Ադրբեջանա–թուրքական տանդեմը՝ մարտահրավեր Հարավային Կովկասի համար

 

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան

 Հոկտեմբերի 5-ից 8–ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցան թուրք–ադրբեջանական հերթական զորավարժությունները: Ըստ Թուրքիայի ՊՆ մամլո խոսնակ Փինար Կարայի՝ «Անսասան Եղբայրություն–2021» զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխադարձ շփումները Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի միջև»»[1]: Այս զորավարժությունն ընթացավ իրանա–ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին` ընկալվելով որպես դրան նախորդող շրջանում Իրանի կողմից կազմակերպված զորավարժությունների պատասխան[2]:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հաջողության հետևանքով Արցախում և Արցախի շուրջ ստատուս-քվոյի փոփոխության պատճառով խարխլվել է տարածաշրջանային բալանսը՝ առաջ բերելով անվտանգային նոր մարտահրավերներ ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ տարածաշրջանային այլ պետությունների համար ևս: Փաստացի, մոտ երեք տասնամյակ Արցախը զսպիչ գործոն էր ամբողջ տարածաշրջանում թուրք–ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար: 2020 թ.–ի պատերազմում Թուրքիայի ակնհայտ աջակցության շնորհիվ ռազմական հաջողության հասնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները շարունակում են խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը և բացահայտ հայտարարում, որ տարածաշրջանում հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ` թյուրքական գործոնը: Սա, իհարկե, ուղիղ հարված է և մարտահրավեր ամբողջ տարածաշրջանի համար և չի կարող անտարբեր թողնել տարածաշրջանի մյուս պետություններին:

Հետաքրքրական է, որ դեռևս 2020 թ. դեկտեմբերին Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քառատող արտասանեց՝ մեջբերելով ադրբեջանցի բանաստեղծ Ահմեդ Ջավադին․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել…»: Սրանով ակնհայտ տարածքային հավակնություններ էին ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ[3]: Իրանական կողմը նախազգուշացնող արձագանքով հանդես եկավ[4], սակայն ներկա փուլում իրանա–ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Էրդողանի արտասանած քառատողը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր ընդամենը:

Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9–ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան ու Ադրբեջանը ավելի քան հինգ տասնյակ համատեղ զորավարժություններ, խորհրդատվություններ և քննարկումներ են անցկացրել: Դրանց մեծ մասն, իհարկե, անց է կացվում Հայաստանի հետ սահմանի երկայնքով, օրինակ՝ Նախիջևանում կամ Կարսում: Միայն սեպտեմբեր ամսին ադրբեջանա–թուրքական համատեղ յոթ զորավարժություն է տեղի ունեցել, դրանցից մեկն էլ՝ Բերձորի տարածքում՝ ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայրին շատ մոտ, իսկ մեկ ուրիշը՝ Պակիստանի ներգրավմամբ: Հենց այս գործընթացները հաշվի առնելով`  Իրանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշեց՝ «Ադրբեջանը հաճախ է զորավարժություններ անցկացնում տարբեր երկրների հետ, սրանք, իհարկե, ըստ իս՝ սադրիչ գործողություններ են: Նման զորավարժությունների հաճախակիությունը դրական ազդակներ չի ներշնչում տարածաշրջանի համար…»[5]: Այս համատեքստում էլ Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից 13-ը զորավարժություններ է իրականացնում Կասպից ծովում: Եթե ուշադիր հետևենք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ կազմակերպվող զորավարժությունների բնույթին և ընտրված պայմանական թիրախներին, ապա հստակ կտեսնենք, որ մեր հարևան հակառակորդները պատրաստվում են զարգացումների ցանկացած տարբերակի, այդ թվում՝ զենքի ուժով իրենց ռազմավարական խնդիրները լուծելու պլանի իրագործմանը:

Պատերազմին հաջորդող շրջանում թուրք–ադրբեջանական համագործակցությունը նոր թափ է ստացել: Դրա վառ վկայություններից է այս տարվա հունիսին օկուպացված Շուշիում Էրդողանի և Ալիևի կողմից ստորագրված հռչակագիրը: Հռչակագրի համաձայն՝ «կողմերը կխրախուսեն անձնակազմի փոխանակումը՝ պաշտպանական ունակությունների և զինվորական անվտանգության ուժեղացման նպատակով, ինչպես նաև համատեղ զորավարժությունների և մարզումների անցկացումն ու երկու պետությունների փոխադարձ շփումների մեծացումը…Ադրբեջանն ու Թուրքիան աջակցելու են համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ այլ բարեկամ պետությունների բանակների հետ միասին»[6]: Այս համատեքստում էլ տարածաշրջանում ակտիվանում են նաև Պակիստանն ու Իսրայելը, ինչը չի կարող անտարբեր թողնել Հնդկաստանին ու Իրանին: Փաստացի, «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի կարգախոսը արագորեն վերածվում է «երկու պետություն, մեկ բանակ» սկզբունքի[7]: Շուշիի հռչակագրի կնքումից հետո Էրդողանը նաև չէր բառացել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հիմնումը[8]:  

Այս ամենին զուգահեռ, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների և հնարավոր երկխոսության համապատկերում, ակնհայտ է դառնում, թե ինչ նախապայմաններ են առաջ քաշվում այդ երկխոսության համար:  Թուրքիայի ղեկավարը, խոսելով Փաշինյանի կողմից Վրաստանի վարչապետի միջնորդությամբ ստացված երկխոսության առաջարկի մասին, նշել էր. «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ [Նախիջևանի միջանցքի] հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն»[9]: Դրան հաջորդել էր Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը. «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ…Մենք Ադրբեջանի հետ մեր քայլերը միասին ենք կոորդինացնում: Մենք միասին ենք որոշում և միասին գործում»[10]:

Ադրբեջանն ու Թուրքիան հստակ, անկեղծորեն և հրապարակային ներկայացնում են խաղաղության մասին իրենց ձևակերպումն ու Հայաստանի առջև դրվող պահանջները[11]

  • Արցախի հնարավոր ապագա կարգավիճակի վերաբերյալ որևէ քննարկման բացառում։
  • «Խաղաղության պայմանագիր»՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջով, ինչն իրենց ընկալմամբ ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Բնական է, որ եթե առաջնորդվենք խորհրդային քարտեզներով, ապա առաջ է գալիս նաև «անկլավների» հարց, իսկ դա ենթադրում է մեր միջպետական ճանապարհների վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին։
  • Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող «սուվերեն միջանցքի» տրամադրում, որի հանդեպ Հայաստանը որևէ վերահսկողություն չի կարող ունենալ:

«Խաղաղության պայմանագիր» ասվածի տակ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ քաշած պայմանները, իհարկե, չեն կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, ավելին՝ դրանց իրագործումը, փաստացի, հայկական պետականության կորստին տանող ճանապարհ է:

Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշմանը զուգահեռ, Ալիևը լարեց հարաբերությունները նաև պաշտոնական Թեհրանի հետ: Թեհրանից եկող մեղադրանքներին ի պատասխան՝ վերջերս իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «տարածաշրջանը այլևս չի վերադառնալու իր նախկին վիճակին, և բոլորը պետք է հաշվի նստեն այս հանգամանքի հետ»: Իհարկե, այս գործընթացները ծավալվում են Անկարայի աջակցության և նույնիսկ հրահրման միջոցով: Թուրքիան և Ադրբեջանը հստակ քաղաքականություն են որդեգրել՝ «փուլային» տարբերակով հասնել տարածաշրջանում ռազմավարական խնդիրների լուծմանը: 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Իրանն է բախվում այդ տանդեմի հետ: Մասամբ, նաև Ռուսաստանն է սկսել առերեսվել, ինչի օրինակ է սեպտեմբերին տեղի ունեցած համատեղ զորավարժությունները՝ Բերձորի տարածքում, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից իրականացվող նոր զորավարժությունները՝ հոկտեմբերի 19-ին: Թուրք–ադրբեջանական տանդեմը իրական մարտահրավեր է ողջ տարածաշրջանի համար, ցավոք, ռիսկերի սխալ գնահատումը հանգեցրեց անվտանգային նոր մարտահրավերների ձևավորմանը, և այսօր համատեղ ու կազմակերպված ռազմավարություն է պետք մշակել այս տանդեմի չեզոքացման և տարածաշրջանային բալանսի վերականգման համար, հակառակ դեպքում՝ հետևանքները կլինեն անդառնալի:

 

[1] Azerbaijan, Turkey Hold Next Military Exercises, 05.10.2021, https://caspiannews.com/news-detail/azerbaijan-turkey-hold-next-military-exercises-2021-10-4-0/

[2] Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, 01.10.2021, https://www.azatutyun.am/a/31487680.html

[3] Live: Turkey’s Erdogan joins Azerbaijan ‘victory against Armenia’ military parade, 10.12.2020, https://www.youtube.com/watch?v=MCKg8vZCu0Q

[4] Իրանը կոշտ արձագանք է տվել Էրդողանի ելույթին, 11.12.2020, https://mediamax.am/am/news/foreignpolicy/41269/

[5] Ադրբեջանի զորավարժությունների հաճախակիությունը դրական ազդակներ չի ներշնչում տարածաշրջանի համար, 6.10.2021, https://www.aravot.am/2021/10/06/1220497/

[6] Шушинская декларация о союзнических отношениях между Азербайджанской Республикой и Турецкой Республикой, 16.06.2021, https://www.kavkaz-uzel.eu/articles/365007/

[7] Can Turkish Drones Bolster NATO’s Eastern Flank Against Russia?, 23.06.2021, https://jamestown.org/program/can-turkish-drones-bolster-natos-eastern-flank-against-russia/

[8][8] Эрдоган допустил создание турецкой военной базы в Азербайджане, 17.06.2021,

https://www.rbc.ru/politics/17/06/2021/60cb990d9a79479305389a26
[9] Cumhurbaşkanı Erdoğan: Erivan’la görüşmeye kapalı değiliz, 19.09.2021, https://www.youtube.com/watch?v=4k1tTB08zjo

[10] Turkey pledges support for stability of region on first anniversary of Karabakh war, 27.09.2021, https://www.hurriyetdailynews.com/turkey-pledges-support-for-stability-of-region-on-first-anniversary-of-karabakh-war-168183

[11] Մանրամասն տես՝ Տ. Հայրապետյան, Ի՞նչ իրավիճակ ունենք 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, 27.09.2021, shorturl.at/ryzIY
 
 
Share

Comments are closed.