Ռուսաստանի հետ ինտեգրումը Բելառուսը չի վերածի ռուսական նահանգի

Բայց կթաղի նրա տնտեսական մոդելը

© РИА Новости, Сергей Гунеев | Перейти в фотобанк

Ռուս-բելառուսական ինտեգրման գործընթացի վերջին փոփոխությունները Լուկաշենկոյի քաղաքական գոյատևման գինն է, ինչպես նաև այլ հանգամանքների արդյունք, որոնք վաղուց ցնցել են հին բելառուսական մոդելը: Բայց դա կօգնի՞ Լուկաշենկոյին դուրս գալ փակուղուց: Հեղինակը քննարկում է Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջին միտումները:

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայիս քաղաքականությունը հաստատում է, թե ինչպես քաղաքական միջավայրը և քաղաքական գոյատևման համար պայքարը կարող են փոքրացնել մանևրելու տարածքը և սպառնալ նույնիսկ նրա կառավարման նախկին հաջողություններին: Ի դեպ, ես անցյալ տարի հոդվածների մի ամբողջ շարքում արդեն գրել էի, որ Լուկաշենկոյի նախագահական գործունեությունը չի կարող ընկալվել միայն սև-սպիտակի մեջ, և այս հոդվածը շարունակում է նախորդների փաստարկները: Անցավ մեկ տարի, և Լուկաշենկոն մնում է թամբի  վրա, բայց նրա կախվածությունը Ռուսաստանից աճում է, իսկ նրա քաղաքական դիրքն աննախանձելի է: Միևնույն ժամանակ, նրա դիրքերն ավելի ու ավելի են թուլանում՝  հարմարվելով հասարակության կարիքներին: Եթե ​​մինչև 2020 թվականը Լուկաշենկոն վարում էր արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև ազդեցության հավասարակշռության և մանևրման վրա հիմնված քաղաքականություն, ապա 2021 թվականին դա այլևս այդպես չէ: Լուկաշենկոյի արտաքին քաղաքականության այս ամբողջ հայեցակարգը փլուզվեց:

Ներքաղաքական պատճառներով (բելառուսական ժողովրդավարության և ընտրությունների որակի հարցը) Լուկաշենկոն հակամարտության մեջ մտավ Արևմուտքի հետ, որին նա  մեղադրում է ընդդիմությանը սատարելու և Բելառուսում քաղաքական փոփոխություններ կատարելու փորձեր մեջ: Այս փաստը, առաջին հերթին, սպառնում է Լուկաշենկոյին, և երկրորդ ՝ դա վտանգ է ներկայացնում ժամանակակից Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ Արևելյան Եվրոպայում կառավարությունների արևմտամետ կողմնորոշումը, որպես կանոն, բացում է ՆԱՏՕ-ի ընդլայնման և ԱՄՆ ազդեցության տարածման հեռանկարը:  Վառ օրինակ է Ուկրաինան, որն այսօր դարձել է Սև ծովում և դրանից դուրս ՆԱՏՕ-ի գործողությունների թատերաբեմ: Ռուսաստանի համար միամտություն կլիներ հավատալ, որ Բելառուսում ամեն ինչ այլ կերպ կընթանար: Միջազգային քաղաքականության նկատմամբ վստահությունն այսօր շատ հազվագյուտ երևույթ է:

Վերջին ամիսներին Արևմուտքի հետ վեճերն էլ ավելի սրվեցին՝ առաջինը Բելառուսի օդային տարածքում ինքնաթիռի «առևանգման» պատճառով, երբ ընդդիմադիր լրագրողը արձակուրդից տուն էր վերադառնում: Անհատների և տնտեսության որոշ ոլորտների նկատմամբ կիրառվեցին նոր պատժամիջոցներ, որոնց Լուկաշենկոն արձագանքեց ոչ միայն դադարեցնելով իր անդամակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերությանը (նախկինում նրա մանևրելու օրինակներից մեկը), այլև դադարեցրեց  միգրացիայի վերահսկողության շուրջ ԵՄ-ի հետ համագործակցությունը: Հետևաբար, միգրանտները հեղեղեցին Լեհաստանի և Լիտվայի սահմանը, և այժմ նրանք չեն կարող հաղթահարել իրավիճակը: Սեպտեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը հաստատեց, որ աշխատում է Բելառուսի դեմ պատժամիջոցների մեկ այլ փաթեթի վրա:

ԵՄ-ում և ԱՄՆ-ում Լուկաշենկոն չի համարվում երկրի օրինական նախագահ, իսկ ԶԼՄ-ները սովորաբար նրան բնութագրում են որպես բռնապետ, և դա ենթադրում է, որ մոտ ապագայում դժվար թե սպասվեն փոխզիջումային լուծումներ Եվրամիության և Բելառուսի միջև հարաբերություններում:

