Կուղևորվի՞ Հայաստանի հավաքականը Քաթար, թե՞ ոչ


Մկրտիչ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-8-ը անցկացրեց աշխարհի առաջնության որակավորման փուլի 3 հանդիպում։ Մինչ այդ խաղերին անդրադառնալը, հարկ է հիշեցնել, որ Հայաստանի հետ միևնույն՝ J խմբում են ընգրկվել Գերմանիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսլանդիայի ու Լիխթենշթայնի հավաքականները, և գարնանն անցկացված 3 խաղերից հետո մեր հավաքականը 3 հաղթանակներով գլխավորում էր աղյուսակը։

Այս իմաստով աշնանային 3 խաղերն առանցքային դեր ունեին աղյուսակի հետագա ձևավորման վրա։ Առաջին խաղը մեր հավաքականն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ Սկոպիեում, ու այդ խաղում որակազրկումների պատճառով մեր հավաքականին չէին կարող օգնել կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, եզրային կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը. նրանց փոխարինել էին Տարոն Ոսկանյանը, Վահան Բիչախչյանն ու էրիկ Վարդանյանը։ Հավաքականի կազմ էր վերադարձել թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում գոլեր չգրանցվեցին, ու խաղի ընթացքից տպավորություն էր, որ խաղաղ ելքը երկու թիմերին էլ ձեռնտու է։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը հատուկենտ սուր գրոհներ անցկացրեց, առջևի գծում ագրեսիվ գործողություններ, առանձին դեպքեր չհաշված, չկային, իսկ խաղի վերջին 10 րոպեն մեր հավաքականը նախաձեռնությունն ամբողջությամբ զիջեց տանտերերին՝ անցնելով պաշտպանության։ Այնուհանդերձ, մակեդոնացիներից արտագնա խաղում 1 միավոր վաստակելը հնարավորություն տվեց Հայաստանի հավաքականին պահպանել առաջատարի դիրքը խմբում։

Երկու օր անց մեր թիմը Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա»-ում մրցեց խմբի ֆավորիտ համարվող գերմանացիների հետ։ Հանդիպման մեկնարկից սկսած բոլոր հույսերը՝ Գերմանիայից գոնե 1 միավոր «պոկելու» , փուչ և ուռճացված դուրս եկան. Հայաստանի հավաքականն արդեն 6-րդ րոպեին գնդակ բաց թողեց, իսկ առաջին խաղակեսն ավարտեց 4-0  հաշվով։ Գերմանացիները ևս 2  գոլ խփեցին երկրորդ կեսում։ Գերմանիայի հետ խաղում ակնհայտ էին որակական տարբերությունները, ու մեր հավաքականի գրեթե բոլոր դիրքերի ֆուտբոլիստներն իրենց որակներով զիջում էին համարժեք դիրքերի գերմանացի ֆուտբոլիստներին, մրցակցի եզրային կիսապաշտպանները հեշտորեն ճեղքում էին մեր թիմի պաշտպանությունն ու խուճապ ստեղծում տուգանային հրապարակում, կարողանում էին շատ արագ պրեսինգի միջոցով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին ստիպել կորցնել գնդակը։ Ըստ ՈՒԵՖԱ-ի վիճակագրության՝ ամբողջ խաղի ընթացքում Հայաստանը միայն մեկ հարված է կատարել դեպի Գերմանիայի դարպասը, իսկ անկյունայինի հնարավորություն առհասարակ մեր թիմի համար չի եղել։ Պարտությունից հետո Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց երկրորդ տեղ։

Գերմանիայից պարտությունը որոշ իմաստով սպասելի էր՝ հաշվի առնելով երկու թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերությունը։ Իհարկե, նման խոշոր հաշիվը հոգեբանական լրացուցիչ բեռ էր ստեղծել հավաքականի համար, և խմբի հետնապահ  Լիխթենշթայնի հետ խաղից առաջ թիմին նախևառաջ անհրաժեշտ էր հոգեբանորեն մոտիվացնել ու երկու ծանր խաղերից հետո նաև ֆիզիկապես պատրաստել թիմին երրորդին։ Լիխթենշթայնի դեմ նախկինում մեր թիմը 6 հանդիպումներ էր ունեցել տարբեր մրցաշարերում, ու 6  խաղից 3-ն ավարտվել էին ոչ-ոքի։ Լիխթենշթայնի ընտրանին պարբերաբար կարողացել էր Հայաստանի հավաքականից միավորներ պոկել։ Այս թիմին բնորոշ է խորը պաշտպանությունը գրեթե բոլոր խաղերում և խաղի ընթացքում  միայն մեկ «կիսահնարավորությունը» բավական է, որ լիխթենշթայնցիները գոլ խփեն։

Լեփ-լեցուն «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը խաղը սկսեց մի քանի սուր գրոհներով, որոնք գոլային եզրափակում այդպես էլ չունեցան, և միայն առաջին խաղակեսի վերջնամասում 11  մետրանոց հարվածով Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց Հայաստանի հավաքականին։ Թեև ունեցած առավելությանը՝ ակնհայտ էր, որ մեր ֆուտբոլիստների մոտ կար հոգնածություն, գրոհները ցածր տեմպով էին, շատ հաճախ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում վերջին փոխանցումը չէր ստացվում։ Ի տարբերություն նախորդ խաղերի, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը լիխթենշթայնցիների դեմ խաղում նախընտրել էր ասպարեզ դուրս բերել երկու մաքուր հարձակվողների՝ Ալեքսանդր Կարապետյանին ու Սարգիս Ադամյանին։ Եզրերից գործում էին Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Եզրերից փոխանցումները մեծամասամբ բարձրից էին, ու մրցակիցը ֆիզիկական տվյալների հաշվին հեշտությամբ կարողանում էր դրանք հեռացնել, բացի այդ, եզրայինները երբեմն ուշ էին արձագանքում փոխանցումներին, չէին գործում անհրաժեշտ սրությամբ ու ագրեսիվությամբ, և թերևս սրանով էր պայմանավորված առաջին խաղակեսից հետո Խորեն Բայրամյանին Ժիրայր Շաղոյանով փոխարինելու Կապարոսի որոշումը։ 

Երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած ակնհայտ էր, որ եզրերում ու հարձակման գծում անհրաժեշտ է նոր, թարմ ուժ։ Չնայած սրան՝ Խոակին Կապարոսն առջևի գծում առաջին փոփոխությունն իրականացրեց միայն 79-րդ րոպեին՝ խաղավարտից մոտ 10 րոպե առաջ դաշտ դուրս բերելով Էրիկ Վարդանյանին։ 80-րդ րոպեին մեր հավաքականի դարպասին Լիխթենշթայնի ձեռնարկած եզակի գրոհն արդյունք տվեց, ու  դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի սխալի հետևանքով գնդակը հայտնվեց Հայաստանի դարպասում։ Առանց այն էլ պաշտպանողական ֆուտբոլ խաղացող Լիխթենշթայնն ավելի սեղմվեց դարպասին, փորձեց մեր թիմին առավելագույնս զրկել ազատ տարածություններից ու 1 միավոր վաստակեց այդ խաղում։

Լիխթենշթայնի դեմ խաղում այդպես էլ դաշտ չմտան հարձակողական կիսապաշտպաններ Վահան Բիչախչյանն ու Էդուարդ Սպերցյանը, թեև վերջիններս ունակ էին արդյունավետ խաղ վարել հարձակման գծում ու փոխարինել ակնհայտորեն հոգնած Տիգրան Բարսեղյանին կամ Սարգիս Ադամյանին։ Միայն խաղավարտից  1 րոպե առաջ Կապարոսը կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրին փոխարինեց հարձակվող Իշխան Գելոյանով, բայց այս փոխարինումը որևէ էական բան դաշտում չփոխեց, խուլ պաշտպանության անցած Լիխթենշթայնը 13 րոպե ամեն գնով դիմադրեց ու Երևանից հեռացավ  1 միավորով։

Խմբի ակնհայտ հետնապահի դեմ խաղում սեփական հարկի տակ միավորների կորուստը վստահաբար դեռ իրեն զգացնել է տալու աղյուսակի դասավորվածության հարցում՝ նաև հաշվի առնելով, որ դեռ արտագնա խաղերում մեր մրցակիցներն են լինելու Իսլանդիան ու Ռումինիան։ Վերջինս կրնկակոխ հետևում է Հայաստանի հավաքականին մրցաշարային աղյուսակում ու Լիխթենշթայնի հետ խաղում միավորների կորստից հետո ռեալ շանս էր ստացել շրջանցելու մեր թիմին, սակայն կարևոր խաղում ռումինացիները Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի խաղացին՝ «թույլ տալով», որ Հայաստանը մնա երկրորդ տեղում։ Այժմ Հայաստանին Ռումինիայից բաժանում է ընդամենը 1 միավոր, մինչդեռ Լիխթենշթայնին հաղթելու դեպքում մենք ուղղակի «կպոկվեինք» Ռումինիայից։

Գարնանային հատվածում հավաքականի ունեցած հաջողությունները, ոգևորությունից բացի, որոշ իմաստով նաև կաշկանդող դեր են ունեցել թիմի համար, ինչը զգացվում էր գործողություններում անհարկի զգուշավորությամբ, իսկ Լիխթենշթայնի դեմ խաղում՝ նվազագույն հաշիվը պահելու ձգտմամբ։

3 խաղերի արդյունքներով Հայաստանի ընտրանին բաց է թողել 7, խփել 1 գոլ՝ այն էլ  11 մետրանոց հարվածից։ Թեև բաց թողնված գոլերի առյուծի բաժինը գերմանացիներից էր, այս փաստը պիտի հետևությունների տեղիք տա՝ դարպասապահի ու պաշտպանների գործողությունների հետ կապված։ 3 խաղերի արդյունքներով խաղադաշտում հաճելիորեն առանձնանում էր հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն՝ խաղը հանգստացնելու իր կարողությամբ ու խաղի կազմակերպմամբ։ Խփված գոլերի սակավությունն իր հերթին ցույց է տալիս հարձակման գծում առկա խնդիրները։ Մինչև հոկտեմբերյան հանդիպումները Կապարոսը ստիպված է լինելու այս դիրքերում առկա խնդիրները լուծել, իսկ մինչ այդ դրան գումարվել է պաշտպաններից Հովհաննես Համբարձումյանի վնասվածքը, որ նա ստացավ Գերմանիայի դեմ խաղում։ Համբարձումյանի ապաքինման ժամկետների մասին դեռ չի հաղորդվում։

Ըստ էության, հոկտեմբերի 8-ին Իսլանդիայի, իսկ 11-ին Ռումինիայի դեմ խաղերը կորոշեն մեր դիրքը խմբում ու  պարզ կդառնա՝ ուղևորվու՞մ է Հայաստանի հավաքականը Քաթար, թե՞ ոչ։

Share

Comments are closed.