Ինտելեկտուալ լճացումը՝ որպես 44-օրյա պատերազմում պարտությանը նպաստած կարևոր գործոն


Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի պարտությանը, ինչպես նաև հետպատերազմյան նոր ծանր իրականության հաստատմանը նպաստած գործոնների շարքում կարևորագույններից էր հայաստանյան ու արցախյան մինչպատերազմյան խոսույթներում ու պատումներում դոգմատիկ մտածողության, միֆերի ու կեղծ օրակարգերի գերակայությունը: Վերջին 20 տարվա ընթացքում հայկական երկու հասարակություններն ու դրանց քաղաքական և մտավոր վերնախավերը կորցրել են Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներում կրիտիկական ու կրեատիվ մտածողության կարողությունը և ստեղծել են ինտելեկտուալ մի միջավայր, որը առանց վարանելու կարելի է անվանել լճացած: Ինտելեկտուալ այս լճացման արդյունքը եղել է այն, որ հայ հանրությունը կորցրել է իրականության ադեկվատ ընկալման և ճգնաժամային իրավիճակներում ոչ տրիվիալ լուծումներ գտնելու ունակությունը:

Տարիների ընթացքում հայկական զույգ պետությունների ու հասարակությունների մոտ բթացել է նաև ռազմավարական նպատակների և դրանց հասնելու գործընթացում մարտավարական քայլերի միջև տարբերության ընկալման ունակությունը:  Այս հանգամանքը զգալիորեն հեշտացրել է Ադրբեջանի խնդիրը արտաքին լսարանի հետ աշխատանքում: Տարիներ շարունակ հայկական կողմերն էին հաջողությամբ ցույց տալիս միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի ու ադրբեջանական հասարակության պատկերացումները հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ ապակառուցողական են: Սակայն վերջին շրջանում արդեն Բաքուն էր օգտագործում Հայաստանի ու Արցախի իշխող վերնախավի պոպուլիստական հայտարարություններն ու քայլերը, որոնք Հայաստանում ու Արցախում ինտելեկտուալ լճացման գործընթացի արգասիք էին՝ պլանավորվող պատերազմը լեգիտիմացնելու և պատերազմին հնարավոր միջազգային միջամտությունը նվազագույնին հասցնելու համար:

Հակամարտության համատեքստում Հայաստանում ու Արցախում գերիշխող դոգմաների ու միֆերի ձևավորմանը նպաստած կարևոր գործոն էր հայկական քաղաքական դասի ու վերլուծական դաշտի կողմից պատերազմի վտանգի ու այդ պատերազմին Ադրբեջանի պատրաստվածության աստիճանի թերագնահատումը: Վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի կողմից սպառազինությունների լայնամասշտաբ ձեռքբերումները, իհարկե, գտնվում էին հայկական մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում, սակայն շատ քչերն էին Հայաստանում ու Արցախում գիտակցում, թե ինչպիսի որակական առավելություններ են տալիս այդ ձեռքբերումները հակառակորդին կոնկրետ ուղղություններով և ինչպես են փոխում ռազմական հավասարակշռությունը հակամարտության գոտում: Այն եզակի փորձագետներն ու հանրային գործիչները, որոնք հասկանում էին տեղի ունեցողի նշանակությունն ու հնարավոր ներազդեցությունը նոր պատերազմի բռնկման դեպքում, շատ հաճախ խուսափում էին հրապարակայնորեն խոսել այդ մասին, քանի որ բանակի արդյունավետության ու խնդիրների վերաբերյալ հանրային դիսկուրսը տարիների ընթացքում տաբու էր դարձել:

Կարծես թե 2016 թվականի ապրիլի կարճատև պատերազմը պետք է սթափեցնող ահազանգ լիներ հայաստանյան ու արցախյան քաղաքական դասի ու ինտելեկտուալ վերնախավի համար: Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին սպասարկող քարոզչամեքենան անմիջապես սկսեց նոր առասպելաբանություն ձևավորել նաև Ապրիլյան պատերազմի շուրջ, որի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանն ու Արցախը հաղթել են այդ պատերազմում, իսկ Բաքուն ստիպված է եղել Մոսկվայի միջոցով խաղաղություն աղերսել հայկական կողմից: Արդյունքում այն կարևոր դասերը, որոնք պետք է քաղվեին այդ էսկալացիայից, այդպես էլ չքաղվեցին: Պատերազմի վտանգի ու Ադրբեջանի ռազմական կարողությունների վերաբերյալ ընկալումներում ևս լուրջ տեղաշարժեր չեղան:

Փոփոխվող այս իրողությունների սթափ ընկալման բացակայության պայմաններում աստիճանաբար խորանում էին նաև հակամարտության համատեքստում առկա դոգմաներն ու միֆերը, ինչպես նաև կեղծ օրակարգերը: Այդպիսի դոգմաներից ամենատարածվածներից էր այն պնդումը, որ հայկական կողմերը վաղուց լուծել են հակամարտությունը և պետք է պարզապես գետնի վրա ամրագրեն 1990-ականներին ձեռք բերված արդյունքները: Այս միտքը հաճախ կարելի էր լսել տարբեր հանրային գործիչների հրապարակային ելույթներում: Այս մոտեցման կողմնակիցները իրենց հաշվարկներում բնավ հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ընդունում այդ արդյունքները, հետևողականորեն պատրաստվում է նոր պատերազմի և ցանկություն չունի հավերժ հանդուրժել ստատուս-քվոն:

