Ռուսաստանում «բանակ» բառն ինքնին երիտասարդության մոտ բացառապես տհաճ զուգորդումներ է առաջացնում, և քչերն են կամավոր ձգտում այնտեղ։ Իսկ Ֆինլանդիայում, ընդհակառակը, բոլորովին այլ իրավիճակ է․ ֆիննական բանակում ծառայությունն արմատապես տարբերվում է ռուսական բանակի ծառայությունից։
Յուրաքանչյուր ֆինն հայրենիքի պաշտպանությունը պատվի գործ է համարում։ Սակայն դրանից զատ կան նաև մի քանի այլ ծանրակշիռ գործոններ, որոնք երիտասարդներին գրավում են։ Բանակում ծառայությունն ազդում է կարիերայի վրա. ծառայած երիտասարդին այստեղ անմիջապես աշխատանքի են վերցնում։ Ընդսմին, եթե երիտասարդն աշխատանքից է բանակ զորակոչվել, ապա ծառայությունից հետո վերադառնում է նույն աշխատավայրը։ Ֆինլանդիայում հազվադեպ են խուսափում բանակում ծառայելուց։ Դրանից բացի, այստեղ նույնիսկ անպարկեշտ է համարվում խոստովանելը, թե բանակում չես ծառայել։ Դա անմիջապես նվազեցնում է երիտասարդի սոցիալական կարգավիճակը։
Ֆինլանդիայում համընդհանուր զինապարտության սկզբունքն է գործում, և ամեն տարի 30 հազար հոգի զորակոչվում է ծառայության, տարեկան 35 հազար պահեստազորային էլ վերապատրաստում է անցնում։ Զինապարտ է համարվում 18-30 տարեկան յուրաքանչյուր երիտասարդ։ Իսկ ծառայության ժամկետը տարբեր է՝ 180, 290 կամ 362 օր։
Ֆիննական բանակ զորակոչվում են միայն Ֆինլանդիայի քաղաքացիները։ Ընդսմին, եթե Ֆինլանդիայում երկար տարիներ ապրած արտասահմանցին վերջապես քաղաքացիություն է ստանում, ապա նրան անմիջապես զորակոչի ծանուցագիր է գալիս, եթե, իհարկե, զինապարտության տարիքի է։
Ֆիննական բանակ զորակոչվածներն ունեն բավականին հետաքրքիր առօրյա։ Նրանք կանոնավոր հաճախում են լողավազան, մարզասրահ, սովորում են մարտարվեստ, ըմբշամարտ են պարապում, բիլիարդ են խաղում, կարող են օգտվել ինտերնետից, հանդիպում են ընկերներին և նույնիսկ հանգստյան օրերին մեկնում են տուն։ Այդպիսով, ֆիննական զինվորականները դուրս չեն մնում հասարակական կյանքից։
Ֆիննական բանակը գնահատվում է նաև այն պատճառով, որ այստեղ ընկերանում են հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները։ Բանակն անմոռանալի տպավորություններ է թողնում, և հենց այստեղ են բարեկամական կապեր ստեղծվում։ «Դեդովշչինան» ֆիննական բանակում նույնպես բացակայում է, անգամ դրա մասին ակնարկ չկա, քանի որ զինվորների միջև հարաբերություններին հատուկ անձ է հետևում։
Ֆիննական բանակում էլ, ինչպես ամենուր, արթնանում են առավոտյան ժամը 6-ին։ Մարտիկներն ամեն օր մասնակցում են այնպիսի պարապմունքների, որպիսին թույլ է տալիս բժիշկը։ Թույլտվությունը ստանալու համար հարկ է օրգանիզմի ֆիզիկական հնարավորությունների գնահատում անցնել. ապագա զինվորականը պետք է կարողանա երկար ժամանակ լողալ, վազել և այլ վարժություններ կատարել։
Ֆիննական բանակում նաև ադեկվատության և հնարամտության հոգեբանական թեստեր են անցկացնում։ Հնարամտության (խելամտության, դյուըմբռնման) թեստը երեք մասից է բաղկացած. բառապաշարի ստուգման, տրամաբանության առաջադրանքներ, ինչպես նաև մաթեմատիկական խնդիրներ, որոնք պետք է լուծել մտովի։ Ադեկվատության թեստը երկու մասից է բաղկացած։ Առաջին մասում տրվում են հարցեր, որոնց պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Դրանք, սովորաբար, այս տիպի հարցեր են՝ «լա՞վ մարդ է, արդյոք, քո հայրը», «դու առավոտյան հոգնա՞ծ ես արթնանում» և այլն։ Երկրորդ մասի հարցերին հարկ է տալ «երբեք», «երբեմն», «հազվադեպ», «միշտ» պատասխաններից որևէ մեկը։
Ֆինլանդիայում զինվորականները սովորում են Մորզեի այբուբենը։ Սկզբում ստուգում են բոլորի՝ կապավոր դառնալու ընդունակությունը, ինչպես նաև՝ լսողությամբ զանազան ազդանշաններ ընկալելու աստիճանը։ Ֆիննական բանակում գործում է խրախուսման համակարգը։ Ինչքան շատ բան է անում զինվորը, այնքան ավելի շատ միավորներ է հավաքում, և դրա արդյունքում՝ ավելի շատ ազատ օրեր ստանում։ Միավորներ կարելի է ստանալ ձգումների, վազքի, լողի կամ այլ վարժությունների համար։
Ֆիննական բանակում կերակրում են օրական 3-4 անգամ։ Նախաճաշը՝ առավոտյան 7-ին, ճաշը՝ 12-ին, ընթրիքը՝ 17։00, իսկ երեկոյան՝ քնից առաջ, կարելի է ևս մի թեթև բան ուտել ժամը 19։00-ին։ Ֆիննական բանակում ծառայողներին սկզբում սովորեցնում են մաքրակենցաղության՝ ստիպելով օրական երեք անգամ մաքրություն անել, սակայն երբ այդ գործն արագ անելը դառնում է սովորություն, արդեն կարելի է օրական մեկ անգամ մաքրությամբ զբաղվել։
Բացի նրանից, որ հանգստյան օրերին զինվորականներին տուն են թողնում և ազատ օրեր են տալիս, նրանց թույլատրվում է նաև ժամը 18։00-ից դուրս գալ զորամասից, սակայն պետք է վերադառնալ խստիվ մինչև ժամը 21։00։ Կարելի է նաև որևէ հարգելի քաղաքացիական պատճառով արձակում ստանալ ։
Ամեն դեպքում, ցանկացած երկրի զինված ուժերի հիմնական խնդիրը խաղաղության և կարգուկանոնի համար մտահոգությունն է։ Նույնիսկ խաղաղ պայմանների համար ֆիննական բանակում ձևավորված են արագ արձագանքման հատուկ ջոկատներ։ Որպես կանոն, այդ ջոկատները հազվադեպ են միջամտում որևէ լուրջ իրադարձության, ավելի հաճախ դրանք զբաղվում են կորած մարդկանց որոնումներով։
Այսուհանդերձ, անկախ բոլոր արտոնություններից, ֆիննական բանակը ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ երկրի բանակից, քանի որ խնդիրները նույնն են։ Զինվորներին սովորական քաղաքացուց կարելի է անմիջապես տարբերակել հատուկ համազգեստով, որը շատ մանրակրկիտ մշակված է։
Ֆիննական զինվորական համազգեստը
Զինվորական համազգեստի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ֆիննական տարբեր լանդշաֆթները. թփուտները, պուրակները, անտառները։ Արդյունքում՝ ընտրվել է երեք գույն, որոնք էլ կազմում են քողաներկման (կամուֆլյաժի) հիմնական գունապնակը։ Իբրև բնական ստվեր ավելացվել է նաև «սև ածուխ» կոչվող գույնը։ Կամուֆլյաժը մանրակրկիտ թեստավորում է անցել տեղանքում և միայն դրանից հետո ստացել իր վերջնական տեսքը։ Այն կոչվում է՝ М05.
Կա նաև ձնային կամուֆլյաժ։ Այն երկու գույն ունի, և ձյուն գալու ժամանակ զինվորականի ուրվապատկերը նայողից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կորցնում է հստակությունը։
Ֆիննական բանակն ամբողջ աշխարհում հայտնի է իր ահեղ ռազմական զորությամբ։ Ֆինն հրաձիգները նույնպես հայտնի են, որովհետև թեպետ նրանք անշտապ են, սակայն հաշվենկատ են, սառնասիրտ և ճշգրիտ նշանառու։ Նրանք բազմիցս ապացուցել են իրենց անգերազանցելի վարպետությունը, և նրանց պատվին անգամ առանձին հուշարձան է կանգնեցված։