2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական կոնֆլիկտը փոխակերպվել է և ընդլայնվել՝ հասնելով Հայաստանի տարածքին։ Կողմերն ավելի են հեռացել որևէ լուծումից, բանակցությունների հին ձևաչափը սառեցված է, իսկ նորը չի ապահովում բոլոր կողմերի շահերը։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի և ընդհանուր առմամբ հայ–ադրբեջանական կոնֆլիկտի մասին։
Ձևաչափերի քասթինգ
«2020 թ-ի աշնանը տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը սառեցվել է [ձևաչափ, որի շրջանակում էին ընթանում խաղաղ բանակցությունները մինչև Արցախյան երկրորդ պատերազմը — JAMnews]։ Դրան զուգահեռ նոր ձևաչափեր են ի հայտ եկել, օրինակ՝ «եռակողմ ձևափաչը» (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) և թուրքական «3+3»-ը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները [Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա] բազմիցս հայտարարել են հակամարտության քննարկումը շարունակելու անհրաժեշտության մասին։ Ի տարբերություն նոր ձևաչափերի՝ Մինսկի խումբը մեծ փորձ ունի, ավանդույթներ և տեխնիկական միջոցներ։
Այս պահին քասթինգ է ընթանում։ ՄԽ-ն փորձում է վերագործարկել իր գործունեությունը, վերակենդանացնել Մինսկի գործընթացը։ Հաջողելու հավանականություն կա, և այն փոքր չէ՝ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հայտարարում է, համենայնդեպս, հանրային մակարդակում, որ չի ընդունում Ղարաբաղյան խնդրի առկայությունը։
Մեծ հաշվով, ՄԽ վերածնունդն անհրաժեշտ է բոլոր երեք համանախագահներին և Հայաստանին։
Ադրբեջանին այն պետք չէ, սակայն այս միջազգային ձևաչափից դուրս գալ էլ այն ի վիճակի չէ․ ի վերջո, այնտեղ լուրջ երկրներ են։
Այն ամենն, ինչ անում է Ադրբեջանը, սպառնալից և ոչ սիրալիր խոսքերն են ՄԽ հասցեին։ Համանախագահները Բաքու են ժամանում, Ալիևը երկար ու զայրալից ելույթներ է ունենում տեսախցիկների առջև, այնուհետև փակ դռների հետևում մի քանի ժամ բանակցում է նրանց հետ։
Ես սա գնահատում եմ որպես բավականին լուրջ փաստարկ, որ ՄԽ-ն վերածնվել է։ Նման հեռանկար կա, և այն իրական է»։
Արցախյան հակամարտություն
«Համանախագահները հայտարարում են Արցախի կարգավիճակի քննարկման անհրաժեշտության մասին՝ չհստակեցնելով, թե ինչ է ենթադրում այդ բառը։ Ըստ էության, կարգավիճակն ու անկախությունը կամ Ադրբեջանի կազմից դուրս գալը տարբեր բաներ են։ Կարգավիճակ բառի տակ կարելի է հասկանալ ինչպես Արցախի անկախությունն, այնպես էլ մշակութային ինքնավարության կարգավիճակը, լեզվական իրավունքների կարգավիճակը, տարածքային ինքնավարության կարգավիճակը, լայն ինքնավարության կարգավիճակը և այլն։
Ալիևն ասում է, որ հարցը լուծված է, սակայն ասել, որ հարցը լուծված է և դրա իրոք լուծված լինելը տարբեր բաներ են։
Արցախյան խնդիրը որտեղ կար, այնտեղ էլ մնացել է։
Այն տարածքի վրա, որն Ադրբեջանն իրենն է համարում, այսօրվա դրությամբ հողակտոր կա, որտեղ ապրում են մարդիկ, որոնք չեն ենթարկվում Բաքվի իշխանությանը։
Այդ տարածքում ուրիշ արժույթ է, մարդիկ ուրիշ լեզվով են խոսում, նրանք ուրիշ անձնագրեր ունեն, Արցախի Հանրապետություն են հռչակել, որը Բաքուն չի ճանաչում։ Եվ այս խնդրի հետ վաղ թե ուշ մի բան պետք է անել։
Բաքուն երկու տարբերակ ունի․ նա պետք է կա՛մ սպանի այդ մարդկանց, կա՛մ արտաքսի, ինչպես տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք նրան հաջողվել է զավթել պատերազմի ընթացքում, կա՛մ փորձի խոսել այդ թեմայով։
Մարդկանց ոչնչացնել Ադրբեջանը չի կարող, քանի դեռ այնտեղ ռուս խաղաղապահներն են։ Իսկ խոսել չի ուզում։ Հետևաբար, հարցն օդում կախված է, սակայն այդպես չի կարող անվերջ շարունակվել»։
Ռուսաստանի դիրքորոշումը
«Ռուսաստանը բազում խնդիրներ ունի հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում, որոնք ուղղակիորեն կապված չեն Մինսկի խմբի ձևաչափի հետ, որը զբաղվում է բացառապես Արցախյան խնդրով։
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավելի լայն է, քան Արցախյան խնդիրը։
Ռուսաստանը ստիպված է զբաղվել հայ-ադրբեջանական սահմանի խնդիրներով [կան վիճելի տարածքներ, պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում], Սյունիքի «միջանցքով» [ճանապարհ Հայաստանի տարածքով, որն Ադրբեջանը կկապի իր էքսկլավ Նախիջևանի հետ] և այլն։ Եվ ռուսներն ուզում են, որ այդ սուր հարցերը լուծվեն հիմա։
Արցախում մի փոքր այլ խնդիր է։ Այնտեղ քաղաքացիների ֆիզիկական գոյության, մատակարարման, կապի և այլի խնդիրներ են։ Ռուսաստանը լուծում է այդ հարցերը հիմա, որպեսզի կարգավիճակի հարցով զբաղվի ավելի ուշ, երբ հնարավոր լինի մոտենալ դրան»։
«3+3» ձևաչափը
«Այն չի ստացվի գործարկել։ Անգամ եթե ստացվի, ինչ-որ հայտարարություններ կարվեն և հուշագիր կստորագրվի։ Ձևաչափը, որում միաժամանակ ներգրավված են Ռուսաստանը և Վրաստանը, Թուրքիան և Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը, ապրիորի չի կարող աշխատել։
«3+3»-ը թուրքական ձևաչափ է։ Առաջին անգամ այդ մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո։
Սա Հարավային Կովկասում թուրքական ազդեցությունն ինստիտուցիոնալ մակարդակի բերելու փորձ է։ Դե ֆակտո դա արդեն տեղի է ունեցել։
Թուրքիան մեծապես ներկայացված է Ադրբեջանում և Վրաստանում, հիմնականում՝ տնտեսական և մշակութային կյանքում (փափուկ ուժ)։ Իսկ Արցախյան պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում ներկայացված է նաև անվտանգության ոլորտում։ Թուրքերն ուզում են այս ձևաչափով դա ամրագրել պաշտոնապես, Կովկասը վերածել իրենց ազդեցության գոտու։
Սակայն այստեղ կողմերի շահերը ոչ միայն պարզապես տարբերվում են, այլև բացարձակ հակասում են միմյանց։ Ռուսաստանի տեսանկյունից՝ ձևաչափը պետք է լինի ոչ թե «3+3», այլ «3+5»։ Քանի որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ճանաչում է 5 պետություն, այլ ոչ թե 3՝ ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան։ Հետաքրքրական է, թե ինչպես դրան կնայի Թուրքիան կամ Իրանը։
Բացի այդ, «3+3» ձևաչափում Կասպյան խնդիրը դառնում է բոլոր երկրների խնդիրը։ Հայաստանը նո՞ւյնպես լուծելու է Կասպից ծովի, Թուրքմենստանի հետ հարաբերությունների խնդիրները։ Մի՞թե այս մասին կարելի է լուրջ խոսել։
Բացի այդ, Ռուսաստանի խնդիրն այս տարածաշրջանում իր ազդեցությունն ամրագրելն է՝ ի հեճուկս Արևմուտքի։ Վրաստանը հենց արևմտյան ուղղվածություն ունի։ Իրանի խնդիրն արտաքին՝ հիմնականում իսրայելական և ամերիկյան ուժերի ազդեցությունը բացառելն է։ Մի խոսքով, այս ձևաչափում հակասություններն այնքան շատ են, որ դա չի կարող աշխատել։
Հայաստանը՝ ճնշման տակ
«Այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, գիտության մեջ կոչվում է «ցածր ինտենսիվության կոնֆլիկտ»։ Ադրբեջանը հայերի վրա ճնշում է գործադրում․
- դիսկուրսիվ, երբ Ալիևն անընդհատ պնդում է, որ Ղարաբաղ չկա, խնդիրը լուծված է,
- դիվանագիտական՝ երրորդ երկրների միջոցով, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները չկան,
- կոմունիկացիաների ոլորտում․ Հայաստանի շրջափակումը եղել է միշտ, բայց հիմա այն էլ ավելի է խորանում,
- ռազմականացված ձևով, որը տեղի է ունենում մայիս ամսվանից, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և այն իրենը հայտարարել»։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը
«1. Բաքուն ուզում է Հայաստանին ստիպել միջանցք բացել (Ադրբեջանի և Թուրքիայի միջև արտատարածքային ճանապարհ Հայաստանի հարավով)՝ պայմանով, որ այդ ճանապարհի անվտանգությունը հայերը չեն ապահովելու։
Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունում կողմերը համաձայնել են ճանապարհների բացմանը։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ ես կարող եմ վաղը մեքենա նստել և Բաքվով Դերբենտ գնալ։ Ո՞վ է ապահովելու իմ անվտանգությունը ողջ ճանապարհի ընթացքում։ Կամ արդյո՞ք դա նշանակում է, որ հայ գործարարը կարող է իր մրգերը բեռնել և Ստավրոպոլ հասցնել Գյանջայով։
Սա անլուրջ է։ Ստացվում է, որ ճանապարհների բացումը վերաբերում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանին։ Եվ նա ուզում է, որ իր ավտոմեքենաներն ու գնացքները կանգ չառնեն այդ ճանապարհին և չստուգվեն հայ պաշտոնատար անձանց կողմից։ Իսկ հայկական կողմը պնդում է, որ միայն ճանապարհները պետք է բացվեն, և այստեղ կողմերը լուրջ տարաձայնություններ ունեն։
Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է։ Ադրբեջանը Նախիջևան տանող ճանապարհ ունի Իրանի տարածքով։ Ադրբեջանից Թուրքիա տանող երկաթուղի նույնպես կա (Ախալքալաք-Կարս), ընդ որում՝ այն գրեթե չի աշխատում, քանի որ տեղափոխելու բան չունեն։ Այն ամենն, ինչ իրոք Ադրբեջանից Թուրքիա է հասնում, նավթն ու գազն է, և դրանք կանոնավոր կերպով տեղ են հասնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Ոչ մի ուրիշ ճանապարհ Ադրբեջանին իրականում պետք չէ։
Ադրբեջանի այս պահանջը հակասում է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն։ Ադրբեջանն ասում է՝ եկեք ճանապարհները բացենք, բայց միաժամանակ փակում է ճանապարհներ Հայաստանի տարածքում, որոնք Հայաստանից դեպի Հայաստան են տանում։
Իրականում, Ադրբեջանը չի ուզում ճանապարհների բացում, այն ուզում է կոնկրետ մեկ արտատարածքային ճանապարհի բացում, որը Հայաստանի շահերից չի բխում։ Այլ բան է, որ դրան դիմադրելու ռեսուրս նա չունի։
2. Ադրբեջանն ուզում է Հայաստանին ստիպել փաստաթուղթ ստորագրել՝ որպես Արցախի հետ միասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, որը Բաքուն կարող է ներկայացնել իր ներքին լսարանին։
3. Ադրբեջանն ուզում է պոկել ինչ կարող է՝ որպես հավելում իր հաղթանակին»։
Ռուսաստանի կարմիր գիծը
«Այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ սահմանին, լայնամասշտաբ պատերազմ չես անվանի, այդ պատճառով էլ Մոսկվան չի միջամտում։ Ըստ էության, տարածաշրջանում Ռուսաստանի առկայության պատճառով է, որ այդ պատերազմը չկա։
Այն, ինչ կատարվում է սահմանին, մի ձևաչափ է, որին մասնակցում է Ռուսաստանը, սակայն նրանից սպասել, թե պաշտպանելու կամ կռվելու է հայերի կողմից, չարժե։ Ռուսաստանն անում է այն, ինչ անում է, և նրա գործողությունները տարբերվում են Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի գործողություններից։
Թուրք-ադրբեջանական շահերը համընկնում են։ Իսկ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը տարբեր են, ինչ-որ տեղ դրանք համընկնում են, ինչ-որ տեղ՝ ոչ։
ՌԴ շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերը նվազագույնի հասնեն, որպեսզի սրացումներ չլինեն և ամեն անգամ Մոսկվա չզանգեն, քանի որ Մոսկվան այդ հարցերով պետք է ուղղակիորեն զբաղվի։
Հայաստանին էլ է պետք հանգիստ սահման։ Իսկ թե որտեղով է անցնելու այդ սահմանը, Ռուսաստանի համար մեկ է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահման երբեք չի եղել։ Եվ այս կոնֆլիկտը բանակցությունների սեղանի շուրջ տեղափոխել Ռուսաստանը փորձում է, բայց նրա մոտ չի ստացվում։ Որովհետև Ադրբեջանն ուրիշ շահ ունի, իսկ Ռուսաստանը չի զոհաբերելու իր շահերը՝ հանուն Հայաստանի։
Այս հարցում Ռուսաստանի կարմիր գիծը լայնամասշտաբ պատերազմն է, այլ ոչ թե ցածր ինտենսիվության տարրերը։ Սակայն լայնամասշտաբ պատերազմի դեպքում էլ չարժե սպասել, որ Ռուսաստանն իր կործանիչներն օդ կբարձրացնի և կսկսի ռմբակոծել Բաքուն»։