Նոյեմբերի 14-16-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան 44-օրյա պատերազմից հետո ամենածավալուն մարտական բախումները։ Բաքուն մեկ անգամ ևս հասկացնել տվեց, որ Երևանին իր օրակարգը և բանակցային գործընթացի հետագա ընթացքի սեփական տեսլականը պարտադրելու իր ձգտման մեջ մտադիր չէ հրաժարվել ուժային գործողություններից։ Իսկ Երևանն էլ հասկացնել տվեց, որ մտադիր չէ դրան համակերպվել։ Այդ իրադարձությունների համապատկերում, կամ միգուցե հենց դրանց պատճառով փոխվեց Հայաստանի պաշտպանության նախարարը, և այդ պաշտոնին նշանակվեց կառավարող քաղաքական թիմի առանցքային անդամ Սուրեն Պապիկյանը։
Նոր լարվածությունը, մյուս կողմից էլ, օբյեկտիվորեն խթան հանդիսացավ միջազգային հանրության համար՝ հանդես գալու հակամարտության կողմերի միջև երկխոսության շարունակմանը միտված նոր նախաձեռնություններով և փորձելու գործընթացը կառավարելի հուն մտցնել։ Արդյունքում ստացան կողմերի համաձայնությունը երկու հանդիպումների համար՝ Սոչիում և Բրյուսելում։
Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունները երևակեցին միջազգային հանրության ձգտումը՝ հավասարության նշան դնել կողմերի միջև։ Երևանն այդ իրադարձությունները բնորոշում է որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի անմիջական ագրեսիա, ուստի այդօրինակ «հավասարությունը» գնալով ավելի արհեստական բնույթ է կրում և գրգռում է Բաքվի կլեպտոկրատական վարչակարգի ախորժակը։ Մեր նոր թողարկման հեղինակները նման մոտեցման պատճառը տեսնում են ուժային կենտրոնների կողմից տարածաշրջանում «միջանցքային աշխարհաքաղաքականություն» խաղալու մեջ։ Մեր հեղինակների տեսանկյունից՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու բանալին տեկտոնական փոփոխությունների ենթարկված անվտանգության միջավայրի անհապաղ վերաիմաստավորման անհրաժեշտության գիտակցման մեջ է և ըստ այդմ էլ՝ գործնական եզրակացություններ անելու մեջ։ Իսկ կարվեն, թե ոչ նման եզրահանգումներ անառողջ «հաղթական» ոգևորության մեջ գտնվող Բաքվում՝ ցույց կտա ժամանակը։