Գալիք աշխարհակարգն արդեն ուրվագծվում է՝ Ուկրաինայի մարտադաշտերում իրադարձությունների զարգացմանն ու դրանց շուրջ դիվանագիտական ջանքերին զուգընթաց և Ռուսաստանի միջազգային մեկուսացման ու տնտեսական փլուզման վտանգի համապատկերում։ Իսկ թե ինչպես է այս նոր «ուրվագիծը» երևակվելու մեր տարածաշրջանում՝ քիչ պարզություն կա, բայց ակնհայտ է, որ այն լինելու է տարածաշրջանային սուբյեկտների (այդ թվում՝ Հայաստանի) գործողությունների արդյունք։
Ակնհայտ է նաև, որ վերահաս փոփոխությունները պայմանավորված են և շարունակելու են պայմանավորված լինել ռուսաստանյան գործոնի անխուսափելի թուլացմամբ և տարածաշրջանում անվտանգության վակուումի մեծացման գործոնով, ինչն էլ պաշտոնական Երևանին ստիպում է կտրուկ աշխուժացնել և վերագործարկել, նորացնել ու վերստեղծել կապերը ողջ ազիմուտով՝ Հնդկաստան, Իրան, Եվրոպա, Ամերիկա, առաջնահերթորեն մտասևեռվել խնդրահարույց հարևանների հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցային գործընթացներում, իսկ բարեկամ երկրների հետ ներդաշնակեցնել հարաբերությունները՝ ստեղծվող և ստեղծվելիք իրողությունների հաշվառումով։ Ու միանգամայն բնական է, որ պաշտոնական Երևանի ու հայկական դիվանագիտության կողմից առանձնակի ուշադրություն է դարձվում Ազատ Աշխարհի առաջատար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին։
Հարաբերությունների որակապես նոր փուլի մասին են վկայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն, քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ չափազանց կարևոր հուշագրի ստորագրումը (միտված Հայաստանի էներգետիկ ինքնաբավության ապահովմանը), կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափով և լայնընդգրկուն օրակարգով հերթական նիստը, դրան հաջորդած՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խորհրդանշական հարցազրույցը, որում «ծանրակշիռ» հայտարարություններ կան ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և մեր երկրում բարեփոխումների ողջ օրակարգի մասին՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա հարաբերությունների զարգացմամբ և մեր երկրում բարեփոխումների կենսագործմանը նպաստելու՝ ԱՄՆ-ի հանձնառությամբ։
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս թեմայով մեր հեղինակների հոդվածները և հայկական ու ամերիկյան մամուլում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին հրապարակումներ։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն