«Թալիբանը» վերադառնում է, իսկ Ամերիկան ամեն դեպքում հեռանում է»
15.08.2021
Ամեն դեպքում Բայդենն ընդունում է դա. «Ես չեմ ափսոսում իմ որոշման համար»,- ասել է նախագահն այս շաբաթ, երբ Աֆղանստանի նահանգային կենտրոնները մեկ առ մեկ հանձնվում էին թալիբներին: Իսկ Աֆղանստանի կառավարությունը, որն ամերիկյան աջակցությամբ երկու տասնամյակ շարունակ մնացել էր ջրի երեսին, կարծես, շուտով ենթարկվելու է վաղուց կանխատեսված հետամերիկյան կործանմանը:
«Աֆղանստանի առաջնորդները պետք է համախմբվեն: Մենք հազարավոր ամերիկացի սպանված ու վիրավոր զինծառայողներ ունեցանք: Նրանք պետք է պայքարեն իրենց համար, իրենց երկրի համար»,- երեքշաբթի ասաց Բայդենը: Նա հնարավորինս հստակեցրեց, որ չի վերանայի զորքերը դուրս բերելու մասին իր որոշումը: Երկու տասնամյակ անց Ամերիկան վերջնականապես ու անդառնալիորեն ավարտում է Աֆղանստանի պատերազմին իր մասնակցությունը, իսկ հետևանքները կարևոր չեն:
Բայդենի վարչակազմի խոսքերը հատկապես ապշեցուցիչ սառն էին հասունացող աղետի ֆոնին: Ինքը՝ Բայդենը, ով քաղաքական գործիչներից ամենանրբազգացն է եղել, ուշադրություն չդարձրեց կանխատեսելի և կանխատեսվող հումանիտար ողբերգությանը, որի բռնկման պատճառներից էր Աֆղանստանում մնացած մոտ 3500 ամերիկացի զինվորականներին դուրս բերելու՝ դեռևս ապրիլին կայացրած որոշումը: Այս խոսքերից հետո Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մեղքը բարդեց աֆղանական բանակի վրա՝ իրենց իսկ ճակատագրի համար, բանակ, որին Միացյալ Նահանգները ֆինանսավորել, ուսուցանել, զինել և կառուցել էր ավելի քան 20 տարի: «Նրանք ունեն այն, ինչ իրենց պետք է», – ասել է Փսակին: «Միակ բանը, որ պետք է որոշեն, այն է, թե արդյո՞ք նրանք ունեն պայքարելու քաղաքական կամք»: Պետդեպարտամենտն իր հերթին հայտարարեց, որ վերջին դիվանագիտական ջանքերն է ներդնում համոզելու թալիբներին, որ նրանց կառավարությունը միջազգային հանրության կողմից ընդունելի չի լինի,եթե նրանք բռնի ուժող տիրեն երկրին: Ինչ -որ մեկը կարծում է, որ դա նրանց կանգնեցնու՞մ է:
Այս ամենի հետևում ակնհայտ հաշվարկ կա, ըստ որի անցանկալի պատերազմից հրաժարվելը չի վնասի Բայդենին՝ հաշվի առնել անցած ժամանակն ու երկու կուսակցությունների ավելի քան բավարար մեղքը: Պարզ ասած, Վաշինգտոնը համոզված է, որ ամերիկացիներին պարզապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Աֆղանստանում: Հարցման արդյունքները հաստատում են այս տեսակետը: Երկու կուսակցությունների քաղաքական գործիչները, նկատելի բացառություններով, ընդհանուր առմամբ պաշտպանել են Բայդենի որոշումը, կամ գոնե համաձայնել են դրա հետ, այնպես որ նրանք կա՛մ կարող են վերանայել, թե ինչպես է Բայդենը դա իրականացրել, կա՛մ պարզապես ոչինչ չասել: (Ակնարկը Դոնալդ Թրամփին է վերաբերվում, որի՝ թալիբների հետ գործարքի վրա էր մեծամասամբ հենվել Բայդենը, չնայած թալիբների անկարողությանը՝ պահելու պայմանավորվածության դրույթները):
