Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության

 

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ադրբեջանի հարցերով փորձագետ
Երևան

Նոյեմբերի 9-ին լրացավ հրադադարի մասին եռակողմ հայտարարության առաջին տարելիցը: Դրանից մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի ռազմական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ օկուպացված Շուշիում էին: Իր ելույթի ժամանակ Ալիևը հերթական անգամ «բռունցքով» սպառնաց հայկական կողմին՝ նշելով, որ «եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը»[1]:

Եվ մինչ Ալիևը հերթական հայատյաց ու սպառնալիքներ պարունակող ելույթն էր հնչեցնում օկուպացված Շուշիից, ադրբեջանական կողմը ապահովում էր դրա «գործնական» բաղադրիչը: Արցախից հաղորդվող պաշտոնական տեղեկության համաձայն՝ «նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Մարտին Երեմյանը, մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն»[2]: Փաստացի, այս սպանությունը տեղի է ունենում Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով:

Սա արդեն երկրորդ դեպքն է հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո, երբ հայ լինելու համար քաղաքացիան անձը սպանվում է իր աշխատանքը իրագործելիս՝ ռուս խաղաղապահի «քթի տակ»: Առաջին նման դեպքը գրանցվեց այս տարվա հոկտեմբերի 9-ին, երբ իր այգում աշխատելու ժամանակ ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից սպանվեց 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը:

Ադրբեջանի այս գործելաոճը մի կողմից ուղղված է ռուսական խաղաղապահ առաքելության դելեգիտիմացմանն ու նսեմացմանը, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության ահաբեկմանը: Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ամեն կերպ փորձել ցույց տալ Արցախում ապրող հային, որ վերջինս չի կարող իրեն անվտանգ զգալ անգամ ռուս խաղաղապահի ներկայության պայմաններում: Այսպիսով, Արդբեջանը նպատակ ունի հայաթափել Արցախն ու դրանով «լուծել» արցախյան հարցը: Պատահական չէ, որ 2021 թվականի հուլիսին ադրբեջանական «AzTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Ադրբեջանցի ժողովուրդն իսկապես հիասթափվում է, երբ այսօր Ֆրանսիայից կամ ԱՄՆ–ից հայտարարություններ են արվում՝ ի հակադրություն այն իրականության, որ հակամարտությունը լուծված է: Ես Ադրբեջանի նախագահն եմ, և ես արդեն լուծել եմ հակամարտությունը: Չկա Լեռնային Ղարաբաղ և չկա կարգավիճակի հարց: 25 հազար մարդ է ապրում այնտեղ: Ո՞րն է տրամաբանությունը կարգավիճակ տալ 25 հազար մարդու համար»[3]:

Ալիևի այդ հայտարարությանն ի պատասխան Մանե Թանդիլյանը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը, արձանագրել էր. «Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ Արցախում շատ արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ, և այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120 000 հայ»[4]: Այսպիսով, պաշտոնական Բաքուն փորձում է Արցախի ապագա հնարավոր կարգավիճակի հարցը պայմանավորել Արցախում բնակվող հայերի թվով: Այդ նպատակով էլ Ալիևը փորձում է Արցախի բնակչության վերաբերյալ շինծու թվեր ներկայացնել՝ դրանով ջանալով կանխել բանակցությունները համապարփակ և ամբողջական կարգավորման շուրջ, ինչն, իհարկե, ենթադրում է նաև ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի սահմանում, որը արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջ քաշված հիմնարար սկզբունքներով[5]:

Դիվանագիտական կարգավորմանը խոչընդոտելու հետ մեկտեղ Բաքուն Անկարայի հետ միասին շարունակում է մշակել իրենց առջև դրված ռազմավարական խնդիրների ռազմական լուծման սցենար: Հենց այդ նպատակով էլ այս տարվա սեպտեմբերին ադրբեջանա–թուրքական համատեղ հերթական զորավարժություններից մեկն անցկացվեց Բերձորի տարածքում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրին շատ մոտ: Բերձորը Հայաստանն ու Արցախը կապող կենսական ճանապարհ է: Դա հասկանալով՝ մեր հակառակորդները մշակում են այդ ճանապարհը կտրելու ռազմական ծրագիրը:

Ադրբեջանի որդեգրած ահաբեկչական քաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն Արցախում ապրող մեր հայրենակիցների, այլ նաև ՀՀ սահմանամերձ շրջաններում ապրող հայ բնակչության նկատմամբ: 22-ամյա Մարտին Երեմյանի սպանությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 9–ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել և նշանառության տակ առել Վայոց Ձորի Խաչիկ գյուղում աշխատող տրակտորիստի ուղղությամբ[6]: Այս ամենը զուգորդվում է այնպիսի գործողություններով, որ սահմանամերձ շրջաններում ապրող ՀՀ քաղաքացիները բախվեն սոցիալական լուրջ խնդիրների հետ:

Օրինակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմիցս ահազանգել է, որ ադրբեջանցի զինծառայողները միտումնավոր կերպով հրդեհում են սահմանամերձ շրջանների բնակիչներին պատկանող արոտավայրերն ու խոտհարքները[7]: Այս ամենը զուգորդվում է այսպես կոչված «ճանապարհների ճգնաժամով», որոնք ևս միջոց են Ադրբեջանի ձեռքին հայ բնակչությանն ահաբեկելու քաղաքականության իրագործման տեսանկյունից: Մասնավորապես, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Գորիս–Կապան ավտոճանապարհի վրա այս տարվա սեպտեմբեր ամսին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ են հնչեցրել նրանց հասցեին՝ կոչ անելով կրկնել «Ղարաբաղը Ադրբեջան է» արտահայտությունը[8]: Նման գործելաոճ դրսևորվել է նաև հայ ռազմագերիների նկատմամբ, որոնցից շատերը, ի հեճուկս հրադադարի մասին հայտարարության 9-րդ կետի, դեռևս չեն վերադարձվել հայրենիք:

Հետպատերազմյան շրջանում Արցախի և Հայաստանի անվտանգային մարտահրավերներն էլ ավելի են խորացել: Դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ ինքնիշխան տարածք մի քանի ուղղություններով ադրբեջանական զորքերի ներթափանցումը շատ ավելի վտանգավոր գործընթացի «նախերգանք» էր: Ադրբեջանն ու Թուրքիան հստակ մշակել են ՀՀ սուվերենի տարածքի հաշվին՝ Սյունիքով «միջանցք ունենալու» ռազմական ծրագիրը և փորձում են քայլ առ քայլ հասնել դրա իրագործմանը: Վերջին օրերին ռազմական ակտիվ գործողությունների ծավալումը և ադրբեջանական կողմի հերթական սադրանքը դրա վառ ապացույցն են:

Բնական է, որ այստեղ նաև աշխարհաքաղաքական շահերի բախման հետ ենք առերեսվում: Մասնավորապես, իրանական կողմը բազմիցս, տարբեր մակարդակներով հայտարարել է, որ «Իրանը Հարավային Կովկասում քարտեզի փոփոխություններ չի հանդուրժի»[9]: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, շեշտել է՝ «Մեզ մոտ միջանցքներ չկան։ Մենք չենք քննարկում միջանցքների հարցը։ Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը…»[10]:

Այդուհանդերձ, թեև տարածաշրջանային երկրների կողմից հնչող հայտարարություններին, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են քայլեր ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիայի ուղղությամբ: Ընթացող ակտիվ զորավարժությունները, քննարկումներն ու հնչող հայտարարությունները փաստում են, որ Բաքուն ու Անկարան պատրաստվում են ցանկացած հնարավոր սցենարի, այդ թվում ուժի հնարավոր կիրառման՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Հայկական կողմի քայլերը պետք է համարժեք լինեն այս իրականությանը, հակառակ դեպքում վտանգվում է ՀՀ ինքնիշխանությունն ու պետականությունը:

___________________________

[1]  Azərbaycan Prezidenti, Ali Baş Komandan İlham Əliyev Şuşada hərbçilər qarşısında çıxış edib, 08.11.2021, https://apa.az/az/xeber/resmi-xeber/azerbaycan-prezidenti-ali-bas-komandan-ilham-eliyev-susada-herbciler-qarsisinda-cixis-edib-yenilenib-1-669765

[2] Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանր, 08.11.2021, https://www.azatutyun.am/a/31551499.html

[3] «Нет ни статуса, ни Нагорного Карабаха» – Алиев, 23.07.2021, https://rus.azatutyun.am/a/31373905.html

[4] Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին, 24.07.2021, https://armeniasputnik.am/20210724/mane-tandilyan-patasxanel-e-ilham-alievin-28418959.html

[5] Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries, 10.07.2009, https://www.osce.org/mg/51152

[6] Խաչիկ գյուղի բնակչին հակառակորդի կողմից սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 10.11.2021, https://www.aravot.am/2021/11/10/1228228/

[7] Ադրբեջանցիները հրդեհել են Նորաբակ–Ազատ ճանապարհահատվածի արոտավայրերը․ ՄԻՊ–ի տեսանյութը, 05.09.2021,

[8] https://twitter.com/atatoyan/status/1438936081337028613?s=20

[9] Իրանը Հարավային Կովկասում քարտեզի փոփոխություններ չի հանդուրժի․ Իրանի ԱԳ նախարար, 06.10.2021, https://bit.ly/3nzre2m

[10] Օվերչուկ. Մեզ մոտ միջանցքներ չկան և այդ հարցը չենք քննարկում, 20.09.2021, https://www.azatutyun.am/a/31469116.html

 

Share

Comments are closed.