Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի»


2021թ. սեպտեմբերի վերջին Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը The National Interest կայքում հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում Ամերիկայի ձախողման մեկ տարին» հոդվածը, որում քննադատության ենթարկեց ամերիկյան վարչակազմի գործողությունները:

Նախկինում Մայքլ Ռուբինը աշխատել է Պենտագոնում, եղել է Իրաքի անցումային կառավարության քաղաքական խորհրդականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Ռուբինի հետ հարցազրույցը:

Ամենայն հավանականությամբ, ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Արդյոք ամերիկյան կողմն իրական հնարավորություններ ունե՞ր կանխելու այդ պատերազմը:

– Կոնգրեսը չի հաստատել՝ արդյո՞ք ԱՄՆ հետախուզությունը տեղյակ էր պատերազմ սկսելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Կարծում եմ, դա ավելի շուտ հետախուզության ձախողում էր, քան հարձակումը անտեսելու կանխամտածված միտումնավոր որոշում: Եթե ամերիկյան կողմն ունենար համապատասխան տեղեկատվություն, ժամանակին արված մերկացումը կարող էր կանխել հարձակումը: Ամեն դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանն անսպասելի հարձակում ձեռնարկեցին: Եթե Հայաստանն ու Արցախը նախապես իմանային այդ մասին, ապա կարող էին քայլեր ձեռնարկել հարձակումը կանխելու կամ սաստելու համար:

Ի՞նչ կարող էր անել, սակայն չարեց ԱՄՆն, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվեր։

– Պատերազմում որոշիչ դեր ունեցան ԱԹՍ-ները: Ամերիկան կարող էր օգնել ԱԹՍ-ների դեմ որոշ տեխնոլոգիաներով, սակայն եկեք իրատես լինենք. Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանական հարաբերությունները բացառում են նման զգայուն տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը: Իհարկե, ԱՄՆ-ը կարող էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Էրդողանը, անշուշտ, գերպարծենկոտ է, սակայն, երբ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց, նա ազատ արձակեց ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրենսոնին, որին որպես պատանդ էր պահում:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում էին, որ չնայած բազմաթիվ տարաձայնություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն ձևաչափն է, որտեղ նրանք իսկապես արդյունավետ համագործակցում են: Որքանո՞վ էին այդ հավաստիացումները անկեղծ:

– Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ավելի անկեղծ էր, քան Մոսկվան, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ հայտարարեց համաձայնագրերը: Մինսկի խումբը ստեղծվել էր բարի մտադրություններով և վերջին տարիներին որոշակի առաջընթաց էր գրանցել, բայց այն ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից չէր: Եթե Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները դեսպաններ էին, ԱՄՆ-ն այդ պաշտոնում նշանակում էր ավելի ցածր դասի դիվանագետների:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը մնո՞ւմ է արդյունավետ գործիք, թե՞ աշխատում է իներցիայով ու վաղ թե ուշ կկորցնի իր նշանակությունը:

– Ես կասեի, որ այն կորցրեց իր նշանակությունն անցյալ տարի:

Երևանում կան ուժեր, որոնք համարում են, որ, չնայած Ռուսաստանից կախվածության աճին, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ԱՄՆի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Բայց արդյո՞ք ամերիկյան կողմը մտադրություն ունի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավիչ լինել:

– Ոչ մի պատճառ չկա, որը կարող է խանգարել Հայաստանին լավ հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես դա անում են Ղազախստանը կամ Եգիպտոսը: Չնայած ԱՄՆ-ում շատերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի կապերին Ռուսաստանի և Իրանի հետ, Երևանը պետք է հակադարձի՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի և Արցախի ապօրինի շրջափակումը վերացնելու համար: Հայաստանը կարող է նաև օգտագործել Մեծ Բրիտանիայում, Իրանում և Ռուսաստանում իր սփյուռքի կապերը և իրեն դիրքավորել որպես դիվանագիտության հանգույց:

Դուք Ձեր հոդվածը եզրափակում եք Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Բայց արդյո՞ք պատրաստ կլինեն պատժամիջոցներ կիրառել մի նախագահի նկատմամբ, որը փաստացի ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆին և եվրոպացիներին, որոնք այսօր էներգիայի այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունեն:

– Նախ՝ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքից, առավել ևս՝ Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ չի ստանում: Մենք օգտագործում ենք Ալյասկայի, Մեքսիկական ծոցի կամ Բրազիլիայի ռեսուրսները: Ադրբեջանը կարևոր չէ այնքան, որքան իրեն թվում է՝ հատկապես հաշվի առնելով Արևելյան Միջերկրական ծովի հանքավայրերի զարգացումը: Բայց խնդիրն իրականում տնտեսական չէ, այլ այն է, որ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի: British Petroleum-ը եւ Լոնդոնը կարող են ունենալ իրենց քաղաքականությունը, սակայն ԱՄՆ-ը պետք է անհանգստացնող ազդակներ տեսնի և հրաժարվի իր կապերից, քանի դեռ նա [Ալիևը] չի հրահրել իրադարձությունների շղթա, որը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Mediamax.am

 

Share

Comments are closed.