Մայիսի 2-ից 6-ը տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդանշական այցը ԱՄՆ։ Հենց սկզբից անհրաժեշտ է նշել, որ վերջին տասնամյակներում առաջին անգամ հայկական դիվանագիտության ղեկավարի հանդիպումը ամերիկացի գործընկերոջ հետ կայացավ՝ չպայմանավորելով դա այս կամ այն միջազգային ձևաչափին մասնակցությամբ և ամենագլխավորը՝ Արցախի շուրջ հակամարտությամբ։ Միրզոյանը Վաշինգտոն մեկնեց՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու համար։ Եվ այնտեղ բանակցություններ վարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախարարը նաև, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ ամերիկյան հեղինակավոր «Atlantic Council» ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան-քննարկմանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Միրզոյանը նաև ներկայացրեց ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացքին: Միրզոյանի և Բլինքենի բանակցությունների ավարտին ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
«Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական երկխոսությունն ինքնին բոլորովին էլ նոր երևույթ չէ։ Այն սկսվել է անցյալ դարի 90-ական թվականների վերջերին, իսկ դրա առաջին փուլը՝ անվտանգության հարցերով Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը, ինքս եմ վարել»,- ասում է դիվանագետ, իրավաբան, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը։ Հետագա երկու տասնամյակում երկխոսությունը տարբեր փուլերում տարբեր ինտենսիվությամբ էր ընթանում։ Սակայն վերջին երկու տարիներին, գլխավորապես կորոնավիրուսային համաճարակի պատճառով, այն կանգ էր առել։ Եվ ահա նորից ակտիվացել է։ Գործընթացին լրացուցիչ նրբերանգներ և մակարդակ հաղորդեցին Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունն ու Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքները։ Ըստ դիվանագետի, վերջին հանգամանքը, այլ բաների թվում, հանգեցրեց հատկապես անվտանգության բնագավառում և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների հաղթահարման գործընթացում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության լանածավալ գործարկման անհրաժեշտության վերաբերյալ համոզմանը։ Այս իմաստով, նա նշեց էներգետիկ ինքնաբավությունն ու անվտանգությունը՝ իբրև վերջին բոլոր տասնամյակներում Հայաստանի զարգացման մարտահրավերներ։ Այս անվտանգության ապահովման անկյունաքարը ընդհանրապես միջուկային էներգիան է և, մասնավորապես, նախկինում Հայաստանի պահանջմունքի 40%-ը ապահովող Մեծամորի ԱԷԿ-ի խնդիրը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 90-ականների վերջերից սկսված երկկողմ և միջազգային (ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում) համագործակցությունը միջուկային էներգետիկայի և անվտանգության բնագավառում բնութագրելով իբրև բավականին արդյունավետ, Խարազյանը հատուկ ընդգծեց ԱՄՆ-ի և ՄԱԳԱՏԷ-ի աջակցությունը Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցում։ Այդ համագործակցության հիմքը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիրն է։ Եվ ահա այժմ եկավ «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» 3.5 էջանոց հուշագրի ստորագրման ժամանակը։ Որևէ միջազգային կամ ազգային պարտավորություն չենթադրելով՝ այդ փաստաթուղթը հանրագումարի է բերում միջուկային էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության նպատակները, մտադրությունները, իրավական կարգավորումների շրջանակները։
Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու նշմարվող անհրաժեշտության ֆոնին, Խարազյանը հնարավոր է համարում այդ նախագծում վերոհիշյալ հուշագրի շրջանակներում ԱՄՆ-ի մասնակցությունը։ Հատկապես, եթե նկատի ունենանք միջուկային կոմուլյատիվ նոր մոդուլային հզորությունների և համապատասխան ազգային կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցության մտադրությունն արձանագրելը։ Իսկ փաստաթղթում Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման գործում միջուկային էներգիայի կենսական անհրաժեշտության, ինչպես նաև ամերիկյան շահերին դրա համապատասխանության մասին հիշատակումը ԱՄՆ-ի կողմից Հայաստանին համապատասխան հզորություններ տրամադրելու սկզբունքային հիմք է դառնում։ Մեծամորի ԱԷԿ-ի կառավարիչ «Ռոսատոմի» և ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության միջև հատուկ հակասություններ նա չի տեսնում։ Առաջին հերթին նկատի ունենալով բարոյական մաշվածությունը՝ ՀԱԷԿ-ի գործող ջրաջրային էներգետիկ ռեակտորի (ՋՋԷՌ), որի անվտանգ գործունեության ապահովումն այսօր մեծամասամբ հնարավոր է հենց միջազգային համագործակցությամբ։ Ինչպես նաև՝ նկատի ունենալով ի վնաս նոր կայանի կառուցման հեռանկարի, գործող հին էներգաբլոկի կյանքն անընդհատ երկարացնելու անհնարինությունը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև դեռևս 2013 թվականին կնքված համապատասխան համաձայնագրի շրջանակներում նոր ԱԷԿ-ի կառուցման ուղղությամբ գործնական քայլերի բացակայության ֆոնին։ Այն դեպքում, որ 2021 թվականի դեկտեմբերին Դուբայում Մոսկվայի և Երևանի միջև միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին հուշագիրը ավելի շատ նոր կոմուլյատիվ հզորությունների ստեղծման հնարավորություններն ուսումնասիրելու մտադրություններ է պարունակում, քան կոնկրետ քայլեր։
