Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նորերս հայտարարեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, որն ավելի կհամապատասխանի պետական շինարարության այսօրվա փուլին 44-օրյա արյունահեղ պատերազմից հետո, որի արդյունքներից մեկն էլ տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական ներկայության կտրուկ զորացումն է։
Իրոք, պատերազմը փոխել է ստատուս-քվոն ոչ միայն հակամարտության «երկրաչափության» մեջ, այլև ներքաղաքական իրողությունների առումով, որոնք էլ իրենց հերթին որոշակի կառուցակարգային փոփոխություններ կպահանջեն պետական կառավարման համակարգում։ Սակայն, ակնհայտ է, որ չճանաչված պետությունում իշխանությունների ազդարարած և արդեն իսկ ներքաղաքական բանավեճերի տեղիք տված սահմանադրական փոփոխությունները չեն կարող մի այնպիսի յուրօրինակ համադարման դառնալ, որը թույլ կտա ազատվել հետպատերազմյան բոլոր աղետներից ու անորոշություններից։
Այսուհանդերձ, արդեն իսկ կարևոր ու դրական է այն, որ Ադրբեջանում առկա «լայնաքայլ» տոհմական ավտորիտար դիկտատուրայի ու ռուսաստանյան ներկայիս «ավանդույթների» համապատկերում Արցախի խորհրդարանը, այսպես թե այնպես, բանավեճերի համար հավաքատեղի է, որտեղ քաղաքական ընդդիմախոսների փաստարկների հետ հրապարակային անհամաձայնությունը սովորական երևույթ է։ Ո՞րն է արցախյան ներկայիս բանավեճերի բուն էությունը, մայր օրենքում ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը և ի՞նչ համատեքստում է այդ ամենը ասվում՝ այս մասին են մեր հերթական թողարկման նյութերը։