Հիշեցում հանդիպման մասին․ ի՞նչ սպասել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր մարտերից

 

© РИА Новости, Григорий Сысоев

Ադրբեջանը վստահաբար կամեցել է հիշեցնել բանակցությունների ձգձգման գնի մասին։ Ղարաբաղից հրաժարվել չկա՞, ուրեմն՝ չկա սահմանազատում։ Սահմանազատում չկա՞, ուրեմն՝ կլինեն մշտական բախումներ, որոնք ներխուժում չեն որակվի։ Չկա՞ ճանաչված ներխուժում, ուրեմն՝ չկա Մոսկվայի օգնություն։

Վերջին տասնամյակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև եղել են այնքան ռազմական բախումներ, որ դրանց հիման վրա կարելի է ձևակերպել այս դիմակայության որոշ օրինաչափություններ, որոնք հեշտությամբ թույլ են տալիս կանխատեսել, թե որքան մեծ է լինելու բախումը հերթական անգամ։ Օրինակ, հրետանու գործածությունը ցույց է տալիս, որ իրերի դրությունը լրջանում է․ հակառակ պարագայում՝ ամեն ինչ կսահմանափակվեր ինքնաձգային փոխհրաձգությամբ։

Իրադարձությունների լրջության ևս մի ցուցիչը հակառակորդի զինծառայողների գերեվարումն է։ Հաշվի առնելով, որ Բաքուն Հայաստանին դեռ չի վերադարձրել 2020 թ․ գերեվարված անձանց, ավելին՝ նորերին է գերեվարում, ակնհայտորեն վատ նշան է։  Եթե հայերն անմիջապես սկսում են զանգահարել Մոսկվա և օգնություն խնդրել, ապա ակներև է, որ խնդիրն ընթացիկ լուծման ուղուց դուրս է։ Ի վերջո՝ շատ հատկանշական են կորուստների մասին հայտարարությունները․ որչափ դրանք ուռճացված են, այնչափ կողմերն ավելի մոտ են պատերազմի վերսկսմանը։

Այժմ այս բոլոր նշանները ցույց են տալիս, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել նշանակալից իրադարձություններ։ Երևանում հայտարարել են, որ ադրբեջանական կողմն ունի «մինչև 70 զոհ ու վիրավոր և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ», մինչդեռ իրենք ունեն միայն մեկ զոհ, 13 գերի և 24 անհայտ կորած զինծառայող։ Բաքվում հաղորդել են ադրբեջանցի յոթ զինծառայողի մահվան մասին․ այս ամենը շատ լուրջ մարտական գործողությունների մասին է վկայում։

Անդրկովկասյան ջենթլմենների ավանդույթները

Հերթական՝ այս անգամ վեցժամյա հայ-ադրբեջանական պատերազմը (մարտերը սկսվել են մոտավորապես նոյեմբերի 16-ի ժամը 12-ին և ավարտվել են նույն օրը ժամը 18.30-ին) վարվում էր հայկական անվամբ Ծիծեռնաքար և ադրբեջանական անվամբ Քիլիսալի լեռան հատվածում գտնվող երկու դիրքի համար՝ հայկական Գորիս քաղաքի հարևանությամբ։ Հաջորդ օրն առավոտյան Երևանը խոստովանել է, որ երկու դիրքերն էլ անցել են «հակառակորդի վերահսկողության տակ»։ Փորձել ճշտել, թե ով է առաջինը կրակել՝ միանգամայն անիմաստ է․ կողմերն, ըստ վաղեմի սովորության, միմյանց են մեղադրում, պնդելով, որ հակառակորդը «սադրանքի» է դիմել՝ «սեփական դիրքերը բարելավելու նպատակով»։

Երկու երկրների միջև սահմանային վեճերն այս տարվա ընթացքում պարբերաբար ու անընդհատ են ծագել, բայց մինչ այդ դրանք չէին հանգեցնում այսքան լայնածավալ մարտերի։ Նախկինում որոշ վեճեր լուծվում էին բռունցքներով, որոշ դեպքերում էլ ադրբեջանցիները, չսպասելով լուրջ պատասխանի, պարզապես վիճելի սահմանային հատվածներում և մինչև իսկ հայկական տարածքում անխոչընդոտ դիրքեր էին տեղակայում։

Դեռ մայիսին հայերն աջակցության ակնկալիքով ՀԱՊԿ-ին դիմել էին հայտով։ Ղարաբաղի մասով այդ կազմակերպության պատասխանը միշտ նույնն է  եղել՝ միջազգային իրավունքի համաձայն այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ուստի դաշնակիցները պարտավոր չեն ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանին սատարել։ Այժմ ամեն ինչ այլ կերպ է․ խոսքը բուն Հայաստանի տարածք ներխուժելու մասին էր։ Սակայն ՀԱՊԿ-ն մերժել է հայտը՝ այս անգամ Սև լճի մերձակայքում տեղի ունեցած դեպքերը որակելով «սահմանային միջադեպ»։ Այդօրինակ ձևակերպումը Երևանին շատ է բարկացրել․ պարզվել է, որ ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանի համար գործնականում անօգուտ է։

Ամռանն ու աշնանն այսպիսի «սահմանային միջադեպերը» հաճախակիացել են։ Հատկապես հիշվող է նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ամենավերջին միջադեպը․ Telegram-ում հայտնված տեսագրություններում ադրբեջանցիները պարզապես մի քանի հայկական դիրք առանց դիմադրության են վերցրել։ Դիրքապահ ծառայություն իրականացնող հայ զինվորականները պարզապես հեռացել են․ միջադեպը Երևանում մեծ աղմուկ է բարձրացրել և հանգեցրել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը։

Հենց դրա համար էլ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերն ավելի նման էին վերջին պարտության ստորացումը հաղթահարելու և հակառակորդին դիմագրավելու՝ հայերի փորձերին։ Ըստ երևույթին, ադրբեջանցիները փորձել էին նույն սցենարով էլի նոր դիրքեր գրավել, իսկ հայերը ջանացել էին իրենց ավելի լավ դրսևորել։ Առավել ևս, որ այդ բարձունքների վերահսկողությունից է կախված Հայաստանի հարավից դեպի Երևան ձգվող մայրուղին գնդակոծելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ այդ մայրուղու մի հատվածում ադրբեջանցիներն արդեն տեղադրել են երկու սահմանակետ։

Զգալով, որ նորից ՀԱՊԿ դիմելն անիմաստ է՝ Հայաստանում հիշել են 1997 թ․Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրի մասին։ Դրանում ևս կան այնպիսի ձևակերպումներ, որոնք ենթադրում են փոխադարձ ռազմական աջակցության ցուցաբերում կողմերից մեկի դեմ ագրեսիայի պարագայում։  Օրինակ, կողմերը պետք է «անհապաղ միմյանց հետ խորհրդակցություններ անցկացնեն ամեն անգամ, երբ կողմերից մեկի կարծիքով իր դեմ զինված հարձակման սպառնալիք է առաջանում» և փոխադարձ համաձայնությամբ «որոշել աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը, տեսակներն ու ծավալները»։

Սակայն այս համաձայնությունը նույնպես չի գործել, երբ վիճելի տարածքում մարտեր էին ընթանում։ Թեև Երևանում հայտարարել են, որ Ռուսաստանին օգնության խնդրանքով են դիմել, Մոսկվայում պնդում են, որ Երևանից գրավոր հայտ չեն ստացել, իսկ առանց դրա օգնության ցուցաբերման մեխանիզմը մեկնարկել չի կարող։ ՀԱՊԿ-ն, իր հերթին, տեղի ունեցող իրադարձություններին սոսկ երեկոյան է արձագանքել՝ կողմերին պարզապես երկխոսության կոչ անելով․ «Հայկական կողմից քարտուղարություն պաշտոնապես ոչ մի հայտ չի ստացվել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական եղանակով»։

Հայկական իշխանություններն այնքան հիասթափված էին Մոսկվայի վարքագծով, որ փաստորեն նրան վերջնագիր են ներկայացրել։ «Հայաստանը համարում է, որ ճգնաժամը հնարավոր է լուծել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով։ Բայց եթե նրանք դա անել չեն կարողանա, ապա Երևանը ստիպված կլինի դիմել այլ միջազգային գործընկերների»,- հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն իր անցյալի պատճառով ռուս ուժայինների շրջանում ի սկզբանե լավ վարկանիշ չունի։ Գրիգորյանը զինվորական չէ․ նա եղել է քաղաքացիական ակտիվիստ, համագործակցում էր Transparency International-ի պես արևմտյան կազմակերպությունների հետ և մասնակցել է 2018 թ․ թավշյա հեղափոխությանը։

Այս խոսքերից հետո Գրիգորյանը ցուցադրաբար հանդիպել է երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի դեսպանների հետ, կարծես թե ուրվագծելով հնարավոր դաշնակիցների շրջանակը։ Եթե առաջին երկուսի հետ հանդիպումը միանգամայն ըմբռնելի է՝ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի մաս են, ապա Իրանն էկզոտիկ տարբերակ էր։ Իրանը թեև հայ-ադրբեջանական կարգավորմամբ երբեք չի զբաղվել, վերջերս Երևանին մերձենալու որոշակի քայլեր է արել՝ Բաքվի հետ աճող թյուրըմբռնումների և խնդիրների ֆոնին։

Նման ցուցադրական քայլերի արդյունավետությունն, իհարկե, տարակուսանք է առաջացնում։ Նոյեմբերի 16-ի մարտերը, միևնույնն է, դադարել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի զանգի շնորհիվ, որը զրուցել է իր թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Եթե հաջորդ օրը մարտերը շարունակվեին, ապա անհարմար վիճակում կհայտնվեին բոլորը․ Մոսկվայում պետք է կայանար ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը, որին պետք է ներկա լինեին և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ներկայացուցիչները։

Գագաթնաժողով, որը չի եղել

Երբ թնդանոթները լռել են՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել են Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ գագաթնաժողովի մասին, որը պետք է կայանար երկրորդ ղարաբաղյան պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ, բայց տեղի չի ունեցել։ «Անկասկած, ինչ-որ փուլում այդպիսի շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր դառնան՝ անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- պատասխանել է նա։

Հակամարտության կարգավորմանը նոր լիցք հաղորդելուն ունակ այսքան կարևոր հանդիպման ձախողման մասին այս օրերին հիշում էին և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Բայց այն անցկացնելու «պայմանավորվածության բացակայության» մասին առաջինը խոսել է Փաշինյանը, դրա համար հանդիպման ձախողման մեղավորը համարվում է ինքը։ 

Փաշինյանն, իրոք, մեղավոր է համարվում, որովհետև պատերազմի ավարտի առաջին տարելիցին կողմերը հասել են առանց բանակցային ոլորտում զգալի հաջողություններ արձանագրելու։ Ադրբեջանը վստահաբար ձգտում էր Հայաստանից նոր զիջումներ կորզել, օրինակ՝ Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապելիք Զանգեզուրյան միջանցք բացելու համաձայնություն, կամ նույնիսկ՝ Հայաստանի կողմից Ղարաբաղի նկատմամբ բոլոր հավակնություններից հրաժարում։

Իհարկե, նման բան Փաշինյանը ստորագրել չէր կարող, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է գագաթնաժողովի չեղարկմանը։ Դրանից հետո Ադրբեջանը վստահաբար կամեցել է հիշեցնել բանակցությունների ձգձգման գնի մասին։ Ղարաբաղից հրաժարվել չկա՞, ուրեմն՝ չկա սահմանազատում։ Սահմանազատում չկա՞, ուրեմն՝ կլինեն մշտական բախումներ, որոնք ներխուժում չեն որակվի։ Չկա՞ ճանաչված ներխուժում, ուրեմն՝ չկա Մոսկվայի օգնություն։

Այս գործընթացն ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն անվանել է «Սահմանազատում պարտադրելու գործողություն»։

Հայտարարություններն այն մասին, որ նոյեմբերի 16-ի մարտերով Ադրբեջանը ձգտում էր ուժով բացել Զանգեզուրի միջանցքն, անկասկած, չափազանցություն են։ Սակայն, Բաքվին շատ ձեռնտու չափազանցություն։ Այնտեղ ակտիվորեն ակնարկում են, որ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի հավակնություններն ազատ են արձակում Ադրբեջանի ձեռքերը Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքից տարանջատող Սյունիքի մարզի նկատմամբ հայելային պահանջատիրության համար։

Հետագայում արյունալի «սահմանային միջադեպերից» խուսափելու համար սահմանազատումից բացի, ըստ երևույթին, այլ դեղատոմս չկա։ Ադրբեջանի համար այդպիսի մարտերն ազդեցության կարևոր լծակ են, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ առանց Ղարաբաղից հրաժարվելն ամրագրող ամբողջական սահմանազատման Բաքուն ունակ է Երևանի համար լրջագույն խնդիրներ ստեղծել բուն իսկ Հայաստանի տարածքում։

Ռուսաստանի ներկայությունը նույնպես ինքնաբերաբար լարվածությունը չի մեղմելու։ Սյունիքում արդեն իսկ տեղակայված են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի երկու հենակետեր, այստեղ են նաև ռուս սահմանապահներ, առայժմ դեռևս մեկ՝ հայկական կողմից։ Իդեալական տարբերակ կլիներ այս տարածաշրջանում ստեղծել ապառազմականացված գոտու պես մի բան՝ առնվազն մինչև սահմանազատման գործընթացի վերջնական ավարտը։ Բայց այս գաղափարը շատ համարձակ է, քանի որ Ադրբեջանն առանց այդ էլ Ռուսաստանին շատ է քննադատում հայերին կողմնապահաբար սատարելու համար։ Այդ իսկ պատճառով՝ Բաքուն հազիվ թե համաձայնվի Սյունիքում ռուս զինվորականների իրավասությունների ընդլայնմանը։ Իսկ դա նշանակում է, որ Շոյգույի զանգերը դեռ կմնան կրակի դադարեցման ամենաարդյունավետ մեխանիզմը։

Կիրիլ ԿՐԻՎՈՇԵԵՎ

«Կառնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոն

 

Share

Comments are closed.