Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային հարաբերությունների և անվտանգության
հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ
Երևան
«Ըստ վերջին հաշվարկների, եթե մեզ չհաջողվի բոլորի միջև բաշխել տնտեսական աճը, մասնավորապես՝ բարձրացնել բնակչության խոցելի շերտերի եկամուտները, ապա Հայաստանում աղքատության մակարդակը 27%-ից կբարձրանա մինչև 42%»,- մայիսի սկզբին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այդպիսի հոռետեսական կանխատեսումը նախարարը պայմանավորել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի հարուցած բազմաթիվ ռիսկերով։ Քերոբյանը նաև նշել է, որ ի հեճուկս վերջին երկու ամիսների արդյունքներով արձանագրված տնտեսական դրական ցուցիչների, ուկրաինական հակամարտությունը գյուղատնտեսության՝ հետևաբար նաև պարենային անվտանգության համար խնդիրներ է ստեղծում։ Ըստ իր կանխատեսումների՝ այս ամենը կանդրադառնա գնաճի մակարդակի վրա․ աճելու է պարենային զամբյուղի արժեքը, որի պատճառով բնակչության 15%-ը ևս կարող է հայտնվել աղքատության շեմից այն կողմ։
Հայ նախարարի խոստովանությունն ընդհանուր առմամբ զարմանք չի հարուցում՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ծավալված համապարփակ աշխարհաքաղաքական հակամարտության համապատկերում համաշխարհային մասշտաբով ահագնացող պարենային գների թռիչքային աճի պայմաններում։ Համաշխարհային բանկի՝ «Ապրանքային-հումքային շուկաների հեռանկարներ» վերտառությամբ վերջին զեկույցի համաձայն՝ ուկրաինական պատերազմի առաջացրած պարենի և էներգակիրների գների շոկերը դեռ երկար են պահպանվելու։ Մասնավորապես, արդեն իսկ սկսվել է ավելի բարձր ծախսեր ենթադրող մոդելներին անցումը․ պատերազմն ապրանքային շուկաներին լուրջ հարված է հասցրել՝ այնպես փոխելով առևտրի, արտադրության և սպառման համաշխարհային մոդելները, որ գները մինչև 2024 թ․ մնալու են պատմական բարձր մակարդակի վրա։ Ընդ որում, համաշխարհային բանկի փորձագետները մատնացույց են անում 2008 թվականից ի վեր այն պարենային ապրանքների գնի բարձրացումը, որոնց խոշոր ծավալների արտադրող էին Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ներառյալ բնական գազի օգտագործմամբ պարենային արտադրության ոլորտը։ Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ 2022 թ․ էներգակիրների գները կաճեն ավելի քան 50%-ով և կնվազեն միայն 2023 և 2024 թթ․։ Մնացած ապրանքների՝ գյուղատնտեսական արտադրության և մետաղների գները ներառյալ կբարձրանան համարյա 20%-ով, իսկ հետագա տարիներին՝ նվազման միտում կարձանագրեն։ Այնուամենայնիվ, հումքային ապրանքների գները շատ ավելի բարձր կմնան, քան վերջին հինգ տարիների ընթացքում եղած միջինացված ցուցանիշները։ Իսկ պատերազմի երկարաձգման կամ Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հաստատման պարագայում գների մակարդակը և դրանց անկայունությունը կարող են այսօր իսկ կանխատեսվածի համեմատ ավելի բարձր լինել։
Այսպիսի միջազգային համապատկերում Հայաստանի Կենտրոնական բանկը վատթարացրել է 2022 թ․ ՀՆԱ աճի կանխատեսումը 5,3%-ից մինչև 1,6%՝ սույն տարվա արդյունքներով կանխատեսելով արտահանման և ներկրման նվազում 1,8-0,1%-ով և գնաճ՝ 6,6%-ով։ ԱՄՀ-ն բացասաբար է վերանայել Հայաստանի տնտեսության կանխատեսումը մինչև 1,5%։ Վարկանշային Fitch գործակալությունը Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը վատթարացրել է մինչև 1,2%՝ կանխատեսելով արտահանման նվազում մինչև 8,5%, իսկ ներկրմանը՝ մինչև 12%։ Միաժամանակ՝ անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թ․ 7,4%-ով անկումից հետո արձանագրել է 5,7%-ով աճ։ Այսուհանդերձ՝ հարկ է նշել նաև հուսադրող միտումներ։ Այսպես, 2022 թ․ առաջին եռամսյակում անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունը մեծացել է 9,6%-ով։ Գյուղատնտեսությունից բացի մնացած ոլորտներն աճ են արձանագրել։ Սպասարկման ոլորտում աճը կազմել է 22,2%, էներգետիկ ոլորտում՝ 16,7%, առևտրի ոլորտում՝ 7,6%, շինարարության ոլորտում՝ 6,2%, արդյունաբերության ոլորտում՝ 3,1%։ 2022 թ․ առաջին եռամսյակի արդյունքներով դրական դինամիկան կազմել է 38,5%։ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը հասել է 1․02 տրիլիոն դրամի։ Արտահանումն աճել է 26,9%-ով՝ մինչև 355.3 միլիարդ դրամ, իսկ ներկրումը՝ 45,6%-ով՝ մինչև 664.3 միլիարդ դրամ։
Այսպիսին է տվյալ պահին Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը։ Այսուհանդերձ, ՀՀ Էկոնոմիկայի արդեն իսկ հիշատակյալ նախարար Քերոբյանի միանգամայն արդարացի կարծիքով՝ վերջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճը չի արտացոլում բնակչության սոցիալական-տնտեսական իրական դրությունը, առաջին հերթին՝ Հայաստանի բնակչության դրամական փոխանցումներից ունեցած ծայրաստիճան բարձր մակարդակի կախվածության պատճառով։ SOCIES փորձագիտական կենտրոնի անցկացրած սոցհարցման տվյալների համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում արտերկրից փոխանցումներ է ստացել հայաստանյան ընտանիքների 39%-ը։ Կարևոր է նշել, որ այդ փոխանցումներից ՌԴ-ի բաժինը կազմում է 59,2%, մինչդեռ երկրորդ տեղը բռնած ԱՄՆ-ի բաժինը՝ սոսկ 19,5%։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ անցած տարի մասնավոր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 883.3 միլիոն դոլար։ Իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերջին կանխատեսումների համաձայն՝ դեպի Հայաստան դրամական փոխանցումների մաքուր հոսքը կնվազի 20%-ով։ Կենտրոնական բանկի այս կանխատեսումը պայմանավորված է Ռուսաստանում սպասվող 6%-անոց տնտեսական անկմամբ և հայաստանցի աշխատանքային միգրանտների դոլարային եկամուտների արդեն իսկ նկատվող նվազմամբ։
Ընդ որում, ճիշտ չէ կարծել, որ ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսությանը միայն վնասներ է բերել։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստան են ժամանել ավելի քան 100 հազար ռուսաստանցի էքսպատներ։ Նրանց մեծ մասը հայկական բանկերում հաշիվներ է բացել, շատերը սկսել են բիզնեսներ հիմնել։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանի խոսքերով՝ միայն մարտ ամսվա ընթացքում Հայաստանում ներկայացուցչություններ են բացել ավելի քան 500 ռուսաստանյան ընկերություններ։ Նախարարի գնահատմամբ՝ խոսքն առաջին հերթին IT-ընկերությունների մասին է, որոնք հայկական IT-ոլորտի համար զարգացման դրական հեռանկարներ են ստեղծում։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ փետրվարի 24-ից մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ հաշվառվել է 752 ՍՊԸ, 6 ՓԲԸ, 4 հիմնադրամ, իսկ ՌԴ 1563 քաղաքացի հաշվառվել են որպես անհատ ձեռներեցներ։
Հայաստանը հեղեղած ռուսաստանցիների ալիքն անմիջապես անդրադարձել է բնակարանների վարձակալության և վաճառքի շուկայական գների վրա։ Դեպի Հայաստան կատարված ռուսաստանյան բիզնեսի զանգվածային տեղափոխությունը երկու կամ մինչև իսկ երեք անգամ բարձրացրել է անշարժ գույքի վարձակալական գները՝ խթանելով նաև բնակարանների գնի աճը։ Այն պայմանավորված է շինարարության ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության շրջանակում հիպոթեքային ծրագրերի իրականացմամբ և բարձր գնով վարձակալության տալու նպատակով անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Այսինքն, անշարժ գույքի գների բարձրացումը պայմանավորված էր շուկայի այդ հատվածի՝ որպես ներդրումային գործիքի ուժեղացմամբ։ Այդ իսկ պատճառով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի 1 քմ միջին շուկայական արժեքն անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,4%-ով՝ հասնելով 366 հազար դրամ ցուցանիշին։ Իսկ Երևանի կենտրոնում բնակելի 1 քմ միջին գինը կազմել է 696.4 հազար դրամ։
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ երկրում պահպանվում է ուկրաինական իրադարձություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշության բարձր մակարդակը։ Միաժամանակ, Կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ կանխատեսվող վեկտորից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Այսուհանդերձ, դրանց ուժեղացման պարագայում կարգավորիչ մարմինը խոստանում է ըստ պատշաճի արձագանքել՝ գների կայունությունն ապահովելու նպատակով։ Գալստյանը նշել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը հանգեցրել է տնտեսական աճի սպասվածից ավելի մեծ դանդաղման՝ այդ երկրներում առկա գնաճին համապատասխան։ Այդ իսկ պատճառով այն հայաստանյան տնտեսության վրա պահպանում է արտաքին գնաճային ազդեցություն։ Միաժամանակ՝ արտերկրացի զբոսաշրջիկների զգալի հոսքը, սպասարկման ոլորտի աճի արագացումը և ընդհանուր պահանջարկի մեծացումը նպաստել է Հայաստանի արտաքին առևտրային բալանսի բարելավմանը և հայկական դրամի ամրապնդմանը։ Կարգավորիչ մարմնի գնահատմամբ՝ այս ամենը դրականորեն կազդի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման վրա։
Այստեղ հարկ է հիշատակել նաև վերջին տարիներին հայկական դրամի աննախադեպ վերարժևորումը։ Մայիսի սկզբներին ԱՄՆ դոլարի գնման կուրսը նվազել է մինչև 445 դրամ, եվրոյինը՝ մինչև 470 դրամ, ռուսական ռուբլունը՝ մինչև 5.5 դրամ։ Դրամի արժևորման ևս մեկ պատճառ է եղել մարտի 15-ին Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքների 1,25 կետով՝ մինչև 9,25% բարձրացումը։ Կարևոր է նշել, որ կարգավորիչ մարմինն իր որոշումը պայմանավորել է «աննախադեպ հակառուսաստանյան պատժամիջոցների ֆոնին առաջացած տոտալ անորոշությամբ»։ Մայիսի 3-ին Կենտրոնական բանկի Խորհուրդը նպատակահարմար է դիտել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ ելնելով տարեկան գնաճի 7,7%-ից մինչև միջնաժամկետ հեռանկարում 4%-անոց նպատակային շեմին հասնելու սեփական կանխատեսումից։
Ամփոփելով Հայաստանի ընթացիկ տնտեսական դրության այս կարճ ակնարկը՝ հնարավոր ենք համարում որպես կայացած փաստ արձանագրել տնտեսության իրական հատվածի աճը։ Այս աճն անընդհատ բախվում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմի բացասական հետևանքներով պայմանավորված զգալի անորոշությանը։ Կենտրոնական բանկի և կառավարության դրամավարկային քաղաքականության առաջնահերթություններն են՝ ֆիսկալ-ֆինանսական կայունության պահպանումը, շարունակվող արտաքին վայրիվերումների հետևանքների մեղմացումը և ավելի մեծ աճի հասնելու նպատակով բարեփոխումների շարունակությունը։ Նաև անհրաժեշտ է արձանագրել տարեկան գնաճի մակարդակի նվազումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման շնորհիվ։ Այսուհանդերձ, հարկ է արձանագրել, որ Ուկրաինայում ծավալված հակամարտության տարածաշրջանային և համաշխարհային հետևանքները հետագայում ևս Հայաստանի վրա անխուսափելիորեն զգալի ազդեցություն կունենան։ Մասնավորապես, ՌԴ-ի նկատմամբ լայնապարփակ պատժամիջոցները, պարենի և վառելիքի գների բարձրացումը, դրամական փոխանցումների նվազումն ամենայն հավանականությամբ կմեծացնեն ընթացիկ հաշվի դեֆիցիտը, կարագացնեն գնաճի աճը և մոտակա իսկ ամիսներին կնվազեցնեն տնտեսական աճի ակնկալիքները։