Վերջին շրջանում տարածաշրջանային ամենաքննարկվող հարցը դարձել է «3+3» ձևաչափը, որը, ինչպես ենթադրվում է, միտված է լինելու տարածաշրջանային ապաշրջափակմանն ու ուղիների և ենթակառուցվածքների վերաբացմանը։ Ինչպես գիտենք, 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց ստեղծել «Վեցի պլատֆորմը» կամ «3+3» ձևաչափը, որտեղ պետք է ներգրավված լինեն Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և այս երկրների երեք մեծ հարևանները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը[1]։
Այս զարգացումների և քննարկումների մեջ բավական հետաքրքիր է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը։ Ուշագրավ է, որ նախքան Թուրքիայի կողմից այս առաջարկի հրապարակումը պաշտոնական Թեհրանը դեռ 44-օրյա պատերազմի թեժ օրերին էր հանդես եկել համանման մի առաջարկով։ Պատերազմի առաջին օրերին՝ մինչև հոկտեմբերի առաջին օրերը, Իրանը կարծես դիտորդի դերում լիներ և ընդամենը հանդես էր գալիս պատերազմը դադարեցնելու մի շարք ֆորմալ կոչերով ու հայտարարություններով։ Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն հայտարարեց, որ Իրանը մի ծրագիր ունի, որը կներկայացնեն ինչպես հակամարտող կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, այնպես էլ՝ Ռուսաստանին և Թուրքիային[2]։
Սկզբնական շրջանում որևէ տեղեկություն չկար, թե դա ինչ ծրագիր է լինելու և որքանով իրատեսական։ Բայց հոկտեմբերի վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին սկսեց տարածաշրջանային դիվտուրը, որի շրջանակներում նախ հոկտեմբերի 29-ին եղավ Բաքվում։ Հանդիպելով բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ՝ Արաղչին հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին Բաքու, Անկարա և Մոսկվա կատարած այցերից հետո ժամանեց Երևան՝ հայկական կողմին ներկայացնելու իրանական խաղաղության ծրագիրը, որի մասին դեռ ակնարկել էին հոկտեմբերի սկզբին։
Նախ, Արաղչին քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ հայտարարելով, որ նրանց անկարողությունն ապացուցված է, և համանախագահ երկրները որևէ մտադրություն չունեն դադարեցնելու պատերազմը[3]։ Իրանն իր այս քայլով նպատակ ուներ նախ՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել, այսպես ասած՝ ոտք մեկնել Թուրքիայի հետ, որն այդ օրերից արդեն դարձել էր հակամարտության կարևոր կողմերից մեկը։ Միևնույն ժամանակ, Իրանը ցանկանում էր հեռահար հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ նշելով, որ ԼՂ հակամարտությունը սերտ առնչություն ունի տարածաշրջանային երկրների, ոչ թե՝ այնտեղ չգտնվողների հետ։
Նաև հարկ է հիշել այդ օրերին ֆրանս-թուրքական լարված հարաբերությունները, որոնք էլ փորձում էր օգտագործել Թուրքիան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցից դուրս թողնելու Ֆրանսիային։ Այսինքն, Իրանը հայտարարեց, որ հարցը պետք է քննարկել ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում, այլ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան ձևաչափով։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը տվեց հետևյալ առաջարկները՝
- «Օկուպացիայի» դադարեցում
- Պետությունների տարածքային ամբողջականության հարգում
- Միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիություն
- Մարդու իրավունքների և փոքրամասնությունների պաշտպանություն
- Խաղաղ բնակչության և բնակավայրերի դեմ բռնության դադարեցում[4]։
Ռազմական գործողությունների աննախընթաց արագության պայմաններում իրանական առաջարկն այդպես էլ մնաց թղթի վրա, և կողմերից որևէ մեկը խիստ ուշադրություն չդարձրեց դրան։ Արդեն նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը օրակարգ մտցրեց «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որը, կարծես, հեռահար նպատակ ունի կտրել Հայաստանը Իրանին կապող ցամաքային սահմանից, ԻԻՀ հայտարարություններն ավելի կոշտացան՝ կարմիր գիծ սահմանելով հայ-իրանական սահմանը։
2021-ի սկզբներից օրակարգում հայտնվեց թուրքական՝ «3+3» ձևաչափ ստեղծելու առաջարկը, որին մինչև հոկտեմբեր պաշտոնական Թեհրանը չէր արձագանքում կամ խիստ թեական վերաբերմունք ուներ, իսկ հոկտեմբերի 6-ին՝ ԻԻՀ արտգործնախարար Ամիր-Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ, նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Իրանը համաձայնել է մասնակցել այս ձևաչափին[5]։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ նոյեմբերի 9-10-ի փաստաթղթի ստորագրման ժամանակ Իրանը կարծես լուսանցքում էր, և այս երկիրը տեսնում է մի շարք վտանգներ, ինչ-որ առումով նրան ձեռնտու է մասնակիցը լինել «3+3» ձևաչափով հարցերի քննարկմանը, որտեղ նա կկարողանա վերականգնել տարածաշրջանային խաղացողի իր կարգավիճակը, ինչպես նաև հնարավորության դեպքում կփորձի հակազդել ադրբեջանաթուրքական ցանկություններին, որոնք կարող են իրագործվել ինչպես ի հակադրություն Հայաստանի, այնպես էլ՝ Իրանի շահերի։
Անդրադառնալով 2021-ի նոյեմբերին սպասվող սահմանազատման և սահմանագծման եռակողմ բանակցություններին՝ իրանական «Իրան Դիպլոմասի» վերլուծական կայքը գրում է․ «Չնայած Կովկասում իր կենսական շահերին՝ Իրանը, ինչպես անցած տարի, չի մասնակցում բանակցություններին, և Թուրքիայի քայլերը, ինչպես նաև Ռուսաստանի լռությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում երկու երկրների սահմանների վերջնական ճակատագրի վերաբերյալ: Իրանի հետ ցամաքային սահմանի ոչնչացման ջանքերը և՛ Հայաստանի Հանրապետությանն է դրել աշխարհաքաղաքական լուրջ երկընտրանքի առաջ, և՛ Իրանի ցամաքային մուտքը դեպի Եվրոպա կախվածության մեջ կդնի Պուտինի, Էրդողանի և Ալիևի ցանկություններից»[6]։
Ըստ իրանցի վերլուծաբանների՝ Իրանն ունի մի շարք մտավախություններ, որոնք են՝
- Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական սահմանների սահմանազատման բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունը՝ մտավախություն կա, որ Ռուսաստանը կընդունի այնպիսի ընթացակարգ, որը կվտանգի Իրանի ազգային շահերը։ Փաստն այն է, որ Եվրոպա գազի արտահանման ոլորտում Ռուսաստանն ունի Իրան կոչվող պոտենցիալ մրցակից, մինչդեռ Թուրքիան գազ չունի, հետևաբար այդ ոլորտում Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։
- Մյուս կարևոր մտավախությունը «միջանցքի» հարցն է, որի ստեղծման պարագայում գործնականորեն կփակվի Իրանի մուտքը Հայաստանի տարածք կամ կբախվի տեխնիկական լուրջ մարտահրավերների։ «Իրան Դիպլոմասի»-ն գրում է․ «Հաշվի առնելով նման միջանցքի ստեղծման և դրա՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական և մշակութային հետևանքները, որոնք կդժվարացնեն հյուսիս-հարավ միջանցքի ստեղծումը Իրանի Չաբահար նավահանգիստից դեպի Հայաստան, ապա Վրաստանից դեպի Եվրոպա, Իրանը պետք է օգտագործի իր ողջ ուժը՝ տապալելու այս դավադրությունը:
Վերջին մի քանի ամիսներն աչքի ընկան իրանաադրբեջանական հարաբերությունների լարմամբ, որն ուղեկցվեց երկկողմ զորավարժություններով, փոխադարձ սպառնալիքներով։ Անգամ որոշ վերլուծաբանների կողմից խոսվում էր երկու երկրների միջև պատերազմի սպառնալիքի մասին, բայց կողմերը կարծես հարթել են հարաբերությունները, և անգամ խոսք է գնում հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու մասին[7]։ Մասնավորապես, նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԻԻՀ-Ադրբեջան ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որտեղ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը խոսեց երկու երկրների միջև լարվածության թուլացման մասին, ինչպես նաև հիշատակեց, որ Իրանը աջակցում է տարածաշրջանային ձևաչափերը, այդ թվում՝ «3+3»-ը, և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ[8]։
Այս ամենին զուգահեռ՝ նաև բավական կասկածելի է, թե ինչպես է աշխատելու «3+3»-ը, քանի որ այնտեղ ներառված վեց երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանային այս կամ այն հարցի վերաբերյալ ունի տարբեր մոտեցումներ, որոնք հաճախ խստորեն հակասում են միմյանց։ Բացի այդ, երկրների մեջ կան այնպիսիք, որոնք հակամարտության մեջ են մեկը մյուսի հետ, ինչը միանշանակ էլ ավելի կդժվարացնի առանց այն էլ խրթին այդ հարցը։
Հետաքրքիր է նաև, որ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանն էլ նոյեմբերի 7-ին տված իր հարցազրույցում, խոսելով «3+3»-ի մասին, նշեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել այս ձևաչափում, սակայն այնպիսի հարցերի շուրջ, որոնք արդեն չեն քննարկվում ուրիշ որևէ կառույցում։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ, ըստ Հայաստանի, անգամ ստեղծվելու դեպքում այս ձևաչափը չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահությանը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակմանը միտված ՀՀ-ՌԴ-Ադրբեջան փոխվարչապետերի եռակողմ ձևաչափին։
_______________________________________________
[1] АНАЛИТИКА: «Платформа шести» – фундамент прочного мира на Южном Кавказе https://bit.ly/3nc0eWP
[2] ایران طرحی را برای پایان دادن به درگیریهای ناگورنو-قرهباغ آماده کرده است https://per.euronews.com/2020/10/05/saeed-khatibzadeh-iran-peace-plan-nagorno-karabakh-conflict-armenia-azerbaijan
[3] Iran criticises Minsk group’s peace efforts over Nagorno-Karabakh https://www.aljazeera.com/amp/news/2020/10/30/iran-criticises-minsk-groups-peace-efforts-over-nagorno-karabakh
[4] Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից https://www.azatutyun.am/a/30921042.html
[5] امیرعبداللهیان با لاوروف دیدار کرد
[6] از الآن خواب شوم آذربایجان و ترکیه را دریابیم
https://bit.ly/30lmNyZ
[7] Իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջին լարվածության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ https://theanalyticon.com/?p=16869#_ftn5 հղումով։
[8] گفتوگوی تلفنی وزرای امور خارجه ایران و جمهوری آذربایجان https://bit.ly/2YIFFrn