Բահրուզ Սամադով OC Media
Հաղթանակի օրը Ադրբեջանում նոր գերիշխող պետական պատմույթի և բնակչության շրջանում դրա լայն տարածման ցուցադրություն էր: Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերջին ալիքը, ինչպես նաև այլ միջադեպեր վկայում են այդ պատմույթի փխրունության մասին։
Հաղթանակի օրը՝ անցյալ տարի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին նվիրված նոր՝ ամենամյա տոնի հանդիսությանը Բաքվի կենտրոնում բազմությունը գոչյուններով այրում էր հայկական դրոշները, ինչը նկարահանվում էր: Նման մեծ ու աղմկոտ ամբոխի կուտակումը մայրաքաղաքի կենտրոնում գրեթե աներևակայելի է ավտորիտար Ադրբեջանում։ Սակայն ինչպես բուն պատերազմի ժամանակ, զանգվածային ինքնարտահայտման այդ ձևը ոչ միայն հանդուրժելի, այլև խրախուսելի էր։
Հաղթանակի օրը պետական տոն հռչակելը փորձ էր որսալու և ուղղորդելու ռազմական ժամանակի հասարակական տրամադրությունը, երբ ամբողջ ազգը խիստ քաղաքականացված էր ընդդեմ օտար թշնամու:
Տոնի նպատակն է օգտագործել ու կառավարել արտաքին թշնամու նկատմամբ համակ ուշադրությունը, բացի այն, որ այս անգամ տոնվում էր հաղթանակն այդ թշնամու նկատմամբ։ Միևնույն ժամանակ, որևէ պատմույթ, որ չի բռնում տոնական տրամադրությանը, զգուշորեն դեն է նետվում:
Բայցևայնպես, չնայած Հաղթանակի օրվա շուրջ պատմույթը հաջողությամբ գերիշխում է հանրային դիսկուրսում, այն նաև սահմաններ ունի։
Անհամատեղելի, ոչ տոնական պատմույթները կապված են իրական ընտրազանգվածի, նրանց վիրավորանքների հետ, որոնք հեշտ չէ մոռանալ։ Ու չնայած իշխանությունները հաջողությամբ ծավալում են իրենց պատմույթը, որպեսզի ընդդիմությանը մի կողմ մղեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումները ցույց են տալիս, որ այն նվազ ունակ է հանրությանը ռազմական հետագա հակամարտության շուրջ համախմբելու համար։
Անտեսվածները
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակը վերահաստատեց տարածված այն կարծիքը, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները բավարար չեն, և որ պատերազմն անխուսափելի անհրաժեշտություն է։ Արդյունքում, երբ դա տեղի ունեցավ, պատերազմն անսպասելի ինչ-որ բան չէր, և դրա մարդկային զոհերը առանձնապես տրավմատիկ չէին ադրբեջանցիների մեծամասնության համար։
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ զոհվածների հարազատները մեծամասամբ անտեսանելի են մնում պատերազմի ավարտից հետո։ Որդեկորույս ծնողների, որբացած երեխաների և այրիացած կանանց ներկայությունը չափազանց անհարմար կոնտրաստ կլիներ պետության հովանավորությունը վայելող հանրային ցնծության մեջ։
Վետերանների դժգոհությունը, որ հատուկ է հետպատերազմյան հասարակություններին, նույնպես մղվել է երկրորդ պլան՝ Հաղթանակի օրվա պատմույթում։ Մարդիկ, որոնց վերացական գովերգում են երգերում, ելույթներում և հրապարակային արարողություններում, հաճախ իրենց անձնապես անտեսված և թերագնահատված են զգում ինչպես պետության, այնպես էլ ընդհանրապես հանրության կողմից։ Իսկապես, համացանցում տեղադրված և հիմնականում ընդդիմադիր էջերում տարածվող տեսահոլովակների մի ամբողջ հոսք կա, որտեղ վետերանները նվիրատվություններ և նյութական այլ օգնություն են հայցում:
Հաղթանակի օրը մի տեսանյութ, որը մեծ տարածում է ստացել TikTok-ում, այդ երևույթի տիպիկ օրինակ է: Պատահական ականատեսի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է համազգեստով վետերանը իր մեքենայում նստած վիճում ոստիկանների հետ, որոնք նրանից պահանջում են հետ քաշել մեքենան, իսկ հավաքվածները դիտում են տեղի ունեցողը:
Տեսանյութի մեծ տարածումից հետո ճանապարհային ոստիկանությունը անգամ պաշտոնական հայտարարություն տարածեց այդ կապակցությամբ՝ նշելով, որ չնայած իրենք «հպարտ են վետերաններով», բայց նրանց որոշ վարքագիծ ստվերում է այդ կարգավիճակը:
Անցանկալիները
Չնայած ընդդիմությունը շարունակում է քննադատել հետպատերազմյան կարգավորումը որպես «ոչ ամբողջական հաղթանակ» Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պատճառով՝ հասարակ մարդկանց համար Հաղթանակի օրվա մասին պատմույթը գերակա է։ Եթե խոսքը հանրությանն է վերաբերում, ապա պատերազմն ավարտվել է, և արդարությունն արդեն վերականգնվել է։
Այս հաղթանակի ազգայնական վերջնակետում նշույլ չկա, որ հասարակությունն ունի ռազմական գործողությունների շարունակման ցանկություն՝ չնայած Հայաստանի հանդեպ շարունակվող ատելությանը։ Հենց այդ պատճառով էլ սահմանի մոտ կատաղի բախումները չեն ստանում մեկ տարի առաջվա պատերազմի աջակցության բաժինը։ Փոխարենը մարտական գործողությունները թյուրիմացություն են առաջացրել ու նոր հարցեր բարձրացրել։
Թեև Ադրբեջանի կառավարությունը կարող է շրջանառել վայրենի պահանջատիրական պատմույթներ, ինչպիսիք են նկրտումները Երևանի նկատմամբ կամ Հայաստանի հարավով միջանցք բացելու սպառնալիքները, հանրության շրջանում դրանց արձագանքները քիչ են ։
Եվ այսպիսով, չնայած սահմանային բախումները տեղի ունեցան հաղթանակի օրվանից ընդամենը մեկ շաբաթ անց, այն հայրենասիրական ծափողջույնների չարժանացավ, ընդհակառակը՝ շատ էին ձայներն ընդդեմ պատերազմի հնարավորության։ Չնայած Հաղթանակի օրվա տպավորիչ և խորահույզ տոնակատարությանը՝ հասարակության զգալի մասը գիտակցում է, որ պատերազմից հետո տնտեսական առողջությունը վատացել է, իսկ ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնց հույս ուներ քաղաքացիական հասարակությունը, տեղի չեն ունենում:
Դա չի նշանակում, որ այդ «հակապատերազմական զգացմունքները» բխում են մարդասիրության կամ կարեկցանքի ինչ-որ նոր զանգվածային զգացումից։ Վերջերս գերեվարված հայ զինվորների նկատմամբ բռնությունների ու նվաստացման տեսանյութերը միայն լռության են արժանանում ադրբեջանցի «իրավապաշտպանների» կողմից։ Ադրբեջանական հասարակությունը, հնարավոր է, հոգնել է պատերազմից, բայց հայը դեռ մնում է իր ատելի «ուրիշը»։
Չներվածները
Բացառությամբ պետության արտոնած հաղթանակի տոնակատարության զանգվածային քաղաքականության՝ Ադրբեջանը մտել է հանրության ապաքաղաքականացման մինչ այժմ աննախադեպ վիճակի մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունները, որքան էլ ազգայնական լինեն, երբեք այսքան թույլ ու անտեսված չեն եղել։ Օրինակ, Ղարաբաղյան առաջին պատերազմի վետերան Սալեհ Ռուստամլիի՝ քաղաքական բանտարկյալի և ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստի շարունակվող հացադուլը հասարակական աջակցություն կամ կարեկցանք գրեթե չի առաջացրել։
Մինչդեռ ավելի ու ավելի շատ ընդդիմադիրներ են հայտնվում ճաղերի հետևում։ Նոյեմբերի սկզբին Ագիլ Հումբատովը՝ Ժողովրդական ճակատի մեկ այլ ակտիվիստ, դատապարտվեց տասը տարվա ազատազրկման «զինված հարձակման» կասկածելի մեղադրանքներով: Դրանից մեկ ամիս առաջ Նիյամեդ Ահմեդովը՝ կուսակցության մեկ այլ անդամ և Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի նվիրյալ կողմնակից, դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ իբր «ահաբեկչության ֆինանսավորման» համար:
Ներկայում Ադրբեջանի կառավարությունը հասել է հանրային լեգիտիմության և իշխանության նոր բարձունքների, սակայն ակնհայտ է՝ մտավախություն ունի, որ երբևէ, գուցե անգամ մոտ ապագայում, դա կարող է փոխվել։
Ի վերջո, Հաղթանակի օրվա մասին պատմույթը գրեթե շնչահեղձ է անում ադրբեջանական հանրությանն իր լայն տարածմամբ, բայց այն ևս փխրուն է։ Պատերազմի բռնությունը, որն, ինչպես ակնկալվում էր՝ ավարտվել է, կրկին բռնկվեց տոնից մի քանի օր անց։ Շատ վետերաններ, որոնք վերացականորեն հերոսացվում են պետության կողմից, իրականում լցված են զայրույթով: Հասարակությունը, որը գոհ է ռազմի դաշտում ազգային հպարտության վերականգնումից, կարծես թե չի ցանկանում այլևս արյուն թափել։
Բահրուզ Սամադովը Պրահայի Կառլովի համալսարանի ասպիրանտ է, ակտիվիստ։