Հայաստանի Հանրապետությունը, որպես զարգացող երկիր, ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Հավելված 1-ում և չունի ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու պարտավորություններ: Միևնույն ժամանակ, վերահաստատելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի իր գլոբալ ջանքերը, Հայաստանը վավերացրեց Փարիզի համաձայնագիրը, Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը և ներկայացրեց իր «Ազգային նպատակներով նախատեսված գործողությունները/ներդրումները» (ՀՀ Կառավարության թիվ 41 արձանագրային որոշում 2012 թ. 10.09.2015)։
ԿՓՇԿ ուժի մեջ մտնելուց ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար հաստատում է արձանագրային որոշումներ «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին»։
Զարգացումներ
«Ազգային մակարդակով սահմանված (նախատեսվող) ներդրումներ» (INDC) փաստաթուղթը որոշում է երկրի ուղին մինչև 2050 թվականը, բնութագրում է Հայաստանի Հանրապետության ներդրումը Փարիզյան համաձայնագրի իրականացման գործում։ Վերը նշված համատեքստում, Հայաստանը շարունակում է իր գործունեությունն՝ ուղղված կլիմայի փոփոխության խնդիրների ընդգրկմանը ազգային և ոլորտային զարգացման քաղաքականությունում: Մասնավորապես, առանձնահատուկ դեր է հատկացվում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք միաժամանակ մեծ նշանակություն ունեն նաև տնտեսական և սոցիալական նպատակների ապահովման հարցում: Հայաստանն արդեն իսկ զգալի քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունը հիմնված է վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացման, էներգաարդյունավետության բարձրացման, ատոմային էներգետիկայի զարգացման, տարածաշրջանային համագործակցության ու ինտեգրացման և էներգառեսուրսների ներկրման ուղիների դիվերսիֆիկացիայի վրա: Այդ ռազմավարությունն ամրագրված է 2013-2017 թթ. ՀՀ-ում ընդունված ռազմավարական փաստաթղթերով, զարգացման հայեցակարգերով, ՀՀ օրենքների լրացումներով և փոփոխություններով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով և ներդրումային ծրագրերով։
1992 թ. ՄԱԿ-ի հատուկ միջազգային համաժողովին երկրները համաձայնություն ձեռք բերեցին կլիմայի հարցերով համագործակցության անհրաժեշտության մասին: Երկրների այդ համաձայնությունները համախմբվեցին մեկ միասնական միջազգային փաստաթղթում, որը կոչվում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի մայիսին:
2015 թ. դեկտեմբերին ընդունվեց Փարիզյան համաձայնագիրը: Նոր փաստաթղթի հիմնական նպատակն էր սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի աճը՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ 2°C–ից ոչ ավելի բարձր մակարդակում և, միաժամանակ, ձգտել 1.5°C սահմանագծին` կլիմայի փոփոխության առավել աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով:
Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների նկատմամբ խոցելիությունը ըստ ՀՀ մարզերի
Հայաստանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկեր.
- Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականության, ինտենսիվության և տևողության աճ
- Ջրային ռեսուրսների քանակի նվազում
- Անտառային և կանաչ տարածքների կրճատում
- Էկոհամակարգերի հավասարակշռության խախտում
- Պարենային անվտանգության ապահովման խնդիրներ
- Անտառային հրդեհների աճ
Կլիմայի փոփոխության հետևանքները գյուղատնտեսությունում
Սաստիկ շոգը՝
- առաջացնում է ընտանի կենդանիների ջերմային սթրեսի ավելացում, որը կարող է հանգեցնել մթերատվության անկման,
- հանգեցնում է հողի ջերմաստիճանի բարձրացման, ինչի արդյունքում հնարավոր է կարևոր միկրոօրգանիզմների, սնկերի և բակտերիաների վերացում, ինչը բացասական ազդեցություն կունենա հողի բերրիության վրա,
- նպաստում է անապատացմանը, կենսաբազմազանության կրճատմանը և, որոշ դեպքերում, վերացմանը։
Ո՞վքեր են ավելի խոցելի
- Այն երկրները, որոնց հիմնական եկամուտները կախված են կլիմայազգայուն ոլորտներից՝ գյուղատնտեսություն, անտառատնտեսություն, ձկնաբուծություն և այլն։
- Ջերմաստիճանի և տեղումների առումով խիստ զգայուն և խոցելի տարածքների բնակիչները, որտեղ հաճախակի կրկնվում են երաշտները, հեղեղումները, փոթորիկները և այլն։
- Ցածրադիր առափնյա և բարձր լեռնային բնակավայրերի բնակչությունը։
- Երկրները, որոնք ունեն պարենի, էներգակիրների սղություն և չունեն համապատասխան ենթակառուցվածքներ։
- Երկրները, որոնք ունեն կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) ցածր մակարդակ։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԵՆ
- Ջրային ռեսուրսներ – ջրի սակավություն
- Գյուղատնտեսություն – հողի դեգրադացիա և անապատացում, բերքատվության անկում
- Առողջապահություն – ջերմային ալիքների ավելացում, վարակիչ հիվանդությունների տարածում,
- Բնական էկոհամակարգեր – կենսաբազմազանության կրճատում, անտառածածկ տարածքների կրճատում
- Բնակավայրեր – ենթակառուցվածքների վնասում
- Զբոսաշրջություն – տուրիստական սեզոնների փոփոխություն, ձմեռային զբոսաշրջության վերացում։
Կլիմայի փոփոխության մեղմացում
Էներգիայի այլընտրանքային աղբյուրները.
- Արևի
- Կենսազանգվածից ստացվող էներգիա
- Երկրաջերմային
- Քամու
- Հիդրոէլեկտրաէներգիա
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ (Էներգետիկ ծախսի կրճատման համար միջոցառումների կիրառում, էներգիայի օգտագործման սովորությունների, վարքի և ռեժիմների փոփոխություն և այլն)
ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ (էներգետիկ ծախսի կրճատում միայն էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հաշվին` ժամանակակից տեխնոլոգիաներ և էներգասպառող սարքավորումների կանոնավոր սպասարկում)
Կլիմայի փոփոխության մեղմացման միջոցառումներ
- Կայուն հողօգտագործում ու անտառկառավարում,
- Անտառապատ տարածքների պահպանում
Կլիմայի փոփոխության հարմարվողականություն, հիմնական մոտեցումներ
- Կորուստների կանխում ու կրճատում,
- Անցանկալի ազդեցությունների թուլացում,
- Գործելակերպի փոփոխություն,
- Գործունեության տարածքի փոփոխություն,
- Իրազեկության մակարդակի բարձրացում,
- Մշակութային և վարքագծային փոփոխություններ, և այլն:
Առանձնացնում են հարմարվողականության հետևյալ տեսակները.
- Կանխարգելիչ հարմարվողականություն
- Ինքնավար հարմարվողականություն
- Արձագանքող (պատասխանող) հարմարվողականություն
- Պլանավորված հարմարվողականություն
Կլիմայի փոփոխության հարմարվողականություն. Տեսակներ
Միջոցները ձեռնարկվում են նախքան կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դրսևորումը։ Օրինակ, չորադիմացկուն սորտերի անցումը՝ սպասվող ջերմաստիճանի աճին և կանխատեսվող երկարատև երաշտներին դիմակայելու համար:
Կլիմայական ազդեցություններին ոչ գիտակցված պատասխան՝ պայմանավորված էկոհամակարգերում կամ շուկաներում առաջացող բնական փոփոխություններով: Օրինակ, բնական համակարգերը ԿՓ ազդեցություններին արձագանքում են ավտոմատ՝ հակազդելով փոփոխված պայմանների հետևանքով առաջացած սթրեսներին:
Միջոցառումներն իրականացվում են կլիմայի փոփոխության ազդեցության բացասական հետևանքների ի հայտ գալուց հետո։ Օրինակ, ֆերմերն անցնում է կաթիլային ոռոգման, քանի որ տեղումների նվազող քանակի պատճառով ոռոգման ջրի քանակն այլևս չի բավարարում։
Կլիմայական փոփոխության բացասական ազդեցությունների գիտակցման և ցանկալի վիճակին վերադառնալու համար որոշակի գործողությունների ձեռնարկում, օրինակ՝ քաղաքաշինության նորմերում և կանոններում փոփոխությունները կլիմայական ռիսկերի նկատմամբ բնակավայրերն ավելի դիմացկուն դարձնելը:
Կլիմայի փոփոխության հարմարվողականություն.
Գյուղատնտեսություն
- Ջրօգտագործման արդյունավետ լուծումներ
- Ջերմակայուն և չորադիմացկուն մշակաբույսերի աճեցում
- Հակակարկտային ցանցեր
- Դաշտապաշտպան անտառաշերտեր
- Ջերմոցային և ջերմատնային տնտեսություն
Ջրային տնտեսություն
- Ջրամատակարարման համակարգերի բարեկարգում
- Ջրօգտագործման պլանավորում և ջրային ռեսուրսների ամբարում
- Ջրօգտագործման կարգավորում
- Ջրավազանների կառավարում և պահպանում
Բնակավայրերի զարգացում և անվտանգություն
- Սելավատարերի կառուցում և պատշաճ շահագործում
- Գետերի և ջրավազանների ափերի ամրացում
- Խորարմատ ծառերի տնկում և ջրահեռացման համակարգեր
- Կանաչ տարածքների ավելացում
- Վաղ ազդարարման արդյունավետ համակարգեր
Մարդու առողջություն
- Կանաչ տարածքների ավելացում
- Արևապաշտպան միջոցների կիրառում
- Հանրային իրազեկումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ
Բնական էկոհամակարգեր
- Անտառապահպանություն և անտառապատում
- Բնական պաշարների կայուն օգտագործում
- Կենսաբազմազանության պահպանում
Էներգետիկա
- Շենքերի արդյունավետ ջերմամեկուսացում
- Էներգիայի արտադրության ռիսկերի և խոցելիության գնահատում
Զբոսաշրջություն
- Ծառայությունների դիվերսիֆիկացիա
- Զբոսաշրջիկների վարքագծի փոփոխությունների կանխատեսում
Հայաստանի համար կարևոր են կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, բայց առավել կարևոր և արդիական է կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվելու կարողությունների զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը:
Կլիմայի փոփոխության հարմարվողականության կարևորությունը
- Հնարավորություն է տալիս պահպանել բնակիչների բարեկեցությունն ու գոյատևման միջոցները,
- Բարձրացնել քաղաքացիական պաշտպանության մակարդակը,
- Պահպանել մարդկանց առողջությունը,
- Խնայել բնական պաշարները,
- Ապահովել տնտեսական կայունություն,
- Համայնքում ապահովել համերաշխության մթնոլորտ,
- Պահպանել բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը
Խոցելիությունը
Կլիմայի փոփոխության խոցելիությունը սահմանվում է որպես տեսակի, համակարգի կամ ռեսուրսի զգայունություն կլիմայի փոփոխության և այլ սթրեսային գործոնների բացասական հետևանքների նկատմամբ։
Ազդեցությունն այն փոփոխության քանակն ու արագությունն է, որը տեսակը կամ համակարգը կրում է կլիմայի փոփոխության ուղղակի (օրինակ, ջերմաստիճանի, տեղումների փոփոխություններ) կամ անուղղակի (օրինակ, աճելավայրի տեղաշարժերը՝ բուսածածկույթի փոփոխության պատճառով) ազդեցությունից։
Զգայունությունը վերաբերում է տեսակների կամ համակարգի բնութագրերին, որոնք կախված են շրջակա միջավայրի հատուկ պայմաններից, և այն աստիճանին, որով այն կազդի կլիմայի փոփոխության վրա։
Հարմարվողական կարողությունը տեսակների կարողությունն է՝ դիմանալ և պահպանվել փոփոխվող պայմաններում (օրինակ, վարքագծային փոփոխություններ) և/կամ էվոլյուցիայի միջոցով:
Կլիմայի փոփոխության ռիսկերը կրճատելու և դրանք կառավարելու համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել վտանգի ենթակայության և խոցելիության աստիճանը, միաժամանակ զարգացնելով դիմակայելու ներուժն ու կարողությունները:
Հարմարվողականության կարողությունների զարգացումն ու ներուժի ավելացումը կարելի է իրականացնել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային, ազգային, համայնքային կամ նույնիսկ առանձին տնային տնտեսությունների մակարդակում։
Արման ԳՅՈՒԼԳԱԶՅԱՆ
Էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան