Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Հունվարի 10-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով բանակցությունները, որոնց միջոցով Մոսկվան ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից պահանջում է անվտանգության գրավոր երաշխիքներ, չձախողվեցին, սակայն կողմերը շատ հեռու են շոշափելի արդյունքներից։ Թերևս, միակ արդյունքն այն է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը տրամադրված են շարունակել անկեղծ, բովանդակային, սակայն կոշտ երկխոսությունը։ Գործընթացը նախաձեռնել է Ռուսաստանը՝ հանդես գալով հստակ պահանջներով, ուստի, կախված բանակցությունների ելքից, դրանց ազդեցության ալիքները կարող են հասնել նաև Հարավային Կովկաս, որը մեծ հաշվով ևս հանդիսանում է Ռուսաստան-ՆԱՏՕ (ի դեմս Թուրքիայի) շփման գիծ։
Հասկանալու համար Հարավային Կովկասի վրա Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների ազդեցության հնարավոր հետևանքները, պետք է նախ դիտարկել Մոսկվա-Բրյուսել կամ Մոսկվա-Վաշինգտոն ռազմավարական երկխոսության առարկան։ Այն պայմանագրի նախագծի տեսքով հրապարակված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: Եթե հակիրճ, ապա Արևմուտքին առաջարկվում է գործի դնել «ժամանակի մեքենան» և վերադառնալ 1997 թվականին Եվրոպայում գոյություն ունեցած անվտանգության ստատուս-քվոյին։ Մասնավորապես, Ռուսաստանը պահանջում է նախ չընդարձակել ՆԱՏՕ-ն դեպի հետխորհրդային պետություններ, այլ կերպ ասած՝ Ուկրաինային ու Վրաստանին չընդգրկել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ, չտեղակայել Եվրոպայում հարվածային սպառազինության այնպիսի համակարգեր, որոնք կարող են խոցել ՌԴ տարածքում թիրախներ, վերացնել 1997 թվականին դաշինքի ընդլայնման գործընթացի մեկնարկից հետո արեւելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ստեղծած ռազմական ենթակառուցվածքները:
Պարզ է, որ Ռուսաստանի պահանջներն ամբողջությամբ ՆԱՏՕ-ն չի կատարելու։ Դժվար թե Ռուսաստանում ակնկալում էին դրանց ամբողջական կատարում, երբ հանդես եկան նման պահանջներով, որոնք, որպես կանոն, կատարում է պատերազմում պարտված կողմը, որպիսին ՆԱՏՕ-ն չի հանդիսանում։ Այստեղից էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս հրապարակավ արած հայտնի արտահայտությունը, որ իրեն պետք է «գոնե ինչ-որ բան, թեկուզ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ»։
Ուստի Ռուսաստանի համար կարևոր է գործընթացը, որտեղ Մոսկվան Արևմուտքի հետ գրեթե սառը պատերազմի կանոններով կսկսի խոսել իրենց հարաբերություններում խաղի կանոնների հստակեցման մասին։ Երկխոսությունն արդեն սկսվել է, կարելի է ասել՝ հարկադրանքի պայմաններում, երբ ամեն վայրկյան Ուկրաինայի սահմանին կախված պատերազմի սպառնալիքը կարող է պայթել, իսկ Կիևի համար Ռուսաստանի հետ պատերազմելու նպատակ ու ցանկություն չունեցող ԱՄՆ-ն խոստանում է պատասխանել ցավոտ պատժամիջոցներով՝ ընդհուպ չբացառելով Ռուսաստանը գլոբալ բանկային, ֆինանսական հոսքերից, այն է՝ SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը։
Փոխադարձ սպառնալիքների պայմաններում Ռուսաստանն ու Արևմուտքն ամեն դեպքում նստել են բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուս և ամերիկացի միջազգայնագետների դիպուկ դիտարկմամբ՝ չնայած կողմերի կոշտ հռետորաբանությանը, ԱՄՆ-ն առաջին անգամ Ռուսաստանի հետ սեղանի շուրջ քննարկում է եվրոպական անվտանգության խնդիրները։
Եթե տարիներ առաջ Ռուսաստանում սա արդեն իսկ կհամարեին դիվանագիտական հաջողություն, այժմ Մոսկվայի ռազմավարական նպատակների շրջանակն այլ է։ Այն ենթադրում է ազդեցության կոնսոլիդացիա գրեթե բոլոր տարածաշրջաններում, որոնք գտնվել են ԽՍՀՄ կազմում կամ եղել խորհրդային շահերի դաշտում. Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Ղազախական ճգնաժամին ՀԱՊԿ-ի, ի դեմս Ռուսաստանի, օպերատիվ արձագանքը Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի՝ ընդհուպ ռազմական ներուժի պրոյեկցիայի պատրաստակամության ցուցադրությունն էր նաև:
Ըստ այդմ, լարվածության նոր աստիճանի հասած ուկրաինական ճգնաժամի պայմաններում ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական նոր «պարտիայի» ազդեցության ալիքները կհասնեն հակամարտության էպիկենտրոնից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Հարավային Կովկաս, որտեղ խաղն ավելի շատ հիշեցնում է տարածաշրջանային «նարդի», իսկ զառերը մի քանիսն են ու միանգամից տարածաշրջանային մի քանի գերտերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռքում։ Այլ կերպ ասած՝ իրավիճակն էլ ավելի անկանխատեսելի է։
Ռուսաստանն այժմ հետխորհրդային տարածաշրջանում իր ազդեցության սահմանագծով կարմիր դրոշակներ է դնում: Այս գործընթացից չի խուսափելու նաև Հարավային Կովկասը, որտեղ երեք ճանաչված երկրները ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների տարբեր մակարդակներում են։ Ուստի տարբեր է լինելու նաեւ նրանց վրա հնարավոր ազդեցությունը։ Թե որքան զգայուն կլինեն այդ երկրները Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունների հնարավոր ելքերի հանդեպ՝ կախված է նրանց ինքնիշխանության աստիճանից և այդ ինքնիշխանությունը պաշտպանելու ներուժից, այդ թվում՝ ռազմական մակարդակում։
Ուստի ակնհայտ է, որ այդ բանակցությունները մեկ բան կարող են նշանակել ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող Վրաստանի համար, մեկ այլ բան՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով ընթացող Ադրբեջանի համար, որը այդ դաշինքում ռազմական ներուժով երկրորդ պետության՝ Թուրքիայի դաշնակիցն է, ու միանգամայն այլ բան՝ ամբողջությամբ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ուղեծրում գտնվող և դաշինքի հետ թուլացող կապեր ունեցող Հայաստանի համար:
Արևմուտք-Ռուսաստան նոր հավասարումում, որտեղ անհայտները դեռ շատ են, ճիշտ դիրքավորվելու համար Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին դեռևս պետք է դիվանագիտական խողովակներով հասկանալ՝ ինչ է նշանակում Ռուսաստանի նպատակը` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ժամանակը հետ պտտել մինչև 1997 թվականի ստատուս-քվոն։ Խոսքը միայն ռազմական ենթակառուցվածքների՞ մասին է, որոնք ՆԱՏՕ-ն տեղակայել է հիմնականում Արևելյան Եվրոպայում, թե՞ թիրախում կարող են հայտնվել նաև դաշինքի հետ համագործակցության ծրագրերը։ Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են մի շարք ծրագրերով, իսկ Վրաստանը, Ուկրաինայի նման, ձգտում է անդամակցել այդ կազմակերպությանը։
Առանձնակի մտահոգության տեղիք կտա ուկրաինական ճգնաժամի խորացման հնարավոր հեռանկարը՝ ընդհուպ մինչև հարվածների փոխանակում, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, իրավիճակի բարդության մակարդակից կախված, կարող է նույնիսկ անվտանգության վակուում ստեղծել Հարավային Կովկասում։ Այդ վակուումը լրացնել կշտապեն տարածաշրջանային այլ տերություններ, հատկապես՝ Թուրքիան։ Դա վատագույն սցենարն է ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից ներքին ու բարդ փոխակերպումներ ապրող Հայաստանի համար։ Ամեն ինչ կախված է լինելու այն բանից, թե Ռուսաստանը որքան լրջորեն է ներքաշված լինելու այդ հակամարտության մեջ և որքան ռեսուրսներ ունի բոլոր ճակատներում իր շահերի արդյունավետ պաշտպանության համար։ Չի բացառվում, որ Մոսկվայում հաշվի են առել այդօրինակ սցենարների հավանականությունը և ռուսաստանյան ռազմական մեքենայի ու դիվանագիտության հնարավոր գործողությունները։
Մեկ բան ակնհայտ է. Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմավարական դիվանագիտության նոր փուլի արդյունքում Մոսկվան, իր առավելապաշտական պահանջների չկատարման պայմաններում, գոնե ձգտելու է հետխորհրդային տարածաշրջանում, ուստի նաև Հարավային Կովկասում ազդեցության որոշակի կոնսոլիդացիայի: Այդ գործընթացի տարրերն արդեն իսկ նախանշվում են «3+3» տարածշրջանային ձևաչափի ստեղծմամբ, որին մասնակցելուց Վրաստանը հրաժարվել է։ Այդ ձևաչափն իր սուր ծայրով ուղղված է Արևմուտքի կամ նրա աշխարհաքաղաքական ազդեցության դեմ։
Արևմուտքից լրջագույն ջանքեր են պահանջվելու իր դիրքերը տարածաշրջանում եթե ոչ ամրապնդելու, ապա գոնե պահպանելու համար։ Առանց ԱՄՆ-ի աջակցության (իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ռազմավարական նպատակները Հարավային Կովկասում հստակ չեն) Եվրամիության քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, երկու դոմինանտների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ընդլայնվող ազդեցության պայմաններում, ակնհայտորեն թուլանալու է։ Ազդեցության հիմնական գործոնը մնալու են ֆինանսատնտեսական մեխանիզմները, որոնք դեռ շարունակում են աշխատել, սակայն դրանց արդյունավետությունն էլ կարող է նվազել քաղաքական հնարավորությունների սեղմման պայմաններում։
Իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղենիշով շարժվող Վրաստանի պարագայում Ռուսաստանը ձգտելու է հասնել թղթի վրա այդ երկրի ոչ բլոկային ստատուսի ամրագրմանը։ Ընդհանրապես, Մոսկվայի «մաքսիմում ծրագիրն» է հետխորհրդային երկրները կամ պահել իր ազդեցության գոտում, կամ, պատկերավոր ասած, վերածել Ֆինլանդիայի, որը չի անդամակցում ՆԱՏՕ-ին և ունի արդյունավետ հարաբերություններ Մոսկվայի հետ:
Այլ կերպ ասած, Ռուսաստանն այժմ ձգտում է 2008 թվականին Բուխարեստում ընդունված ՆԱՏՕ-ի հռչակագրի՝ Վրաստանին ու Ուկրաինային դաշինքին անդամակցելու հնարավորության վերաբերյալ կետի չեղարկմանը։ Այնպես չէ, որ Արևմուտքն այս պահանջն իրականացնելու է։ Առավել ևս միամտություն կլինի սպասել նման որոշման 2022 թվականին սպասվող ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում։
Միևնույն ժամանակ, պարզ է՝ քանի դեռ Ռուսաստանն ի վիճակի է գործել ուժային եղանակով, իսկ ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի ու Վրաստանի համար, ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ու Թբիլիսիի ծրագրերը գոնե միջնաժամկետ հեռանկարում անիրականանալի են թվում։
Մասնագետների մի մասն էլ պատահական չի համարում Արևմուտք-Ռուսաստան հարաբերություները պարզելու գործընթացի ժամանակային համընկնումը Ռուսաստանում իշխանության անցման կամ կառավարման ղեկից Պուտինի գոնե ֆորմալ հեռանալու հնարավորության շուրջ քննարկումների հետ։ Ինչպես նշում է Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Պուտինը ստեղծում է «ժառանգություն, մեծ աշխարհաքաղաքական ժառանգություն»։