Էմիլ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Երևան
Ակնհայտ է, որ վերջին շրջանում աշխարհակարգը բախվել է նոր վերաձևումների անհրաժեշտության խնդրին: Նախկին աշխարհակարգը, որը թույլ էր տալիս պահպանել գերտերությունների միջև ուժերի հաշվեկշիռը, այլևս իրեն չի արդարացնում: Որքան մեծանում են առավելագույն ինքնուրույնության ձգտող պետությունների հավակնությունները, լինեն դրանք տնտեսական, թե քաղաքական, այնքան էլ աճում են այդ պետությունների նկատմամբ նախկին «վերակացուների» ճնշման մղումները: Եվ այս իմաստով ամենախոցելին հետխորհրդային այն պետություններն են, որտեղ տարիների ընթացքում խորապես արմատավորված ավտորիտար վարչակարգերը եթե նույնիսկ ենթարկվել են որոշ փոփոխությունների, ապա դրանք եղել են զուտ մակերեսային, ձևական և զուրկ որևէ բովանդակությունից:
Հետխորհրդային ավտորիտար պետությունների շարքում իր ուրույն տեղն ունի Ղազախստանը, որը 29 տարի շարունակ ղեկավարում էր միևնույն անձը՝ Նազարբաևը, և որին միայն 2019 թ.-ին փոխարինեց ներկայիս գործող նախագահ Տոկաևը: Սա զուտ ձևական փոփոխությունների շարքից էր, քանի որ իրական առաջնորդությունը մնաց Նազարբաևի ձեռքում: Սակայն հետխորհրդային տարիներին Ղազախստանը հասցրեց որոշակի տնտեսական հաջողություններ ունենալ, վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն և ընդլայնեց իր համագործակցության արեալը Ռուսաստանից բացի դեպի այլ ուղղություններ՝ ունենալով նաև հարուստ ածխաջրային պաշարներ, ինչն էլ նրան դարձրեց գրավիչ համագործակցության համար: Սակայն այս ամենին զուգահեռ մեծանում էր նաև Ղազախստանի քաղաքական ինքնուրույնության ներուժը, ինչին, ըստ էության, որոշակի խանդով է նայում Ռուսաստանը: Հետևապես, խորհրդային շրջանում իր իսկ ձեռամբ ստեղծված այս պետության նկատմամբ վերահսկողության կորուստը կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել և նույնիսկ սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով ղազախների քաղաքակրթական արքետիպը, ինչպես նաև աշխարհագրական իմաստով Ղազախստանի որոշակի բուֆերային դիրքը՝ պայմանավորված նաև չինական գործոնով: Պետք է չմոռանալ նաև Բայկոնուրի ռազմավարական կարևորագույն նշանակությունը Ռուսաստանի համար, որի կորստի դեպքում այն ուղղակի կգրանցի գեոստրատեգիական նահանջ գերտերությունների շարքում:
Այս ամենով հանդերձ Ղազախստանն անդամակցում է նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի բլոկներին որպես հիմնադիր անդամ, որոնցում մշտապես հանդես է եկել ամուր դիրքերից՝ չերկմտելով բարձրաձայնել իր դիրքորոշումները տարբեր խնդիրների վերաբերյալ: Այս առումով հարկ է հիշատակել ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մեկ այլ անդամ Բելառուսին, որի անփոփոխ ղեկավար Լուկաշենկոն ժամանակին չէր թաքցնում իր դժգոհությունները և երբեմն նաև հակադրվում էր Ռուսաստանին, փորձում էր վարել ինքնուրույն քաղաքականություն, ցույց տալ, որ ունի իր ժողովրդի լիարժեք աջակցությունը մինչև այն պահը, երբ 2020 թ. նախագահական ընտրություններից հետո ժողովրդական անհնազանդությունները ճնշելու նպատակով ստիպված եղավ դիմել Ռուսաստանի օգնությանը, իսկ դրանից հետո էլ՝ 2021 թ.-ին, շարժվեց Ռուսաստանի հետ դեպի համատեղ միութենական պետություն: Իրականում իր իշխանությունը պահելու դիմաց Լուկաշենկոն վճարեց Բելառուսը միութենական պետության կազմում ներառելու գինը: Եվ դրանից հետո այլևս որևէ հարցում Ռուսաստանի հետ Լուկաշենկոն հակադրություններ չունի: Եթե Լուկաշենկոն ստացավ իր իշխանությունը պահպանելու հնարավորություն, ապա Ռուսաստանը ստացավ իր օգտին միություն և դրանով Արևմուտքին հակազդելու կայուն ֆորպոստ իր արևմտյան սահմաններին: Այս զուգահեռն անցկացնելը խիստ անհրաժեշտ է այս օրերին Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար, քանի որ միջազգային հարաբերություններում համանմանությունները (անալոգիաները) չի կարելի անտեսել:
Նկատենք, որ չնայած բողոքի ակցիաների մեծ ծավալներին՝ Ղազախստանում ներքին հուզումները որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի կամ կուսակցության նախաձեռնությունը չէին, չունեին առաջնորդ, բայց և այդ գործընթացը հենց ուղղված էր, նախ և առաջ, տեղի իշխանության ապալեգիտիմացմանը, իսկ հեղուկ գազի գնի դեմ բողոքն, ըստ էության, ոչ թե պատճառն էր, այլ ուղղակի պատրվակը: Ակնհայտ է, որ բողոքի ակցիաները երկուստեք ուղեկցվում էին բռնի գործողություններով: Իրականում մի կողմի բռնությունն է հրահրում բռնություն նաև մյուս կողմից: Եվ ավտորիտար վարչակարգերում այսպիսի իրավիճակներում, երբ իշխանությունը կորցնում է վերահսկողությունը, հաճախ դիմում է արտաքին օգնության, ինչը և արեց Ղազախստանի գործող նախագահը, սակայն, ի տարբերություն Լուկաշենկոյի, որն ուղիղ դիմեց Ռուսաստանին, Ղազախստանի ղեկավարը դիմեց ՀԱՊԿ-ին, քանի որ ֆորս-մաժորային իրավիճակներում արտաքին ճնշումներն ավելի ուժեղ են ազդում, երբ կա խնդիր փրկելու ավտորիտար ռեժիմը, որն էլ իշխանության միակ երաշխիքն է: ՀԱՊԿ-ին դիմելը նաև ռուսական միջամտության լեգիտիմացման նպատակն էր հետապնդում, քանի որ մի քանի դերակատարների դեպքում պատասխանատվությունը սովորաբար բաշխվում է բոլորի միջև:
Բայց այս ամենի ֆոնին ամենազարմանալին ՀԱՊԿ-ի գերօպերատիվ արձագանքն էր՝ չնայած, որ ՀԱՊԿ-ն հայտնի է իր «կրիայի դանդաղկոտությամբ և ջայլամի քաղաքականությամբ»: Այս հանգամանքը, կարծես, ցույց է տալիս, որ այդ գործողությունը կանխամտածված և նախապատրաստված էր: Սակայն, դա հիմնավորվում է ահաբեկիչների դեմ անհապաղ պայքարի անհրաժեշտությամբ, ինչի վերաբերյալ դեռևս որևէ փաստական նյութ չի ներկայացվել, իսկ այդ առթիվ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:
Ինչևէ, փաստ է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահներն արդեն Ղազախստանում են, և նրանց կազմում կան նաև ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ: Ըստ էության, նպատակահարմար կլիներ, որ այս գործընթացին ՀՀ-ի մասնակցությունը սահմանափակվեր միայն դիվանագիտական մանևրներով: ՀԱՊԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման ներկայությունը և օգտագործումը ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով որևէ դրական գնահատականի չի արժանանա ո՛չ ժողովրդավարության արժեկիր որևէ պետության կողմից, ո՛չ էլ կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը քաղաքակիրթ աշխարհում: Սա նշանակում է, որ այս հարցում Հայաստանի համար լավագույն դիրքորոշումը պետք է չեզոքությունը լիներ, առավել ևս, երբ ղազախական խնդիրը ոչ թե միջպետական, այլ տեղական նշանակության է և վերաբերում է այդ երկրի ներքին գործերին: Հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ կապված ՀՀ-ին ուղղված ադրբեջանական սպառնալիքի և տարածքային ամբողջականության խախտման փաստի հետ, ՀՀ-ն գոնե պետք է ձեռնպահ մնար իր խաղաղապահներն ուղարկելուց և գործընթացին մասնակցեր մարդասիրարական առաքելությամբ՝ օրինակ, ուղարկելով բժիշկների, հրշեջների, ԱԻՆ աշխատակիցների, քանի որ Ղազախստանում հայտարարվել է ոչ թե ռազմական, այլ արտակարգ դրություն, ինչը փաստում է արտակարգ և ոչ թե ռազմական իրավիճակի մասին:
Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ ՀԱՊԿ-ից այդպես էլ որևէ ադեկվատ արձագանք չեղավ ադրբեջանական զինված խմբերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստի վերաբերյալ: Ավելին՝ նույնիսկ ՀԱՊԿ անդամ որևէ պետություն պաշտոնապես չխոսեց այդ մասին, որոշ երկրներ էլ շնորհավորեցին Ադրբեջանին՝ Արցախում հաղթանակի առթիվ:
Բարոյական կողմից զատ ղազախական ներքին գործընթացին մասնակցելը Հայաստանին կարող է դե ֆակտո կանգնեցնել ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև երկընտրանքի առջև՝ չնայած այն բանին, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թ.-ին հաստատել, իսկ 2021 թ.-ին վերահաստատել է իր ժողովրդավարական ձգտումները:
Անկասկած է, որ ավտորիտար վարչակարգերը սեփական ժողովրդի գլխին դառնում են պատուհաս: Պատմությունը միշտ է ապացուցել այս իրողությունը: Սակայն հետխորհրդային ավտորիտար առաջնորդների համար ռեժիմի պահպանումը սեփական իշխանության երկարաձգման միակ երաշխիքն է: Ուստի ղազախական իշխանությունը, ինչպես ժամանակին բելառուսական իշխանությունը, գնաց դրսից սեփական ժողովրդին ճնշելու նպատակով զինված ուժերի ներգրավման ճանապարհով, որի դիմաց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում կվճարի այն նույն գինը, ինչը վճարեց Լուկաշենկոն: Արդյունքում՝ Ղազախստանում կլինի լեգիտիմության դեֆիցիտ ունեցող իշխանություն, որն արտաքին միջամտություններին և մարտահրավերներին այլևս դիմագրավելու ներուժ չի ունենա: Հետևապես՝ մի օր էլ Ռուսաստանից կարող է ստանալ միութենական պետության մեջ ընդգրկվելու առաջարկ, որին չի կարողանա դիմադրել, ինչպես եղավ Բելառուսի դեպքում:
Իսկ թե ինչ կապ ունի այս ամենն աշխարհակարգի վերաձևման հետ, ապա հարկ է նշել, որ եթե Ռուսաստանը, կորցնելով 2014 թ.-ին Ուկրաինան, 2020 թ.-ին ի դեմս Բելառուսի ստացավ Արևմուտքից պաշտպանվելու «վահան», ապա չի բացառվում, որ հետայսու ի դեմս Ղազախստանի կստանա նաև Արևելքից պաշտպանվելու «վահան»: Եթե հյուսիսից, ըստ էության, չկան մարտահրավերներ՝ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, ապա Ռուսաստանին մնում է ձևավորել ևս մեկ «վահան» Հարավից եկող սպառնալիքների դեմ, իսկ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազան, Արցախում ռուսական ռազմական ներկայությունը, կարծում եմ, այդ նպատակով է՝ վերահսկել նաև հաղորդուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել:
Քանի որ Ղազախստանի դեպքը ՀԱՊԿ-ի միջամտության առումով դարձավ նախադեպային, որն ուղեկցվում է բռնությամբ և տեղեկատվության բլոկադայով (համացանցի անջատում, ինչը սովորաբար իրականությունը թաքցնելու միջոց է՝ բնորոշ ավտորիտար պետություններին), ապա չի բացառվում, որ նմանատիպ իրավիճակներում այս կերպ միջամտության սցենարը կրկնվի նաև ՀԱՊԿ անդամ այլ պետություններում:
Փաստորեն, ՀԱՊԿ-ն իրականում ոչ թե պաշտպանում է անդամ պետություններին արտաքին անվտանգային սպառնալիքներից, ինչի մասին Հայաստանի նկատմամբ ցուցաբերված անգործությունն է վկայում, այլ պաշտպանում է անդամ պետությունների ավտորիտար ռեժիմները, ինչի մասին վկայում է Ղազախստանի դեպքը: Ահա սա է նաև հիմնական պատճառը, որ Հայաստանը չպետք է շտապեր ռազմական ստորաբաժանում ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահների կազմում: Իսկ պատճառաբանությունները, թե Հայաստանն իր պարտավորությունները չի կարող չկատարել, սնանկ են, քանի որ Հայաստանը որևէ պետության ներքին գործերին միջամտելու պայմանագրային որևէ պարտավորություն չունի, նույնիսկ, եթե այդ պետության ղեկավարները դիմում են համապատասխան խնդրանքով: Չէ՞ որ իշխանությունները փոփոխվում են, իսկ պետության մեջ ինքնիշխանը ժողովուրդն է և ոչ թե իշխանությունը:
Հայաստանի համար ղազախական ներքին գործընթացին մասնակցելու հետևանքները կարող են հանգեցնել արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության ձեռքբերման նպատակով ժողովրդավար պետությունների կողմից նախաձեռնողական քայլերի սահմանափակմանը, օրինակ՝ ներդրումների, նախագծերի հետաձգմանը, որոնք այսօր հետպատերազմյան Հայաստանի կենսունակության համար խիստ անհրաժեշտ են: Խոշոր հաշվով, եթե Հայաստանը կորցնի մեծագույն դժվարությամբ ձեռք բերված իր ժողովրդավարական հմայքը, ապա ավտորիտարիզմի ճահիճն այլևս Հայաստանին բաց չի թողնի իր ճիրաններից, որից էլ կածանցվեն մյուս բացասական հետևանքները: Ուստի այս իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է առնվազն շուտ դուրս բերել իր խաղաղապահներին Ղազախստանից: