Հեղինակ՝ Ջոշուա Կուչերա
Հոկտեմբերի 18, 2021
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Վրաստան և խոստացել նոր աստիճանի ռազմական համագործակցություն, և դա այն դեպքում, երբ հակալիբերալ և ավտորիտար հակումների պատճառով Վրաստանի իշխանությունների հասցեին Վաշինգտոնից հնչող քննադատությունների քանակն աճում է։
Հոկտեմբերի 18-ին Թիբիլիսի կատարած այցի ընթացքում Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը հայտարարեց «Վրաստանի պաշտպանության և զսպման ընդլայնման նոր նախաձեռնության» մասին, որը, ինչպես նա ասաց լրագրողներին, կմատնանշի «մեր երկրների միջև անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցության նոր, ոգևորիչ փուլի սկիզբը»:
ԱՄՆ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ռազմական աջակցությունն արդեն իսկ գրավում է Վրաստանին հատկացված ամերիկյան օգնության փաթեթի մեծ մասը, որը նախկին Խորհրդային Միության անդամ երկրներին տրամադրված ամենալայն աջակցությունններից մեկն է. 2020-ին ԱՄՆ-ի կողմից հատկացված 146 միլիոն դոլարը 2-րդն է չափերով, զիջելով միայն Ուկրաինային, որն ունի ավելի քան 10 անգամ ավելի շատ բնակչություն։ Այդ 146 միլիոնի կեսից ավելին՝ 76 միլիոնը, նախատեսված է անվտանգության համար։
2017-ին ԱՄՆ-ն հավանություն տվեց «Ջավելին» հակատանկային հրթիռների վաճառքի գործարքին, որին այդքան ձգտում էր վրացական կողմը։ Երկու երկրները կանոնավոր կերպով Վրաստանի տարածքում անցկացնում են լայնամասշտաբ զորավարժություններ, և հազարավոր վրացի զինվորականներ պատրաստվում են ԱՄՆ Զինված ուժերի կողմից։ 2020-ին Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար վրացական Հատուկ նշանակության զորքերի պատրաստման և վերազինման համար։
Միանգամից հասկանալի չէր, թե ինչպես նոր ծրագիրը կհամադրվի արդեն իսկ գործող ռազմական համագործակցության հետ, սակայն հաշվի առնելով Վաշինգտոնի և Թբիլիսիի հարաբերությունների բարդ փուլը՝ Օսթինի կողմից տրամադրված աջակցությունն առարկայական էր։
Վերջին ամիսներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները դարձել են ավելի քննադատական Վրաստանի իշխանությունների նկատմամբ։ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Կելլի Դեգնանը հուլիսին հայտարարեց, որ «զայրացած» է իշխանությունների վրա` քաղաքական լարումը թեթևացնելուն ուղղված գործարքից դուրս գալու համար, գործարք, որը Թբիլիսիի արևմտյան դաշնակիցների տքնաջան աշխատանքի արդյունք էր: Նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն այս ամառ ակնարկեց, որ հաշվի են առնվում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վրա պատժամիջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով ԼԳԲՏ ակտիվիստների և լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից հովանավորված աջ ուժերի ձեռքերով իրականացված ջարդերը։
Բայց Օսթինի այցը հիշեցում էր, որ ռազմական համագործակցությունների կարևորությունը հաճախ գերազանցում է քաղաքական, ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրների կարևորության աստիճանը։ Օսթինի այցից առաջ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ այցն ուղղված է Վրաստանի` արևմտամետ և հակառուսական հետևողական արտաքին քաղաքական ուղղությանը աջակցություն ցույց տալուն։
«Մենք վերահաստատում և ամրապնդում ենք այն երկրների ինքնիշխանությունը, որոնք ռուսական ագրեսիայի դեմ պայքարի առաջնագծում են»,- ըստ Պաշտպանության գերատեսչության մամլո հաղորդագրության՝ հայտարարել է ԱՄՆ պաշպանության ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ։ Վրաստանը Օսթինի ճամփորդության առաջին կանգառն էր, ճամփորդություն, որը նաև ներառում է այցեր դեպի Ուկրաինա, Ռումինիա և Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Օսթինն իր հանրային խոսքում անդրադարձավ Վրաստանի ժողովրդավարացմանը։ «Օգտագործելով Վրաստանի ժողովրդավարության ուժեղացմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը` վրացական իշխանությունները պետք է անեն իրենց բաժին աշխատանքը, և իրականացնեն հիմնարար բարեփոխումներ` Վրաստանը Արևմուտքին ավելի մոտեցնելու համար»,- հայտարարեց նա Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Այցի ընթացքում շեշտը հատկապես դրվեց անվտանգային և արտաքին-քաղաքական խնդիրների վրա։ Օսթինը վերահաստատեց Վաշինգտոնի աջակցությունը` ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ժամանակավորապես դանդաղած ձգտումներին և դատապարտեց ՌԴ կողմից Վրաստանի տարածքների «օկուպացիան» (նկատի ունենալով Մոսկվայի կողմից ծանրակշիռ քաղաքական և ֆինանսական աջակցությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ կառավարություններին, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես Վրաստանի տարածք)։
Այցը տեղի ունեցավ երկրում քաղաքական լարվածության թեժացման ժամանակաշրջանում` հաջորդելով ընդդիմության առաջնորդ և նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ձերբակալությանը, և տարածքային ինքնակառավարման մարմինների` հոկտեմբերի 30-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ։
Վրաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերն ունեն ծայրահեղ արևմտամետ և հակառուսական արտաքին-քաղաքական ուղղվածություն։ Ընդդիմությունն, այնուամենայնիվ, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում է Ռուսաստանի կամակատարներ լինելու մեջ և փորձում է երկրում ընթացող ներքաղաքական պայքարը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական պայքար՝ Արևմուտք-Ռուսաստան պրոքսի պատերազմ։
«Եկե՛ք վրաց ժողովրդի հետ միասին ոտքի կանգնենք Իվանիշվիլիի ռեժիմի դեմ, որը քաշում է մեր հայրենիքը դեպի Պուտինի Ռուսաստան»,- հայտարարել է Սահակաշվիլին հոկտեմբերի 14-ին Թբիլիսիում իր ազատության համար ընթացող ցույցի համար նախատեսված ուղերձում: «Մենք սա չպետք է թույլ տանք, մենք պետք է Վրաստանը վերադարձնենք դեպի Արևմուտք ուղու վրա»։
Անկախ նրանից, թե ինչ հնչեղություն այդ հայտարարությունը կարող էր ունենալ, այն ստորադասվեց Օսթինի և իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների (վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ) միջև ջերմ հարաբերություններին։
«Ձեր այցը շատ ուժեղ ուղերձ է ԱՄՆ կողմից՝ հաջակցություն մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասել է Ղարիբաշվիլին Օսթինին։
Օսթինը նաև սատարեց Վրաստանի տեսակետը, որն ընդդիմանում է անցյալ տարի տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմից հետո Թուքիայի կողմից առաջարկված «3+3» տարածաշրջանային ձևաչափին: Ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրները և նրանց երեք մեծ հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին ու Թուրքիային։ Բոլոր մյուս երկրները ողջունել են նախաձեռնությունը, բացի Վրաստանից, որը դեմ է ձևաչափում Ռուսաստանի ներգրավմանը և «արևմտյան» երկրներին դուրս թողելուն։
Օսթինին «3+3» ձևաչափի մասին հարց ուղղվեց մամլո ասուլիսի ժամանակ։
«Մինչև քննարկումների նոր հարթակներ ստեղծելու գաղափարներ խթանելը` Ռուսաստանը, որն այս պահին օկուպացրել է Վրաստանի Հանրապետության տարածքների 20 տոկոսը, պետք է կենտրոնանա 2008-ի հրադադարի համաձայնագրով նախատեսված խոստումների կատարման վրա»,- ասել է նա` նկատի ունենալով այն համաձայնագիրը, որը վերջ դրեց այդ տարվա՝ Հարավային Օսիայի համար ընթացող պատերազմին։ ՌԴ-ն հետ չի քաշել իր զորամիավորումները Աբխազիայից և Հարավային Օսիայից, ինչը նախատեսված էր համաձայնագրով։ «Մենք միանշանակ խրախուսում ենք Հարավային Կովկասի երկրներին՝ միասին աշխատել վեճերը լուծելու և տարածաշրջանային համագործակցությունը ուժեղացնելու հարցերում»,- հավելել է Օսթինը։