ԱՐՑԱԽՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ (հունիս)

Հունիսի 1-ին տեղի է ունեցել ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության համագումարը, որի ընթացքում հայտարարվել է, որ հուլիսի 19-ին նախատեսվող նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարելու է գործող նախագահ Բակո Սահակյանին:

Նույն համագումարում կուսակցության կենտրոնական խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել կուսակցության ղեկավարի միակ թեկնածուի օգտին, ինչի արդյունքում նախագահ է վերընտրվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Հունիսի 2-ին տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որի ընթացքում նույնպես հայտարարվել է գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին:

ԱԺԿ համագումարում նաեւ քննարկվել է կուսակցության ղեկավարի հարցը. կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Հուլիսի 19-ին նախատեսվող նախագահական ընտրությունների օրը ԼՂՀ քաղաքացիները կարող են քվեարկել նաեւ Երեւանում` ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում այդ օրը գործող ՙԵրեւան 1՚ տեղամասում. այսպիսի որոշում է ընդունել հունիսի սկզբին տեղի ունեցած իր նիստում ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Արցախի 8 ընտրատարածքներում բացվելու են 274 տեղամասային կենտրոններ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ եւ ծանոթացել այնտեղ կառուցվող ձեթի գործարանի շինարարական աշխատանքներին, որից հետո նա ուղեւորվել է Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղ, որտեղ ծանոթացել է այնտեղ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին:

Հունիսի 5-ին ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր. Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2012թ. հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության նախագահին:

ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձ. ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը:

Հունիսի 6-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին. հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հունիսի սկզբներին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածության պաշտպանության մասին հայտարարել է նաեւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն:

Նույն հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ ՙչնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով՚:

Նշված հայտարարությանն է իր ֆեսյբուքյան էջում արձագանքել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր (ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ), ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը` այն համարելով ոչ կոռեկտ. ՙԼինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին եւ անդամներին, որից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների եւ ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ-ն ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու եւ քննարկելու համար, այնուհետեւ` մի առ ժամանակ անց, ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ եւ ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չսատարել որեւիցե թեկնածուի եւ կուսակցության անդամներին կոչ են անելու ազատ ընտրության, իսկ ԿԿ վերջին որոշման մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից՚,- նշել է Վիտալի Բալասանյանը:

Հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հունիսի 9-ի հրամանագրով վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ, որոնցից բացի հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաեւ հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, ինչպես նաեւ կիրառվել անօդաչու թռչող սարքեր:

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ` ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ. խորհրդարանականները հայտարարել են, որ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ, միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, եւ որ ԼՂՀ ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը:

Հունիսի առաջին կեսին ԼՂՀ հարկային պետական ծառայության կողմից հրապարակված նախնական տվյալներովª 2012թ. հունվար-մայիս ամիսների ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները, տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 9298.7 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 2.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը 10.3 տոկոսով:

Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունըª Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, այցելել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն, որտեղ մասնակցել է հայ-բրիտանական բարեկամության խմբի տարեկան ժողովին, հանդիպումներ ունեցել Լոնդոնի համալսարանի Արեւելքի եւ Աֆրիկայի ուսումնասիրությունների ինստիտուտում եւ այլ կառույցներում:

Բացի քաղաքական ուժերից` գալիք նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին սատարելու մասին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիան:

Հունիսի 8-11-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ուշուի միջազգային առաջնությունում արցախցի մարզիկներ Դավիթ Պետրոսյանը` 62 կգ, Գրիգորի Հարությունյանը` 60 կգ, Տիգրան Մանասյանը` 58 կգ, Մարատ Պետրոսյանը` 52 կգ, Հայկ Գասպարյանը` 47 կգ, Դավիթ Կասումյանը` 44 կգ եւ Արսեն Մանվելյանըª 29 կգ քաշային կարգերում գրավել են առաջին տեղ:

