Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, և Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպում որոշակիորեն նոր պայմաններում է տեղի ունենում. ռուսական կողմը կարծում է, որ պետք է իրականացվեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և եթե հիմա ռազմական գործողություններ չեն ընթանում, նշանակում է՝ հայտարարությունն իրագործվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգին:
Տարասովի կարծիքով՝ բարդ գործընթաց է առկա, որովհետև սահմանների որոշման համար Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է այն դեպքում, երբ որոշվի ԼՂ կարգավիճակի հարցը:
«Մյուս կողմից, ակտիվացել է Մինսկի խումբը՝ Նյու Յորքում եղել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Սա նշանակում է, որ մինչ այս Մինսկի խմբի հետ աշխատելուց հրաժարվող Ադրբեջանը սկսում է աշխատել: Փոխզիջումային համաձայնություն է ձեռք բերվել, և կարծես թե այն ձեռնտու է թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հակառակ դեպքում նման հանդիպում չէր կայանա, առավել ևս, որ կողմերը հայտարարել են նաև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հավանականության մասին: Կողմերից որևէ մեկն այս հարցում ընդառաջ է գնացել, և, կարծում եմ, որ դա արել է պաշտոնական Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու հարցում:
Փաշինյանի այս այցն աչքի է ընկնում նրանով, որ անակնկալ կերպով ի հայտ եկավ լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում, ինչում մեծ դեր են խաղացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, որովհետև Իրանը դեմ է այդ արդյունքին, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը խնդիր է Ադրբեջանի համար: Երկրորդ՝ Ռուսաստանը կողմ արտահայտվեց թուրքական նախաձեռնությանը՝ 3+3 ձևաչափի առաջարկը Թուրքիան է ներկայացրել, որի մասին Լավրովը խոսեց Իրանի իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ:
Ի դեպ, բառացիորեն երեկ անսպասելի այցով Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին, իսկ այցն անակնկալ էր, որովհետև Երևանի և Թբիլիսիի միջև նախաձեռնություն է նկատվում, սեպտեմբերի սկզբին Փաշինյանն էր Թբիլիսի այցելել, և այս ակտիվ երկխոսությունը մի շարք հարցեր է առաջացնում: Փաշինյանի այցից հետո Էրդողանը հայտարարեց, որ Փաշինյանը Ղարիբաշվիլուն է դիմել Էրդողանի հետ հանդիպում կազմակերպելու համար, բայց Ղարիբաշվիլու պատասխան այցը նշանակում է, որ առաջարկվող խաղաղության պլատֆորմը ենթադրում է նոր ձևաչափ, որովհետև Վրաստանն առաջարկում է նոր ձևաչափ՝ առանց Ռուսաստանի, նաև անգամ՝ Իրանի մասնակցության:
Այլ նրբերանգ էլ կա՝ վրացական կողմը հասկանում է, որ հիմա Հայաստանը հակառուսական դաշինքների չի միանալու, և հավանական է, որ այս հարցն էլ է քննարկվելու Մոսկվայում: Ղարիբաշվիլին, գուցե, Փաշինյանի միջոցով Պուտինին ուղերձ է փոխանցել, որովհետև Թբիլիսին 3+3 ձևաչափի առաջարկին յուրահատուկ կերպով արձագանքեց, քանի որ սկզբում իրենց ԱԳ նախարարն ասաց, որ մի ձևաչափ է պետք, որին իրենք կկարողանան մասնակցել, իսկ հետո լղոզեցին հարցը: Չեմ բացառում, որ Ղարիբաշվիլին Էրդողանի անունից Փաշինյանին ինչ-որ ուղերձ փոխանցած լինի, որովհետև Թուրքիան հիմա փոխել է դիրքորոշումն ու հայտարարում է, որ կարելի է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, և եթե առաջ ասում էին, որ դրա համար Հայաստանը պետք է իրականացնի «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, ապա հիմա, կարծես թե, այդ պայմանը մի կողմ է դրվում: Նրանք շատ լավ հասկանում են, որ պետք է դուրս գալ այս փակուղուց, հարցն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուշացել են Հայաստանի հարցում. նրանք պետք է խաղաղության համաձայնագրից անմիջապես հետո ակտիվացնեին Երևանի հետ հարաբերությունները բարելավելու գործընթացը, առավել ևս, որ Երևանը պատրաստ էր գնալ այդ ճանապարհով: Հասկանալի չէ, թե ինչու այդ բարդ իրավիճակում Ադրբեջանը հանդես եկավ սահմանազատման ծրագրով, որովհետև դա բարդացնում է իրավիճակը՝ սկզբում պետք էր կարգավորել հարաբերությունները, կապեր հաստատել և հետո նոր հանդես գալ սահմանների որոշման հարցով:
Տարասովի կարծիքով՝ տարածաշրջանային իրավիճակը բարդանում է, և այդ պայմաններում է հենց Փաշինյանը Մոսկվա մեկնում, որտեղ խորհրդակցելու է Պուտինի հետ իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ:
