Միջազգային օրակարգի գլխավոր հարցը, որն, անկասկած, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն է, որոշակիորեն երկրորդ պլան է մղել մի ոչ նվազ կարևոր թեմա, որի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ առնչվում են դրա դաժան ու երբեմն էլ ճակատագրական հետևանքներին աշխարհի այս կամ այն ծայրում։ Դա կլիմայի հիմնախնդիրն է, որը գոյաբանական նշանակություն ունի համայն մարդկության և ողջ կենդանի բնության համար և որը, թվում է, պետք է միավորեր նույնիսկ այն երկրներին, որոնք ունեն տեսանելի ապագայում չլուծվող քաղաքական հարցեր։
ԱՄՆ գործող վարչակազմն, օրինակ, գտնում է, որ երկիրը երկու գլխավոր մարտահրավեր ունի աշխարհում՝ ավտորիտարիզմը և կլիմայի փոփոխությունը։ Մյուս երկրները, հիմնականում՝ արևմտյան, ինչպես նաև Պարսից ծոցի որոշ երկրներ, ուրվագծել են իրենց «կլիմայական ռազմավարությունը», որը նպատակամիտված է կլիմայի փոփոխությունների մեղմացմանը և, միաժամանակ, դրանց հարմարվելուն՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, ջրային ռեսուրսների կառավարման միջոցով պարենային ճգնաժամը կանխելու համար, ինչպես նաև անտառային զանգվածների և վայրի բնության պահպանման ու մարդկանց առողջության պաշտպանության համար։ «Կլիմայական քաղաքականություն» և «կլիմայական ռազմավարություն» եզրույթներն արդեն արմատավորվել են միջազգային հարաբերությունների բառապաշարում։
Մեր երկրի առջև ծառացած հայտնի հիմնախնդիրների ու մարտահրավերների համապատկերում հետևյալ հարցի կարևորությունն, այնուամենայնիվ, չի նվազում՝ իսկ Հայաստանն ունի՞, արդյոք, նման օրակարգ, նման ռազմավարություն։ Եվ ինչպիսի՞ն պիտի լինի այն։ Մեր նոր թողարկման հեղինակները՝ անվտանգության քաղաքականության և էներգետիկայի փորձագետներ, իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացնում, նպատակ ունենալով պետական հաստատությունների ու հանրության ուշադրությունը հրավիրել կլիմայական հիմնախնդրի ու այդ գլոբալ հարցում Հայաստանի առաքելության վրա՝ որպես միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամի առաքելության, առավել ևս, որ կլիմայական մարտահրավերներին Հայաստանն էլ է առնչվում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն