Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան
Օգոստոսի 2-ին սկսված 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը նիստից նիստ ցուցադրում է պատգամավորների համառ չկամությունը բառիս ուղիղ իմաստով աշխատելու։ Նիստերի առաջին երկու շաբաթներն անցել են գզվռտոցների, փոխադարձ մեղադրանքների, ընդդիմախոսների անցյալը պրպտելու և «հիմարը դու ես» սկզբունքով միմյանց անվանարկելու մթնոլորտում։ Անկասկած՝ «արտահերթ» խորհրդարանում նստում են և՛ բավականին պարկեշտ, և՛ միանգամայն անպարկեշտ, բայց «առանցք» ունեցող մարդիկ, որոնց կարելի է ու, թերևս, անհրաժեշտ է հարգել իրենց անցյալ և ներկայիս բովանդակության համար։ Այսպիսի պատգամավորներ կան բոլոր երեք խմբակցություններում, բայց՝ սոսկ բացառության կարգով։ Ընդհանուր առմամբ՝ նիստերի առաջին երկու շաբաթների հիման վրա իսկ, ի մեծ ցավ բոլորիս, կարելի է պնդել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովը ինտրիգանների, պոպուլիստների, բանտից խուսափած հանցագործների և տարբեր տարիքի տհասների տրտմեցուցիչ ամբոխ է։
Այսպիսին է հայկական խորհրդարանի ընդհանուր պատկերը։ Այդպիսին է հայ խորհրդարանականների որակը․ հայաստանյան հասարակության ընտրած պատգամավորների որակը։ Համապատասխանաբար՝ հենց այդպիսին է նաև հայ հասարակության որակը։ Ընտրարշավի առաջատարների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մրցապայքարի պայմաններում և դրա արդյունքում ձևավորված խորհրդարանը, հետևաբար՝ իշխանությունն ու ընդդիմությունն ապրիորի այլ որակ չէին կարող ունենալ։ Բոլոր երեք հաղթողների ընտրարշավի առանցքը փոխադարձ ատելությունն էր՝ «նախկինների» մեղադրանքները ներկաների հասցեին և ընդհակառակը, փոխադարձ սպառնալիքներ, ամեն հնարավոր զազրախոսություն, բայց՝ ոչ գաղափարախոսություն։ Եվ համապատասխանաբար՝ հայ ընտրողը, քվեատուփի մեջ ընտրաթերթիկ գցելով, նույնպես ղեկավարվում էր բոլոր վերոթվարկյալ գործոններով՝ ամեն ինչով, բայց՝ ոչ գաղափարախոսական պատկերացումներով։ Իրերի այս դրության պատճառը բավականին պարզ է․ Հայաստանում գաղափարախոսությունը պարզապես բացակայում է։ Գաղափարախոսություն չունեն ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ իշխանությունը, ո՛չ իսկ նույն ինքը՝ պետությունը։ Այն, մեծ հաշվով, չի եղել նախորդ բոլոր երեք տասնամյակների ընթացքում։
Համաշխարհային լուսավորության բնօրրան Եվրոպան սկսել է գիտակցել գաղափարախոսության մշակման անհրաժեշտությունը՝ որպես պետությունը և հասարակությունը կառավարելու հենարան, 18-րդ դարի վերջերից։ Հետագայում՝ 19-րդ դարում, ձևավորվել է սոցիալ-քաղաքական գաղափարախոսությունների չորս հիմնական տիպ՝ անարխիզմ, կոնսերվատիզմ, լիբերալիզմ և ֆաշիզմ։ Տնտեսական, ազգային-էթնիկական և այլ տեսակ գաղափարախոսություններն առանձին խոսակցության թեմա են։ Հայաստանում, ավելի ճիշտ՝ Հայկական ԽՍՀ-ում, սոցիալ-քաղաքական հարաբերություններ առաջին անգամ սկսել են կառուցել ԽՄԿԿ հորինած մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության շրջանակում։ Ընդհանուր առմամբ՝ այդ հարաբերությունները բարեհաջող հարատևում էին 70 տարիների ընթացքում՝ մինչև 1991 թ., երբ ԽՍՀՄ-ը և նրա կառուցած կարգերն իրենց վախճանը գտան Բելովեժյան պուրակում։ Առանձին հարկ է հիշատակել 1930-ական թվականներին Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի մշակած ցեղակրոնության ազգայնական գաղափարախոսության մասին։ Հասկանալի է, որ Հայաստանում՝ ԽՍՀՄ մաս կազմելու ժամանակ, տվյալ գաղափարախոսությունն՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով, սոսկ թղթի վրա ընդհատակյա գոյություն ուներ։ 1987 թ․, երբ Խորհրդային Միությունն իր վերջին օրերն էր ապրում, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր հայրերը ձևավորեցին «Միացման» գաղափարախոսությունը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Արցախը հանելու և Մայր Հայրենիքին միավորելու նպատակով։ «Միացումը» չափազանցություն կլինի գաղափարախոսություն կոչել, բայց հենց «Միացումից» և «Միացման» հիման վրա է սկսվել Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և անկախացման գործընթացը։
1990 թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած Անկախության Հռչակագիրը պաշտոնապես ազդարարել է հայոց պետականության կերտման գործընթացի սկիզբը։ Երրորդ Հանրապետության հիմքում դրվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգային իրավունքի ճանաչված նորմերը, ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ու Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի Միացման մասին համատեղ որոշումը։ Այսպիսով, որպես Երրորդ Հանրապետության գաղափարախոսություն է հռչակվել ընդհանուր ճանաչում գտած լիբերալիզմի գաղափարախոսության և հայկական «Միացման» գաղափարների յուրօրինակ փոխներձուլումը։ Ընդհանուր առմամբ, «լիբերալ միացումը» համեմատաբար հաջող էր առաջնորդում հայոց պետականակերտման ընթացքը մինչև 1994 թվականը․ թերևս՝ մինչև 1999 թ․։ Հենց Հայաստանի անկախացման և Արցախի «Միացման» գաղափարի շուրջ համախմբումը հայ ժողովրդին թույլ տվեց Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթանակ կրել։ Սակայն հայտնի աշխարհաքաղաքական հանգամանքների և առաջնահերթորեն Ռուսաստանի հատուկ շահերի բերմամբ «Միացումը» հետաձգվել է, որն էլ դարձել է Հայաստանի և Արցախի ղեկավարության առաջին խոշոր սխալը։ Հայության ազգային գաղափարը դրվել է այլ երկրի ազգային շահերի զոհասեղանին։
Երկրորդ խոշոր սխալը քաղաքական ուժերը ոչ թե աշխարհում ընդունված գաղափարախոսական հարաչափերով, այլ «մեկ մարդու կուսակցություն» սկզբունքով կառուցելն էր, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժն ասոցացվում էր անհատ մի անձի և ոչ թե հռչակագրվող անվանական գաղափարախոսության հետ։ Առաջին այդպիսի օրինակն էր «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այնուհետև հարթված ուղիով ընթացել են նույնաբովանդակ՝ տասնյակ ու հարյուրավոր նոր կուսակցություններ։ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին հայաստանյան խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը դարձել է կուսակցաշինական այդ գծի թերարժեքության վառ ապացույցը։ Կառավարող «Միասնություն» դաշինքի առաջնորդների՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի և ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանի ֆիզիկական ոչնչացումը հաշված ժամերի ընացքում երկրի իշխող ուժին խամաճիկային գոյացության է վերածել, իսկ խամաճիկային-տեխնիկական նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժտել է իրական իշխանությամբ։ Եթե «Միասնություն» դաշինքը չլիներ նրա առաջին երկու դեմքերի սեփականություն, այլ բաղկացած լիներ ընդհանուր գաղափարախոսությամբ ամրապես զոդված քաղաքական ուժերից, ապա զոհված վարչապետի և խոսնակի տեղն անմիջապես կզբաղեցնեին իրենց կուսակցական գործընկերները։ Իրական իշխանությունը կմնար «Միասնությանը» և «անգլիական թագուհու» ձեռքը չէր անցնի՝ Հայաստանի ինքնիշխանության համար բխող բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ․․․
Արդյունքում՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ը հայոց պետականության համար Ռուբիկոն է դարձել։ Կոմպլեմենտար քաղաքականության քողի ներքո Ռոբերտ Քոչարյանը 10 երկար տարիներ վաճառում էր արդյունաբերական ձեռնարկություններ, ռազմավարական օբյեկտներ, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխանությունը։ 2008 թ․ մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանին վաճառվել է համարյա այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել կամ կոնցեսիոն կառավարման հանձնել։ Միաժամանակ՝ Քոչարյանը դուրս է բերել Արցախի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացից՝ զրկելով արցախցիներին սեփական ճակատագիրը տնօրինելու գեթ տեսական հնարավորությունից։ Այսքանից հետո նրա ժառանգորդ Սերժ Սարգսյանին մնում էր սոսկ ձգձգել Հայաստանի անխուսափելի կապիտուլյացիան և Արցախի անկումը։ Նման պայմաններում «Միացման» որևիցե հեռանկարի մասին խոսելն ավելորդ էր։ Մինչդեռ հենց «Միացման» գաղափարն էր իր մեջ ներառում Հայաստանի Երրորդ Հանրապետության՝ որպես լիբերալ պետության կայացման անհրաժեշտ նախադրյալները։ 1994 թ․ Հայաստանի և Արցախի միավորումը՝ որպես հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան արված քայլ, ինքնաբերաբար կփակեր բազմաթիվ այն հարցերը, որոնց այժմ մենք պատասխան չունենք։ Հենց «Միացումը» կարող էր դառնալ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության «հողի վրա» մարմնացումը, որտեղ Արցախը կլիներ Հայաստանի Հանրապետության մաս։ Հենց «Միացման» հիման վրա և նրա շրջանակում Արցախ և Հայաստան պետք է հոսեին սփյուռքյան և, առհասարակ, արտասահմանյան ներդրումները, որոնք պետք է նպաստեին միացյալ Հայաստանի ժողովրդավարության և կայունության տնտեսապես ամրակուռ միջնաբերդ դառնալուն։ Միջնաբերդ, որը կառուցված կլիներ գաղափարախոսություն կոչվող հիմքի վրա․․․
Այսպիսով, այս բոլոր բաց թողնված և կորուսյալ հնարավորությունները մնացել են անցյալում՝ պատմության մեջ։ Եվ այսօր, երբ Հայաստանը հայտնվել է 1994 թ․ համեմատ շատ ավելի ծանր պայմաններում, ամեն ինչ անհրաժեշտ է կրկին զրոյից սկսել։ Եվ մեկնարկելով վերոնշյալ՝ մեր նորագույն պատմության մեջ առավելագույնս սեղմ անդրադարձից՝ ստիպված ենք արձանագրել ազգային գաղափարի, գաղափարախոսության՝ որպես հայոց պետության և պետականության կերտման հիմք լինելու անայլընտրանքությունը։ Անհրաժեշտ է ոչ թե ցավ արտահայտել թույլ տված սխալների կապակցությամբ, այլ հանգել պատշաճ եզրակացությունների՝ միևնույն սխալների կրկնությունը բացառելու համար։ Վերադառնալով ներկա խորհրդարանի բովանդակությանը, իսկ ավելի ճշգրիտ՝ հայ խորհրդարանականների, իշխանության և ընդդիմության գլուխներում բովանդակության իսպառ բացակայությանը՝ ստիպված ենք արձանագրել, որ ներկա իրավիճակը գաղափարախոսության բազմամյա բացակայության և գաղափարականության նկատմամբ տասնամյակներով տածած արհամարհանքի օրինաչափ վերջնարդյունք է։ Այդ մարդկանց մեծ մասը հոգու խորքում գաղափարախոսությունը արևմտյան անհեթեթություն են համարում, որից ոչ մի օգուտ չկա և լինել չի կարող, թեև դա բացահայտ խոստովանելու համարձակություն չունեն․․․
Իրավիճակը դեռ հնարավոր է շտկել․ հայոց պետությունն ու պետականությունը դեռ գոյություն ունեն և, անտարակույս, գոյություն կունենան գոնե այն պատճառով, որ, ինչպես և 100 տարի առաջ, նրանց գոյությունը բխում է զորեղ արտաքին ուժերի աշխարհաքաղաքական շահերից։ Ամբողջ հարցն այն է, թե որքան է այն բավարարում մեզ՝ Հայաստանի, Արցախի և համայն աշխարհի հայերիս։ Այս հարցի մյուս՝ երկրորդ ածանցյալը հետևյալն է․ արդյո՞ք մենք կամենում ենք կերտել սեփական, անկախ, ամուր և կայուն պետականություն՝ գերտերությունների ցանկություններից և շահերից ոչ առկախ։ Եթե այո, ապա ճանապարհի սկիզբը գաղափարախոսության ձևավորումն է։ Մնացածն ածանցյալ է և կառուցվելու է հենց այդ հիմքի վրա։ Արդյունավետ պետականություն կերտելու այլ ճանապարհ միջազգային պրակտիկայում 18-րդ դարից ի վեր պարզապես գոյություն չունի։