«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը։
-Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: ՀՅԴ-ն այդ հանձնաժողովում ինչպիսի մասնակցություն է ունենալու, ինչպե՞ս եք գնահատում, որ հիմա են տեղի ունենում սահմանադրական փոփոխություններ:
-Իհարկե, մենք միշտ էլ կողմնակից ենք եղել, որ այդ սահմանադրական փոփոխությունները լինեն: Ավելին, մինչև այս նոր Սահմանադրությունն ընդունելը մենք դրան դեմ ենք եղել, նաև հրապարակավ մեր կարծիքը ներկայացրել ենք, որովհետև գործող Սահմանադրությունը չի համապատասխանում թե՛ այն ժամանակվա, թե՛ ներկայիս մարտահրավերներին: Հետևաբար, մեր հնարավորությունների սահմաններում մեր ներկայությունը կապահովենք այդ ամենին:
-Կարծում եք՝ կառավարման համակարգի փոփոխությունն անհրաժեշտ է, թե՞ ոչ,այդ հարցում կլինի՞ արդյոք կոնսենսուս քաղաքական ուժերի միջև, թե՞ ոչ :
-Իհարկե, կլինի կոնսենսուս: Մի օրինակ բերեմ. նախագահի և ԱԺ-ի միաժամանակյա ընտրությունների անցկացումը միշտ էլ վտանգավոր է ճգնաժամեր ստեղծելու տեսանկյունից: Մանավանդ մեր նման երկրներում, երբ հարցը կարգավորված չէ, միջազգային ճանաչման գործընթացը ավարտված չէ: Նման պարագայում պետք է այնպիսի Սահմանադրություն ունենալ, որ կարողանա տվյալ ժամանակաշրջանին համահունչ լինի: Ինչ վերաբերում է ընդհանրապես կոնսենսուսի հասնելուն, մենք, ըստ էության, ուրիշ ճանապարհ էլ չունենք: Վերջիվերջո, մենք և՛ թվաքանակով, և՛ տարածքով փոքր երկիր ենք, և մեծ շռայլություն է մեզ համար փորձել ամեն մեկս մի քաղաքականություն վարի, պետք է իսկապես փորձել լեզու գտնել իրար հետ, փորձել ի նպաստ երկրի գործողություններ կատարել, որովհետև այլ ճանապարհ ես չեմ տեսնում: Պետք է ամեն բան մի կողմ դնել և փորձել միասին աշխատել:
-Այս փոփոխությունները ուշացա՞ծ էին, թե ոչ, և որքանով են դրանք բխում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:
-Ես արդեն ասացի, որ մինչև 44-օրյա պատերազմը Սահմանադրությունն այն ժամանակ էլ չէր համապատասխանում եղած մարտահրավերներին, որ մենք ունեինք: Հետևաբար այն ժամանակ էլ սխալ էր դա ընդունելը: Այսօր, իհարկե, Սահմանադրությունը փոխելու, տվյալ ժամանակաշրջանին համարժեք դարձնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ՝ քաղաքական ուժերն այս հարցում համախորհուրդ կլինեն և այդ ճանապարհով կգնան:
-Հայաստանում նույնպես սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվել, և հանկարծ Արցախում նույնպես հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Սրանց մեջ կապ կա՞:
-Ես դրանց մեջ կապ չեմ տեսնում: Անձամբ ես գտնում եմ, որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա: Հայաստանի Սահմանադրությունն այսօր լիարժեք հնարավորություն է ստեղծում աշխատելու: Այլ բան է, եթե անձերով պայմանավորված այդ Սահմանադրությունը լիարժեք չի իրականացվում կյանքում: Կարծում եմ՝ խորհրդարանական երկիր ունենալը վատ չի, եթե իսկապես կարողանան քաղաքական ուժերն իրար հետ աշխատել, փոխլրացման միջոցով երկիրն առաջ տանել: Արցախինը մի քիչ ուրիշ է, և մեկը մյուսի հետ կապ չունի: Ընդհանրապես ցանկալի կլինի, որ Հայաստանի և Արցախի Սահմանադրությունները նույնատիպ լինեն, որովհետև, վերջիվերջո, անկախ նրանից՝ մենք անկախության ճանապարհով ենք գնացել, թե ոչ, մեր ժողովրդի նպատակը միասնական երկիր ունենալն է և առանձին սահմանադրություններ ունենալը, իմ կարծիքով, հայոց երկրի երկու հատվածներն իրարից հեռացնելու տարբերակ է: Մենք պետք է ձգտենք հնարավորության սահմաններում ավելի սերտ ինտեգրված լինել և իրար մեջ ապրել:
-Կարծում եք՝ երկու երկրներում էլ պետք է անցնել կիսանախագահական կառավարման մոդելի՞:
-Ընդհանրապես, զուտ որպես կուսակցություն ՀՅԴ-ն առաջին օրվանից էլ գտնում է, որ խորհրդարանական հանրապետությունն ավելի ճիշտ տարբերակ է: Բայց դա չի նշանակում, որ մենք բաց չենք քննարկումներ կազմակերպելու համար: Խոսքն այն մասին է, որ պետք է նստենք միասին քննարկենք, տեսնենք, թե որ տարբերակը կարող է ավելի օգտակար լինել և փորձենք ուժերի մեկտեղում կատարել:
-Արցախի ԱԺ խմբակցությունները «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ են մշակում: Սա պետք է հանգեցնի Հայաստանի կողմից Արցախի ճանաչմա՞նը:
-Դժվարանում եմ ասել՝ ինչ ընթացք կունենա, բայց մենք միշտ ասել ենք և հիմա էլ ենք ասում, որ որպես առաջին քայլ պետք է Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքվի: Դա ասել ենք նաև պատերազմից առաջ: Սա ճանաչման ամենակարևոր քայլն էր լինելու: Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո ամենաբարձր մակարդակներով հնչեցվում էր, որ եթե Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ պետք է մյուս երկրները ճանաչեն: Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները թե՛ նախկին, թե՛ հիմա, խոսում են այն մասին, որ Արցախի ճանաչումը վճռական քայլ է լինելու, որ սաստելու է Ադրբեջանին, որ ռազմական գործողությունների չդիմի: Բայց փաստն այն է, որ դա չզսպեց Ադրբեջանին և կարծում եմ՝ ժամանակին ճանաչելը ճիշտ կլիներ: Սա ինչ-որ մի տեղ ճանապարհ կբացեր մյուս երկրների համար:
-Հիմա արդեն ուշացա՞ծ է:
-Ուշ ոչինչ չի լինում: Կարծում եմ՝ էլի պետք է նստել, խոսել, քննարկել: երկու երկրների իշխանությունները պետք է այս հարցի շուրջ փակ քննարկումներ կազմակերպեն, դրական ու բացասական կողմերը որոշեն և միասնական որոշում կայացնեն: