Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ու նրա հետևանքները, ինչպես և ենթադրվում էր, էապես փոփոխել են տարածաշրջանում ուժերի փոխհավասարակշռությունը և աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի հիմք դրել։ Ադրբեջանին համարյա 80 տոկոսով հաջողվել է իրականացնել իր մտադրությունը և ուսերին գցել հաղթողի թիկնոցը։ Նաև կարելի է ասել, որ այդ գործընթացում անկյունադարձային դերակատարում ունեցած և եղբայրական Ադրբեջանի հաղթանակն անխուսափելի դարձրած Թուրքիան գրեթե հարյուրամյա ընդմիջումից հետո կրկին բարձր պահած գլխով վերադարձել է Հարավային Կովկաս, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն։
Հասկանալի է, որ Ռուսաստանը նույնպես առանց ավարի չի մնացել. նա հագել է իր այնքան երազած խաղաղապահի թիկնոցը և որպես պարգևավճար ստացել է տարածաշրջանում թվով չորրորդ ռազմակայանը։ Լուրջ պարտություն կրած և անցած դարի 90-ական թվականներին ստացած ողջ առավելությունը կորցրած միակ երկիրը Հայաստանն է։ Բայց ի պատիվ Հայաստանի պետք է ասել, որ նա դիմագրավել և հաջողությամբ հաղթահարել է տառացիորեն իր պետականությանը սպառնացող գոյաբանական սպառնալիքները։ Ընդ որում, Հայաստանն ինչ-որ ձևով պահպանել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասի վրա վերահսկողությունը, իսկ ռուսական խաղաղապահների տեղակայումից հետո տեղի բնակչության մեծ մասը վերադարձել է իրենց տները։
Անկյունադարձային և ուշադրության արժանի փաստն այն է, որ տարածաշրջանում ծավալված գործընթացներն անցնում էին առանց Արևմուտքի ակտիվ միջամտության, որը տարածաշրջանային ամենախոշոր խաղացողներին ավելի մեծ համարձակության և ախորժակի առիթ է ընծայել։ Հենց դրան է ծառայում «3+3 ձևաչափի» գաղափարի ծնունդը հետպատերազմական շրջանում։ Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են մենաշնորհել տարածաշրջանային սուր քաղաքական խնդիրները՝ տարածաշրջանից Արևմուտքը վտարելու ի սկզբանե ունեցած նպատակով, որը բացարձակապես ընդունելի չէ Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից։ Այսինքն, հասկանալի չէ, թե ինչու արևմտամետ ձգտումներ ունեցող Վրաստանը պետք է կամենա միանալ երեք ոչ ժողովրդավարական պետությունների հիմնադրած ալյանսին։ Ավելին՝ երբ երկրի արևմտամետ ապագան նման դասավորության դեպքում վտանգի տակ է հայտնվում և, հատկապես, երբ այդ երեք ոչ ժողովրդավար երկրներից մեկը շարունակում է զավթել մեր տարածքի 20 տոկոսը։ Վրաստանը դեմ չէ Թուրքիայի և Իրանի հետ մինչ այժմ արդեն կայացած համագործակցությանը։ Վրաստանն այդ երկրների հետ ունի սերտ և հարաճուն առևտրային ու գործընկերային հարաբերություններ։ Սակայն այնտեղ, որտեղ կա Ռուսաստանը, Վրաստանն անելիք չունի, որովհետև Վրաստանի շահերն այնտեղ իրացված լինել չեն կարող։ Ավելին՝ մեր շահերը մշտապես ենթարկվելու են Ռուսաստանի ոտնձգություններին. մեր ոչ վաղ պատմությունը լի է այսպիսի օրինակներով։
Ներկայումս «3+3» ձևաչափի վեց հնարավոր անդամներից չորսը կողմ են, իսկ երկուսը՝ դեմ։ Այսինքն՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը սատարում են ձևաչափը ստեղծելու գաղափարը, իսկ Վրաստանն ու Հայաստանը դեմ են։ Ռուսաստանի և Թուրքիայի պարագայում ամեն ինչ հասկանալի է, ինչպես և Իրանի դեպքում։ Իրանը, որն աշխարհում պատժամիջոցների բեռի ներքո գոյատևող ամենամեկուսացված երկրներից է, նշված ձևաչափի մեջ հավելյալ հնարավորությունների պատուհան է տեսնում, հատկապես, եթե ձևաչափը հակաամերիկյան է։ Այս նպատակի օգտին է ծառայել Իրանի արտաքին գործերի նախարարի այցը տարածաշրջան, ապա նաև՝ ռուս գործընկերոջ հետ կայացած հանդիպումը։
Կարծում եմ, որ Ադրբեջանը տվյալ հանգամանքի պատանդն է, որովհետև ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարն Էրդողանն առաջին անգամ բարձրաձայնել է հենց Բաքվում. չէ՞ որ Ադրբեջանը ռազմական հաղթանակով նախ և առաջ պարտական է հենց Էրդողանին։ Երկրորդ՝ Ադրբեջանը չի կարող դիմակայել Ռուսաստանի կամքին, որի հետ հարաբերությունները բնականոն դարձնելու համար տարիներ են պահանջվել. չէ՞ որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց Ռուսաստանի գոնե անուղղակի համաձայնության հնարավոր չէր սկսել վերջին ղարաբաղյան պատերազմը։ Ռուսաստանի համար նույնիսկ անհնար կլիներ սկսել ղարաբաղյան արշավը։
Հատկապես, որ ռուսական զորքերը 30-ամյա ընդմիջումից հետո վերադարձել են Ադրբեջանի արդեն միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Իհարկե, տարածքային հարցերը լուծելուց հետո նավթով և գազով հարուստ Ադրբեջանին բացարձակապես պետք չեն ինչ-որ արհեստական շրջանակներ։ Ընդհակառակը, նրան կպահանջվի ավելի մեծ տարածություն, ավելի մեծ տնտեսական ակտիվություն և ներդրումային հեղեղ, որոնք նախ և առաջ ենթադրում են արևմտյան երկրների հետ հնարավորինս լայն համագործակցություն։ Սակայն այս փուլում Ադրբեջանը ստիպված է հետևել Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությանը ու նրանց հետ համաձայնված գործել։
«3+3 ձևաչափի» գաղափարն ուղղակիորեն կապված էր ղարաբաղյան գործոնի հետ. դրանք համընկել են և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ։ Հետևաբար, այն կախված է Հայաստանի համար շատ ցավոտ պատմական պահի հետ։ Այդ իսկ պատճառով, մեղմ ասած, շատ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը ողջուներ այդ նախաձեռնությունը։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցը շարունակում է կարմիր գիծ մնալ, և քանի դեռ կարգավիճակի հարցն անորոշ է, Հայաստանն այդ ձևաչափում իր տեղը չի տեսնում։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումը մոտ ժամանակներս օրակարգային չի լինի այն պարզ պատճառով, որ պատերազմի ավարտից հետո նախագահ Ալիևն այդ հնարավորությունը կտրականապես բացառել է։ Սակայն, իմ կարծիքով, այս հարցը վաղ թե շուտ անպայման կրկին օրակարգային կդառնա։
Հայաստանի համառությունը, հավանաբար, շատ է գրգռում ռուսաստանյան մայրաքաղաքին։ Իրանական գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կփորձի համոզել Հայաստանին միանալ «3+3» ձևաչափին։ Եթե պարոն Լավրովը կամ որևէ այլ գործոն կհարկադրի Հայաստանին համաձայնվել միանալու «3+3» ձևաչափին, ապա Վրաստանը շատ անհարմար դրության մեջ կհայտնվի, քանի որ կլինի տվյալ ձևաչափին չմիացած վեց սուբյեկտներից միակը։ Ակնհայտ է, որ այս դասավորության պարագայում Ռուսաստանը կրկնապատկելու է Վրաստանի վրա ճնշումը և այլևայլ նենգ միջոցներով ջանալու է համոզել երկրի կառավարությանը տեղի տալ, քանի որ այն ներքին և արտաքին խնդիրների բերմամբ այժմ իր գործունեության ամենաբարդ շրջանի միջով է անցնում։ Թբիլիսիում նույնպես շատ լավ հասկանում են, որ իր արևմտյան գործընկերները նրան այդպիսի քայլ երբեք չեն ներելի և նրան, ըստ էության, միայնակ կթողնեն անողորմ հյուսիսային հարևանի առաջ. այդ քայլը նաև վերջնականապես թաղելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացը։ Սույն թվականի հոկտեմբերին ԱՄՆ Պաշտպանության նախարարի կայծակնային արագությամբ Թբիլիսի կատարված այցը հենց այս նպատակին է ծառայել։ Պատասխանելով Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի դերի և, մասնավորապես, «3+3» ձևաչափի մասին հարցին՝ Լլոյդ Օստինը ասել է հետևյալը. «Նախքան որևէ նոր պլատֆորմի մասին խոսելը՝ Վրաստանի 20 տոկոսը զբաղեցրած Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի կրակի դադարեցման մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»։
Հասկանալի է, որ Վաշինգտոնում ուշադրությամբ հետևում են Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին, քանի որ այս փուլում նա տարածաշրջանում փաստացիորեն ԱՄՆ միակ ռազմավարական գործընկերն է։ Այդ իսկ պատճառով՝ շատ դեպքերում աննկատ չեն թողնվում Վրաստանի իշխանությունների ոչ միանշանակ հայտարարությունները։
Եթե վարկածաբար ենթադրենք, որ Վրաստանի կառավարությունն, այնուամենայնիվ, ճնշմանը չի դիմացել և համաձայնվել է այդ ձևաչափին միանալ (ինչին, իմ կարծիքով, պետք է նախորդի Հայաստանի՝ միանալու համաձայնությունը), ապա Արևմուտքի կոշտ արձագանքին զուգահեռ այն ամենաթեժ բողոքի ալիքի կբախվի հենց Վրաստանում։ Վրաստանի կառավարությունն անցնում է ներքին խնդիրների փուլի միջով՝ թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ սոցիալական ու համաճարակաբանական տեսանկյունից։ Այս չորս՝ ըստ վիճակի բարդության սանդղակի թվարկված, շերտերը վերջին շրջանում իսկապես ճգնաժամային եզրագծին են մոտենում։ Այս իրավիճակում կառավարությանը հավելյալ գլխացավանք հաստատ հարկավոր չէ։ Այսօր վրաց հասարակությունն իսկապես շատ բևեռացված է, ես կասեի՝ չափազանց շատ է բևեռացված, բայց նա միշտ իր մեջ ուժ է գտնում, երբ խոսքը սկզբունքորեն կարևոր ազգային հարցերի է վերաբերում։
Վրաստանի ժողովուրդը բազմիցս արտահայտվել է եվրատլանտյան կառույցներին միավորվելու օգտին։ Այսօր կարելի է համարձակապես ասել, որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (կայուն կերպով՝ 75%-ը) սատարում է Վրաստանի եվրատլանտյան քաղաքական ուղեգիծը և ոչ մի գործոն այս կամքը սասանել չի կարող։ Վրաստանի եվրոպական ուղղվածությունը սկզբնավորվել է ո՛չ երեկ, և ո՛չ 30 տարի առաջ՝ ի հեճուկս այդպես համարող որոշ արտասահմանյան փորձագետների։ Իրականում այն դարավոր ավանդույթ ունի։
Ամիրան ԽԵՎՑՈՒՐԻԱՆԻ
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, հակամարտաբան
Թբիլիսի