Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ամերիկյան ձախողման տարի

 

© РИА Новости, Максим Блинов | Перейти в фотобанк

Մեկ տարի առաջ ադրբեջանական բանակը, որին աջակցում էին թուրքական հատուկ ջոկատները և Անկարայի վարձած սիրիացի ջիհադիստները, հանկարծակի հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, վիճելի տարածք, որը Հայաստանը վերահսկում էր 1988-94 թվականների ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր: Ադրբեջանն իր գործողությունները հիմնավորեց նրանով, որ միջազգային հանրությունը ճանաչում է այս տարածքը որպես ադրբեջանական, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է:

Իրավական առումով`   առնվազն Վաշինգտոնի տեսանկյունից, Ադրբեջանի դիրքորոշումը հեռու է այնքան միանշանակ լինելուց, որքան պնդում են նրա կողմնակիցները: Նախ, Միացյալ Նահանգները ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը որպես օկուպացված երկիր այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինը խախտեց նրա սահմանները և այն ներառեց Խորհրդային Միության կազմում: Ավելին, երբ 1991-ին Ադրբեջանը վերականգնեց անկախությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, նրա խորհրդարանը դա արեց Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմաններում, այլ ոչ թե խորհրդային ուժերի կողմից ստեղծված Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմաններում: Երրորդ, ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու օգտին, և դա սահմանադրորեն օրինական էր:

Պակաս կարևոր չէ հարցի դիվանագիտական ​​կողմը: Չնայած Ադրբեջանի իշխանությունները երբեք չճանաչեցին հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա տարածքը Հայաստանից բաժանող մի քանի ադրբեջանական շրջանների նկատմամբ, Բաքուն, Մինսկի խմբի շրջանակներում, պարտավորվեց տարածքային վեճը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով: Ադրբեջանցի դիվանագետները կարող են դժգոհել առաջընթացի բացակայությունից, բայց սա սուտ է. Մինսկի խումբը հասավ լայն կոնսենսուսի խաղաղապահների (հավանաբար, անաչառ սկանդինավյան երկրներից) ուղարկելու, ինչպես նաև Հայաստանի կողմից գրավյալ ադրբեջանական շրջանների հնարավոր վերադարձի վերաբերյալ վստահության ամրապնդման համար: Ինչ էլ որ լիներ, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հարձակման հրահանգից վեց ամիս առաջ, Պետդեպարտամենտը չեղյալ հայտարարեց Ազատության աջակցության ակտի 907 -րդ հոդվածի որոշ դրույթներ, և ամերիկյան օգնությունը լցվեց Ադրբեջան: Այս որոշման համար հիմք է հանդիսացել դիվանագիտական ​​գործընթացին Ադրբեջանի նվիրվածությունը:

Այն, որ Ադրբեջանն անակնկալի բերեց ոչ միայն հայերին, այլև ամերիկացիներին, հետախուզական ձախողում է, որը ո՛չ Կոնգրեսին, ո՛չ էլ ամերիկյան հատուկ ծառայություններին մինչ այժմ չէր հաջողվել հետաքննել: Ոչ մի անաչառ վերլուծաբան չի կարող աչք փակել այն փաստի վրա, որ հարձակումը համընկել է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ: Սա պատահականություն չէ, այլ մանրակրկիտ ծրագրված գործողություն: Կարճ ասած, Ադրբեջանի և Թուրքիայի այս քայլը ապագայի առաջին համազարկն էր, ինչպես հույս ունեին երկու երկրների ղեկավարները ՝ Հայոց ցեղասպանություն-2.0:

Ներխուժումից հետո պետքարտուղարությունը՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի (իսկ հետո՝ Էնթոնի Բլինքենի) գլխավորությամբ, Միացյալ Նահանգները վերադարձրեց դիվանագիտությանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը վերադարձել է տարածաշրջան՝ բանակցությունները վերսկսելու համար:

Ավաղ, Շոֆերի մեղքով, Բլինքենը և նախագահ Բայդենը ամեն ինչ տապալեցին: Բայդենը ճիշտ վարվեց ՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Բայց հաջորդ օրը Բլինքենը կրկին լուռ չեղյալ հայտարարեց 907-րդ հոդվածը ՝ ըստ էության պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ազատության աջակցության ակտի և՛ տառով, և՛ ոգով Բլինքենը խախտեց ամերիկյան օրենքը, չնայած Կոնգրեսը չափազանց զբաղված էր, որպեսզի նրան հետապնդեր և ստիպեր կանգ առնել: Հավանաբար, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Բլինքենը կարծում էին, որ ձիթապտղի այս ճյուղը Ադրբեջանին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջնականապես զրկելով Ամերիկային լծակներից և ըստ էության հեռագրելով Ալիևին Վաշինգտոնի թուլության մասին:

Անցած վեց ամիսների համառոտ ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկյան պասիվությունը ոչ միայն կողմերին չի վերադարձնում դիվանագիտության, այլ նաև նպաստում է Բաքվի ագրեսիայի ուժեղացմանը: 2021 թվականի մարտի 25-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարվող հայկական հանրապետության, Արցախի Ասկերանի շրջանում՝ Սարուշեն-Կարմիր շուկա ճանապարհին, ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայ քաղաքացիական մեքենաների ուղղությամբ: Երեք օր անց ադրբեջանական զորքերը դարանակալել են հայկական բեռնատարը ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների մարմիններով: Ապրիլի 20-ին ադրբեջանական ուժերը գնդակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վաղարշյան փողոցում գտնվող հայկական տունը: Չնայած կրոնի ազատությունը հարգելու Ադրբեջանի դիվանագիտական ​​խոստումներին, ապրիլի 26-ին երեք ադրբեջանցի զինվորներ ծեծի ենթարկեցին և գետնին տապալեցին հայ քահանային Սյունիքի Արավուս գյուղում: Երկու օր անց 8-10 քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ մտան երկու կողմերի միջև գտնվող բուֆերային գոտի, որից հետո նրանք դուրս մղվեցին հայկական ուժերի կողմից: Փաստորեն, Ադրբեջանի կողմից ներթափանցման մշտական փորձերը նման են Հարավային Կորեայի հետ Հյուսիսային Կորեայի խաղին:

2021 թվականի մայիսին խախտումները շատացել են: Ադրբեջանում սկսվել է լիբանանահայ Վիկեն Էուլչեքջյանի դատավարությունը, ում ադրբեջանական զորքերը առևանգել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո: Նա բանտում է մինչ օրս: 2021 թվականի մայիսի 12 -ին ադրբեջանական զորքերը 2 մղոն առաջ անցան Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում ՝ գրավելով Սև լիճը: Նման միակողմանի «սահմանների ճշգրտումները» շարունակվեցին հաջորդ օրերին: Օրինակ, մայիսի 14-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսի ուղղությամբ առաջ է անցել ևս 300-400 մետր դեպի Հայաստանի տարածք: Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների ուղղությամբ ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել նաև սահմանը: Արցախի Սոս գյուղի վրա նմանատիպ հարձակման հետևանքով վիրավորվել է քաղաքացիական անձ:

Ամերիկայից որևէ լուրջ դիվանագիտական ​​դիմադրության բացակայությունն Ալիևին էլ ավելի ագրեսիվ դարձրեց: Մայիսի 20-ին, ժամը 21:10-ի սահմաններում, մի քանի ադրբեջանցի զինվորներ ներխուժեցին Հայաստանի տարածք: Նրանց առաջխաղացումը կասեցվել է հայ զինվորների կողմից, և ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել է գրեթե մեկ տասնյակ մարդ: Մեկ շաբաթ էլ չանցած, ադրբեջանական ուժերը հայկական Վերին Շորժա գյուղի մոտ սպանեցին հայ սերժանտ Գևորգ Խուրշուդյանին: Երկու օր անց Ադրբեջանն առևանգեց վեց հայ զինվորների, ովքեր ինժեներական աշխատանք էին կատարում Գեղարքունիքի մարզի սահմանի մոտ: Այստեղ Ալիևը կրկին հնարք կիրառեց հյուսիսկորեական փորձառությունից: Եվ Բլինքենը նորից ոչինչ չասաց: Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում մնում է մինչև 1000 ադրբեջանցի զինծառայող:

Հունիսին ագրեսիան կրկին ուժեղացավ: Ադրբեջանցի զինվորները, հավանաբար սոված, քանի որ հրամանատարները գողացել են իրենց չափաբաժինը, կրակ են բացել հայ հովիվների վրա և գողացել նրանց անասունները: Շուտով հայ զինվորները ձախողեցին Գեղարքունիքի մարզի հովվից ձի գողանալու հերթական փորձը: Եվ հայերը միակ զոհը չեն: 2021 թվականի հունիսին ադրբեջանցի զինվորները սպառնացին մահապատժի ենթարկել իսպանացի լրագրողներին, որոնք ռեպորտաժ էին վարում սահմանի հայկական կողմից, իսկ հաջորդ ամիս ադրբեջանցիների կողմից  անասնագողության դեպքերը, ինչպես նաև դիպուկահարների մահացու հարձակումները շարունակվեցին: Մինչ Բայդենի վարչակազմը լռում էր, Ադրբեջանն ուժեղացրեց իր հարձակումները: Այսպիսով, փոքր հրաձգային կրակը վերածվեց ականանետի, և հրադադարը կարճ տևեց: Օգոստոսին ադրբեջանական ուժերը փոխառեցին հնարքներ այս անգամ «Իսլամական պետությունից» և սկսեցին հրկիզել հայկական ցանքատարածություններն ու մարգագետինները:

Ե՛վ Արցախի օմբուդսմենը, և՛ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների հետազոտությունների ինստիտուտը սկսեցին հավաքել հարձակումները փաստող ապացույցներ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարում է իր զինվորների մահվան մասին:

Սակայն, թերևս, Ադրբեջանի կողմից հիմնական վիրավորանքը հայ ռազմագերիների անդադար գերությունն ու խոշտանգումն է: Չնայած Պետդեպարտամենտը երբեմն -երբեմն հորդորում է նրանց ազատ արձակել, սակայն Ադրբեջանի իշխանություններն անտեսում են այս կոչերը նույն կերպ, ինչպես Թալիբանն է մերժում Բլինքենի կոչերը գենդերային հավասարության և կառավարությունում բազմազանության ապահովման մասին: Ի վերջո, քանի որ Բլինքենը հանում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները և ֆինանսական օգնության հոսքերն ուղղում Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լուրջ վերաբերվի ամերիկյան հայտարարություններին: Իսկ Բայդենը և Բլինքենը դժվար թե ակնկալեն, որ իրենց լուրջ կվերաբերեն Ռուսաստանը և Թուրքիան, եթե Բլինքենը չպահանջի Մոսկվայից զեկուցել խաղաղապահ և վերահսկողական գործողությունների մասին, չնայած որ որպես Մինսկի խմբի անդամ պարտավոր է դա անել օրենքով: Բայդենը դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել Թուրքիայի դեմ անօդաչու հարձակումների ժամանակ ամերիկյան բաղադրիչների օգտագործման համար` ընդդեմ  ոչ միայն հայերի, այլև քրդերի և, հնարավոր է, Տիգրիսի քրիստոնյաների:

Միգուցե Բայդենին և Բլինքենին չի մտահոգում Ամերիկայի հեղինակությունը, բայց դա միակ բանը չէ, որ խաղադրույքի վրա է դրված Հարավային Կովկասում։ Հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա ՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակեցին օսմանյան նախագիծը, որը սկսվել էր ավելի քան մեկ դար առաջ: Ամերիկայի լռությունը ոգեշնչում է նրանց և մյուսներին ՝ ձեռնարկել հաջորդ քայլերը: Նրանց էթնիկ զտումների նախադեպը և լուրջ արձագանքի բացակայությունը սպառնում է ապակայունացնել Հարավային Կովկասից այն կողմ գտնվող տարածաշրջանները: Նույնը վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սիրիացի ջիհադիստների օգտագործման վերաբերյալ Ամերիկայի լռությանը, մինչդեռ ջիհադիստներից ոմանք նախկինում ծառայել են Իսլամական պետությունում և Ալ-Քաիդայում: Բայդենին և Բլինքենին պետք է ցույց տալ, որ սա կարմիր գիծ է: Անիմաստ է նաև Ադրբեջանին ֆինանսապես պարգևատրելը, երբ նա դադարել է լինել կայուն և հանդուրժող դաշնակից, ինչպես ժամանակին կարծում էր Վաշինգտոնը, և ավելի ու ավելի է համագործակցում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Ժամանակն է, որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ, քանի դեռ Ալիևը չի վերադարձել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի, ով տեսանյութ է պատրաստում հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը`  The National Interest

Inosmi.ru

 

 

Share

Comments are closed.