Հունիսի 9-12-ը Երեւանում անցկացված ՀՀ սամբոյի աշխարհի առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված սամբոյի 17-րդ ավանդական միջազգային մրցաշարում հաղթող են ճանաչվել արցախցի մարզիկներ Մարտին Միրզոյանը (68 կգ քաշային կարգում), Դավիթ Գրիգորյանը (90 կգ) եւ Մավրիկ Նասիբյանը (74 կգ):

Հունիսի 14-ին նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի եւ Կարեն Մելքումյանի երդման արարողությունը:

Արցախի Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդն աջակցության նամակ է հղել ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին, որում նշվում է. ՙՄտահոգությամբ հետեւում ենք ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի եւ անձամբ Ձեր նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողություններին եւ վարկաբեկման փորձերին եւ մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ եւ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին՚:

ԼՂՀ նախագահի հունիսի 16-ին ստորագրած հրամանագրով գնդապետ Մասիս Միքայելյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ – թիկունքի պետ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալներիª հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:

Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը, ով հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նույն օրը ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է վերոնշյալ եւ մյուս միջադեպերը. ՙԱդրբեջանի հերթական սադրանքը բացահայտ մարտահրավեր է ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, այն նախկինում ընդունված պարտավորությունների եւ պայմանավորվածությունների բոյկոտ է, Փարիզում նախատեսվող` Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը խափանելու փորձ: Տվյալ հարցի շուրջ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտան ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ՚:

ՙԿարծում ենք, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը /ԵԱՀԿ/ պետք է Ադրբեջանի անհասցե հայտարարություններից անցնի խիստ գնահատականների եւ պատժամիջոցների` զինյալ-ուժային քաղաքականության, խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու, թշնամանք հրահրելու եւ տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար՚,- նշվում է նույն հայտարարության մեջ:

Հունիսի 18-ին Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը. հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Մեքսիկայում, G-20 վեհաժողովի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումները, ինչպես նաեւ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից եւ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Հունիսի 20-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի հուլիսի 17-ին:

Նույն օրերին ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների ղեկավարները հանդիպել են եւ կարեւորել ընտրությունների բաց եւ թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը. գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետ Արա Հարությունյանը հավաստիացրել է, որ անձամբ իր կողմից զգուշացվել են բոլոր նախարարները, ուժային կառույցների ղեկավարները եւ շրջանների վարչակազմերի ղեկավարներըª օրենքի տառին հետեւելու հրամայականով:

Հունիսի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում. դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի եւ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգեւատրվել է ՙՄարտական ծառայություն՚ մեդալով:

Հունիսի 21-ին Արցախի ՀԿ-ներից ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամին իր զորակցությունն է հայտնել նաեւ ՙՀելսինկյան նախաձեռնություն-92՚-ի Լեռնային Ղարաբաղի կոմիտեն. ՙՄեր կազմակերպությունը, հանդիսանալով մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, այնպիսին, ինչպիսին է Amnesty International-ը, ուշադրությամբ հետեւելու է ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի գործով քննությանը, զուգահեռաբար այդ գործի հանդեպ հրավիրելու է միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը՚,- նշվում է հայտարարության մեջ:

Հունիսի 21-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալներիª հունիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հունիսի 23-ին Ստեփանակերտում մեկնարկեց ՙBridge Artsakh-2012՚ 4-րդ տնտեսական համաժողովը:

Հունիսի 25-ին ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Մասիս Մայիլյանը, իր հարցազրույցում անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում իր դիրքորոշմանը, շեշտել է փոփոխության կողմնակից լինելու մասինª ավելացնելով. ՙՎիտալի Բալասանյանի հաղթանակի դեպքում ես ակնկալում եմ իրական բարեփոխումների անցկացում, որոնք կապահովեն տնտեսության հարատեւ աճը, սոցիալական խնդիրների լուծումը, բոլոր տարածքների վերաբնակեցումն ու համաչափ զարգացումը, մեր Զինված ուժերի պաշտպանունակության բարձրացումը, արտերկրում Արցախի շահերին ակտիվորեն հետամուտ լինելը, մեր հասարակության մեջ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծումը՚:

Հունիսի վերջին տասնօրյակում Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին Երեւանում կայացած սամբոյի եւ ըմբշամարտի 3-րդ միջազգային պատանեկան մրցաշարում արցախցի 15 մարզիկներից ամենահաջողը հանդես է եկել Ջոն Բալայանը` 52 կգ քաշային կարգում գրավելով առաջին տեղը:

Հունիսի 25-ին ՙՀելսինկյան նախաձեռնություն-92՚-ի Լեռնային Ղարաբաղի կոմիտեի կոչ է հղել ՀՀ եւ հայկական Սփյուռքի ոչ կառավարական կազմակերպություններին ակտիվ մասնակցել գալիք նախագահական ընտրությունների ամբողջ գործընթացի հսկողությանը:

Հունիսի 21-25-ը Ֆրանսիայում կայացած պաուեր լիֆտինգի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Կարեն Ղահրամանյանը չեմպիոնի կոչում է նվաճել:

Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար ՙԱրիության համար՚ մեդալով պարգեւատրվել են փոխգնդապետ Արթուր Ավանեսյանը, մայոր Գագիկ Իսրայելյանը եւ մայոր Գեղամ Մանուկյանը, ՙՄարտական ծառայություն՚ մեդալով` ենթասպա Գագիկ Ալավերդյանը, փոխգնդապետ Արմեն Բարխուդարյանը, շարքային Աշոտ Համբարձումյանը, ենթասպա Հովիկ Հայրապետյանը:

Հունիսի 27-ին ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու հայտարարությամբ հանդես է եկել ՙՇարժում-88՚ կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանըª կոչ անելով ընտրողներին քվեարկել Վիտալի Բալասանյանի օգտին:

Նույն օրը տեղի է ունեցել ԼՂՀ ազգային ժողովի հերթական նիստը, որի սկզբում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ՙԴաշնակցություն՚ խմբակցության նամակը, որում նշվում է, որ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանն այլեւս խմբակցության անդամ չի հանդիսանում:

Ազգային ժողովի նիստում Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին, խորհրդարանի անունից դիմել է հանրապետության բոլոր ընտրողներինª կոչ անելով ընտրությունների օրն անպայման իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքը եւ մասնակցել համաժողովրդական քվեարկությանը, չմոռանալով, որ առաջիկա նախագահական ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցությունն Արցախի անկախ, ինքնիշխան պետականության զարգացման եւ, մանավանդ, նրա միջազգային ճանաչման էական գրավական է:

Նույն նիստում խորհրդարանի նախագահը հանդես է եկել տարեկան հաղորդմամբ, որում ամփոփվում է խորհրդարանի 4-րդ եւ 5-րդ նստաշրջանների գործունեության արդյունքները. ընդհանուր առմամբ, գումարվել են 10 լիագումար նիստեր, յուրաքանչյուրումª 5-ական նիստ, շրջանառության մեջ էր դրված 86 օրինագիծ, որից 79-ի հեղինակը կառավարությունն է, իսկ 7-ը ներկայացվել է պատգամավորական նախաձեռնության կարգով, բոլոր օրինագծերն ընդունվել են, այդ թվումª 16 մայր օրենք:

Հունիսի 28-ին ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը նամակ է ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում մատնացույց են արվում մի քանի խախտումներª Արցախի հանրային հեռուստատեսության եթերի եւ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերի հրատարակման հետ կապված:

Հունիսի վերջին օրերին Արցախում էր ՙԵրիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն՚ (YMCA) միջազգային կազմակերպության պատվիրակությունը, որի կազմում են ընկերակցության եվրոպական կառույցների գլխավոր քարտուղար Խուան Սիմոս Իգլեսիասը (Juan Simoes Iglesias), Նիդեռլանդների Թագավորության կառույցների գլխավոր քարտուղար Անտոնիո Մերինոն (Antonio Merino) եւ ԱՄՆ կառույցների գլխավոր քարտուղար Սիս Բրեմերը (Cees Bremmer):

Հունիսի 28-ին Ստեփանակերտում իր աշխատանքներն է վերսկսել ՙՀայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 90-ից ավելի գիտնականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Հայաստանից եւ Արցախից:

Հունիսի 29-ին նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Share

Comments are closed.