Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Ուկրաինայում ծավալվող՝ Երկրորդ աշխարհամարտից հետո խոշորագույն պատերազմը հանգեցրել է միջազգային իրավակարգի փլուզման մասին մի շարք պաշտոնատար անձանց և վերլուծաբանների մեկնաբանությունների ի հայտ գալուն։ Այո՛, Ռուսաստանի ներխուժումը միջազգային իրավակարգի արմատական սկզբունքի՝ ուժի կիրառման արգելքի ուղիղ խախտում է։ Սակայն դեռևս վաղաժամ է խոսել միջազգային հարաբերությունների համակարգի փլուզման մասին։ Ոչ ճշգրիտ գնահատականները վերաբերում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլև այն ըմբռնմանը, թե օրենքն առհասարակ ինչպես է գործում։ Միայն Ռուսաստանի ներխուժումը բավարար չէ միջազգային իրավակարգը փլուզելու համար, որի ճակատագիրը կախված է այն բանից, թե այլ պետություններն ինչպես կարձագանքեն ագրեսիային։ Արդյո՞ք նրանք կուզենան պահպանել միջազգային իրավական նորմերը, թե՞ կհամաձայնվեն Ռուսաստանի կողմից դրանց փլուզմանը։
Օրենքի հիմնական գործառույթներից է վարքագծի ձևավորումը։ Օրենքը քաղաքացիներին ասում է, թե ինչ կարելի է անել և ինչն է անընդունելի։ Սակայն իրավական համակարգը հասկանում է, որ սոսկ օրենքի պահանջները բավարար չեն․ դրանք պետք է լրացվեն բռնության գործիքակազմով, որը կիրառելի է օրենքի խախտման պարագայում։ Երկրի ներքին օրենսդրությունը հաստատում է օրենքի խախտմանն արձագանքող ընթացակարգերը և ստեղծում դրանք գործադրող ինստիտուտներ՝ ի դեմս ոստիկանության, դատախազության, դատական և քրեակատարողական համակարգերի և այլն։
Թեև ներքին օրենսդրությանը գերազանցապես հաջողվում է իրականացնել իրավակարգի պահպանությունը, այն լիակատար երաշխիքներ չի ապահովում, հատկապես այն հարթություններում, որոնցում իրավունքը խաչաձևվում է հասարակական կյանքի այլ ոլորտների հետ, օրինակ, երբ տնտեսական ու քաղաքական շահերն ազդում են օրինաստեղծության և օրենքի գործադրման վրա։ Այսուհանդերձ, սա չի նշանակում, որ պետության ողջ իրավական համակարգը կայացած չէ։
Համանման կերպով միջազգային իրավունքն ազգային պետություններից պահանջում է հարգել այն, իսկ եթե համոզման ուժը չի գործում, նախատեսում է այլ՝ իրենց բնույթով բռնի հակադարձության միջոցներ ևս։ Խոսքը պատերազմի այս կամ այն ձևի մասին է, որի միջոցով պետությունները ձգտում են շտկել իրավիճակը, եթե նրանց նկատմամբ օրինախախտում է կատարվում։ Պատերազմ վարելու օրինական իրավունքը մշակվել է հենց այն նպատակով, որ դրա խախտման զոհ դարձած պետությունն ունենա պատասխան գործողություններ ձեռնարկելու հնարավորություն։
Սակայն, 1928 թ․ Բրիան Քելլոգի համաձայնագրի և 1945 թ․ ՄԱԿ Կանոնադրության համաձայն պատերազմն արդեն միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու օրինական միջոց չէ, թեև ագրեսիայի ենթարկված պետությունները ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ունեն ինքնապաշտպանության իրավունք։ Արդի միջազգային իրավունքը նախատեսում է իր իսկ խախտմանն արձագանքելու այլ միջոցներ, օրինակ՝ տնտեսական պատժամիջոցներ, թեև տվյալ մեխանիզմներն, ինչպես և ազգային իրավունքի պարագայում, երբեմն ի վիճակի չեն կանխել միջազգային հանցագործությունները և ապահովել պատշաճ պատիժը։
Այսպիսով, գնահատական տալով Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը, անհրաժեշտ է գնահատել ոչ միայն նրա նախագահի որոշումները, այլև մյուս պետությունների արձագանքը։ Տվյալ տեսանկյունից կարելի է արձանագրել, որ միջազգային իրավակարգը ներկայումս լիովին գործում է։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու և ուկրաինական երկու տեղաշրջանների անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշումն այլ պետություններ ոչ միայն դատապարտել են, այլև դրան վճռական հակադարձություն են ցուցաբերել։ Մոսկվայի կողմից Ուկրաինայի երկու տեղաշրջանների անկախությունը ճանաչելուց և այնտեղ ռուսական զորքեր տեղակայելուց հետո ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել, որում ԱՄՆ-ն և իր դաշնակիցները տվյալ գործողությունները դատապարտել են որպես միջազգային իրավունքի բացահայտ խախտում։ Ռուսաստանի անհամոզիչ և անհիմն իրավական արդարացումները մերժվել են։
Հաստատվել է, որ առանց Անվտանգության խորհրդի թույլտվության պետության սահմանների փոփոխությունը կամ նրա տարածքի մի մասում նոր պետության կազմավորումը պահանջում է տվյալ պետության համաձայնությունը, որն Ուկրաինայի դեպքում առկա չէ։ Անհիմն է համարվել նաև Կրեմլի այն հայտարարությունը, որ Դոնբասի և Լուգանսկի առաջնորդները Ռուսաստանին աջակցության խնդրանքով են դիմել ուկրաինական «ագրեսիան» կանխելու նպատակով։ Բացի դրանից, այդպիսի խնդրանքը Ռուսաստանին Ուկրաինայի տարածք ներխուժելու և նրա կառավարությունը տապալելու օրինական իրավասություններ չի տալիս։ ՄԱԿ Կանոնադրության 2(4) հոդվածի սկզբունքները վկայակոչելով՝ ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ռուսաստանի բացահայտ հարձակումը սադրված չէ․․․ Այն Ուկրաինայի՝ որպես ՄԱԿ անդամ-պետության կարգավիճակի դեմ ոտնձգություն է և միջազգային իրավունքի ու մեր Կանոնադրության խախտում»։
Տվյալ դեպքում կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում պետությունների արտահայտած գնահատականները համապատասխանում են իրենց գործողություններին։ Ի պատասխան Ուկրաինայի անջատողական տարածաշրջանների ճանաչման ու բռնազավթման՝ արևմտյան և մի շարք այլ երկրներ Ռուսաստանի դեմ կիրառել են կոշտ պատժամիջոցներ։ Ռուսաստանը փաստացիորեն անջատված է միջազգային ֆինանսական համակարգից, նրա համար փակված է արևմտյան երկրների օդային տարածությունը և այլն։ Այս քայլերն արդեն իսկ առաջացրել են Ռուսաստանի ֆինանսական համակարգի ճգնաժամը։
Երբեմն կարելի է հանդիպել հետևյալ տեսակետի․ եթե պատժամիջոցները չեն զսպել Պուտինի ներխուժումն Ուկրաինա, ապա ի՞նչ իմաստ կա առհասարակ դրանք այժմ կիրառել։ Համանման հարց կարելի է բարձրացնել որևէ հանցագործության և պատժի վերաբերյալ։ «Ինչի՞ համար պատժել մարդասպանին, չէ՞ որ զոհն արդեն մահացած է»։ Պատասխանն ակնհայտ է․ հանցագործը պետք է պատժվի՝ նրա հանցավոր վարքագիծը դատապարտելու և հետագայում այլ հանցագործությունները կանխելու համար։ Պատժամիջոցների պարագայում տվյալ փաստարկն էլ ավելի զորեղ է գործում։ Քանի դեռ Ռուսաստանը ռազմակալում է երկիրը կամ նրանում խամաճիկ վարչակազմ է պահում՝ միջազգային իրավունքի խախտումը շարունակվում է։
Շարունակվող ագրեսիայի նկատմամբ արձագանքը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքի սկզբունքները կենդանի են և ճանաչված են պետությունների մեծագույն մասի կողմից։ Ռուսաստանի գործողությունների այսչափ միասնական, արագ և լայն դատապարտումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ Պուտինը դիմել է միջազգային իրավունքի աղաղակող խախտման։ Ուկրաինայի տարածքում ծավալվող պատերազմը կարող է քրեստոմատիկ կոչվել, քանի որ ագրեսոր և ագրեսիայի զոհ պետությունները միանշանակ և ակնհայտ կերպով տարորոշելի են։
ՌԴ-ն իր իսկ համար անսպասելիորեն բախվում է միջազգային հանրության արձագանքի հետ, որը հիմնված է միջազգային իրավունքում առկա պատերազմի դասական սահմանման, մասնավորապես՝ «արդար պատերազմի» (just war) հասկացության վրա։ Այլ խոսքով՝ Ռուսաստանին սպասում են ոչ միայն մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ պատերազմի իրավունքի (law of war) խախտմամբ պայմանավորված հետևանքներ, այլև անարդար պատերազմ սանձազերծելու համար ավելի արմատական խնդիրներ։ Սա թույլ է տալիս խոսել միջազգային իրավական համակարգի ուժի մասին, քանի որ պետությունները որպես անհրաժեշտ միջոց կիրառում են պատերազմին վերաբերող իրավական նորմեր, իսկ դրանց խախտումը հանգեցնում է միանշանակ ու կտրուկ արձագանքի։
Սակայն երկարաժամկետ հեռանկարում միջազգային իրավակարգին և միջազգային հարաբերությունների համակարգին լուրջ փորձություններ են սպասում։ Ըստ ամենայնի դատելով՝ Ռուսաստանը ծրագրում է Ուկրաինայում խամաճիկ կառավարություն ստեղծել, որը «կհամաձայնվի» օրինականացնել նրա գործողությունները։ Բացի դրանից, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հույս ունի, որ ագրեսիայի և անարդար պատերազմի դեմ ձևավորված արևմտյան դաշինքը ժամանակի ընթացքում կքայքայվի։ Արևմտյան երկրների դաշինքը որքա՞ն կպահպանի իր համերաշխությունն ու միասնականությունը՝ տարիների՞, թե՞ մինչև իսկ տասնամյակների ընթացքում։ Սա այն մարտահրավերն է, որի նկատմամբ արձագանքը պետք է ձևավորել արդեն այժմ։ Կասկած չի հարուցում, որ հիշյալ մարտահրավերի նկատմամբ արձագանքի նախապատրաստումը կպահանջի Եվրոպայի համատեղ անվտանգության և համաշխարհային անվտանգության համակարգերի վերանայում։
Այսպիսով, ռուսական ներխուժումն Ուկրաինա միջազգային աշխարհակարգին հասցված հարված է, որն արդեն մեծ զոհերի է հանգեցրել։ Սակայն պետությունների և միջազգային ինստիտուտների արձագանքի միանշանակությունը վկայում է միջազգային հարաբերությունների համակարգի կենսունակության և ուժի մասին․ այն ի զորու է եղել վճռականորեն արձագանքել իր հիմնարար սկզբունքներին ուղղված հարձակման դեմ։ Եթե Ռուսաստանի ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության արձագանքը շարունակի լինել լայն, ուժեղ և կայուն, ապա գոյություն ունեցող միջազգային աշխարհակարգն այս պատերազմի արդյունքներով չի թուլանա, այլ կամրապնդվի։
28.02.2022