Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմը փոխել է իրերի դրությունը ոչ միայն համաշխարհային քաղաքականությունում ու տնտեսությունում, այլև Ռուսաստանի ներսում՝ այն իրավունքների, ազատությունների ու հնարավորությունների առումով, որոնք առանց այդ էլ խիստ սահմանափակված էին իշխող վարչակարգի կողմից։
Անցած մոտ երեք ամսում, Շեքսպիրի ասած, ժամանակն «իր շավղից դուրս է սայթաքել», և հարյուր հազարավոր ռուսաստանցիներ լքել են երկիրը ու ապաստանել շատ երկրներում՝ հեռու և մոտիկ։ Փոքրիկ Հայաստանն, ըստ տարբեր գնահատականների, ընդունել է 50-ից մինչև 100 հազար ռուսաստանցիների (ստույգ տվյալներ ցայսօր չկան, զանազան տվյալների միջակայքը բավականին մեծ է)։ Ռուսաստանյան, ինչպես նաև Ռուսաստանում մինչև փետրվարի 24-ը գործած արտասահմանյան տասնյակ ընկերություններ պարզապես ողջ գրասենյակով տեղափոխվել են Հայաստան, և այդ գործընթացն իր անվանումն է ստացել՝ «ռելոկացիա», իսկ տեղափոխվածները՝ «ռելոկանտ»։ Նրանցից շատերը Հայաստանում արդեն աշխատում են, աշխուժորեն ծանոթանում են երկրի մշակույթին ու պատմությանը, բախտակից ընկերներ են գտել նաև հայերի մեջ, ինքնակազմակերպվում են, ոմանք իրենց կառավարության դեմ բողոքի ցույց են անում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ոմանք էլ որպես կամավորական էկոակտիվիստներ աղբն են հավաքում Հրազդանի կիրճում (համոթ երևանցիների…)։ Ովքե՞ր են այդ մարդիկ, իրենց համար ի՞նչ հեռանկարներ են տեսնում Հայաստանում, ինչպե՞ս են պատկերացնում ապագա Ռուսաստանը, ի՞նչ մտադրություններ ունեն՝ մնալու՞ են, թե ուրիշ տեղ են մեկնելու։ Արդյո՞ք «կլիմայավարժվում» են, կարողանու՞մ են ներգրվել նոր միջավայրին, թե՞ ոչ։
Մեր համոզմամբ, այս մասին լավագույնս կարող են պատմել հենց իրենք՝ ռուսաստանցիները։ Մեր խնդրանքով նրանցից երկուսը՝ լրագրող և արևելագետ, մեր հանդեսի էջերում գրել են այս ամենի մասին։
Հայկական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում այս թեման։ Անտարբեր չեն նաև ռուսաստանյան քարոզչությունը և հիբրիդային պատերազմի «մարտիկները», որոնք աշխատում են հետխորհրդային երկրներ քաոսի արտահանման ուղղությամբ։ Մի բավականին տարածված ռուսաստանյան տելեգրամ-ալիքից արտատպությունում (մեր թողարկման ռուսերեն տարբերակում) ռուսաստանյան էմիգրացիան նույնիսկ դիտարկվում է որպես «պրոլետարիատի գործիք» Կրեմլի ձեռքերում, գործիք, որը, հեղինակի կարծիքով, վատ չէր լինի «գործարկել» Հայաստանի ժողովրդավարական իշխանության դեմ։ Թե որքանով է նման սցենարն իրականալի՝ դատեք ինքներդ։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն