Սյուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Երևան
Սփյուռքյան ինքնության ձևավորման համար անհրաժեշտ է երեք կարևոր փոխհարաբերությունների առկայություն՝ կապ սփյուռքի և հայրենիքի, սփյուռքի և ընդունող երկրի, սփյուռքի տարբեր հատվածների միջև[1]: Հայրենիքի, սփյուռքի և ընդունող հասարակության միջև փոխհարաբերութունները «համալիր եռակողմ հարաբերություններ» են[2]: Մի կողմից, համարվում է, որ ընդունող երկիրը սփյուռքյան ինքնության կառուցակցման հիմնական դերակատարն է, մյուս կողմից շեշտադրվում է սփյուռքի անդրազգային բնույթը. «եթե սփռված հանրույթը չի պահպանում կապերն իր անդամների միջև, դժվար է այն համարել իրական գործող սփյուռք»[3]: Սակայն հայրենիքը կազմում է սփյուռքյան կոլեկտիվ ինքնության հիմքը, և տարածքի հետ կապն ու դրան վերագրվող նշանակությունը կարևորագույն դեր է խաղում: Սփյուռքի համար հայրենիքը դիտարկվում է որպես տուն, վայր, որտեղ ցանկալի է կամ պետք է ի վերջո վերադառնալ[4]: Ինքնության պահպանման և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համար կարևոր է վերադարձի գաղափարը (չնայած սփյուռքի քիչ անդամներ են վերադառնում հայրենիք)[5]: Հայրենիքին վերագրվող նշանակությունը և հայրենիքի հետ կապը, հայրենիքի առկայությունը և/կամ դրա ընկալումը կարևորագույն դեր են խաղում սփյուռքյան ինքնության ձևավորման գործում[6]: Ընդ որում, կապը կարող է լինել իրական հայրենիքի, երևակայական հայրենիքի, պատմական կորուսյալ հայրենիքի կամ ազգային պետության հետ, իսկ հայրենիքի ընտրությունը կարող է լինել ռացիոնալ, պատմականորեն տրված, դրսից հրամցված, քաղաքական և այլն:
Վերոնշյալ կապերի համատեքստում սփյուռքյան ինքնության ձևավորման երեք անհրաժեշտ փոխհարաբերություններից հայկական սփյուռքի պարագայում նույնպես առանձնահատուկ նշանակություն է ստանում հայրենիքի հետ կապը: Չնայած հայրենիքի մասին պատկերացումները տարբեր են բազմաշերտ ու բազմազան հայկական սփյուռքում (սփյուռքահայերը կարող են «հայրենիք» համարել իրենց կամ ծնողների/նախնիների ծննդավայրը, ծագման երկիրը, ընդունող երկիրը, պատմական հայրենիքը (Արևմտյան Հայաստանը, Արևելյան Հայաստանը), Հայաստանի Հանրապետությունը և այլն), սակայն, ունենալով ազգային պետություն, նրանց մոտ ձևավորվում է «իրական հայրենիքի» գաղափարը, որտեղ ձևավորվել և շարունակում է ապրել էթնոսի պատմամշակութային կերպարը: Սփյուռքը գիտակցում է Հայաստանի հետ կապի՝ որպես իր գոյության և ազգային ինքնության պահպանման առանցքային գործոնի կարևորությունը: Պատմության ընթացքում տեղի ունեցող միգրացիաները, սփյուռքի համալրումը, էթնիկ ինքնության փոխակերպումները և քաղաքական իրադրության փոփոխություններն աստիճանաբար դժվարացնում են «պատմական հայրենիքի» սահմանումը, իսկ ազգային պետության գոյությունը, որպես քաղաքական միավոր, ուժեղացնում է հայրենիքի և այդ պետության նույնացումը:
Հայրենիք-սփյուռք կապի առանձնահատկությունները լավագույնս արտացոլվում են էթնիկ մեդիայում[7]: Վերջինիս սպառումը սփյուռքին հնարավորություն է տալիս ապատարածականացնել հայրենիքը[8]: Մեդիայի միջոցով աշխարհագրորեն հեռու հայրենիքը կարող է ձևավորել և պահպանել սփյուռքյան ինքնությունը: Մեդիան առանցքային դեր է խաղում՝ ամրապնդելով սփյուռքի անդամների կապը տարածքի՝ հայրենիքի հետ, կապելով մշակույթն աշխարհագրական տեղին: Այն վերարտադրում է հայրենիքի տարածքը և էթնոմշակութային պրակտիկան, որը նոր միգրանտները և ավանդական սփյուռքի անդամները կիրառում են թե՛ անձնական, թե՛ հանրային կյանքում: Ասօրվա Հայաստանի սոցիալ-մշակութային միջավայրը (առավել հաճախ՝ հայերեն լեզվով) մեդիայի միջոցով փոխանցվում է սփյուռքին: Նրանց կյանքը սփյուռքի տարբեր համայնքներում զուգահեռվում է Հայաստանի հետ: Մեդիայի միջոցով հայրենիքի և սփյուռքի այդ կտրված սահմանը կարծես վերանում է: Այն մեծ դերակատարում ունի նաև սփյուռքյան հիբրիդային ինքնության ձևավորման գործում. էթնիկ մեդիայի սպառումը ամրացնում է էթնիկ ինքնությունը, և, հակառակը, հիմնական մեդիա սպառումը բացասաբար է անդրադառնում էթնիկ ինքնության պահպանման վրա[9]:
Մեր կողմից իրականացված հետազոտության տվյալները ցույց են տալիս սփյուռքահայերի կյանքի ամենօրյա առնչությունը Հայաստանի հետ: Նրանք չեն կարող վերադառնալ անցյալ և ոչ էլ լիովին մտնել ընդունող երկրի քաղաքական ու սոցիալ-մշակութային կյանքի մեջ: Էթնիկ մեդիայի սպառումը նրանց մշտապես ցույց է տալիս «այստեղ» (բնակության երկիր) և «այնտեղ» (հայրենիք) սահմանագիծը: Էթնիկ մամուլը ստանձնում է որոշիչ դեր նրանց սփյուռքյան ինքնության կառուցակցման գործում:
Հայկական մամուլում տեղ գտած հայրենիքի և սփյուռքի մասին տեղեկատվական նյութերի համադրական վերլուծությունը բացահայտում է հայրենիքի կերպարի ներկայացման և սփյուռքի կողմից դրա ընկալման առանձնահատկությունները: Հայաստանի մասին տեղեկատվության սպառումը կապում է էթնիկ խմբին հայրենիքի հետ, օգնում է պահպանել մշակույթը և լեզուն: Հայրենիքի մասին տեղեկատվության սպառումը հայկական սփյուռքին օգնում է սփյուռքյան փոփոխվող ինքնությունը դարձնել առավել կայուն: Հայրենիքը դառնում է հայկական տեղեկատվական դաշտի այն առանցքը, որի շուրջ համընդհանուր գաղափարներն ու էթնոմշակութային արժեքները վերարտադրվում ու տարածվում են սփյուռքի համայնքերում՝ անկախ նրանց տարբերություններից: Չնայած Հայաստանի մասին թեմաների գերակշռության հարցում թերթերի նմանությանը, նրանց տարբերություններն արտահայտվում են Հայաստանի մասին տեղեկատվության բովանդակությամբ: Տարբեր թեմաների համատեքստում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության բովանդակությունը ձևավորում է հայրենիքի նկատմամբ որոշակի դիրքորոշումներ, կարծրատիպեր, ստեղծում է հայրենիքի ընդհանուր կերպարի ուրվագիծը: Սակայն համայնքների ձևավորման պատմության, ընդունող միջավայրի, ինքնակազմակերպման աստիճանի և այլ տարբերությունները տարբերակում են մամուլում հայրենիքի մասին տարածվող պատմույթները:
Սփյուռքի մամուլը, փոխանցելով տեղեկատվություն մշակույթի, պատմության, ազգային հարցերի ու հայրենիքի մասին, սփյուռքահայերին մասնակից դարձնելով հայրենիքում ընթացող ամենօրյա գործընթացներին՝ ստեղծում է մշակութային ու էթնիկ միասնությանը նպաստող տեղեկատվական տարածություն: Այսպիսով, էթնիկ մամուլը, ներկայացնելով Հայաստանը, ոչ միայն ուղղորդում է հայրենիքի ընկալումը, այլև նպաստում է ինքնության պահպանմանը, էթնոմշակութային արժեքների վերարտադրմանն ու տարածմանը, ամրապնդում է էթնիկ խմբին պատկանելության զգացումը:
Չնայած յուրաքանչյուր համայնք յուրովի է կառուցում իր հարաբերությունները հայրենիքի հետ, ինչպես ցույց է տալիս հայրենիք-սփյուռք առնչությունների բնույթը, Հայաստանը, որպես հայրենիք, բոլոր համայնքների ուշադրության կենտրոնում է, լրատվական հոսքի առաջատարը: Այսպիսով, Հայաստանը և նրան առնչվող իրադարձությունները հայկական տեղեկատվական դաշտի կենտրոնում են, որի շուրջը ձևավորվում է համայնքային և համահայկական թեմաների շերտ: Փաստորեն, հայրենիքը սփյուռքի կենտրոնն է, ազգային համախմբման, ինքնության պահպանման, համընդհանուր հայկական տարածքի ձևավորման կարևորագույն գործոնը:
Սփյուռքի մամուլը հայկական բազմազան համայնքներում հայրենիքի տարբեր պատկերացումների մեջ փորձում է ստեղծել միասնական հայրենիքի գաղափարը՝ ընկալումները փոխակերպելով, ուղղորդելով դեպի Հայաստան՝ ազգային պետություն:
________
[1] A. W. Francois, Genocide, Diasporic Identity and Activism: The Narratives, Identity and Activism of Armenian-Australians and Turkish-Australians regarding the Recognition of the Deaths of Armenians during the First World War as Genocide, PhD thesis, The University of Western Australia, School of Social Sciences 2013, p. 25-28.
[2] G. Sheffer, Diaspora Politics: At Home Abroad, Cambridge University Press, Cambridge, 2003, 277 p.
[3] K. Butler, Defining Diaspora, Refining a Discourse, Diaspora, 2001, Vol. 10 (2), p. 189-219.
[4] R. Brubaker, The “Diaspora” Diaspora, Ethnic and Racial Studies, 2005, Vol. 28, Iss. 1, p. 1-19.
[5] M. Rios, N. Adiv, Geographies of Diaspora: A Review, UC Davis Center for Regional Change, Davis, CA, 2010.
[6] K. Butler, Defining Diaspora, Refining a Discourse, Diasporas, 2001, Vol.10, Iss. 2, p. 201.
[7] էթնիկ մեդիան լրատվամիջոց է, որն արտադրվում է տարբեր երկրներում բնակվող ներգաղթյալների, ռասայական, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների, ինչպես նաև տեղաբնիկների համար և նրանց կողմից: Տես՝ M. D. Matsaganis, V. S. Katz, S. J. Ball-Rokeach, Understanding Ethnic Media: Producers, Consumers, and Societies, SAGE Publications, Inc., Los Angeles; London; New Delhi, 2011, p. 10.
[8] T. Kang, Homeland Re-territorialized: Revisiting the Role of Geographical Places in the Formation of Diasporic Identity in the Digital Age, Information, Communication & Society, 2009, Vol. 12, Iss. 3, pp. 326-343.
[9] L.W. Jeffres, Ethnicity and Ethnic Media Use: A Panel Study, Communication Research, 2000, Vol. 27 (496), pp. 496-535.