Դառնալով Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներին, դիվանագետն ընդգծեց դրա սերտ կապը միջուկային էներգետիկայի զարգացման հետ։ Վերջինս Հայաստանին տալիս է էլեկտրաէներգիա կուտակող սեփական հզորություններ, ինչպես նաև գիտական ներուժ և տվյալ տեխնոլոգիական պրոցեսում լեգիտիմ միջազգային ներկայություն։ Այս իմաստով ԱՄՆ-ի հետ Հայաստանի գործակցությունում միջուկային էներգիայի վրա կենտրոնացումը բնական է և անայլընտրանք։ Հատկապես հաշվի առնելով տվյալ ոլորտում ԱՄՆ-ի բարձր վարկանիշը, ինչպես նաև՝ ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող ռեակտորների արտադրությունը։ Վերջին հանգամանքը Հայաստանի համար տեխնոլոգիապես բազմախոստում է։ Հայաստանն իր հերթին տվյալ ոլորտի միջազգային հանրույթի պատասխանատու անդամ և մասնակից է, որից ականխատեսելի քայլեր սպասելի չէ։ Եվ, իհարկե, ԱՄՆ-ի արտադրողների համար զուտ առևտրային տեսակետից ձեռնտու է սեփական շուկան ընդլայնել Հայաստանի հաշվին։ Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտության մասին ամեն հիշատակման ժամանակ վեր հանվող ֆինանսական խնդիրները Խարազյանը միանգամայն լուծելի է համարում։ Առաջին հերթին ԱՄՆ-ում երկրի արտաքին առևտրի առաջմղման համար վարկաֆինանսական մեխանիզմների առկայության շնորհիվ։ Դրանք հնարավորություն են տալիս Հայաստանում ստեղծելու միջուկային կուտակիչ հզորություններ, իրականացնելու համապատասխան ազգային կադրերի ուսուցում և ԱՄՆ-ից Հայաստան տեխնոլոգիաների տեղափոխում։
Խարազյանը հակված չէ գերագնահատելու Ուկրաինայի ազդեցությունն ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության ներկա մակարդակի վրա։ Տեսնելով Ուկրաինայում կատարվողը՝ Երևանում և Վաշինգտոնում, նրա կարծիքով, ձգտում են ամեն ինչ անել Հայաստանը աշխարհաքաղաքական բախումների էպիկենտրոնից հեռու պահելու համար։ Թեպետ՝ Ուկրաինան բավականին հաջող դիմակայում է ռուսական ներխուժմանը և, շատերի համար զարմանալի կերպով, անվախ պայքարում է իր անկախության համար։ Սա էլ իր հերթին արժանանում է համապատասխան գնահատականի համաշխարհային հանրության կողմից ընդհանրապես, և ԱՄՆ-ի կողմից, մասնավորապես։ Անկախությունը, ազատությունը ունեն իրենց գինը և պայմանականություներ չեն ընդունում։ Իսկ ազատության ձգտող ժողովուրդը առավել մեծ հավանականությամբ կստանա միջազգային աջակցություն, քան այն ժողովուրդը, որը սպասում է այդ նույն ազատության միջազգային երաշխիքների։ «Մեծապես ցավալի է, որ այս պարզ ճշմարտության գիտակցումը Հայաստանում այդպես էլ չի արմատավորվում։ Իսկ մեր կարծիքը, համաձայն որի մեր ազատությունը սահմանափակվում է մեծ տերությունների ցանկություններով, մեր ամենամեծ մեթոդաբանական սխալն է։ Պետությունը պետք է կարողանա պաշտպանվել ինքնուրույն։ Եվ եթե այդ պետության ստորագրած այս կամ այն միջազգային պայմանագրերը այդ պաշտպանությունը չեն ապահովում, ապա նա պարզապես պարտավոր է օգտագործել այդ ուղղությամբ ունեցած բոլոր հնարավորություները։ Եվ դա վերաբերում է ինչպես Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանությանը, այնպես էլ Թուրքիայից և այլ տեղերից եկող սպառնալիքներից պաշտպանվելուն», – ընդգծեց նա։
Այս իմաստով դիվանագետը անհրաժեշտ է համարում Հայաստանի ռազմաքաղաքական և ստրատեգիական գաղափարախոսության մեջ ամրագրելու երկրի անվտանգության սպառնալիքը ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի կողմից։ Պարզապես այն պատճառով, որ վերջինս շահագրգռված չէ Հայաստանի ռազմական, տնտեսական հզորացման հեռանկարով։ Սա էլ նշանակում է Հայաստանում Ռուսաստանից եկող, երկրի սեփական անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող միանգամայն իրական վտանգներին դիմակայելու ընդունակությունների ձևավորման անհրաժեշտություն։ Սպառնալիքներ, որ իրականացվում են ոչ միայն ուղղակիորեն, այլև միջնորդավորված՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներգրավմամբ։ Հատկապես Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը հնարավորություն է տալիս խոչընդոտելու Հայաստանի և մնացած աշխարհի հարաբերությունների զարգացմանը։ «Ամփոփելով՝ կցանկանայի հիշատակել ոտքերը սեփական վերմակի չափով մեկնելու խիստ վնասակար փիլիսոփայությունը։ Այս գաղափարախոսական դրույթը շրջանառության մեջ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ նրա հետևորդները դա դարձրին դոգմա։ Մինչդեռ տվյալ դրույթն ունի մի քանի տրամաբանական անհամապատասխանություն։ Առաջին հերթին՝ երկիրը աճում է, իսկ վերմակի չափսը մնում է նույնը։ Հետևաբար, անհրաժեշտ է մեծացնել-փոխել վերմակը՝ մարմնի աճին համապատասխան։ Այլ կերպ ասած, Հայաստանն ինքը պետք է փոխվի և ներդաշնակեցվի միջազգային քաղաքականության փոփոխություններին և ոչ թե լռելյայն հարմարվի դրանց», – համոզված է Արմեն Խարազյանը։