Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական գործողությունը դարձյալ արդիականացրել է եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման թեման։ Ռուսական վտանգը սկզբից ևեթ եղել է Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հիմնական դրդապատճառը, իսկ ԵՄ մտնելու քաղաքական ուղեգիծը կոչված է ապահովագրելու տնտեսական հենքը Թբիլիսիի եվրոպամետ քաղաքականության համար։ Այժմ, երբ դեպի հարևան պետության տարածք Մոսկվայի ռազմական ներխուժումից հետո այս վտանգը ձեռք է բերել միանգամայն կոնկրետ ուրվագիծ, Թբիլիսիում էլ չեն կամենա դանդաղեցնել իրենց վաղեմի ռազմավարական նպատակի իրականացման ընթացքը։ Ուկրաինական իրադարձություններն արդեն այժմ բավականին լուրջ ազդեցություն են գործել Վրաստանում տիրող տրամադրությունների վրա։
Անտարակույս, այն իրավիճակը, որին այսօր Ուկրաինան է բախվել, Վրաստանին ևս քաջածանոթ է։ Հարավկովկասյան այս հանրապետությունն ինքն էլ է տեսել հյուսիսային հարևանի հետ ռազմական հակամարտության ողջ «հմայքը»։ 2008-ի օգոստոսյան պատերազմը գաղափարահոգեբանական տեսանկյունից երկրի եվրաինտեգրման հետագա գործընթացի համար լուրջ խթան է ծառայել։ Ընդ որում, արժե հստակորեն սահմանազատել Վրաստանի եվրատլանտյան տնտեսական և ռազմական չափումները։
Իրենց առջև ծառացած համաշխարհային նշանակության ընդհանուր խնդիրներով հանդերձ՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ունեն դրանց լուծման իրարից տարբերվող մեխանիզմներ։ Եթե ԵՄ-ն քաղաքական և տնտեսական փոխձուլման արգասիք է, ապա ՆԱՏՕ-ն առաջնահերթորեն ենթադրում է ռազմական հաստատությունների ինտեգրում։ Առավել ևս, որ հակադիր գլխավոր կողմը՝ Ռուսաստանը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սյուժեներին այժմ արդեն տարբեր կերպ է արձագանքում։ Ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվան, հավանաբար, գիտակցում է, որ հետխորհրդային տարածության որոշ հատվածներ իր համար արդեն վերջնականապես կորսված են։ Դեռևս մարտի սկզբներին ՌԴ առաջնորդի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասում էր, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը ռազմավարական անվտանգության հարց չէ, և այն պետք է առանձին քննարկվի։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ «Եվրամիությունը ռազմաքաղաքական դաշինք չէ»։ Կարելի է ենթադրել, որ Մոսկվան համանման դիրքորոշում ունի նաև ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հարցում։ Ռուսական պաշտոնատար անձինք այդ կապակցությամբ որևիցե մտահոգություն այժմ չեն արտահայտում։
Մոսկվայի արձագանքը պայմանավորում է նաև ԵՄ-ին ինտեգրվելու և ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ Վրաստանում առկա ընկալումները։ Վրաց հասարակության ներսում վաղուց ձևավորվել և այժմ էլ պահպանվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ համընդհանուր համաձայնությունը։ «Կովկասյան բարոմետրի» հարցումները ցույց են տալիս, որ եվրաինտեգրմանն աջակցում է քաղաքացիների շուրջ 70 տոկոսը։ Այս թիվը երկար տարիների ընթացքում համարյա չի փոփոխվել։ Հանրային տրամադրությունների այս հարատև հետևողականությունը ցանկալի արդյունքին է հանգեցրել․ 2014 թ․ հունիսին Վրաստանը Բրյուսելում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ երեք տարի անց՝ 2017 թ․ մարտին ԵՄ-ն հաստատել է Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմը։ 2022 թ․ մարտի 3-ին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից մոտ մեկ շաբաթ անց, Վրաստանը Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացրել։ Այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում Ուկրաինայում ընթացող համանման գործընթացներին համահունչ։ Առաջ ընկնելով՝ նշենք, որ Կիևը նույնպես ձգտում էր ոչ վիզային ռեժիմի հաստատմանը, իսկ ռուսական ներխուժումից հետո ներկայացրել է ԵՄ անդամակցության հայտը։ Վրաց կառավարությունը Բրյուսելի պատասխանին երկար չի սպասել։ Ապրիլի 11-ին ԵՄ հարևանության և ընդարձակման հանձնակատար Օլիվեր Վարհեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլուն է փոխանցել Եվրամիության անդամակցության համար հարցաշարերը։ Վրաստանի կառավարության կողմից այս հարցաշարերը լրացնելուց հետո Եվոպական Հանձնաժողովը կպատրաստի իր զեկույցը և այն կփոխանցի Եվրոպական Խորհրդին։ «Սա ձեր եվրոպական ուղու առաջին քայլն է։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ շատ արագ աշխատել, որպեսզի Եվրոպական Խորհրդին փոխանցենք մեր կարծիքը», – նշել է Վարհեին՝ մեկնաբանելով վրաց նախարարին հիշյալ փաստաթղթի փոխանցումը։
Հարկ է նշել, որ ԵՄ մտնելու գործընթացը գտնվում է Վրաստանի քաղաքացիական հասարակության սևեռուն ուշադրության ներքո։ Այսպես, ապրիլի 12-ին մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վարհեիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն։ Նրանք հայտարարել են, որ ԵՄ մտնելու գործընթացը պետք է լինի բաց և թափանցիկ․ նրանք նշել են, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը եվրաինտեգրման գործընթացին։ Հասարակական հատվածի ներկայացուցիչները պնդել են, որ Վրաստանին փոխանցված հարցաշարն ու կառավարության կողմից տրվելիք պատասխանները պետք է հանրայնացվեն։ Հայտարարությունը ստորագրել են «Բաց հասարակություն» հիմնադրամը, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների», «Ժողովրդավարության ինդեքս – Վրաստան», «Իրավունքի և քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտ», «Վրաստանի լրագրողների խարտիա», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Վրաստանի իրավունքներ», «Սոցիալական արդարության կենտրոն», «Կովկասի բաց տարածություն», «Սոցիալական գիտությունների կենտրոն», «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ», «Սապարի» դաշինք, «Միջազգային բանտային բարեփոխում», «Միջազգային հանրությունը հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարության», «Պրևենցիա հանուն առաջադիմության», «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» ՀԿ-ները։ Հասարակական հատվածի այսպիսի ակտիվ ներգրավվածությունը Վրաստանի իշխանություններին թույլ չի տալու մոռացության մատնել ինտեգրման գործընթացի համար անհրաժեշտ բարեփոխումները։ Հարկ է նշել, որ Վրաստանի ներկայիս կառավարության հանդեպ հասարակական հատվածի անվստահությունն իսկապես առկա է․ այն կարելի է տեսնել, օրինակ, պատժամիջոցների հետ կապված պատմության պարագայում։ Հայտնի է, որ Թբիլիսին պաշտոնապես չի միացել հակառուսաստանյան պատժամիջոցներին, որի համար Ղարիբաշվիլիի կառավարությունը շարունակում է գտնվել քննադատության և մեղադրանքների ծանր ալիքի ներքո։
Ի տարբերություն ԵՄ մտնելու գործընթացի՝ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման գործընթացը նույնքան անստվեր չէր։ Ռազմական սցենարի կրկնության սպառնալիքը, քաղաքական ու տնտեսական գործոնները զգալի չափով արգելակում են Վրաստանի ՆԱՏՕ-ական հավակնությունների իրագործումը։ Այսպիսով, բավականին պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում։ Մի կողմից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը կարծես թե ամրապնդում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմնակիցների դիրքերը, քանի որ նրանք հերթական փաստարկն են ստանում երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի հովանոցի ներքո շուտափույթ դնելու օգտին․ մյուս կողմից՝ հենց ՆԱՏՕ մտնելու քաղաքական ուղեգիծն է տեղիք տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Ինչպե՞ս ինտեգրվել ՆԱՏՕ-ին և խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից՝ սա Թբիլիսիի համար դյուրին խնդիր չէ։ Դեռ 2020 թ․ հունվարին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելուց մեկ ամիս առաջ, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ռազմավարական կայունության վերաբերյալ Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Ուկրաինան ու Վրաստանը երբեք չդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ նրա անմիջական ղեկավար նախարար Լավրովն անցած տարվա դեկտեմբերին ավելի կտրուկ է արտահայտվել․ «Բուխարեստյան թեզիսներն անգիր արած անձինք, որոնք ասում են, թե ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում երրորդ երկրները կարծիք արտահայտելու իրավունք չունեն, կրակի հետ են խաղում։ Ես համոզված եմ, որ նրանք չեն կարող սա չգիտակցել»։
Կիևին և Թբիլիսիին ՆԱՏՕ-ի անդամակցության մասին խոստումները տրվել էին այժմ արդեն հեռավոր 2008 թ․՝ ապրիլ ամսին կայացած Բուխարեստի գագաթնաժողովում։ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության լոբբիստներն են եղել ԱՄՆ-ն և Արևելյան Եվրոպայի նրա դաշնակիցները՝ Լեհաստանը, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան։ Արևմտաեվրոպական մայրաքաղաքներն ամենասկզբից դրսևորել են գերազանցապես հոռետեսական կեցվածք, որը պայմանավորված էր Մոսկվայի հետ ունեցած ավանդական կապերը չխաթարելու, տնտեսական կորուստներից և հակամարտային բնույթի խնդիրներից խուսափելու ցանկությամբ և այլ գործոններով։ Կոնսենսուսի բացակայության պատճառով ՆԱՏՕ-ում սահմանափակվել են սոսկ Ուկրաինան ու Վրաստանը դաշինքի մեջ ընդունելու խոստմամբ, բայց հրաժարվել են ներկայացնել «Անդամակցության գործողությունների պլանը», որը պետք է նախապատրաստեր այդ երկրները Դաշինքի մեջ ընդգրկվելու համար։ Պետք է հասկանալ, որ դեռ վերջերս արևմտյան ինստիտուտների և կառույցների գործառնության փիլիսոփայությունը զինված հակամարտությունները չէր դիտարկում որպես խնդիրների լուծման եղանակ և դրանք, որպես գործիքակազմ, մերժելի էր համարում։ Սակայն ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա, ըստ երևույթին, կարող է արմատապես փոփոխել նշված մոտեցումը։ Ժոզեֆ Բորելի հայտարարությունը, թե ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի մարտի դաշտում, լավագույնս ցույց է տալիս նախորդ խաղաղասիրական մոտեցումներից հրաժարվելը։ Այս տեսանկյունից՝ Թբիլիսին նոր հնարավորություն է ստանում ՆԱՏՕ-ամետ քաղաքական ուղեգծի վերակենդանացման համար։
Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարական-շտաբային զորավարժությունների ժամանակ ելույթ ունեցած Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին խոսել է ՆԱՏՕ-ի հետ «արժեհամակարգային միասնության» մասին։ Ըստ վարչապետի՝ այսօր վրացական բանակն ուժեղ է և առավել քան երբևէ համատեղելի է ՆԱՏՕ-ի հետ։ Միևնույն ժամանակ, վերջերս Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի թույլատրի «երկրորդ ռազմաճակատի» բացումը։ էլ ավելի արմատական է տրամադրված երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերոհիշյալ զորավարժությունների ժամանակ, խոսելով տվյալ միջոցառման մեջ ներառված ՆԱՏՕ-ի 20 գործընկեր-երկրների 560 մասնակիցների մասին, նա ընդգծել է, որ այս փաստն ինքնին պատասխան է Ռուսաստանից բխող հարատև սպառնալիքներին։ «Սա Հյուսիսարևմտյան դաշինքի նկատմամբ Վրաստանի բազմիցս ցուցաբերած հավատարիմ և հուսալի գործընկերության ևս մի դրսևորումն ու ճանաչումն է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։ Նախագահի և վարչապետի հռետորաբանությունը լավագույնս դրսևորում է այն զգուշավորությունը, որով Թբիլիսին արծարծում է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման։ Կարծում ենք, որ հետագա գործընթացները մեծապես կախված են լինելու ուկրաինական ճգնաժամի ելքից։