Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան
2010 թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050 թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակի մասին` ընդգծելով, որ առաջիկա տարիներին պլանավորված է գնել 100 հատ հինգերորդ սերնդի F-35 բազմանշանակ կործանիչ։ Գործարքը գնահատվում էր 16-17 միլիարդ դոլար, ինչը դառնալու էր Թուրքիայի ողջ պատմության մեջ խոշորագույն ռազմական գործարքը։ Թուրքիան մտադիր էր F-35-երով թարմացնել իր կործանիչային ավիացիան, որը հիմնականում բաղկացած է 4-րդ սերնդի F-16-երից։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում էր ուղղահայաց թռիչք-վայրէջքով F-35-B մոդելը տեղակայել իր «Անադոլու» առաջին (թեթև) ավիակրի վրա։
Սկզբնական փուլում Թուրքիան պատվիրեց 30 հատ F-35, որոնցից առաջինը հատկացվեց 2018 թ․ հունիսին։ Թուրքիայի համար արտադրված առաջին F-35-ները մնացին ԱՄՆ-ի տարածքում, որպեսզի թուրք օդաչուներն անցնեն դրանց յուրացման դասընթաց։ Սակայն 2019 թ․ ապրիլին ԱՄՆ-ը դադարեցրեց իր տարածքում թուրք օդաչուների ուսումնական թռիչքները F-35-երով, և թուրք օդաչուները վերադարձան Թուրքիա։
Խնդիրն այն էր, որ չնայած ԱՄՆ-ի (նաև ՆԱՏՕ-ի) բազմակի զգուշացումներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական առաջ էր գնացել Ռուսաստանից S-400 ԶՀՀ-ներ գնելու հարցում։ Թուրքիան S-400-ների առաջին խմբաքանակը ստացավ 2019 թ․ հուլիսի 12-ին (1947 թ․ այդ օրը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կնքվել է առաջին ռազմական համաձայնագիրը)։ Դրանով Թուրքիան դարձավ S-400 ԶՀՀ-ներ գնած ՆԱՏՕ-ի առաջին երկիրը։
Թուրքիան ամենատարբեր մակարդակներով քանիցս զգուշացվել էր, որ իր «և-և»-ի քաղաքականությունը չի աշխատելու, որ ստիպված է լինելու ընտրություն կատարել S-400-ների ու F-35-երի միջև։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Մոսկվան S-400-ների միջոցով կկարողանա տեղեկություններ ստանալ F-35-ների մասին, եթե Թուրքիան միաժամանակ օգտագործի և՛ ամերիկյան ինքնաթիռները, և՛ ռուսական ԶՀՀ-ները։
Արդյունքում, ԱՄՆ-ը Թուրքիային չտվեց F-35-երը, նրան հանեց F-35-երի արտադրման ծրագրի մասնակից երկրներից (Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան այդ ծրագրի շրջանակներում ծախսել է 1․4 միլիարդ դոլար), պատժամիջոցներ սահմանեց CAATSA-ի շրջանակներում, որով Թուրքիան փաստացի համալրեց ԱՄՆ-ի հակառակորդների շարքերը։
Մեր նախկին հոդվածներից մեկում վերլուծել ենք, թե ինչու Էրդողանը գնեց S-400 ԶՀՀ-ներ և այդպիսով գիտակցաբար տապալեց F-35-երի մուտքը Թուրքիա։ Նշել էինք, որ դա կապված է 2016 թ․ ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) ժամանակ խռովարարների ավիացիայի (F-16) խաղացած մեծ դերի հետ, որը հարվածներ է հասցրել ուժային կառույցների, խորհրդարանի շենքերին, նախագահական նստավայրի մատույցներին, հետապնդել է նախագահական ինքնաթիռը։
Արդյունքում, Էրդողանը, ով ՌՀՓ-ի կազմակերպման համար մեղադրում է ԱՄՆ-ին, որոշեց չգնել ամերիկյան արտադրության Patriot ԶՀՀ-ներ և գնել S-400-ներ, որոնք ամերիկյան F-16-երին ճանաչում են որպես «օտար», մինչդեռ Patriot-ը՝ «յուրային»։ Էրդողանը, թերևս, գիտակցեց, որ F-35-եր գնելու դեպքում հաջորդ հնարավոր ՌՀՓ-ին իր հետևից կարող են գալ ոչ թե F-16-ով, այլ՝ F-35-ով, որից խույս տալը կլինի անհամեմատ ավելի բարդ։ Էրդողանը, թերևս, մտավախություն ուներ, որ ԱՄՆ-ում F-35-երը յուրացնող թուրք օդաչուները կարող են հավաքագրվել ԱՄՆ-ի (գյուլենականների) կողմից և օգտագործվել իր դեմ։ Հատկանշական է, որ Էրդողանը գնած S-400-ներն անմիջապես փորձարկեց տարբեր բարձրություններում թռչող F-16-երի վրա։
Թուրքիան այդպիսով մնաց հնացող F-16-երով։ Բացի այդ, ձգձգվում է սեփական մշակման 5-րդ սերնդի TF-X կործանչի մշակումը։ Եթե տարիներ առաջ ծրագրված էր, որ TF-X-ը կստեղծվի մինչև 2023 թ․ (Թուրքիայի Հանրապետության հիմնման 100-ամյակին), ապա այժմ ակնկալվում է, որ այն թուրքական օդուժի կազմը կհամալրի 2030-ականների սկզբներին։
Ելնելով այս ամենից՝ թուրքական Տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (EDAM) փորձագետները կարծում են, որ ընթացիկ տասնամյակն ամենաբարդն է լինելու թուրքական օդուժի համար, որ մեծ հաշվով Թուրքիայի երկինքը լավ պաշտպանված չէ։ Նրանք նաև մանրակրկիտ վերլուծել են, թե ինչու Թուրքիան չի կարող իր երկնքի պաշտպանության հարցում հույսը դնել S-400-երի վրա, որոնք գործելու են միայնակ և չեն կարող ինտեգրվել Թուրքիայում ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերին։
Խնդիրներ են առաջանում նաև «Անադոլու» ավիակիրը սպառազինելու հարցում։ Թուրքական կողմը հարկադրված է որոշակի կառուցվածքային փոփոխություններ անել դրանում, որպեսզի նավի վրայից կարողանան թափավազքով թռչել ԱԹՍ-երը։ Այդ նպատակով մշակվում է Bayraktar TB3, որի առաջին թռիչքը նախատեսված է 2022 թ․։ Էրդողանի խոսքերով՝ «Անադոլուն» այդպիսով կդառնա ԱԹՍ-երով զինված առաջին ավիակիրն աշխարհում (հետագայում Թուրքիան ծրագրում է ավիակրի վրա տեղակայել սեփական մշակման անօդաչու կործանիչ՝ MIUS)։ Սակայն Bayraktar TB3-ը որևէ կերպ չի կարող համեմատվել F-35B-ի հետ։
Թուրքիան այդպիսով հայտնվել է տարածաշրջանում ոչ միայն Իսրայելից, այլև՝ անգամ Հունաստանից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Կատարից հետ մնալու վտանգի տակ։ Իսրայելն արդեն ստացել է 30 հատ F-35 և առայժմ տարածաշրջանի միակ երկիրն է, որ ունի F-35 (Իսրայելին է բաժին ընկնում F-35-ի առաջին մարտական կիրառումն աշխարհում)։ ԱՄԷ-ն 50 հատ F-35 գնելու շեմին է, Եգիպտոսն ու Հունաստանն էլ Ֆրանսիայից գնում են 4․5 սերնդի Rafale կործանիչներ։ Բացի այդ, ԱՄՆ-ը կարող է Հունաստանին հատկացնել (Թուրքիայի համար արտադրած) F-35-եր։
Թուրքիայում քաջ գիտակցում են, որ անգամ նորագույն Akıncı և Aksungur հարվածային ԱԹՍ-երով, որոնք իրենց պարամետրերով զգալի գերազանցում են Bayraktar TB2-ին, ոչինչ չեն կարող հակադրել Rafale կործանիչներին՝ էլ չխոսած F-35-երի մասին (ԱԹՍ-ների արագությունն ու ռմբային բեռնվածությունը բավական սահմանափակ է)։ Թուրք փորձագետները վստահ են, որ ԱԹՍ-երով չեն կարող դիմակայել Հունաստանի նոր ռազմական ձեռքբերումներին (Հունաստանը Ֆրանսիային արդեն պատվիրել է 24 հատ Rafale)։
Էրդողանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ի քայլերի պատճառով այժմ էլ «ստիպված է» Ռուսաստանից գնել Су-35 և Су-57 կործանիչներ։ Սակայն թուրք փորձագետները համոզված են, որ դա բլեֆ է, որ կործանիչային ավիացիան ռուսական ինքնաթիռներով համալրելը (ոչ թե Ռուսաստանից 1-2 ինքնաթիռ գնելը) կնշանակի փոխել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցված ողջ համակարգը, ենթակառուցվածքները, ինչը կպահանջի 30-40 տարի և կարժենա հարյուրավոր միլիարդ դոլարներ։ Մինչդեռ Թուրքիան չունի ո՛չ այդքան ժամանակ, ո՛չ էլ այդքան գումար։
Այդպիսով, Էրդողանի քայլերը Թուրքիան կանգնեցրել են փակուղային իրավիճակում, որը չի կարող իր օդուժը համալրել մի կողմից ամերիկյան, իսկ մյուս կողմից՝ ռուսական (թերևս, նաև չինական) ինքնաթիռներով։ Եվ պատահական չէ, որ սեպտեմբերի 30-ին Թուրքիան պաշտոնապես դիմեց ԱՄՆ-ին 40 հատ նոր F-16 գնելու, ինչպես նաև իր ևս 80 հատ F-16 արդիականացնելու համար։ Գործարքը գնահատվում է 6 միլիարդ դոլար (Էրդողանի կարծիքով՝ 1․4 միլիարդ դոլարն արդեն վճարված է)։
Ներկայումս Թուրքիան ունի 235 հատ F-16 Fighting Falcon (տարբեր կոնֆիգուրացիաներ՝ Blok 30, Blok 40, Blok 50, Blok 50+)։ Թուրքիայի ունեցած ամենաթարմ F-16-երը մոտ 10 տարեկան Blok 50+ ինքնաթիռներն են, իսկ ամենահինը՝ 30 տարվա Blok 30-երը։ Այժմ Թուրքիան ԱՄՆ-ին պատվիրել է 40 հատ F-16 Blok 70 (F-16V), որը F-16-ի ամենաժամանակակից կոնֆիգուրացիան է։ Այն արդեն համարվում է ոչ թե 4-րդ, այլ՝ 4․5-րդ սերնդի կործանիչ։
EDAM-ի փորձագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակում F-16-երի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր ռազմական գործարքը Թուրքիայի համար կլինի միջանկյալ լուծում։ Նման լուծում կարող է լինել նաև բրիտանական Eurofighter Typhoon կործանիչներ գնելը, եթե Թուրքիան ԱՄՆ-ից ստանա մերժում։
ԱՄՆ-ի հետ ռազմական նոր գործարքը երաշխավորված չէ․ եթե դրան կողմ արտահայտվեն Ջո Բայդենի վարչակազմը, Պենտագոնը, ապա այն դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից, որը խիստ դժգոհ է, որ Թուրքիան գնել է S-400-եր։ Բայդենը նույնպես երկընտրանքի առջև է։ Նա մեծ տեղ է տալիս ժողովրդավարությանը և ռազմական նոր գործարքն արտոնելը կնշանակի աջակցել Էրդողանի «մեկ մարդու» ռեժիմին։ Մյուս կողմից էլ Բայդենը գիտակցում է, որ Թուրքիայի թուլացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևի թուլացում։ Բացի այդ, կա մտավախություն, որ ԱՄՆ-ի մերժումը Թուրքիային է՛լ ավելի կարող է մղել դեպի Ռուսաստան ու Չինաստան։ Ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ Թուրքիան CAATSA-ի պատժամիջոցների ներքո է։
Ռազմական նոր գործարքը քննարկվելու է հոկտեմբերի վերջին Հռոմում G-20-ի դաշտերում Բայդենի հետ Էրդողանի հանդիպման ժամանակ (սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ-ի նիստի կապակցությամբ Նյու Յորք այցելած Էրդողանին չէր հաջողվել հանդիպել Բայդենի հետ և անգամ լուսանկարվել նրա հետ)։ Էրդողանը նաև կշոշափի Բայդենի կարծիքը, թե Թուրքիային ինչ է սպասվում S-400-ների երկրորդ խմբաքանակը գնելու դեպքում։
Ռուսաստանի հետ ռազմական նոր գործարքը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, քանի որ հակառակ դեպքում նա չի ստանա S-400-ների արտադրման տեխնոլոգիաները։ Նախկինում ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային տալ Patriot-ի արտադրման տեխնոլոգիաները (նաև F-35-երի ծրագրային ապահովման ծածկագրերը), և Թուրքիային թվում էր, թե Ռուսաստանն ավելի պատրաստակամ է S-400-ների արտադրման տեխնոլոգիաների տրամադրման հարցում։
Սակայն պարզվեց, որ S-400-ների առաջին խմբաքանակը գնած Թուրքիան դրանք կստանա S-400-ների միայն երկրորդ խմբաքանակը գնելու դեպքում։ Արդյունքում Էրդողանը զրկվեց նաև մասնակի հիմնավորումից, թե ինչու է գնել S-400-ներ և սկսեց ակնհայտ կեղծել՝ պնդելով, թե «ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot համակարգեր» (ԱՄՆ-ը՝ Patriot համակարգերով, ի սկզբանե մասնակցել է Թուրքիայի՝ մեծ հեռահարության ԶՀՀ-ների գնման մրցույթին)։
S-400-ներ գնելն ու այդպիսով Թուրքիայի պաշտպանունակությունը թուլացնելն ամենավառ օրինակներից է, որ Էրդողանն առաջին հերթին առաջնորդվում է անձնական և ոչ թե Թուրքիայի պետական շահերով։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պետական շահը պահանջում էր գնել Patriot ԶՀՀ-ներ և այդպիսով ստանալ նաև F-35-եր, մնալ դրանց արտադրման ծրագրում, չստանալ ամերիկյան պատժամիջոցներ (CAATSA) ու չհամալրել ԱՄՆ-ի հակառակորդների շարքը, խնդիրներ ձեռք չբերել ՆԱՏՕ-ի շրջանակներում։
Սակայն Էրդողանի անձնական շահը պահանջեց գնել S-400-ներ (այդ թվում՝ նաև առանց դրանց արտադրման տեխնոլոգիաների), և Էրդողանն անվարան գնաց դրան, ինչպես որ ՌՀՓ-ից հետո ՌՕՈՒ-ի կազմից անվարան հեռացրել է հարյուրավոր «գյուլենական օդաչուի» (արդյունքում ՌՕՈՒ-ն հարկադրված էր ապավինել «Թուրքական ավիաուղիների» և պակիստանցի օդաչուներին)։