ և ստատիկ ներկայության փոխարեն ստանում է Թուրքիայի հավակնություն, որը կասեցնելը լինելու է չափազանց դժվար:
Բանն այն է, որ Թուրքիան չի հավակնում լոկ Աֆղանստանին կամ Քաբուլի օդանավակայանին: Թուրքիան հավակնում է միջինասիական ու ղազախական գոտում ամբողջությամբ, այսպես ասած՝ թյուրքական աշխարհի տրամաբանությամբ: Եվ Կովկասից հետո լուծելով նաև այդ տարածաշրջանի հարցը, Անկարան այլևս անցնելու է Ռուսաստանի սահմանից ներս, թեև արդեն արել է դա՝ գրեթե ինքնիշխան պետության մակարդակով ընդունելով Անկարայում ՌԴ դաշնային սուբյեկտ Թաթարստանի նախագահին: Ու թեև մեծապես նաև թուրք-ադրբեջանական խնամակալության ներքո գտնվող ռուսական փորձագիտական դաշտը ամեն կերպ ձգտում է Կրեմլին պահել Թուրքիայի հետ գործակցության տիրույթում, այդուհանդերձ Ռուսաստանի ահռելի խնդիրները ամենից մոտ են, թերևս, հենց Կրեմլի շապկին, անկախ դրա «գնից»:
Ահա այդ պայմաններում Ռուսաստանի համար ձևավորվում են Եվրաատլանտյան առաջարկների շուրջ լրջորեն մտորելու հիմքեր, մոտիվներ, պատճառներ, անհրաժեշտություններ: Անկարան ու Բաքուն, անշուշտ, պատկերացնում են դա և կանխելը չեն թողնում միայն ռուսական փորձագիտական կոհորտայի ուսերին, դա համարելով խիստ անբավարար: Թուրքիան ու Բաքուն դիմում են սադրանքի, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլևս արևմտյան ուղղությամբ: Միջինասիական ուղղությամբ շարժվող Անկարան հանկարծ «շրջվում» է դեպի կիպրական խնդիր, հայտարարելով, որ «եղբայր Ալիևի» հետ քննարկում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ճանաչման հարցը: Ավելին, Էրդողանը ձեռնամուխ է եղել ՄԱԿ ԱԽ 1984 թվականի բանաձևով չեզոք գոտի դիտարկվող Վերշոա քաղաքի բնակեցման գործին: Անկարան ակնհայտորեն սադրում է թե՛ եվրաատլանտյյան, թե՛ ռուսական ուղղություններով, Կովկասում՝ իր միջինասիական արշավի փաստացի թիկունքում նրանց գործակցության ինտենսիվացում թույլ չտալու համար:
Ընդ որում, հատկանշական է, որ Էրդողանն իր հետ կիպրական ուղղությամբ քաշում է նաև Ալիևին: Մի կողմից գործում է «ծառայություն՝ ծառայության դիմաց» սկզբունքը, մյուս կողմից Էրդողանն, անկասկած, չի վստահում Ալիևին, որքան էլ նրան գցել է կրնկի տակ: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում որոշակի հեռանկարի շուրջ հաստատուն պայմանավորվածության «հոտն» առնելու դեպքում Ալիևը չի վարանի «հանձնել» Էրդողանին: Այդ իսկ պատճառով Անկարայի սուլթանը փորձում է կիպրական դեմարշին ներգրավելու միջոցով որոշակիորեն կապել Ալիևի ձեռքերը Եվրաատլանտյան ուղղությամբ շատ, թե քիչ ինքնուրույն գործողությունների հնարավորությունը կանխելու համար: Ի դեպ, հատկանշական է, որ Էրդողանն Ադրբեջանի հետ այդ հարցը քննարկելու մասին հայտարարեց Միշելի տարածաշրջանային այցից հետո, գուցե լսելով, թե ինչպես է նրա հետ հանդիպմանն Ալիևը խոսում խաղաղությունից: Էրդողանը չի կասկածի Ալիևի դերասանական տաղանդի, բայց ոչ նրա հավատարմության վրա:
Այդ ամենի համատեքստում, բնականաբար, գալիս են մեր շապկին մոտ հարցերը, հատկապես Երասխում հերթական սրացման ֆոնին: Որտե՞ղ է և ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Այստեղ հայկական կողմի անելիքները մի կողմից, իհարկե, բավականին բարդ են, մյուս կողմից, սակայն, նույնքան էլ պարզ: Անշուշտ, աշխարհաքաղաքական վեկտորներն ու մթնոլորտը մարտավարական իմաստով փոփոխության են ենթարկվում շատ արագ, ըստ այդմ՝ ընթացիկ զարգացումներով կողմնորոշվելն, այդուհանդերձ, կարող է լինել խաբուսիկ: Միաժամանակ, պետք է, անշուշտ, դրսևորել ընթացիկ իրողություններին արագ և հնարավորինս հագեցած արձագանքելու կարողություն: Իսկ դա իր հերթին կախված է ոչ միայն քաղաքական-դիվանագիտական մտքից, այլ Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի առավելագույն կիրառումից: Կիրառում, բայց ամենևին ոչ զանազան պաթետիկ միջոցառումների, ճառերի կամ հետո տեղի ունեցող ֆուրշետների ընթացքում կենացների տեսքով: Այստեղ արդեն չափազանց քիչ խոսելով առավելագույնս գործ անելու ժամանակն է, մի կողմ դնելով ներքին քաղաքական տարաձայնությունները և անձնական մոտեցումները, եթե իհարկե հնարավոր է: Եվ, թերևս, հնարավոր է, եթե որևէ սուբյեկտի համար պետական և ազգային անվտանգության հոգսը առնվազն պակաս չէ անձնական կամ խմբային-կուսակցականից:
Միջազգային իրադրությունն իր հարաբերականությամբ, փոփոխականությամբ և հակասականությամբ հանդերձ, այդուամենայնիվ, ընթանում է Հայաստանի համար ռիսկերից ոչ պակաս հնարավորություններ գեներացնելու հոսքերով, և այստեղ բուն խնդիրն, անշուշտ, դրանք օգտագործել կարողանալն է: Իսկ դրա համար էլ Հայաստանը պետք է հնարավորինս օպերատիվորեն լուծի առավելագույնս ինքնաբավ կարողություն ձեռք բերելու հարցը, սկսած սահմանային սադրանքներին զուտ ռազմական հակադարձման, մինչև արդեն քաղաքական նախաձեռնողականության անցնելու գործում: Ինքնաբավության այդ աստիճանը Հայաստանն ի զորու չէր միայնակ ապահովել անգամ մինչև պատերազմը եղած ժամանակաշրջանում և ի զորու չի լինելու առավել ևս պատերազմից հետո: Այստեղ է, որ խնդիրներն անխուսափելիորեն պետք է դիտարկվեն համահայկական մասշտաբի ընդգրկումով, բայց իրական, կոնկրետ, առարկայական գաղափարների և նախաձեռնությունների, ոչ թե հուզիչ տեքստերի մակարդակով, ի վերջո՝ գոնե մեկ անգամ, գոնե այս անգամ: