44-օրյա պատերազմի արդյունքներով տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս- քվոն առաջ է բերել նոր մարտահրավերներ, որոնք, անկասկած, նաև տնտեսական չափումներ ունեն։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ հետպատերազմյան անհետաձգելի վերականգնումը, նոր ու անսովոր պայմաններում չճանաչված պետության հետագա զարգացման համար նոր հիմքերի ստեղծումը ստիպված ենք իրականացնել գլոբալ տնտեսական կոնյունկտուրայի չափազանց անբարենպաստ պայմաններում, ինչն էլ անմիջականորեն ազդում է Արցախի գլխավոր դոնորի՝ Հայաստանի Հանրապետության հնարավորությունների վրա։
Հայաստանի ու Արցախի փորձագիտական հանրույթներում տնտեսական պայմանների ու հեռանկարների մասին ընդգրկուն քննարկումներ, ցավոք, չկան, մինչդեռ քննարկելու շատ բան կա, առավել ևս փաստ չէ, որ հատկացված միջոցներն օգտագործվում են առավելագույն արդյունավետությամբ։ Միևնույն ժամանակ, անվիճելի է այն, որ պետք է վերականգնել, կառուցել, նորացնել ենթակառուցվածքներն ու կենսապահովման օբյեկտները, տնտեսական կապեր հաստատել զարգացման նախընտրելի առաջնահերթություններին համապատասխան։
Ինչպիսի՞ն են այսօրվա «բազային» տնտեսական պայմանները և վաղվա հեռանկարները, որոնց հաշվառումով պետք է կառուցել տնտեսական հետագա ռազմավարությունը։ Այս մասին կարող եք կարդալ մեր հերթական թողարկման հեղինակային հոդվածներում և հայկական մամուլից նշյալ թեմայով արտատպություններում։
«Անալիտիկոն» հանդեսի խմբագրություն