Freedom House-ն Ադրբեջանը ներառել է անազատ համացանցով երկրների ցանկում

 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2021» տարեկան հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունում Ադրբեջանը ներառված է անազատ համացանց ունեցող երկրների ցանկում։ Ադրբեջանի փորձագետների մի մասը դա համարում է «խորը փոսի մեջ հայտնվելու» հեռանկար հասարակության համար։

Իրավապաշտպանների հաշվետվությունում վերլուծվել է համացանցի ազատության հետ կապված իրավիճակը վեց աշխարհամասերի 70 երկրներում։ Freedom House-ն, ընդհանուր առմամբ, նշում է գլոբալ ազատության վատթարացում վերջին 11 տարիների ընթացքում։

Հավաքելով 35 պայմանական միավոր՝ Ադրբեջանը ներառվել է անազատ համացանց ունեցող երկրների ցանկում։ Նույն իրավիճակն է նաև Թուրքիայում (34), Ղազախստանում (33), Բելառուսում (31), Ռուսաստանում (31) և Իրանում (16)

Կովկասյան պետություններից Վրաստանն ունի 77 միավոր, Հայաստանը՝ 71։ Այդ երկրներում իրավիճակը գնահատվում է որպես ավելի լավ, քան Ադրբեջանում։

Հաշվետվությունում նշվում է, որ 2021 թ-ի հունվարին ոստիկանությունն Ադրբեջանում եկել է Սադարա Ասքերովա օգտատիրոջ տուն՝ ներկայանալով որպես զբաղվածության ծառայություն։ Այնուհետև օգտատերը ձերբակալվել է, ծեծվել և ստիպված եղել ներողություն խնդրել տեղական իշխանության քննադատություն պարունակող ֆեյսբուքյան գրառումների համար։

Պաշտոնական Բաքուն հերքում է համացանցի գրաքննության մեղադրանքները՝ հայտարարելով, որ համացանցն Ադրբեջանում ամբողջությամբ ազատ է։

Այնուամենայնիվ, ներկա պահին Ադրբեջանում տեղական դատարանների որոշմամբ արգելափակվել են մի քանի անկախ լրատվամիջոցների կայքեր։

Վերջերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունը գաղտնալսում է տասնյակ քաղաքական ակտիվիստների և լրագրողների՝ Pegasus լրտեսական ծրագրի միջոցով։

Մեկնաբանություն

«Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում համացանցի ազատությունն ու դրա արագությունը բարեկեցության կարևոր բաղկացուցիչ է։ Բոլորովին վերջերս ևս մի միջազգային հաշվետվություն ցույց է տվել, որ համացանցի արագությամբ նույնպես  Ադրբեջանը վերջին տեղերում է աշխարհի երկրների շրջանում։

Կառավարությունները, որոնք չեն կարողանում ապրել ազատության պայմաններում, ելքը տեսնում են քաղաքացիների ազատությունների սահմանափակման մեջ։ Իսկ անազատ հասարակության առաջընթացն ընդամենը պատրանք է։ Անազատ հասարակությունը չի զարգանում, այլ, ընդհակառակը, խորը փոս է փորում, որի մեջ է հայտնվելու ապագայում», — Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գեյուշովը՝ մեկնաբանելով Freedom House-ի հաշվետվությունը։

 

JAM news

Share

Comments are closed.