Երկու կողմերն էլ որոշակի լավատեսություն հայտնեցին Ժնևում կայացած բանակցություններից հետո, սակայն չհաղթահարեցին փակուղին, կապված Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ չդառնալու վերաբերյալ Ռուսաստանի պահանջի հետ:
Ժնև. երկուշաբթի օրը յոթ ժամ տևած հրատապ բանակցություններից Միացյալ Նահանգները և Ռուսաստանը դուրս եկան ՆԱՏՕ-ի դաշինքի ապագայի և Արևելյան Եվրոպայում զորքերի ու զինտեխնիկայի տեղակայման վերաբերյալ անհամատեղելի թվացող դիրքորոշումներով, պահպանելով մեծ լարվածությունը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մտավախությունների ֆոնին:
Ռուսաստանի կողմից գլխավոր բանագնաց, փոխարտգործնախարար Սերգեյ Ա. Ռյաբկովը հանդիպումից հետո պնդեց, որ «բացարձակապես պարտադիր» է, որ Ուկրաինան «երբեք, երբեք, երբևէ» (never, never, never.- խմբ.) չդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Նրա ամերիկացի գործընկեր, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը կրկնեց, որ Միացյալ Նահանգները երբեք չի կարող նման խոստում տալ, քանի որ «մենք թույլ չենք տա որևէ մեկին շրխկացնելով փակել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը», և հավելեց, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները «ձեռքերը ծալած» չեն նստի, եթե Ռուսաստանը փորձի «ուժով» փոխել միջազգային սահմանները։
Ստեղծված փակուղին անորոշ վիճակում թողեց Ուկրաինայի ճակատագիրը, որն, ի դեպ, հրավիրված չէր երկկողմանի բանակցություններին, քանի որ Ռուսաստանի ռազմական մտադրությունները հեռու են լուծում ստանալուց՝ կիրակի գիշերը և երկուշաբթի օրը տիկին Շերմանի և պարոն Ռյաբկովի միջև շտապ պլանավորված հանդիպումներից հետո:
Թեև Ռուսաստանը մոտ 100.000 զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ իր սահմանին, այնուամենայնիվ, պարոն Ռյաբկովը լրագրողներին ասաց. «մենք մտադրություն չունենք ներխուժել Ուկրաինա»: Ավելին, երկու կողմերն էլ որոշ դրական գնահատականներ են հնչեցրել հանդիպման մասին։
Տիկին Շերմանը երկուշաբթի օրը կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հեռախոսային խոսակցության ընթացքում նշեց, որ տեսնում է որոշ ոլորտներ, որտեղ երկու երկրները կարող են առաջընթաց գրանցել, իսկ պարոն Ռյաբկովը բանակցությունները որակեց որպես «շատ պրոֆեսիոնալ, խորը, կոնկրետ», և որ դրանց տոնայնությունը «մարդուն դարձնում են ավելի լավատես»։
Բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը Բրյուսելում, երբ ռուս պաշտոնյաները կհանդիպեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, իսկ հինգշաբթի օրը Վիեննայում՝ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության հավաքին, որտեղ ընդգրկված են ինչպես Ռուսաստանը և Ուկրաինան, այնպես էլ Միացյալ Նահանգները: Պարոն Ռյաբկովն ասաց, որ այդ քննարկումների արդյունքը կորոշի՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է գնալ դիվանագիտական ճանապարհով, թե՞ ոչ:
Եվ նախազգուշացրեց, որ եթե Արևմուտքը չհամաձայնի Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության հետքաշման վերաբերյալ Ռուսաստանի պահանջներին, ապա կառերեսվի անորոշ հետևանքների հետ, որոնք վտանգի տակ կդնեն «ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը»:
Պարոն Ռյաբկովի երկիմաստ հաղորդագրությունը տատանվում է զգուշավոր հաշտարար և թույլ սպառնալից լինելու միջև։ Այն զուգակցված է նոր գնահատականներով՝ կապված Ուկրաինայում հնարավոր միջամտության ռուսաստանյան ժամանակացույցի հետ։ Իսկ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են խորապես մտահոգված մնալ հնարավոր ներխուժմամբ:
Սակայն, ռուսական զորամիավորումների քանակը Ուկրաինայում վերջին շաբաթների ընթացքում այնքան չի աճել, որքան կանխատեսել էին մի քանի շաբաթ առաջ հետախուզության պաշտոնյաները, The New York Times-ին հայտնել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները՝ տեղեկացնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե դեռևս չի կողմնորոշվել՝ արդյո՞ք պետք է գնալ հարձակման, թե՞ հնարավոր է դիտարկել պակաս ավանդական գործելաոճ, քան զորքերի տեղափոխումն է սահմանից այն կողմ։
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ իրենք պատրաստվում են ամեն ինչի՝ լայնածավալ հարձակումից և մասնակի ներխուժումներից մինչև երկիրը կաթվածահար անելու նպատակով ձեռնարկված կիբերհարձակումներ:
«Նա փորձեց պահպանել ճկուն դիրքորոշում, որը թույլ կտա Պուտինին ընտրել տարբերակներից ցանկացածը»,- ասել է Բեռլինում արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի Ռուսաստանի հարցերով մասնագետ Կադրի Լիիկը պարոն Ռյաբկովի մոտեցման մասին: «Պուտինի որոշումն է լինելու՝ շարունակե՞լ այդ բանակցությունները ԱՄՆ-ի առաջադրած պայմաններով, թե՞ ոչ», – ասել է նա։
Ռուսաստանը բռնակցեց ուկրաինական թերակղզին՝ Ղրիմը, և հրահրեց անջատողական պատերազմ երկրի արևելքում 2014 թվականին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արևմտամետ հեղափոխությունից հետո: Արևելյան Ուկրաինայում պատերազմը շարունակում է եռալ՝ երկու կողմից խլելով ավելի քան 13.000 մարդու կյանք:
Վերջին տարում Պուտինն ավելի ու ավելի շատ էր համարում Ուկրաինային տրված արևմտյան աջակցությունը՝ դիտելով այն որպես էկզիստենցիալ սպառնալիք և պնդելով, որ հարևան երկիրը՝ նախկինում խորհրդային հանրապետությունը, վերածվում է «հակառուսականի», որը Արևմուտքը կարող է օգտագործել իր երկրի վրա հարձակվելու կամ էլ իր երկիրը թուլացնելու համար։
Սակայն Ռուսաստանի նպատակներն ավելի հեռահար են, քան Ուկրաինայի ապագայի կանխորոշումը․ անցյալ ամիս Արևմուտքին ներկայացված արտասովոր պահանջների փաթեթով նա ձգտում է հետ բերել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը 1990-ականների մակարդակին: Ռուսաստանը նաև երաշխիքներ է խնդրել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, և զորամիավորումներ կամ զինտեխնիկա չի տեղակայի նախկին խորհրդային երկրներում, որոնք մինչ այս պահը միացել են ՆԱՏՕ-ին:
Երկուշաբթի օրը ամերիկացի պաշտոնյաները նշեցին, որ տեսնում են հնարավորություններ Ռուսաստանի հետ երկխոսության խորացման համար, օրինակ՝ միջին հեռահարության միջուկային զենքի մասին պայմանագրի վերականգնումը, որից Միացյալ Նահանգները դուրս էր եկել 2019 թվականին՝ դրա պայմանները խախտելու մեջ Ռուսաստանին տարիներ շարունակ մեղադրելուց հետո: Պայմանագիրն արգելում էր հրթիռների տեղակայումը, որոնք կարող են միջուկային հարված հասցնել առանց նախազգուշացման:
Երկուշաբթի օրը կայացած բանակցություններում ամերիկյան կողմը ներառեց որոշ առաջարկներ այն սահմանափակումների շուրջ, թե որտեղ կարող են ԱՄՆ-ն և Ռուսաստանը տեղակայել իրենց հրթիռները:
Այս պահին Միացյալ Նահանգները Եվրոպայում միջին հեռահարության հրթիռներ չունի, ուստի դրանք կրկին արգելելու համաձայնությանը հեշտությամբ ձեռք կբերվի, նշում են փորձագետները: Սակայն տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն պահել է մի շարք մարտավարական միջուկային զենքեր Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում ու Թուրքիայում, և Ռուսաստանը կարող է պահանջել, որ դրանք նույնպես արգելվեն:
Տիկին Շերմանը, որը ծառայել է Քլինթոնի և Օբամայի վարչակազմերում և հաճախ ստացել է Միացյալ Նահանգների ամենադժվար բանակցությունները վարելու իրավունքը, նշել է, որ ինքը հստակեցրել է, որ Վաշինգտոնը բաց է քննարկելու «ուղիները, որոնցով մենք կարող ենք փոխադարձ սահմանափակումներ դնել զորավարժությունների չափի և (մասնակից երկրների՝ խմբ․) շրջանակի վրա, ինչպես նաև բարելավել այդ զորավարժությունների թափանցիկությունը»:
Դա կլինի ռուսական ուժերին Ուկրաինայի սահմաններից հեռացնելու փորձ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ռուսաստանի հետ բովանդակալից երկխոսությանը»,- երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշեց տիկին Շերմանը, ընդգծելով, որ Բայդենի վարչակազմի ռազմավարությունն է պահպանել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ պատերազմից խուսափելու համար: «Մենք պետք է դիվանագիտությանն ու երկխոսությանը տրամադրենք այն ժամանակն ու տարածությունը, որոնք անհրաժեշտ են նման բարդ հարցերում առաջընթաց գրանցելու համար»:
Նույնիսկ առանց ամերիկյան կողմի որևէ զիջման, երկուշաբթի օրվա բանակցություններն արդեն իսկ Կրեմլի որոշակի հաղթանակն էին, քանի որ դրանք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, որը երկար ժամանակ զայրացնում էր Պուտինին, մղեցին առաջին պլան՝ Վաշինգտոնի քաղաքականությունը մշակողների առջև ծառացած խնդիրների շարքում։
Վերլուծաբան տիկին Լիիկը նշեց, որ լրջությունը, որով Միացյալ Նահանգները նախապատրաստվել են երկուշաբթի օրվա բանակցություններին՝ ուղարկելով մեծ պատվիրակություն, որը ներառում էր Պաշտպանության նախարարության, Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներին, որոնք համակարգում են Սպիտակ տան իրականացրած քաղաքականությունը, կարևոր ազդանշան ուղարկեց Մոսկվային։
«Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ ամերիկյան կողմը շատ լուրջ է վերաբերվել ռուսական առաջարկներին և խորապես ուսումնասիրել է դրանք»,- ասել պարոն Ռյաբկովը։ «Այժմ բոլորն իրերն իրենց անուններով են կոչում, և դա ինքնին բուժիչ ազդեցություն ունի Արևմուտքի հետ մեր հարաբերությունների վրա»։
Պարոն Ռյաբկովը նաև ասել է, որ Ռուսաստանը որոշում կկայացնի՝ շարունակե՞լ, թե՞ չշարունակել դիվանագիտությունը այս շաբաթվա հանդիպումներից հետո, զգուշացնելով, որ «հակամարտության հնարավոր սրման հետ կապված ռիսկերը չեն կարող թերագնահատվել»։
Բայց պարոն Ռյաբկովը հստակ չնշեց, թե կոնկրետ ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե Միացյալ Նահանգները մերժի Ռուսաստանի պահանջները։ Նա բազմիցս ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվելու պլաններ չունի, և որ «այս առումով էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա»։
Բայց նաև նշել է, որ Ուկրաինայում և Սևծովյան տարածաշրջանում Արևմուտքի ռազմական ակտիվության աճը ստիպել է Ռուսաստանին փոխել իր ռազմական դիրքերը տարածաշրջանում, և որ նա (ՌԴ-ն) անհանգստացած է Ուկրաինայի կողմից «կանխամտածված սադրանքներից»:
Արևմտյան պաշտոնյաները նշում են, որ հնարավոր է Ռուսաստանը դիմի կեղծ «սադրանքի»՝ ներխուժման պատրվակ ստեղծելու համար:
Նկարագրելով այն հետևանքները, որոնք կառաջանան, եթե դիվանագիտությունը ձախողվի, պարոն Ռյաբկովը կրկնել է Վլադիմիր Պուտինի այն ձևակերպումը, որ Արևմուտքը կառերեսվի Ռուսաստանի «ռազմատեխնիկական պատասխանի հետ»: Նա հավելել է, որ Ռուսաստանը չի հրապարակի, թե ինչպիսին կլինի այդ պատասխանը, քանի որ դա առաջ կբերի նոր պատժամիջոցների սպառնալիքներ, բայց նաև նշել է, որ դա կարող է ներառել սպառազինության որոշակի համակարգերի նոր տեղակայումներ:
Տիկին Շերմանին, որը զգուշավոր էր ռուս պաշտոնյաների հետ երկարատև «մենամարտից» հետո, հանդիպումից հետո հարց տրվեց, թե արդյո՞ք նա իրատեսական հույս ունի դիվանագիտական լուծման համար:
«Դիվանագետների համար շատ դժվար է անել այն աշխատանքը, որը մենք անում ենք, եթե հույս չունենք», – պատասխանել է նա: «Այնպես որ, իհարկե, հույս ունեմ»:
Նա կարճ դադար է տվել և ապա հավելել․ «Բայց այն, ինչն ինձ ավելի շատ է հետաքրքրում, արդյունքներն են»:
10.01.22.