«Թեհրանում հայտարարում են, որ սխալ են գործել՝ չաջակցելով Հայաստանին պատերազմի ժամանակ, որ պատրաստ են ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ, որն ուղղված կլինի Անկարա-Բաքու դաշինքի դեմ: Ամեն ինչ դեռևս կանխատեսելի է՝ Մոսկվան զսպում է Իրանին, հայտարարում է տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին, համարում է, որ այս ստատուս-քվոն պետք է ամրապնդվի: Շատ կարևոր է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվելու Մինսկի խմբին. համանախագահները հայտարարեցին, որ տարածաշրջանային այց է պատրաստվում, և պետք է հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ են նրանք բանակցություններ վարելու, պետք է հստակեցվի օրակարգը: Մի կողմից՝ տարածաշրջանում ընթացող զարգացումների որոշակի մասը տեսանելի է, մյուս կողմից՝ շատ բաներ փակ դիվանագիտության տիրույթում են կատարվում, դա վերաբերում է ինչպես Երևան-Թեհրան, այնպես էլ Բաքու-Անկարա հարաբերություններին, քանի որ Էրդողանն էլ հայտարարում է, որ Բաքու է այցելելու, ինչպես նաև՝ Երևան-Մոսկվա և Թեհրան-Մոսկվա հարաբերություններին: Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների դեպքում էլ է նույնը, որովհետև, կարծես, ինչ-որ որոշում է նախապատրաստվում, որն այս կամ այն չափով փոխելու է իրավիճակը: Ինչ-որ լուծում գտնելու փորձ արվում է, առավել ևս, որ 3+3 ձևաչափին մասնակցելուց Վրաստանը հրաժարվում է, Հայաստանը չգիտի՝ ինչ ձևաչափ է լինելու, և հայտնի էլ չէ, թե երկրներից որ մեկն է կոնկրետ զբաղվում այդ ձևաչափի հարցով, դա շատ լուրջ ձևաչափ է, ժամանակ ու դիվանագիտական մեծ ջանքեր է պահանջում, քայլեր են ձեռնարկվում, բայց դեռևս միայն խոսքեր կան»,- նշել է Տարասովը:
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու վերաբերյալ առաջ քաշվող օրակարգին, ռուս քաղաքագետը նկատել է. նախ պետք է հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հարավային Կովկասի հարցում առհասարակ:
«Ռուսաստանը, Թուրքիան հրավիրելով գործընկերոջ կարգավիճակում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, վերջինին չներառեց նոյեմբերի 9-ի հայտարարությունում, բայց որպես գործընկեր օգտագործել է Թուրքիային: Սա Թուրքիայի ազդեցությունը ճանաչելու գիծ է, երբ Ռուսաստանը Թուրքիան ներգրավում է այդ գործընթացում՝ Թուրքիան ինքնուրույն չի խառնվել այս հարցին, այլ Ռուսաստանն է նրան միացրել գործընթացին, սա մեկ: Երկրորդ՝ Ռուսաստանը չի ձգտում գերիշխել Հարավային Կովկասում, այլ պարզապես փոխում է իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, չի պատրաստվում բռնազավթել հարավկովկասյան պետությունները՝ համարելով, որ դրանք պետք է լինեն անկախ պետություններ, բայց նաև պետք է չեզոք լինեն՝ չվերածվելով պլացդարմի իր համար թշնամական պետությունների համար: Այլ հարց էլ կա՝ պետք է հստակեցվի ռուս խաղաղապահների կարգավիճակը, ինչը հնարավոր է անել երկու ճանապարհով՝ արդեն իսկ գոյություն ունեցող խաղաղության համաձայնագրի միջոցով: Պուտինը իզուր չէր հայտարարել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դա նաև որպես մեղադրանք հնչեց, քանի որ հիմա իրավական իմաստով ոչ թե խաղաղապահներ են տեղակայված, այլ խոսքը Ադրբեջանի տարածքում զինված խմբավորումների առկայության մասին է: Խաղաղապահների կարգավիճակը և Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր է որոշել անգամ երկկողմ ձևաչափում՝ Մոսկվայի և Բաքվի միջև, ինչ կապ ունի այդ դեպքում Երևանը: Իհարկե, կարող են այդ բանակցություններին մասնակցելու ցանկություն ունենալ համանախագահող մյուս երկրները, սակայն խաղաղապահների կարգավիճակը կամ այլ հարց որոշելու համար ՄԱԿ որոշում է անհրաժեշտ, որպես համանախագահող երեք երկրներն էլ ՄԱԿ ԱԽ անդամներ են, բայց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից նման ցանկություն չի նկատվում»,- նշել է ռուս քաղաքագետը:
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է, որ տարածաշրջանային խնդիրների քննարկման համար ձևավորվի 3+3 ձևաչափը, այն դեպքում, երբ այդ մասին օրեր առաջ հայտարարում էր Սերգեյ Լավրովը՝ խոսելով նաև հայկական կողմի հետ հարցը քննարկելու մասին, Տարասովը նկատել է՝ Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին:
«Հայերն արդեն կորցրել են այն ամենը, ինչը հնարավոր էր, եթե ուզում են շարունակել գնալ պետականությունը լրիվ կորցնելու ճանապարհով, թող այդպես էլ լինի: Ռուսաստանը, որպես անվտանգության երաշխավոր, կարող է լինել միայն Ղարաբաղի հայության համար, որովհետև ի տարբերություն Հայաստանի բնակչության, նրանք միշտ Ռուսաստանին են հակված եղել, անգամ Ռուսաստանի համար ամենածանր շրջանում, և Ռուսաստանը կարծում է, որ պատասխանատվություն է կրում այդ ժողովրդի ապագայի համար: Ինչպես Հայաստանը պատերազմի ժամանակ երես թեքեց Ստեփանակերտից, հետագայում էլ Ղարաբաղի հետ կապը կարող է իրականացվել Ադրբեջանի միջոցով: Ղարաբաղի հայության ճակատագիրը, ինչ էլ որ լինի, գտնվում է Ռուսաստանի ձեռքում»,- նշել է Տարասովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։