Բաքվում Թուրքիայի, Ղազախստանի և «Ադրբեջանի» արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների հանդիպումներից հետո թուրք նախարար Չավուշօղլուն խոսել է տրանսպորտային միջանցքների կարևորության մասին։ Նա մասնավորապես խոսել է Կասպից ծովով և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումների մասին, հիշատակելով նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որի բացումը պետք է արագացվի։
Չավուշօղլուն այս համատեքստում կրկին հայտարարել է, որ Թուրքիան չի միանալու Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, այդ դիրքորոշումը բացատրելով ՌԴ հետ տնտեսական սերտ կապերով և Ուկրաինայի հարցում միջնորդական դերով։ Նա ասել է, որ Ռուսաստանի հետ գոնե կապի մեկ ալիք պետք է մնա, և այդ կապն ապահովում է Թուրքիան։
Չավուշօղլուի բացատրություններն իհարկե կիսատ են։ Թուրքիան իսկապես մնում է Ռուսաստանի համար միակ և վստահելի գործընկեր, միևնույն ժամանակ, այդ կապը չի սահմանափակվում լեգալ հարաբերություններով։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ստանձնում է պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանի գլխավոր «հաբի» դերը՝ սկսած կենցաղային տեխնիկայից, ուկրաինական գողացված ցորենից, վերջացրած նավթի ու գազի, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաների գորշ սխեմաներով։ Այս համատեքստում, Չավուշօղլուի հիշատակած միջանցքները ծառայելու են այդ հարցին, միաժամանակ փակելով բոլոր այլընտրանքային ուղիները։
Թուրքիան մտադիր է ներգրավել Ղազախստանին ու Վրաստանին։ Վրաստանը նույնպես հայտարարել է, որ չի միանալու հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ, միջազգային մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Թբիլիսին աջակցում է Մոսկվային պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Օրերս սկանդալային հրապարակումներ եղան, որ ռուսական նավթով բեռնված տանկերը Բաթումի նավահանգստում վերաձևակերպվում է որպես ղազախական, հետագայում վաճառելու նպատակով։
Ղազախստանի համար ռուս-թուրքական սխեմաներում առանցքային դեր է հատկացված, որպես հումքային հարուստ երկիր։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Ղազախստանի նախագահ Տոկաևի դեմարշը, ով Պուտինի ներկայությամբ հայտարարել էր, թե Աստանան պահելու է պատժամիջոցները և չի ճանաչելու Դոնբասը, շատ փորձագետներ գնահատել են որպես բեմադրություն՝ նախատեսված գորշ սխեմաներում Աստանայի «ալիբին» պահելու նպատակով։
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն արգելել է ղազախական նավթի տարանցումը Նովոռոսիսյկ նավահանգստով, պատճառաբանելով, թե երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ականներ են հայտնաբերվել։ Ղազախներին առաջարկվել էր նավթը տեղափոխել ռուսական Տրանսնեֆտի խողովակներով։ Այստեղ է հենց գորշ սխեմաների էությունը՝ երբ արտահանվող նավթը տարբեր երկրներից նավթի խառնուրդ է, տվյալ դեպքում այն չի համարվում ռուսական։
Եվրոպան ռուսական նավթի ու գազի ամենամեծ սպառողն է, և ասիական շուկաները չեն կարող փոխարինել այդ ծավալները։ Գազի հարցում նույնպես առկա են պայմանավորվածություններ Բաքվի հետ, որի գազի ծավալները չեն բավականացնում լցնելու Թուրքիայի տարածքով անցնող գազատարը։ Թուրքմենստանում նախատեսված կասպիական երկրների համաժողովի ժամանակ ըստ ամենայնի քննարկվելու է նաև ռուսական գազն այդ խողովակաշարով որպես «ադրբեջանական» կամ թուրքմենական տեղափոխելու հարցը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջողությունը ներկայում պայմանավորված է Թուրքիայի հետ նրա գորշ սխեմաների չեզոքացմամբ։ Ղազախստանին ու Վրաստանին ներգրավելով, ինչպես նաեւ գործարկելով 3+3 ձևաչափն ու իրագործելով Հայաստանի հարավի արագ օտարումը, Ռուսաստանն ամրացնում է իր դիրքերը Արևմուտքի դեմ դիմակայությունում։