Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական
հետազոտությունների կենտրոնի նախագահ
Երևան
Վերջին ամիսներին նկատվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հայ-ադրբեջանական շփումների ակտիվացում: Փաստացի ձևավորվել են երկու հարթակներ՝ բրյուսելյան և մոսկովյան, որտեղ ինտենսիվ բանակցություններ են ընթանում երկու պետությունների հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Եթե մոսկովյան հարթակում բանակցություններն ընթանում են պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով, ապա Բրյուսելում հանդիպում են երկրների առաջնորդները և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնականը:
Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական բանակցությունները կենտրոնացած են երեք հիմնական ուղղությունների վրա՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ձևավորում և երկկողմ հարաբերությունների կարգավորման կամ «խաղաղության համաձայնագրի» ստորագրման բանակցությունների սկսում: Առաջին ուղղության մեկնարկը տրվեց 2020 թ. նոյեմբերի 10-ին, իսկ աշխատանքներն առարկայական բնույթ ստացան 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված եռակողմ երկրորդ հայտարարությունից հետո:
Ձևավորվել է եռակողմ աշխատանքային խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ, որն արդեն ավելի քան մեկ տարի է աշխատում է այս ուղղությամբ: Ձեռք են բերվել որոշակի նախնական պայմանավորվածություններ, այդ թվում՝ Ադրբեջան – Հայաստան – Նախիջևան և Հայաստան – Նախիջևան – Իրան երկաթգծի գործարկման վերաբերյալ: Վերջին ամիսներին Եվրամիությունը ևս ակտիվորեն մասնակցում է այս ուղղությամբ ընթացող աշխատանքներին: Նշված խնդիրը քննարկվել է Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած երեք հանդիպումների (2021 թ. դեկտեմբերի 14, 2022 թ. ապրիլի 6 և 2022 թ. մայիսի 22) ժամանակ:
Այնուամենայնիվ, հակասությունները շարունակվում են հաղորդակցության ուղիների իրավական կարգավիճակի շուրջ: Ադրբեջանը, ընդունելով հանդերձ Սյունիքով անցնող երկաթգծի և ավտոճանապարհի նկատմամբ Հայաստանի դե յուրե ինքնիշխանությունը, պահանջում է ադրբեջանական բեռների և քաղաքացիների նկատմամբ չիրականացնել մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ: Հայաստանը մերժում է այս պահանջը՝ պնդելով միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողական գործառույթների իրականացման անհրաժեշտության վրա: Որպես փոխզիջում կարող է դիտարկվել այդ ճանապարհների նկատմամբ բացառապես ռուսական վերահսկողության հաստատումը, սակայն այս հարցում առայժմ հստակություն չկա:
Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի ուղղությամբ: Այս հարցը ևս քննարկվում է թե՛ մոսկովյան, և թե՛ բրյուսելյան հարթակներում: Կողմերն արդեն ձևավորել են ազգային հանձնաժողովներ և 2022 թ. մայիսի 24-ին Հայաստան – Ադրբեջանին սահմանին կայացել է հանձնաժողովների ղեկավարների առաջին հանդիպումը: Այստեղ ևս անորոշությունները շատ են. սկսած սահմանազատման համար հիմք հանդիսացող քարտեզների տարեթվերից (արդեն հնչել են տարբեր հայտարարություններ սկսած 1918 թ. մինչև 1970-ականների վերջի քարտեզները օգտագործելու մասին), վերջացրած այսպես կոչված անկլավների վերաբերյալ կողմերի ունեցած իրավական հիմնավորումներից:
Հայկական կողմը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ Ադրբեջանը չի տրամադրել իրավական հիմնավորումներ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների առկայության վերաբերյալ, մինչդեռ Հայաստանն ունի Ադրբեջանի տարածքում հայկական անկլավի առկայությունն ապացուցող իրավական հիմնավորումներ: Հայկական կողմը նաև ակնարկել է, որ ընդունելի լուծում կարող է լինել անկլավների հարցին ընդհանրապես չանդրադառնալը, և այս պահին առկա իրավիճակի ֆիքսումը: Իր հերթին ադրբեջանական կողմը պնդում է, որ անկլավների հարցը պետք է պարտադիր դառնա սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մաս:
Այնուամենայնիվ, այս երկու ուղղություններն ուղղակիորեն չեն առնչվում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա մեխը հանդիսացող Արցախի վերջնական կարգավիճակի խնդրին: Այս հարցերը ներառվելու են բանակցային երրորդ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ «խաղաղության պայմանագրի» մշակման և ստորագրման գործընթացում:
Դեռ 2022 թ. մարտի սկզբին Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել հինգ կետեր, որոնք, պաշտոնական Բաքվի կարծիքով, պետք է ընկած լինեն ապագա պայմանագրի հիմքում: Չցանկանալով ևս մեկ անգամ վերարտադրել այդ կետերի բովանդակությունը, անհրաժեշտ է միայն ընդգծել, որ այնտեղ կարմիր թելի պես անցնում է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու պահանջը: Հայաստանը հայտարարել է, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա և ապրիլի 6-ին Ադրբեջանին է փոխանցել վեց կետերից բաղկացած իր պատկերացումները, որոնք հրապարակվել են մայիսի կեսերին:
Հայաստանի ներկայացրած այս կետերի մեծ մասը կա՛մ փաստերի արձանագրում է, կա՛մ էլ դիրքորոշման ներկայացում, և չի տեղավորվում առաջարկություն տերմինի ներքո: Այնուամենայնիվ, Արցախի ապագա կարգավիճակի առնչությամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի:
2022 թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը՝ բավականաչափ թափանցիկ ակնարկելով Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակով թողնելու հնարավորության մասին: Այս ելույթը 2021 թ. դեկտեմբերի 24-ին և 2022 թ. հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսների ժամանակ վարչապետի հնչեցրած մտքերի շարունակությունն էր: Այդ ասուլիսների ժամանակ վարչապետը նշում էր, որ դեռ մինչև իր իշխանության գալը Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր հնարավորությունները: 2022 թ. ապրիլի 13-ին իր ելույթում խոսելով միջազգային հանրության ակնկալիքի մասին՝ վարչապետը չհայտարարեց, որ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումն անընդունելի է Հայաստանի կառավարության համար՝ ակնարկելով, որ Հայաստանի իշխանությունները առնվազն չեն բացառում Արցախը ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը:
Հայաստանի իշխանությունների նման ակնարկները հստակ ուղերձ են հղում Հայաստանի միջազգային գործընկերներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը Արցախի կարգավիճակի շուրջ փոխզիջումային լուծում գտնելն է: Ադրբեջանը հրաժարվում է «Արցախ գոյություն չունի, կարգավիճակի հարցը պատմության աղբահորում է» տեսակետից, իսկ Հայաստանը հրաժարվում է «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս» դիրքորոշումից: Փոխադարձ զիջումների հիման վրա արցախյան հակամարտությունը կարգավորվում է Ադրբեջանի կազմում Արցախի համար ինքնավար կարգավիճակի սահմանմամբ:
Ընդ որում, հատկապես եվրոպական կառույցները տասնյակ օրինակներ են բերում այս կարգավորման կենսունակության վերաբերյալ՝ հղում կատարելով ալբանացիների առկայությանը Հյուսիսային Մակեդոնիայում և ավելի քան մեկ միլիոն հունգարացիների առկայությանը Ռումինիայում: Նրանք նշում են, որ այս պետություններում ևս լարվածություն է եղել էթնիկ փոքրամասնությունների հետ կապված, սակայն այժմ ալբանացիների և հունգարացիների իրավունքները երաշխավորված են նույնիսկ առանց հատուկ ինքնավար կարգավիճակի: Հետևաբար, նույն բանը կարելի է անել նաև Արցախի հայերի համար, և Եվրամիության ու եվրոպական առանձին պետությունների աջակցությամբ հասնել ադրբեջանական օրենսդրության այնպիսի փոփոխությունների, որը կապահովի Ադրբեջանում ապրող հայերի իրավունքները:
Մեր գնահատմամբ՝ ներկայումս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում առկա են Արցախի վերջնական կարգավիճակի որոշման չորս տարբերակներ:
Առաջին տարբերակը պայմանագրում Արցախի ինքնավար կարգավիճակի ֆիքսումն է Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների տրամադրմամբ: Առանց հնարավոր դետալների մեջ խորանալու՝ ակնհայտ է, որ այս տարբերակը կհանգեցնի Արցախի վերջնական հայաթափմանը, ինչն էլ հիմք կհանդիսանա Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման ժամկետը չերկարաձգելու համար:
