Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ
Մեկնաբան
Ստեփանակերտ
Ազգային ժողովի պատգամավորից մինչև նախագահի թեկնածու. 2020 թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո ֆրանսիական 4-5 պատվիրակություն է այցելել Արցախ
«Ֆրանսիայում Արցախի հանդեպ կա էմոցիոնալ մեծ ֆոն և այդ տրամադրությունները պետք է կարողանանք կապիտալիզացնել»,- ընդգծում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ խոսելով Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ այս տարվա նոյեմբերի 14-19-ը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի մասին։
Էմոցիոնալ այս տրամադրությունները դեռ կապիտալիզացվում են ֆրանսիացիների կողմից։ Այսպես՝ դեկտեմբերի 15-ին Սենատում Լեռնային Ղարաբաղի իրազեկման միջազգային խումբ ստեղծվեց։ Սենատոր Վալերի Բուայեն, հրապարակելով Սենատի քաղաքական մեծամասնության ղեկավար Բրունո Ռըտայոյի՝ խմբի ստեղծման մասին գրառումը, շնորհակալություն հայտնեց իր առաջարկն ընդունելու համար։ Ընդ որում՝ խումբը գործելու է Սենատի գրասենյակի կազմում և ունենալու է աշխատակազմ։
Մեկնաբանելով նորաստեղծ այս խմբի դերը Ֆրանսիայում Արցախի վերաբերյալ իրազեկման բարձրացման առումով՝ «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան Քրիստոֆ Բուիսսոն նշեց, եթե ֆրանսիական հանրությունն իմանա, թե ինչ է կատարվում Արցախում, ապա Ֆրանսիայի հասարակական կարծիքը կմոբիլիզացվի Արցախի համար։ «Ինչքան շատ մարդ տեղյակ լինի՝ այնքան հնարավորություն քիչ կլինի, որ Ադրբեջանը կրկնի անցած տարվա արածը: Շատ Ֆրանսիացիներ մեկ տարի առաջ չգիտեին, թե ինչ է Արցախը: Եվ այս գիտակցությունն է, որ կդառնա ամենաուժեղ պաշտպանությունը նոր հարձակման դեպքում. Ֆրանսիան չի կարող չարձագանքել, միայնակ թողնել այս բարեկամ երկրին, որտեղ կա նաև ֆրանսիական մշակույթի տուն, որտեղ կան ֆրանսախոսներ»:
Արցախի պատվիրակությունը, որի կազմում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում։ Ազգային ժողովում նրանց ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին և շրջանակի անդամ պատգամավորները, իսկ Սենատում՝ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամները՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։
Եթե խորհրդարանականների հետ հանդիպումների օրակարգում հետպատերազմյան Արցախում ստեղծված վիճակին, առկա կարիքներին, տարածաշրջանում անվտանգային միջավայրին առնչվող հարցերն էին, ապա վարչական միավորների ղեկավարների հետ քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, Արցախի պատվիրակությանն ընդունել են Բուշ-դյու-Ռոնի նահանգապետ, էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, Ալֆորվիլ քաղաքում` քաղաքապետ, նախկին սենատոր և պատգամավոր Լուկ Կարվունասը, Գրենոբլում՝ Իզերի նահանգապետ Ժան-Պիեռ Բարբիեն: «Այս նահանգը Հադրութի շրջանի հետ բարեկամության պայմանագիր ունի, աջակցում է Արցախին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի նվիրատուներից է»,- նշում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը՝ ընդգծելով, որ չնայած Հադրութը, Շուշին այսօր ֆիզիկապես Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո չեն, այնուհանդերձ ֆրանսիացի քաղաքապետերը հակված են աշխատելու այդ քաղաքների համայնքների հետ։
Նշված հանդիպումներին ակտիվորեն ընդգրկված են եղել ֆրանսահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները։ «Կարելի է ասել, որ այսօր Ֆրանսիայի հայ համայնքի օրակարգում Արցախը առաջին տեղում է»,- «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
ԱԺ նախագահի խոսքերի գործնական դրսևորումը թերևս տեսանելի է Ֆրանսիայում հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ընտրությունների մրցավազքին միացած նախագահի թեկնածուների կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ ընդգծված դիրքորոշման առումով։ Ֆրանսահայ համայնքի ձայները ստանալու համար, որոնք անցնում են չորս հարյուր հազարը, այս դեկտեմբերի 11–ին Երևանում էր ազգայնական թեկնածու Էրիկ Զեմուրը, իսկ դեկտեմբերի 22-ին Հայաստան կատարած իր այցի շրջանակներում Արցախ այցելեց և Ստեփանակերտում նախագահ Հարությունյանի հետ հանդիպեց հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսը։ Հատկանշական է ոչ միայն նախագահի թեկնածու Պեկրեսի այցը, որին Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց ներառել «սև ցուցակում», այլ նրան ուղեկցող քաղաքական գործիչների ներկայացուցչական մակարդակը։ Այսպես, պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր, նախկին արտգործնախարար, BREXIT-ի հարցով Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն և Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար, սենատոր Բրունե Ռըտայոն։
Դեկտեմբերի 24-ին «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի տարածած հաղորդագրության մեջ շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նշել է, որ Արցախի Հանրապետությանը Ֆրանսիայի նախագահի թեկնածուների աջակցությունը արտացոլում է այն մոտեցումը, որ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը բացարձակապես չեն կարող վավերացվել միջազգային հանրության կողմից, ապա ավելացրել, որ այժմ աշխատում է Ազգային ժողովում Արցախի հարցով աշխատանքային խմբի ստեղծման ուղղությամբ։
Չնայած վերջին զարգացումներին՝ Արցախը ֆրանսիացի քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում 2020 թվականի պատերազմի ժամանակ կամ դրանից հետո չէ միայն հայտնվել, և այս ընդգծված վերաբերմունքը պայմանավորված չէ Ֆրանսիայում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններով միայն։ Դրա մասին է վկայում Ֆրանսիայի ու Արցախի միջև խորհրդարանական կապերի պատմությունը, որը սկիզբ է առնում դեռևս 1990-ականներից։ «Ֆրանսիացի պատգամավորներն այն եզակի համարձակ, ազատ և բաց գործող քաղաքական գործիչներն են եղել, որոնք կարողացել են հաղթահարել այն ժամանակաշրջանի բոլոր արգելքները, այցելել և իրենց աջակցությունը հայտնել Արցախին»,- նշում է «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ընդգծելով 1993 թվականին՝ պատերազմի տարիներին, Ֆրանսիայի ԱԺ այն ժամանակվա պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի, այնուհետև նաև Ռենե Ռուքեի այցերը, Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Անրի Սաաբի գործունեությունը։
44-օրյա պատերազմից հետո Արցախի հանդեպ Ֆրանսիայի հետաքրքրությունն արտահայտվեց նաև գործնական քայլերով։ Չնայած 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատի և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձևեր ընդունվեցին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին՝ գործադիրի համար դրանք պարտավորեցնող չէին։ Բայց խորհրդատվական բնույթի այս բանաձևերը նախադեպային էին այն առումով, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը քննարկվեց որևէ երկրի ազգային խորհրդարանի մակարդակում։
Եթե օրենսդիրում՝ խորհրդարանում, հակված են խոսելու արժեքների մասին, ապա գործադիրում՝ կառավարությունում, հաշվարկներ են սիրում։ Իսկ այդ հաշվարկները չեն խոսում հօգուտ Արցախի ճանաչման, ինչքան էլ Ֆրանսիան մտահոգված լինի «Արևելքի քրիստոնյաների պաշտպանությամբ»։ Ֆրանսիայի և Թուրքիայի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև տնտեսական կապերն ավելի ամուր են թվում, քան ֆրանսիացիների կողմից հայերի հանդեպ համակրանքը։ Միայն 2020 թվականին, համաձայն միջազգային առևտրի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալների, Ֆրանսիայից Թուրքիա արտահանումը կազմել է 7,24 միլիարդ ԱՄՆ դոլար: Ներմուծման ծավալով Թուրքիան Ֆրանսիայի 5-րդ գլոբալ մատակարարն է և 3-րդը՝ արտահանման ցուցանիշներով, իսկ Ֆրանսիան՝ Թուրքիայի 6-րդ խոշորագույն շուկան։ Ֆրանսիական ընկերություններն Ադրբեջանում ներկայացված են նավթի և դրա հետ կապված սեկտորներում, բանկային, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտներում։
Ինչևէ, արժեքային բաղադրիչի պաշտպանության կողմնակիցները Ֆրանսիայում հակված են շարունակելու աշխատանք տանել Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ՝ հիմնավորելով, որ Ազգային ժողովն ու Սենատը ճանաչել են Արցախը, հետևապես՝ կառավարությունը նույնպես պետք է ճանաչի: «Ֆրանսիան կապված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ֆրանսիան պաշտպանել է այդ իրավունքը դարերի ընթացքում: Ինչու՞ դա չանել Արցախի համար: Որպեսզի կառավարությունը դա անի՝ պետք է, որ պառլամենտականները և հասարակական կարծիքը ճնշում գործադրեն»,- ընդգծում է «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալը՝ կարևորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերն Արցախ։
Ֆրանսիացի խորհրդարանականների մի քանի պատվիրակություններ Արցախ են այցելել նաև անցյալ տարվա զինադադարի մասին հայտարարությունից հետո։ Չնայած այդ այցերը չեն լուսաբանվել արցախյան կողմից, Արցախում ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունների մասին ֆրանսիացի խորհրդարանականները հրապարակումներ են արել սոցիալական ցանցերի իրենց էջերում։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրոպայի հարցերով նախկին նախարար, նախագահ Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության առաջին դեմքերից՝ Նատալի Լուազոն այս տարվա հուլիսին Արցախ կատարած այցից հետո անգամ հոդված է հրապարակել, այն վերնագրելով՝ «Եթե ես քեզ մոռանամ, Ստեփանակերտ», որտեղ ոչ միայն խոսում է աշխարհաքաղաքական նոր դասավորվածությունների, այլ պատերազմի մարդկային չափման մասին, ի դեմս Արցախում ապրողների, նրանց կորուստների ու երազանքների։
Արցախի մասին իրազեկման կարևորությունն ընդգծվում է հատկապես ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո, երբ անվտանգության նկատառումներից ելնելով Արցախ մուտքի արտոնագիր ստանալու կարգում կատարվեցին փոփոխություններ՝ բարդացնելով օտարերկրյա քաղաքական գործիչների ու լրագրողների այցերը։ Մինչդեռ Արցախի մասին խոսելը, մասնավորապես՝ միջազգային բազմահազարահանոց լսարան ունեցող մեդիահարթակներում, նույնպես պաշտպանության միջոց է։ «Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Բուիսոնի բնութագրմամբ՝ «Եթե Արցախը գոյություն ունի, ապա այն չի կարող անհետանալ: Ֆրանսիական հանրությունը պետք է իմանա, որ Արցախը գոյություն ունի»։