Ղազախստանյան քաղաքական դրամայի համապատկերում, դրամա, որը յուրատեսակ «սև կարապ» է դարձել հետխորհրդային բոլոր ավտորիտար ռեժիմների համար և, ըստ այդմ, նշանակալից առիթ՝ սեփական ապագայի վերաիմաստավորման համար, հունվարի 10-ին Եվրոպայում մեկնարկեց Ռուսաստանի ու կոլեկտիվ Արևմուտքի միջև խորհրդատվությունների կարևորագույն ռաունդը գոյաբանական կարևորության հարցերի՝ եվրոպական անվտանգության և մայրցամաքում հետագա քաղաքականության շուրջ։ Այդ բազմափուլ կոշտ զրույցի արդյունքներն ի զորու են կանխորոշելու դեպքերի ընթացքն ապագայում, ձևավորելու եթե ոչ նոր ճարտարապետություն, ապա անվտանգության միանշանակ նոր միջավայր, որում հետխորհրդային երկրներին հարկ կլինի ձևավորել սեփական քաղաքական հեռանկարային ուղեգիծը։
Այս հանգամանքների հանրագումարում այնպես է ստացվել, որ իրադարձությունների էպիկենտրոնում է հայտնվել հետխորհրդային տարածության խոշորագույն պետությունը՝ Ուկրաինան, որի ճակատագիրն անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Ու ոչ միայն և ոչ այնքան քաղաքական նախապատվությունների, որքան պրագմատիկ պատկերացումների բերումով։ Քանի որ միանգամայն ակնհայտ է, որ այսօր որոշվում է նաև ռուսաստանյան նորակայսրապետական նախագծի՝ պայմանական անվանմամբ «ԽՍՀՄ-2.0»-ի ճակատագիրը, հանուն որի Կրեմլն այդքան բարձրացրել է խաղադրույքները և սկսել է հանդես գալ վերջնագրային պահանջներով, հարցականի տակ դնելով մոտ երկու տասնյակ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխանության և ազատության հարցը։
Ստեղծված և կտրուկ փոփոխությունների ենթակա իրավիճակն առավել հանգամանորեն պատկերացնելու համար ներկայացնում ենք մեր երկու հեղինակների կարծիքներն ու միջազգային լրատվամիջոցներից երկու արտատպություն, որոնցում տարբեր տեսանկյուններից ու դիրքորոշումներից վերլուծվում են ծայրահեղ անհանգիստ 2022 թվականի սկզբի իրադարձությունները։