«Թվում է, թե ընդհանուր գաղափարն այսպիսին է. «Ա՛յ, տե՛ս, քսան տարվա ընթացքում մենք շատ արյուն և գումար ենք ծախսել այնտեղ, մենք շատ բան ենք արել, բայց չափ ու սահման կա, թե որքան մեկ երկիրը պետք է անի մյուսի համար»,- ասում է սենատոր Ջոն Մաքքեյնի արտաքին քաղաքականության նախկին խորհրդական Ռիչարդ Ֆոնտեյնը, ով այժմ ղեկավարում է Center for a New American Security կազմակերպությունը: «Դա ողբերգական է, բայց դա մեր ողբերգությունը չի»:
Մենք հինգշաբթի զրուցում էինք, և մեր զրույցի ընթացքում հաղորդագրություն եկավ Associated Press-ից, որ Հերաթը՝ Աֆղանստանի երրորդ մեծ քաղաքը և երկրի արևմտյան դարպասը, ընկել է թալիբների ձեռքը: Մի քանի ժամ անց ընկավ նաև երկրի երկրորդ մեծ քաղաքը ՝ Կանդահարը, որտեղ էլ ծնվել է այդ շարժումը: Մայրաքաղաքը՝ Քաբուլը, շուտով նույնպես կշրջապատվի «Թալիբան»-ի կողմից, որն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերահսկողություն է հաստատել երկրի 34 նահանգային մայրաքաղաքներից 12 -ի վրա: Մինչև այս հոդվածը կարդալն այս թիվը կարող է աճել:
Հինգշաբթի կեսօրին Պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարեցին, որ ԱՄՆ բանակը շուրջ 3000 զինծառայող է ուղարկում, որպեսզի իրականացնի Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մեծ մասի տարհանումը: Այստեղ մի դառը հեգնանք կա. մոտավորապես նույն թվով ամերիկացի զինվորականներ կային Աֆղանստանում, երբ Բայդենը որոշեց դուրս բերել դրանք, և, հնարավոր է, դրանով էլ ապահովեց թալիբների կողմից իշխող կառավարության տապալումը:
Սրանցից ոչ մեկն անակնկալ չէր, բացառությամբ Բայդենի անցած շաբաթվա հայտարարության, որ «քիչ հավանական է», որ թալիբները կարճ ժամանակամիջոցում «արագորեն կտարածվեն և կգրավեն ամբողջ երկիրը»: ԱՄՆ-ի պետական պաշտոնյաները գիտեին, թե ինչ կլիներ, նույնիսկ լավագույն տարբերակի պարագայում կամ նույնիսկ թալիբների հարձակումից առաջ ավելի երկար ժամանակամիջոց ունենալու դեպքում: Սա նման է այն «արժանապատիվ ինտերվալին», որը փնտրում էր Ռիչարդ Նիքսոնը Վիետնամից ԱՄՆ -ի դուրս գալու և հարավի նկատմամբ հյուսիսի անխուսափելի հաղթանակի միջև: Նրանք «տգետ» կամ «խելագար» չեն, ինչպես վերջերս ինձ ասաց Աֆղանստանի մասին Բայդենի խորհրդականների հետ զրուցած մեկը: Նրանք, ովքեր ուշադիր հետևում էին այս շաբաթվա իրադարձություններին, ընդունեցին այն որպես մռայլ անխուսափելիություն: Պենտագոնը զգուշացրել է նախորդ չորս նախագահներից յուրաքանչյուրին, որ ամերիկյան զորքերի կտրուկ դուրսբերումը կհանգեցնի աֆղանական ռազմական ֆիասկոյի, որի ականատեսը եղանք այս շաբաթ:
Սակայն, Բայդենի որոշման հրապարակման պահից հետո՝ չորս ամիսների ընթացքում, ինձ զարմացրեց կոնկրետ վեճերի և քննարկումների բացակայությունը, թե ինչպիսին կլինեն դուրսբերման իրական հետևանքները: Ինչո՞ւ: Դժվար է միանշանակ ասել: Անկասկած, դրա մեջ ներառված են երկու կողմերի հաշվարկները, ինչպես նաև այն փաստը, որ այժմ շատ վատ բան է կատարվում. ամերիկյան ժողովրդավարության ճգնաժամը և կորոնավիրուսի բռնկմամբ սարսափելի ամառը: Այնուամենայնիվ, իրադարձությունները չեն սպասում Վաշինգտոնին, և այս շաբաթ հետևանքները սկսեցին դրսևորվել: Եվ այսպես, անհրաժեշտ է հարցնել (և այս հարցը արդեն սկսում է տրվել). հետագայում ի՞նչ կլինի այս աղետի հետ:
Շատ ավելի հեշտ է չբարձրաձայնել այն կամ չպատասխանել այս հարցին: Ավելի հեշտ է շարունակել վիճել, թե ով է մեղավոր 20-ամյա պատերազմի և 2 տրիլիոն դոլարի կորստի համար: Վերջին երկու տասնամյակների ընթացքում սա բազմիցս ասվել է. Ջորջ Բուշը ձախողվեց Աֆղանստանում, քանի որ որոշեց ներխուժել Իրաք: Բարաք Օբաման ձախողվեց Աֆղանստանում, քանի որ որոշեց զորքեր կուտակել, այնուհետև թալիբներին պատմեց, թե երբ է դրանք դուրս բերելու: Թրամփը շատ էր ցանկանում ավարտել այս պատերազմը, բայց անընդհատ սխալվում էր այն իրականացնելու հարցում: Մինչև 2020-ի փետրվարը նա բանակցեց Թալիբանի հետ շատերի կարծիքով սարսափելի գործարքի շուրջ, սակայն ԱՄՆ-ի բազմաթիվ ճգնաժամերն, ինչպիսին են՝ իմպիչմենտը, համաճարակը և այլն ստիպեցին տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող մայրաքաղաքում պակաս կարևորություն հատկացնել Աֆղանստանին:
Ինքը՝ Բայդենը, վաղուց թերահավատորեն էր վերաբերվում Աֆղանստանում հնարավոր հաջողություններին, և երբ Օբաման Աֆղանստանում ներկայության ընդլայնման հարցը քննարկեց 2009 թվականին, Բայդենը պարտվողների կողմնակիցն էր, ովքեր դեմ էին այդ առաջարկին: Այս անգամ նա իր թիմին հասկացրեց, որ չի խոնարհվի գեներալների առաջ: Նա նույնիսկ իր տեղում թողեց Զալմայ Խալիլզադեին՝ Աֆղանստանում ԱՄՆ նախկին դեսպանին, որը Թրամփի օրոք բանակցություններ էր վարել թալիբների հետ: Ապրիլին Պենտագոնի առաջարկությունները և նրա որոշ խորհրդականների վախերը մերժելուց հետո, Բայդենը քաղաքականապես շահեկան ուղեգիծ որդեգրեց՝ հայտարարելով, որ «Հավերժական պատերազմը» կավարտվի իր օրոք:
Զորքերի դուրսբերման կազմակերպման պատասխանատվությունը միանշանակ թե՛ Բայդենինն է, թե՛ Թրամփինը: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ԱՄՆ-ի համար աշխատող մոտ 20,000 աֆղան թարգմանիչների տարհանման ծրագիր չմշակվեց, չեն եղել հակաահաբեկչական առաքելություն իրականացնող տարածաշրջանային հենակետերի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ, առաքելություն, որն, ըստ ԱՄՆ-ի, կշարունակվի: Ամերիկյան ուժերն ավարտեցին զորքերի դուրսբերումն առանց նշանակալի միջադեպերի, բայց այժմ առաջանում է հրատապ չլուծված հարց. արդյո՞ք թալիբները Քաբուլը ուժով կվերցնեն: Արդյո՞ք նրանք կմտնեն քաղաք մինչև սեպտեմբերի 11-ի հարձակման քսանամյակը, որը Աֆղանստանում էր ծրագրվել «Ալ-Քաիդա»-ի կողմից և հանգեցրել էր տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածության: Արդյոք կա՞ իրական հնարավորություն Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև բանակցությունների միջոցով կանխելու նման արդյունքը:
Երբ ես հինգշաբթի երեկոյան խոսում էի Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա նշեց, որ Սպիտակ տունը կենտրոնացած է վերոնշյալ հարցերի վրա: Մի ամբողջ օրվա մռայլ լուրերի հոսքից պարզ էր, որ մնացել են միայն վատ արդյունքները: «Այստեղ բացարձակապես հավանական է, որ ինչ -որ գործարք կնքվի: Ես նաև հավատում եմ, որ բացարձակապես հավանական է, որ թալիբները՝ արբած ադրենալինով, իներցիայով և ցանկացած այլ բանով, ուժով կմտնեն քաղաք,- ասաց նա:- Այս երկու տարբերակներն էլ իրական են, մենք պետք է պատրաստ լինենք երկուսին էլ և արդյունավետ գործենք երկու ուղղություններով էլ: Սա այն է, ինչ մենք անում ենք մեր դիվանագիտության հետ»:
Երբ հինգշաբթի օրը ես քննարկեցի շաբաթվա իրադարձությունները Աֆղանստանում տասնամյակների փորձ ունեցող փորձագետների հետ, նրանք նշեցին ապագայի ավելի ապոկալիպտիկ սցենարներ: «Սա Բայդենի Ռուանդան կլինի՞», – հարցրեց իմ հին ծանոթը, որին ես հանդիպել էի 2002 թվականի գարնանը: Այն ժամանակ Թալիբանի ավերակների վրա և սեպտեմբերի 11-ից հետո նա վճռական էր կառուցելու ժամանակակից, կենսունակ պետություն: Կամ, գուցե, «Ալ -Քաիդա / ԴԱԻՇ տարբերակ 3.0»: Մարդու արյուն է սառչում. մարդու իրավունքների մասշտաբային ոտնահարումների հավանականությունից մինչև միջազգային ջիհադիստական ահաբեկչության նոր կենտրոնի ստեղծման հնարավորությունից:
Ես «Ալ-Քաիդա» / ԴԱԻՇ 3.0 տարբերակի նկատմամբ վախի մասին զրուցեցի լրագրող և հեղինակ Պիտեր Բերգենի հետ, ով վերջերս հրատարակել է «Ուսամա բեն Լադենի վերելքն ու անկումը» գիրքը: 90-ականներին նա հարցազրույց վերցրեց Աֆղանստանում գտնվող Բեն Լադենի հետ, և ես հանդիպեցի նրան այնտեղ, երբ The Washington Post-ն ինձ ուղարկեց պատերազմը լուսաբանելու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո: Բերգենն ինձ ասաց, որ Աֆղանստանում տեղի ունեցած աղետը շատ նման է ԴԱԻՇ-ի բլից-կրիգին, որը տեղի ունեցավ Իրաքից 2011 թվականին ԱՄՆ -ի դուրս գալուց հետո: «Սցենարը նույնն է,- ասաց նա:- Սա, ըստ էության, ԴԱԻՇ -ի ձեռնարկ է»: Երբ թալիբները մտնեն Քաբուլ, արդեն պարզ կդառնա, որ մենք գործ ունենք նորացված և դաժան քաղաքացիական պատերազմի հետ: Մի խոսքով, ավելացրեց նա, «դա սատանայական մղձավանջ է»: Ինչը, կարծում եմ, արժանի խորագիր է այս ամբողջ տխուր պատմության համար:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` The New Yorker