Ռուսաստանյան խաղաղապահներին Արցախից հեռացնելու գործում առաջին հերթին շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և ԱՄՆ-ը: Ամերիկացիները ռուսական զորքերին չեն համարում խաղաղապահներ՝ պնդելով, որ խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես միջազգային մանդատի առկայության դեպքում, ինչն Արցախում բացակայում է: Հետևաբար, ռուսական զորքերը խաղաղապահներ չեն, նրանք պետք է Արցախից դուրս բերվեն, իսկ արցախահայերի իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային երաշխիքներով: Առաջին տարբերակն ուղղակիորեն հակասում է Արցախի և Հայաստանի կենսական շահերին և հարվածում է նաև տարածաշրջանում ռուսական հետաքրքրություններին:
Երկրորդ տարբերակի դեպքում Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել Արցախի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների առկայության դեպքում, և անընդհատ մերժում է Ադրբեջանի ներկայացրած երաշխիքները՝ հայտարարելով որ դրանք բավարար չեն: Թվում է, որ այս տարբերակը հնարավորություն կարող է տալ Հայաստանին մի կողմից շարունակել բանակցությունները, միջազգային հանրության շրջանում ձևավորել կառուցողական գործընկերոջ ընկալում, իսկ մյուս կողմից անվերջ երկարաձգել գործընթացը՝ անընդհատ հայտարարելով, որ Ադրբեջանի տրամադրած երաշխիքները բավարար չեն:
Այս տարբերակի վտանգը կայանում է նրանում, որ Ադրբեջանը և Հայաստանի միջազգային գործընկերները կարող են Հայաստանից պահանջել թղթին հանձնել իր պատկերացումները բավարար երաշխիքների վերաբերյալ: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ընդունել Հայաստանի ներկայացրած ցանկացած պահանջ՝ շատ լավ հասկանալով, որ պայմանագրում Արցախը Ադրբեջանի մաս ֆիքսելու դեպքում արցախահայերն Արցախից հեռանալու են անկախ տրամադրվող երաշխիքներից, և Արդբեջանը լուծելու է իր ռազմավարական խնդիրը՝ Արցախի հայաթափումը: Փաստացի, երկրորդ տարբերակն առաջինի ենթատարբերակ է, պարզապես այն հնարավորություն կտա երկարաձգել Արցախի հայաթափումը, սակայն նույն վերջնարդյունքով:
Երրորդ տարբերակի դեպքում Հայաստանը կա՛մ առաջարկում է ընդհանրապես չանդրադառնալ Արցախի խնդրին հայ-ադրբեջանական պայմանագրում, կա՛մ պնդում է, որ պայմանագրում պետք է ֆիքսվի Արցախի անկախությունը կա՛մ Հայաստանի մաս լինելը: Ադրբեջանը միանշանակ կմերժի այս տարբերակները և ձեռնամուխ կլինի ռազմական շանտաժին՝ սրելով իրավիճակն ինչպես Արցախ – Ադրբեջան շփման գծի, այնպես էլ ՀՀ – Ադրբեջան սահմանի երկայնքով: Միևնույն ժամանակ, Հայաստանը միջազգային հանրության մոտ կձևավորվի ոչ կառուցողական գործընկերոջ ընկալում, ինչն Ադրբեջանին «բարոյական իրավունք» կտա գնալու ռազմական էսկալացիայի: Այս իրավիճակը որոշ առումով կլինի վերադարձ 2020 թ. գարնանը, երբ Հայաստանը հրապարակային կերպով մերժեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մինչև 2018 թ. մշակված և ներկայացված բոլոր առաջարկները՝ դրանով հնարավորություն տալով Ադրբեջանին Հայաստանին ներկայացնել որպես բանակցային գործընթացը տապալող կողմ:
Չորրորդ տարբերակի դեպքում Հայաստանը պետք է Ադրբեջանին և միջնորդներին առաջարկի հայ-ադրբեջանական պայմանագրում Արցախի համար ֆիքսել «անցումային շրջան»: Հայաստանը պետք է առաջարկի անցումային շրջանի համար պահպանել 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո ձևավորված տարածքային ստատուս- քվոն, ինչպես նաև չիրականացնել բնակչության տեղաշարժեր՝ հայերի վերադարձ 2020 թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ, և ադրբեջանցիների բնակեցում Ստեփանակերտում, Իվանյանում և այլ բնակավայրերում: Անցումային շրջանի ողջ ժամանակահատվածի համար Արցախում պետք է տեղակայված լինեն խաղաղապահ ուժեր: Հայաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին առաջարկել դիտարկել ռուսական խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատ շնորհելու և այդ համատեքստում այն այլ պետությունների ուժերով լրացնելու հնարավորությունը:
Անցումային շրջանի համար արհեստական վերջնաժամկետներ չֆիքսելու համար Հայաստանը կարող է առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ այլ միջազգային կառույցի մշակել հստակ չափանիշներ, որոնց բավարարման դեպքում միայն անցումային շրջանը կարող է համարվել ավարտված, և կարող են վերսկսվել բանակցություններ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման շուրջ: Այդ չափանիշներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում վերջնական վճիռների հրապարակումը: