Գլեբ ՍՏՈՒԿԱԼԻՆ
Մարդաբան, արևելագետ, ՌԴ-ում ազգային փոքրամասնությունների և աշխատանքային միգրացիայի խնդիրների ուսումնասիրության ծրագրերի մասնակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մարդաբանության և ազգագրության «Կունստկամերա» թանգարանի ասպիրանտ
Երևան
Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան սկսվելուց հետո ժամանածների առաջին ալիքը «մարել» է, և հիմա կարելի է ավելի սթափ գնահատել միգրանտների կազմը՝ ելնելով սոցիոլոգիական հետազոտությունների առաջին արդյունքներից։ Ես կհիմնվեմ իմ և գործընկերներիս՝ Հայաստանում և Վրաստանում իրականացվող «After24.org» նախագծի նախնական եզրակացությունների և սեփական դիտարկումների վրա (սա հավելում եմ, որպեսզի հնարավոր քննադատությունն ուղղորդեմ բացառապես դեպի ինձ)։ Մենք անանուն հարցում ենք իրականացրել տելեգրամ-ալիքներում տարածված հարցաթերթիկներով։
Տարբեր գնահատականներով՝ Հայաստան է ժամանել 30-ից 50 հազար մարդ. սա ոչ մեծ երկրի համար նշանակալի թիվ է։ Ցանկացած հաշվարկ բավականին խեղաթյուրում է այն, որ Երևանը և Գյումրին վերջին տարիներին Ռուսաստանից քաղաքական տարագրության հիմնական ուղղություն համարվող Վրաստան մեկնողների համար տրանսպորտային հանգույց են դարձել։ Վերաբնակիչները կարող են և՛ «նոր տանը» օգուտներ տալ (նրանց մեծ մասն իր բնագավառում բարձր որակավորման մասնագետ է), և՛ խնդիրներ ստեղծել (ներգաղթի հետևանքով բնակարանների գների նշանակալի աճը և նախկին մետրոպոլիայի դեռևս չվերացած գաղութարարական մտայնությունը կարող են սոցիալական լարվածություն ստեղծել)։ Այդ «մարտահրավերներն» անտեսել չի կարելի, ուստի անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը։
Ի՞նչ կարելի է ասել ներգաղթի (միգրացիայի) ալիքի մասին՝ ընդհանուր առմամբ։ Վերաբնակների ավելի քան 60%-ը տոկոս նախկինում չէր եղել ժամանման երկրում և չուներ տեղացի ընկերներ ու ծանոթներ, մյուսներն իրենց կյանքի ընթացքում մի քանի անգամ այցելել էին։ Նշանակալի մասը Հայաստանը դիտարկում է իբրև տրանզիտ երկիր (50%-ը պլանավորում է տեղափոխվել, ևս 30%-ը դժվարացել է ընտրել պատասխան)։ Հայաստանն ընտրելու հիմնական և մնացած գործոնների համեմատ առաջատարը առանց վիզայի մուտքի հնարավորությունն է։ Ընդսմին, պետք է հիշել, որ Հայաստան մուտք գործելու համար ՌԴ քաղաքացիներին անհրաժեշտ չէ ունենալ արտասահմանյան անձնագիր, ինչը շատ վերաբնակների համար վճռորոշ գործոն է։ Ժամանածների մեկ հինգերորդը ծնողներ են։
Բացի այդ, ժամանածների կազմից կարելի է եզրակացնել Ռուսաստանի ներսում տարածաշրջանների միջև եկամուտների տարբերության մասին։ Վերաբնակների մինչև կեսը մոսկվացիներ են, ևս քառորդ մասը եկել է Սանկտ Պետերբուրգից։ Հասկանալի է, որ արտակարգ էվակուացիա իրենց կարող են թույլ տալ միայն նվազագույն ֆինանսական «բարձիկ» և աշխատանքի միջազգային շուկայում հեռանկար ունեցող մարդիկ. պայմանական միջին դասը, որը ՌԴ-ում այնքան էլ մեծ շերտ չի կազմում։
Միգրացիայի ներկա ալիքը կարելի է բաժանել երկու հիմնական հատվածի՝ կախված գերակայող գործոններից։ Առաջինը պայմանական տնտեսական միգրացիան է։ Ժամանածների ավելի քան քառասուն տոկոսը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագետներ են՝ բարձր եկամուտներով, և դա անգամ չհաշված ընտանիքի չաշխատող անդամներին։ Այս խումբը միգրացիայի ուղղությունն ընտրել է՝ ելնելով պրագմատիկ հաշվարկներից (առաջին շաբաթների հանդիպումների ժամանակ հնչում էր «այն քիչ երկրներից է, որտեղից կարելի է դրամական գործարքներ իրականացնել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ» կամ դրա նման պատճառ). ներգաղթյալների տվյալ խումբը ձգտում է ապաքաղաքական մնալ և գործնականում չի արձագանքում հայրենի պետության սանձազերծած պատերազմին։ Նույն կերպ էլ, այս խումբը շահագրգռված չէ ներգրավվելու հայկական ներքին օրակարգին և ձգտում է մնալ հարազատ «ՏՏ համայնքի» ներսում՝ միայն երբեմն-երբեմն հարաբերվելով տեղացիների հետ։ Սոցիալական արտոնյալ կարգավիճակն էլ ընդգծվում է «релокант»՝ վերաբնակիչ տերմինով (որովհետև ռուսաստանցիների համար «միգրանտ» բառը բնութագրում է ամենից առաջ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից եկած, ձեռքի աշխատանք կատարող և ցածր որակավորում ունեցող բանվորներին)։ Ընդհանուր առմամբ, վերաբնակները գործում են նեոլիբերալ տրամաբանությամբ. կարող են Հայաստանի տնտեսությունը հարստացնել խոշոր ընկերությունների գրասենյակներ բացելով և բազմաթիվ ստարտափեր ստեղծելով։ Սրա հետ մեկտեղ, նրանց հաշվին նկատվում է բնակարանների կտրուկ թանկացում, ինչը կործանարար ազդեցություն է ունենում խոշոր քաղաքների, հատկապես՝ Երևանի բնակիչների համար։ Բացի այդ, վերաբնակիչները հիմնականում Հայաստանը չեն դիտարկում իբրև մշտական կեցության վայր և այստեղ արմատներ չեն գցում։
Միգրացիայի հիմնական խմբերից երկրորդը քաղաքականն է։ Այն ավելի խայտաբղետ է և՛ կազմով, և՛ երկրից մեկնելու շարժառիթներով։ Այստեղ ամենատարբեր, հիմնականում՝ ստեղծագործական մասնագիտության մարդիկ են. դասախոսներ և գիտնականներ, լրագրողներ, ռուսական քաղաքացիություն ունեցող ուկրաինացիներ, բանակ զորակոչվելուց վախեցող երիտասարդներ։ Բացի հավանական զինակոչիկներից, այս խմբի եկվորների հիմնական զանգվածն առավել հասուն տարիքի է՝ 25-45 տարեկան։ Քրեական հետապնդման ենթարկվելու կամ ռազմաճակատ մեկնելու շոշափելի վտանգ, իրականում, քչերին է սպառնում։ Նշանակալի մասի համար մեկնելու հիմնական դրդապատճառը էկզիստենցիալ հարթությունում է. խղճի հետ գործարքի գնալու և լռելու անհնարինություն, ֆաշիստական պետությունում ապրելու անհնարինություն, երեխաների ապագայի համար մտահոգություն։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ Հայաստան են եկել խիստ սահմանափակ ռեսուրսներով ու խնայողություններով և ստիպված են վերադառնալ Ռուսաստան՝ արտագաղթին ավելի հիմնավոր պատրաստվելու հույսով։ Ընդ որում, գտնվելով Հայաստանում, նման մարդիկ ակտիվորեն հորիզոնական կապեր են հաստատում, ձգտում են հարմարվել տեղական մշակութային և տնտեսական կյանքին, մասնակցում են իրենց համար հետաքրքիր նախագծերին և կառույցներին, եթե անգամ դրանք եկամուտ չեն բերում՝ կամավորական հիմունքներով, ձգտում են ներթափանցել տեղական հայկական իրականության մեջ։ Երկու խմբերն էլ Տելեգրամի ալիքներով օգտակար տեղեկություններ են փոխանակում։
Երևի իմաստ ունի ներգաղթի ներկա ալիքում իբրև առանձին խումբ առանձնացնել ռուսաստանցի հայերին։ Նրանք դեռևս մեծ թիվ չեն կազմում՝ անցյալ տարիների հետ համեմատած (այսուհանդերձ, մենք ճշգրիտ տվյալներ չունենք)։ Ես հակված եմ կարծելու, որ այս փոքրիկ հոսքը առաջիկա մի քանի տարիներին, ՌԴ-ում տնտեսական վիճակի վատացմանը զուգընթաց, կմեծանա։
Բնականաբար, անաչառության նկատառումներով հարկ է վերապահումներ անել և ասել, որ հիշյալ խմբերի միջև հստակ սահմաններ գծել հնարավոր չէ։ Սրանք ընդամենը գերակշռող միտումներ են, որոնք նկատվել են սոցհարցումների, սոցիալական ցանցերի դիտարկման և անձնական հանդիպումների ժամանակ։
Ինչպիսի՞ն կարող ենք պատկերացնել առաջիկա ամիսներին և տարիներին Ռուսաստանից արտագաղթի հետագա հեռանկարները։ Իհարկե, շատ բան կախված է ռազմաճակատում իրադարձությունների զարգացումից, տնտեսական դինամիկայից, բռնաճնշումների նոր դրսևորումներից։ Այդուհանդերձ, կանխատեսումներ կարելի է և պետք է անել։ Ներկայումս առաջին խուճապն անցել է, և ներգաղթի հոսքն էլ քչացել է։ Առաջին երկու շաբաթներին եկածների մի մասը վերադարձել է՝ վերջնական տեղափոխությանն առավել հիմնավոր պատրաստվելու համար։ Հավանականությունը, որ նրանք երկրորդ անգամ էլ կընտրեն Հայաստանը, մեծ է։ Ժամանակի ընթացքում շատ մասնագետներ արտասահմանում օրինական կարգավիճակի հնարավորություններ կգտնեն և կհեռանան. հիմնականում՝ Եվրամիություն, Իսրայել, որոշները դիտարկում են ԱՄՆ կամ Լատինական Ամերիկա տեղափոխվելու հնարավորությունը։ Պարզապես Հայաստանում բավարար պատրաստի հարթակներ չկան այդքան մասնագետների աշխատանք և վաստակելու հնարավորություն տալու համար։ Այս հոսքն արդեն սկսվել է։ Վերաբնակների նշանակալի մասը կարող է արտասահմանյան պատվիրատուների հետ աշխատել հեռավար կամ ապրել խնայողությունների հաշվին։
Ներգաղթի ներկա ալիքը իսկապես ընդունակ է ուժեղ ազդեցություն ունենալու Հայաստանի տնտեսական և մշակութային լանդշաֆտի վրա։ Երևանում ակտիվորեն բացվում են խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակներ, հետազոտողները բոլոր ցանկացողների համար դասախոսություններ են կարդում, արվեստի գործիչները համագործակցում են տեղական արվեստագետների և մշակութային կազմակերպությունների հետ։ Ընդսմին, հետագա ողջ գործունեությունը կիրականացվի ռուսերենով, առավել քիչ՝ անգլերենով, քանի որ հայերենը սովորելու բավարար դրդապատճառներ, բացի հետաքրքրասիրությունից ու քաղաքավարությունից, վերաբնակ ռուսաստանցիները չունեն։