Դատելով Լուկաշենկոյի վերջին ժամանակների պահվածքից՝ լիովին պարզ չէ, թե արդյո՞ք նա գիտակցում է այն փաստը, որ չի կարող ամբողջ կյանքում մնալ իշխանության ղեկին: Նախ, քանի որ բելառուսական հասարակության մեջ ակնհայտորեն փոփոխությունների պահանջ կա, և հետո էլ՝ քանի որ իշխանության երկարաձգումը ներկայիս միջոցներով վտանգում է երկրի քաղաքական ժառանգությունն ու ապագան: Լուկաշենկոն արդեն համաձայնել է սահմանադրության փոփոխություններին, որոնք ճանապարհ կբացեն իշխանության վերահսկելի փոխանցման համար, ինչն էլ հաշվի կառնի և կերաշխավորի Բելառուսում իր կառուցած համակարգի բոլոր «բաժնետերերի» շահերը: Այնուամենայնիվ, բարձր պաշտոնը թողնելու նրա դժկամությունն ակնհայտ է, և խաղը երկարաձգելու ցանկությունը (իրականում ՝ քաղաքական փակուղի) կարող է հանգեցնել նրան, որ իշխանության անցումը տեղի կունենա անվերահսկելիորեն: Ընդհանրապես, առկա են մեկ անձի շուրջ կառուցված ռեժիմի ակնհայտ թերությունները: Նման համակարգը գործել է դաժան 90-ականներին, բայց 2021 թվականին այն հնացել է:

Ռուսաստանը շատ հստակ դիրքորոշում է որդեգրել. նա ցանկանում է Բելառուսին պահել իր ուղեծրում` հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության համար Բելառուսի ռազմավարական նշանակությունը և Արևմուտքից Բելառուս ժողովրդավարության ներմուծման հնարավոր հետևանքները Ռուսաստանի համար: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը Բելառուսի ներքաղաքական իրադարձությունների վրա այնքան մեծ չէ, որքան ընդունված էր կարծել: Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ամեն  գնով  փորձում է  վերացնել իր փոխարեն ցանկացած այլընտրանք, ունի որոշակի առավելություններ Ռուսաստանի հետ բանակցություններում, չնայած նրա մանևրելու հնարավորությունն աստիճանաբար փոքրանում  է:

Ոչ վաղ անցյալում շրջանառվում էին ենթադրություններ, որ Կրեմլի նպատակը Բելառուսը կուլ տալն է Միասնական պետության քողի տակ: Այս հայեցակարգը ծագեց 90-ականների վերջին՝ այն ժամանակ, երբ Լուկաշենկոն կարծում էր, որ ինքը կդառնա նման ասոցիացիայի ղեկավարը: Բայց հիվանդ Ելցինին փոխարինեց Պուտինը, և այն միտքը, որ Լուկաշենկոն կգերիշխի Պուտինի վրա, ինչպես նաև Միության պետության իրական բովանդակությունը շուտով փոխվեց: Ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը չի կարող իր վրա վերցնել այլ երկրի ծանր տնտեսական բեռը, այլև այն պատճառով, որ Ռուսաստանն ու Բելառուսը պարզապես տարբեր են: Լուկաշենկոն ռեժիմը կառուցել է իր շուրջը, բայց նաև հոգ է տարել, որ երկիրը ձեռք բերի հետխորհրդային (թեև ոչ բացահայտ էթնիկ բելառուսական) ազգային ինքնություն, ինչը բելառուսները համարում են բնական: Մոսկվան նաև հասկանում է (զուգահեռն  ինքնին հուշում է), որ Իռլանդիան Հյուսիսային Իռլանդիայի հանգույն նահանգ դարձնելու փորձը ոչ մի տեղ չի տանի (Բելառուսը հաճախ համեմատվում է Իռլանդիայի հետ, որտեղ անգլերենը նույնպես գերակշռում է, բայց որն ունի իր ազգային ինքնությունն ու պետությունը):

Չնայած այս ամենին, Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումը դեռևս նրանց հարաբերությունների օրակարգում է: Նրանք մի քանի տարի բանակցում էին այսպես կոչված «ճանապարհային քարտեզների» (այլ կերպ՝ «ինտեգրացիոն քարտեզների») շուրջ, բայց աստիճանաբար բանակցություններն ավելի շատ հանգեցրին նրան, որ ինտեգրման բովանդակությունը (մի կողմից չցանկանալու կամ հետաքրքրության բացակայության կամ մեկ այլ պատճառով) աստիճանաբար ջրվեց: Այսպիսով, առանցքային քաղաքական թեման՝ համատեղ քաղաքական ինստիտուտների և ընդհանուր արժույթի ի հայտ գալը, դուրս է եկել ինտեգրման օրակարգից, և այն, ինչ մնում է, հիմնականում որոշ ընդհանուր շահերի սերտաճումն ու համակարգումն է, առաջին հերթին ՝ տնտեսության մեջ, այսինքն ՝ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծում:

Ռուսաստանի հետ ինտեգրման հարցում բեկում էր սպասվում Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 9-ին Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ: Բայց հանդիպման բովանդակությունը ցույց տվեց, որ խոսքը գնում էր այն քայլերի մասին, որոնք, ծրագրերի իրագործման դեպքում, կարող են դառնալ հետագա բանակցությունների առարկա: Այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում Լուկաշենկոյի քաղաքականության հիմնական ռազմավարական կետը ռուսական փողերի կարիքն է, այսինքն` ցանկությունը, որ Մոսկվան շարունակի վերաֆինանսավորել բելառուսական (ռուսական) պարտքերը: Հասկանալի է, որ Լուկաշենկոն նույնպես քաջատեղյակ է, որ կա Ռուսաստանից նրա կախվածության երկրորդ կողմը: Լուկաշենկոն Ռուսաստանին պետք է, որպեսզի իր համար ձեռնտու քաղաքական փոփոխություններ չկատարվեն Բելառուսում:

Բելառուսի և Ռուսաստանի 28 ինտեգրացիոն ծրագրերի շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասին հայտարարությունը ձեռնտու էր երկու կողմերին էլ՝ տարբեր պատճառներով: Բայց բոլորովին զարմանալի չէ, որ ծրագրերը զուրկ են քաղաքական հայեցակետից և հիմնականում ուղղված են «տնտեսական մերձեցմանը» և «ներդաշնակեցմանը» (մակրոտնտեսական քաղաքականություն, գյուղատնտեսական, արդյունաբերական և արժութային քաղաքականություն, հարկային և մաքսային կանոնակարգերի ներդաշնակեցում, տեղեկատվության ինտեգրում):

Բացի այդ, դատելով հռետորաբանությունից՝ ռուս-բելառուսական ինտեգրումը դիտվում է որպես եվրասիական ինտեգրացիայի մաս, որը ենթադրում է տարբեր, փոխադարձ դինամիկա ունեցող սուբյեկտներ (Եվրասիական տնտեսական միությունը չունի միասնական քաղաքական մարմիններ, և այն ներառում է այլ երկրներ): Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի է ունենում ժամանակակից աշխարհում, հաստատում է, որ տնտեսական շահերի մերձեցումը միշտ չէ, որ երաշխավորում է քաղաքական մերձեցում և հավատարմություն:

Չի թվում նաև, որ Լուկաշենկոն պատրաստ է զիջել, օրինակ, Բելառուսում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման հարցում (դա ուղղակի կապ չունի «Արևմուտք-2021» համատեղ զորավարժությունների հետ): Այսպիսով, արդյունքը ոչ այլ ինչ է, քան երկու պետությունների և մեկ շուկայի մոդել՝ առանց միասնական արժույթի և առանց ընդհանուր քաղաքական ինստիտուտների: Բացի այդ, այս մոդելի քննարկումը կշարունակվի:

Չնայած Լուկաշենկոյին ստիպեցին գնալ որոշակի զիջումների, սակայն դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Բելառուսը կդառնա ռուսական նահանգ: Վերջերս համաձայնեցված ինտեգրացիոն ծրագրի բովանդակությունն ու հայեցակարգը կհանգեցնեն (իրականություն դառնալու դեպքում) Բելառուսի տնտեսության հետագա ազատականացմանը և երկրի տնտեսական մոդելի փոփոխությանը, որը երկար ժամանակ փորձում էր իրականացնել (տարբեր աստիճանի հաջողություններով և վերջին տարիներին, անկասկած, ավելի ու ավելի դժվար) «երրորդ ուղիներ»: Բելառուսական համակարգը հիմնված է պետության սոցիալական դերի, տնտեսության որոշ ոլորտներում նշանակալի պետական ​​վերահսկողության, օլիգարխիկ կառույցների առաջացման կանխման վրա, բայց, ցավոք, ռենտայի վրա (ռուսական էներգիայի աղբյուրներից առանձնահատուկ կախվածության վրա):  Բացի այդ, այս համակարգը թույլ տվեց Լուկաշենկոյին վերահսկել տնտեսությունը, հետևաբար՝ նաև քաղաքականությունը: Ռուս-բելառուսական ինտեգրման գործընթացի վերջին փոփոխությունները, հետևաբար, Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական գոյատևման գինն են, ինչպես նաև այլ հանգամանքների միախառնման արդյունք, որոնք վաղուց ցնցել են հին բելառուսական մոդելը: Արդյո՞ք դա կօգնի Լուկաշենկոյին բառացիորեն դուրս գալ փակուղուց՝ պարզ կդառնա ապագայում:

Հատուկ Անալիտիկոնի համար ռուսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը՝ Časopis argument

Share

Comments are closed.