Այս դոգմայի տրամաբանական հետևանք էր նաև մինչպատերազմյան շրջանի մեկ այլ միտում՝ հայաստանյան և հատկապես արցախյան քաղաքական ու վերլուծական դաշտի կողմից բանակցային գործընթացի անտեսումը, այն ոչ էական ու փոքր նշանակություն ունեցող գործոն համարելը: Տարիների ընթացքում Արցախում բանակցային գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը նվազում էր: Բանակցային սեղանին դրված խաղաղության պլանների ու դրանց տարբեր կոմպոնենտների քննարկումը տաբու էր դառնում Արցախի քաղաքական ու վերլուծական դաշտերի համար: Սա ջայլամի քաղաքականության դրսևորում էր, երբ արցախյան հանրային գործիչները կարծում էին, որ խնդիրը չտեսնելու տալու դեպքում այն դադարելու է արդիական լինել:

Այս տաբուն աստիճանաբար տարածվել էր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և լուրջ խոչընդոտ էր հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում քաղաքական մտքի զարգացման ու կայացման համար: Ամբողջությամբ անտեսելով բանակցային գործընթացը և հրաժարվելով բանակցային սեղանին դրված փաստաթղթերի բովանդակային քննարկումներից՝ ԼՂՀ քաղաքական դասը մեծ հաշվով ինքնակամ հրաժարվում էր Արցախի ապագայի վերաբերյալ կարծիք հայտնելուց՝ արտապատվիրելով այդ իրավունքը պաշտոնական Երևանին ու արտաքին խաղացողներին: Սա նշանակում էր նաև, որ Արցախյան հիմնահարցում Արցախի իշխանությունները արտաքին աշխարհի համար ընկալելի դիրքորոշում չունեին:

Այս իրավիճակը վառ կոնտրաստի մեջ էր 1990-ականների ու 2000-ականների սկզբի իրողությունների հետ, երբ պաշտոնական Ստեփանակերտը համանախագահների կողմից բանակցային սեղանին դրվող ամեն մի փաստաթղթի վերաբերյալ հստակ, բովանդակային ու ռացիոնալ  դիրքորոշում էր արտահայտում: Սակայն Արցախի  իշխանությունների՝ Երևանից կախվածության մեծացմանը զուգընթաց աստիճանաբար փոփոխվեց նաև այս իրողությունը: 2007 թվականից սկսած պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Արցախյան հիմնահարցում հանգում էր «չի կարող լինել վերադարձ անցյալին» ոչինչ չասող ու ոչինչ չնշանակող հայտարարությանը, որը պարբերաբար հնչեցվում էր արցախյան տարբեր պաշտոնյաների կողմից: Բանակցային գործընթացի քննարկման տաբուացումը խոչընդոտում էր նաև խնդրի շուրջ առողջ բանավեճի կայացմանը, ինչն իր հերթին բարդացնում էր Արցախյան հիմնահարցում նոր ու կրեատիվ լուծումներ գտնելու գործընթացը:

Վերոնշյալ երկու միտումը՝ պատերազմի վտանգի ու պատերազմին Ադրբեջանի պատրաստվածության աստիճանի չգիտակցումը և բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկումների տաբուացումը, նպաստում էին կեղծ օրակարգերի ձևավորմանը: Այդ կեղծ օրակարգերից ամենաակնառուն Արցախի ապագայի շուրջ բանավեճերն էին անկախության ու միացման կողմնակիցների միջև: Տվյալ օրակարգը կեղծ էր առաջին հերթին այն պատճառով, որ որևէ առնչություն չուներ հակամարտության գոտում առկա իրողությունների հետ, տեսական բնույթ էր կրում և չէր առաջարկում գործնական լուծումներ օրեցօր լրջացող մարտահրավերներին: Ադրբեջանի ակտիվ ռազմականացման ու պատերազմի պատրաստման ֆոնին անկախության ու միացման կողմնակիցների ճամբարների միջև տեղի ունեցող կրքոտ ու սուր վեճերը կարելի էր համեմատել մի իրավիճակի հետ, երբ առանց արգելակների ավտոմեքենան բարձր արագությամբ շարժվում է դեպի անդունդ, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող վարորդի ու ուղևորների միջև սուր բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ, թե նրանք մեկ ամիս հետո որ ուղղությամբ պետք է ճանապարհորդեն այդ ավտոմեքենայով: Լրջագույն գոյաբանական մարտահրավերների առկայության պայմաններում նմանատիպ օրակարգերի գերակայությունը հակամարտության շուրջ մինչպատերազմյան հանրային դիսկուրսում ինտելեկտուալ լճացման ևս մեկ կարևոր ցուցիչ է:

Ինչպես տեսնում ենք, 44-օրյա պատերազմին նախորդած շրջանում Արցախի ու Հայաստանի քաղաքական դասն ու վերլուծական դաշտը լրջագույն խնդիրներ ունեին հակամարտության գոտում առկա ու փոփոխվող իրողությունների սթափ ընկալման և գնահատման հետ կապված: Ինտելեկտուալ լճացման պատճառով հայկական երկու հանրապետությունների վերնախավերը ոչ միայն ընդունակ  չէին լուծումներ գտնել գոյություն ունեցող մարտահրավերի համար, այլև նույնիսկ չէին պատկերացնում այդ մարտահրավերների լրջության աստիճանը: Արդյունքում առաջնային պլան էին դուրս գալիս հին և նոր միֆերն ու կեղծ օրակարգերը: Հետպատերազմյան այս ծանր իրավիճակից ելքեր գտնելու համար պետք է կարողանանք մերժել դոգմատիկ մտածելակերպը և ինտելեկտուալ քաջություն ունենանք քննարկել ամենաբարդ խնդիրները՝ փորձելով գտնել ռացիոնալ լուծումներ:

 

Share

Comments are closed.