Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն
Երևան
Հայաստանում այսօր լսարաններն ունեն ինչպես տեղեկատվության, այնպես էլ այն մատուցող աղբյուրների ընտրության լայն հնարավորություն։ Ընդ որում, հանրային նշանակության տեղեկատվություն շրջանառող ԶԼՄ-ներն ավելի շատ են, քան նրանց տարածած սեփական արտադրության բովանդակությունները[1]։
Իհարկե, տեղեկատվության աղբյուրների ու հարթակների ընտրության հնարավորությունը խոսքի ազատության կարեւոր ցուցիչ է, սակայն ոչ հիմնականն ու առավել եւս՝ ոչ սպառիչը։
Վերջին երկու տարիների ընթացքում մեզ մոտ սկսեցին խոսել մեդիայի սեփականատերերի ու ֆինանսական հոսքերի թափանցիկության անհրաժեշտության մասին։
Զարգացած ժողովրդավարության ու խոսքի ազատության երկարամյա ավանդույթներով երկրներում լրատվամիջոցների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը ուղիղ կապվում է բազմակարծության, մեդիայի բազմազանության առկայության հետ։ Հենց այս մոտեցումն է հիմք դարձել, օրինակ, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM / Rec (2017x) XX հանձնարարականի համար, որտեղ նշվում է, որ անդամ երկրներում մեդիայի սեփականատերերի ու ֆինանսական թափանցիկության հասնելը անհրաժեշտ է բազմակարծության ապահովման ու մեդիայի պատասխանատվության բարձրացման համար[2]։
Մինչդեռ Հայաստանում մեդիայի ֆինանսական թափանցիկությունը կապում են քաղաքական դրդապատճառներով ապատեղեկատվության դեմ պայքարի հետ։
Օրինակ, երբ 2020 թ. տարեսկզբին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը շեշտեց, թե Հայաստանում խոսքի ազատությունն աննախադեպ է նախահեղափոխական տարիների համեմատ եւ որպես դրա վառ ապացույց ասաց, թե երկրում «… նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան…»[3], նա «մոռացավ» նշել, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ գործում էին հեռուստաընկերություններ, որոնց սեփականատերերը տարբեր գործարքներ ունեին այն ժամանակվա իշխանությունների հետ։ Գլխավոր գործարքը իշխանությունների վերահսկողության շրջանակներում լինելն էր՝ գովազդային հոսքեր ունենալու դիմաց։ Այնպես որ, կոռուպցիոներներին մեդիա գործարկելու հնարավորությունը հաստատ խոսքի ազատության բարձր մակարդակի ցուցիչ լինել չի կարող։ Ինչպես որ մոտ երեք միլիոն լսարանի համար 89 օնլայն ԶԼՄ-ի, կամ 41 հեռուստա- եւ ռադիոընկերությունների առկայությունը[4] դեռ չի նշանակում մեդիայի բազմազանություն, առավել եւս՝ մեդիայի պատասխանատվություն առանց անգամ լիարժեք առաջնային թափանցիկության։
Զարմանալի չէ, որ մեդիայի իրական սեփականատերերի ու նրանց կողմից արվող ֆինանսական ներդրումների թափանցիկությունը քաղաքական պայքարի համատեքստում դիտարկելը մի կողմից իշխանության համար պարարտ հող ստեղծեց վերը բերված օրինակի նման մանիպուլյացիոն մեկնաբանությունների, ապա նաեւ մեդիայի նկատմամբ ճնշումների տանող օրենսդրական կարգավորումների համար[5]։ Իսկ մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերին սատարող, նրանց նախապատվություն տվող լրատվամիջոցների համար կոշտ հակադարձումների եւս մեկ առիթ դարձավ։ Ընդդիմադիր մի շարք ԶԼՄ-ներ ֆինանսական թափանցիկության մասին որոշման առիթով ասում էին, թե ճիշտ կլինի իշխանություններն ապահովեն իրենց հետ անմիջական կապ ունեցող ԶԼՄ-ների թափանցիկությունը։
Ինչեւէ, 2021 թ․ տարեվերջին «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում փոփոխությունը[6] լրատվամիջոցներին պարտավորեցրեց իրենց կայքերում (այսինքն՝ լայն հանրությանը) ներկայացնել տարեկան հաշվետվություններ ֆինանսական եկամուտների մասին։ Պարզ չէ միայն, թե ինչպե՞ս, ո՞ր մարմինը ու ի՞նչ մեխանիզմով է ստուգելու այդ հաշվետվությունների լիարժեքությունը, կամ ի՞նչ մեխանիզմ է գործելու այս օրենսդրական պահանջը չկատարող ԶԼՄ-ների նկատմամբ։
Ֆինանսական թափանցիկության մասին այս օրենսդրական պահանջից շատ ավելի վաղ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում ներմուծված էր նաեւ մեդիայի այսպես կոչված առաջնային թափանցիկությունն ապահովող պահանջը։ Սակայն, ինչպես ցույց տվեց այս թեմայով մեր հետազոտությունը, հատկապես օնլայն տիրույթում գործող լրատվամիջոցները դեռ անցյալ տարվա դրությամբ ներկայացնում էին իրենց մասին այն տվյալները, որոնք հարկ էին համարում, այլ ոչ թե այն ամբողջական փաթեթը, որը պարտադիր պետք է հրապարակվեր ի սկզբանե։ Մեր հետազոտությունների ընթացքում տարբեր ԶԼՄ-ների ղեկավարների հետ հաղորդակցությունը ցույց տվեց, որ մեդիայի նույնականացման տվյալները ոչ լիարժեք ներկայացնելը շատ դեպքերում կապված է եղել օրենսդրական պահանջի չիմացության, հետեւաբար նաեւ՝ դրա կատարումը վերահսկող մեխանիզմի բացակայության մասին։ Եղել են դեպքեր, երբ մեզ չի հաջողվել առհասարակ կապ հաստատել իրենց մեդիա հռչակած մի շարք օնլայն հարթակների ներկայացուցիչների հետ, նույնականացնել նրանց ղեկավարներին։ Եղել են դեպքեր, երբ մեր կազմած թափանցիկության վարկանիշների հրապարակումից հետո մի քանի օնլայն ԶԼՄ-ներ, այդ թվում՝ լայն լսարաններին հայտնիները, հետագայում համալրել են իրենց նույնականացման տվյալների փաթեթները։
Օնլայն ԶԼՄ-ների ու տեսալսողական մեդիայի առաջնային թափանցիկության (այսինքն՝ ովքեր են հիմնադրել ու ղեկավարում այդ մեդիան, որտեղ է գտնվում այն, ինչպես կարելի է կապվել ԶԼՄ-ի հետ եւ այլն) մակարդակի/վարկանիշի, տեղեկատվական բազմաթիվ այլ աղբյուրների պայմաններում մեդիայի այսօրվա աշխատանքի առանձնահատկությունների մասին մեր կենտրոնի վերջին հետազոտությունները[7] բացահայտեցին մի շարք ուշագրավ հանգամանքներ։
Օրինակ այն, որ՝
- թափանցիկության բարձր վարկանիշով լսարանների առջեւ հանդես եկող եւ մասնակի թափանցիկ կամ առհասարակ ոչ թափանցիկ ԶԼՄ-ների միջեւ բաժանարար գիծը իշխանական ու ընդդիմադիր նախապատվություններով լրատվամիջոցների միջեւ չի անցնում:
Թափանցիկ եւ ոչ թափանցիկ ԶԼՄ-ների խմբերում կան եւ իշխանական գործիչների հետ անմիջական առնչություն ունեցող լրատվամիջոցներ, եւ իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր տեղեկատվական քաղաքականություն վարող լրատվամիջոցներ։ Ինչպես նաև՝ որ այդ երկու խմբերում կան եւ երկարատեւ տարիների փորձ ունեցող լրատվամիջոցներ, եւ միայն մեկ տարի առաջ հիմնվածներ։
- որակյալ մեդիայի առաջնահերթ տարբերանշանը ոչ թե, ասենք, մեդիայի թափանցիկության աստիճանն է, այլ հավաստի/առնվազն «երկու աղբյուրից» ստուգված տեղեկատվություն տարածելու սկզբունքը (հենց այս հատկանիշն են 100 հարցված մեդիա ղեկավարները բոլորից շատ անգամ նշել որպես որակյալ մեդիայի առաջնային տարբերանշան ՝ 66%)։ Այն, որ եթե տեղեկատվությունը տարածել է հենց այս մեդիան, ուրեմն դա արդեն հավաստիության, իրականությանը համապատասխանելու ազդակ է։
Մինչդեռ որակյալ մեդիային բնորոշ պատասխանատվությունը հանրային խոսքի համար, լսարանների առջեւ բաց ու թափանցիկ ներկայանալը անգամ մեդիա ղեկավարներն ավելի պակաս նշանակություն ունեցող հատկանիշներ են համարել[8]։
Սիմպտոմատիկ են նաեւ մեդիայի բարձր մակարդակի թափանցիկության մասին վկայող էթիկայի կանոնագրերի մասին տվյալները։ Մեր հետազոտության արդյունքներով, 100 ԶԼՄ-ներից՝
- 44%-ը չունի խմբագրության էթիկայի կանոնագիր,
- 54%-ը գտնում է, որ էթիկայի կանոնագրի հանրայնացումը ճիշտ/պարտադիր չէ, քանի որ ինչպես գրավոր կանոնագիր ունենալն է ներթիմային հարց, այնպես էլ այդ աշխատանքային փաստաթղթի հանրայնացումն է յուրաքանչյուր խմբագրության որոշելիքը։
Հե՞շտ է, արդյոք, մեդիայի աշխատանքն այլ աղբյուրների կողմից տեղեկատվության արագ շրջանառման եւ, առհասարակ, մեդիային այլընտրանք կազմող այլ աղբյուրների առատության պայմաններում։
Ըստ դաշտում գործող մեդիայի ղեկավարների, այսօր իրենց համար ամենամեծ դժվարությունը պետական ատյանների հետ արդյունավետ հաղորդակցությունն է․ ինչպես իրենք են նշել՝ մեդիայի հետ աշխատանքում «պետական ատյանները թափանցիկ/օպերատիվ չեն», տարածում ունի «պաշտոնյաների նոր սովորույթը՝ սոցցանցերը առաջնահերթ», պաշտոնական տարբեր գերատեսչությունների, գործիչների տարածած տեղեկատվությունը հակասական է։
Հատկանշական է, որ պետական ատյանների հետ հաղորդակցության հարցն, ըստ ԶԼՄ-ների, ստվերել է ավանդական ֆինանսական ու գովազդի հետ կապված խնդիրները։
Նորագույն խնդիրների շարքից են նաեւ շրջանառվող ապատեղեկատվությունն ու լրագրողների/մեդիայի նկատմամբ վստահության անկումը։ Չնայած, հենց իրենք՝ ԶԼՄ ներկայացուցիչներն այս երկու խնդիրները կապում են ոչ թե մեդիայի, այլ ուրիշ տեղեկատվական աղբյուրների առատության ու անվերահսկելիության հետ, այն բանի հետ, որ լսարանները չեն տարբերում պրոֆեսիոնալ մեդիա հարթակները մանիպուլացնող ֆեյքային, սոցցանցային հարթակներից[9]։
Մեդիայի առաջնային, ֆինանսական ու քաղաքական նախապատվությունների թափանցիկությունը (այս վերջին ցուցանիշի մասին ընդունված չէ բացեիբաց խոսելը), կարող են նպաստել եւ մեդիայի բազմազանությանը, եւ հնարավորություն կտան լսարաններին կողմնորոշվելու տեղեկատվության աղբյուրների ընտրության հարցում։ Որքան էլ դրանք շատ լինեն համեմատաբար փոքր լսարանների պայմաններում, ինչպիսին Հայաստանի պարագայում է։
_____________________
[1] Չնայած առաջիկա ամիսներին ենք ներկայացնելու մեր «Ռեգիոն» կենտրոնի՝ տեսալսողական եւ օնլայն մեդիայում բազմակարծության եւ համակողմանի լուսաբանման առանձնահատկությունների մասին նոր հետազոտության արդյունքները, սակայն մեր նախկին աշխատանքների «հավելյալ բացահայտումներն» արդեն այսօր նման պնդումներ անելու հիմք են տալիս։ ։
[2] Recommendation CM/Rec(2017x)xx of the Committee of Ministers to member states on media pluralism and transparency of media ownership, https://rm.coe.int/recommendation-cm-rec-2017x-xx-of-the-committee-of-ministers-to-member/168073197e
[3] Լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ, ասել է Փաշինյանը, https://mediamax.am/am/news/society/36171/։
[4]Այսքան ԶԼՄ-ներ ենք նույնականացրել 2021 թ. մեդիայի թափանցիկության վարկանիշները հաշվարկելու ժամանակ։
են ոչ թե մեդիայի ուցիչները րոնք հարկ են համարում, այլ ց շատ ավելի առաջ ր գովազդային հոսքեր ունենալու դիմաց։ « երը։ խանություննե
են ոչ թե մեդիայի ուցիչները րոնք հարկ են համարում, այլ ց շատ ավելի առաջ ր գովազդային հոսքեր ունենալու դիմաց։ « երը։ խանություննե
[5] Amnesty International –ի 2021/22 թթ․ մարդու իրավունքների մասին 2022-ի մարտի վերջին հրապարակված տարեկան զեկույցում հիշատակվում են ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ Այն, որ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը պաշտոնապես հասցվեց 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլարի), քրեականացվեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Տես՝ https://www.amnesty.org/en/documents/pol10/4870/2022/en/
[6] «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (Ընդունվել է 10.12.2021 http://parliament.am/legislation.php?sel=show&ID=7863&lang=arm
[7] Տես «Տեսալսողական մեդիայի նույնականացում ու թափանցիկություն օնլայն տիրույթում – 2021» (https://www.regioncenter.info/hy/node/1788), «Օնլայն մեդիայի նույնականացում ու թափանցիկություն – 2021» (https://www.regioncenter.info/hy/node/1787), «Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում – 2022. 100 մեդիա ղեկավարների հարցման արդյունքներ» (https://www.regioncenter.info/hy/node/1846)։
[8] Տես նաեւ «Որակյալ մեդիայի տարբերանշանները 100 մեդիա ղեկավարների սահմանմամբ -2022»:
[9] Տես նաեւ «Մեդիայի խնդիրները 100 մեդիա ղեկավարների նկարագրմամբ -2022»։